ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱ

Տոնինո ԳուերաՆերկայացվող երկու բանաստեղծությունը իտալացի հանրահայտ գրող և նկարիչ Տոնինո Գուեռայի (1920–2012) «Մեղրը» ժողովածուից է, որը նա հրատարակել է 1982-ին՝ հայրենի Ռոմանյայի բարբառով և իտալերեն թարգմանությամբ: Առաջին բանաստեղծության մեջ դժվար չէ նկատել Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարի պատկերներից մեկը:

 

 

 

ԵՐԳ ԻՆՆԵՐՈՐԴ
Անձրև եկավ գուցե հարյուր օր,
և ջուրը, ներծծվելով խոտի
արմատների մեջ,
հասավ մատենադարանին ու
թրջեց բոլոր սուրբ բառերը,
որ փակված էին վանքի մեջ:

Երբ եղանակը բացվեց,
Սայաթ-Նովան`
ամենաերիտասարդ վանականը,
սանդուղքներով բոլոր
գրքերը բարձրացրեց տանիք
ու փռեց արևի տակ,
որ տաք օդը դրանք չորացնի:

Լավ եղանակը մեկ ամիս է՝ անցել է,
բայց վանականը ծնկաչոք
մնացել է ներքևում՝
սպասելով, որ գրքերը
կյանքի նշան ցույց տան:

Եվ վերջապես մի առավոտ էջերը
սկսեցին խշրտալ թեթև, քամուն պարզված:

Թվում էր՝ տանիքների վրա
մի մեղվապարս է եկել,
և Սայաթ-Նովան սկսեց լալ,
քանի որ գրքերը խոսում էին:

ԵՐԳ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Ամառային մի առավոտ
ես կանգ առա արևի տակ
ու նայեցի ճանապարհներին,
որ մի ժամանակ մարդկանցով էին լեցուն
մետաքսի շուկայի համար:
Բոժոժները պարկերի մեջ էին
և կանանց ուռած գոգնոցների մեջ:
Սակայն շուտով բոլորն անհետացան,
և ես մի մեխ էի կենտրոնում հրապարակի,
որը գցում էր մի տաք ստվեր:

ԵՐԳ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ
Դա մի ձայն էր, որն արթնացրեց մեզ:
Ավելին, քան սովորական ձայնը. ճի՛չ էր,
մի անուն էր, միգուցե իմը:
Բացեցի պատուհանը,
և ոչ ոք չկար, սենյակում էլ մարդ չկար,
ոչ էլ ձեղնահարկում, ոչ իսկ
մահճակալի տակ,
և ոչ ճանապարհին:
Երա՞զ ենք տեսել: Բայց ինչպե՞ս
կարող են երկուսով
տեսնել միևնույն բանը:
Այնպես որ դա ձայն էր մթության մեջ:
Տղամարդո՞ւ ձայն, թե՞ կնոջ:

Իտալերենից թարգմանեց Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։