«Վերադարձ Փանջիռուդ» Անդրեյ Վոլոսի վեպի թարգմանությունը հայերեն. թարգմանչի փորձը և թաջիկա-պարսկական ու հայոց գրական-մշակութային առնչությունները / Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

 

101814542_733436987425680_5613852534562095104_n

Անդրեյ Վոլոսի «Վերադարձ Փանջիռուդ» յուրօրինակ վեպը թարգմանել եմ Մոսկվայում կայացած թարգմանիչների միջազգային 4-րդ համաժողովից հետո, «Ինստիտուտ պերեվոդա»-ի աջակցությամբ: Այն արտացոլում է 1200 տարի առաջ Սամանյանների պետությունում կատարվող իրադարձությունները, վերակերտում թաջիկական ծագմամբ պարսիկ հռչակավոր բանա­ստեղծ Աբու Աբդալլահ Ջաֆար Ռուդաքիի (858-941) կյանքը` այն պահից սկսված, երբ նրան դուրս են բերում փոսից` զնդանից, կարծես ազատ են արձակում` որպես ներում, և թողնում, որպեսզի նա, պատանի ուղեվարի ուղեկցությամբ, ոտքով, ճանապարհից չշեղվելով, հասնի իր ծննդավայր` Փանջիռուդ: Բանաստեղծն, ըստ վիպասանի ընտրած վարկածի, կուրացվել է` որպես պատիժ ղարմաթական շարժմանը հարելու համար: Կորցնելով տեսողությունը` ձեռք է բերում ներքնատեսողության` ինտուիցիայի մի այնպիսի ուժ, որով ոչ միայն կողմնորոշվում է ճանապարհին, այլև վերհիշում եղելությունը` մանկությունից մինչև ծերություն: Ինտուիցիան դառնում է առաջ շարժող և վիպական խորքերը բացող առեղծվածային միջոց:

Վոլոսի` էպոսային մասշտաբի այս կտավի մեկնարկի ընտրությունն արդեն հուշում է, որ հերթական իրապաշտական պատմավեպ կամ վարքաբանություն չի ընթերցվելու, այլ` արտասովոր ինչ-որ պատմություն` իրականության վրա, իրականությունից վեր: Թեև Անդրեյ Վոլոսի պատմական նյութի ուսումնասիրություններն արժանահավատ են և երևակայության ու ռացիոնալ աշխարհի իմպրովիզացիաների համար յուրօրինակ ճյուղավորումներ են ստեղծել: Եվ այստեղ համահունչ է Բորխեսի այն արտահայտությունը, թե` «…իմ իռացիոնալ աշխարհն առավել ռացիոնալ է, քան ձեր ճանաչած քաղաքագետներինը, դատավորներինը և այլն…»:

Լինելով բանաստեղծական էություն` Անդրեյ Վոլոսը Ռուդաքիի աշխարհը դիտարկում է իբրև ունիվերսալ և անհատականությունների նույնականացման ծուղակից ազատ` վստահ ծավալելով առաջ բանա­ստեղծական, միստիկական-սուֆիստական, աշխարհաքաղաքական, միֆաստեղծ, ողբերգական, կրոնական-մշակութային լիառատ նյութը: Եվ Ռուդաքիի տողերը` «Անցյալը երբեմնի եղել է ապագա, Եվ ապագան երբեմնի` անցյալ կդառնա», ընտրվել են որպես բնաբան վեպին: Այսինքն` սոցիալ-մշակութային որևէ միջավայրի վերածնունդը, վերհառնումը, նորոգումը ժամանակի հեռանկարում փիլիսոփայորեն կատարելի է:

Մեր հարցադրումների պատասխաններն անցյալում:

Բնականաբար, կախված կառուցողական մեր ըմբռնումներից:

Ի՞նչ ենք փնտրում և ի՞նչ ենք հայտնաբերում պատմական թանձր շերտերի տակ:

Եվ այստեղ այժմեականության այրող հարցականների կարթերը նետված են հավերժահոսուն ջրերի մեջ: Երևում են անբռնելի և շողշողուն միֆական այն ձկները, որոնք անցյալի տարբեր ազգերի մտածողները, մարգարեները, սրբերն ու բանաստեղծներն են տեսել ներքին աչքով: Կյանքի և մահու, գոյության և անգոյի, սիրո և ատելության, բարու և չարի, գութի և դաժանության, ստեղծումի և ավերման և բազում-բազում չարչարող ու ապրեցնող իմաստներ: Այդ իմաստներն արտաբերող գեղարվեստական մեկնությունների խոսուն շուրթերն Արևելքում են` կերտված Անդրեյ Վոլոսի տաղանդավոր գրչով, ա՛յն Արևելքում, որը մինչմահմեդական հիմք ունի, կենսաձև ունի և ունի կեցության ու համակեցության սահմաններ` սահմանված մահմեդականների սուրբ գրքով` Ղուրանով: Երբ նախորդ դարասկզբին Մաքսիմիլիան Վոլոշինը գրում էր Մեծն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի մասին, որ նա, ի տարբերություն շատ-շատերի, Արևելքը պատկերում է որդիական սիրով, երիցս ճշմարիտ էր: Նույնը պիտի ասել Վոլոս արձակագրի մասին: Օրիենտալիզմը` արևելահակությունը, հափշտակվածություն չէ Արևելքով. Վոլոս արվեստագետի համար այն կյանք է` ո՛չ ավելի, ո՛չ պակաս: Եվ այստեղ տեղին է մեջբերել ժուռնալիստ Ժան Պիեռ Պերոնսել Յուգոսի դիպուկ նկատված այս առանձնահատկությունը Պարսկական ծոցի իրադարձությունների առթիվ, 1991 թ. «Մոնդի» համարներից մեկում. «Թեյարանում, որ մոտ է Ֆիրդուսու արձանին, միշտ էլ կգտնվի հին աշխարհի մի գիտակ, որը կոտրված ֆրանսերենով ձեզ կպատմի այդ հազարամյա հնության անցքն այնպես, ասես այն ճշգրիտ տեղի է ունեցել երեկ, ճշգրիտ` ասես խոսքն իշխանությունների և ներկայիս գրողների կոնֆլիկտի մասին է…»:

«Վերադարձ Փանջիռուդ» վեպը ճանաչողական ան­գնահատելի արժեք ունի` պատմամշակութային, գրական-աստվածաբանական, միֆական, հոգեբանական և այլն: Վիպական սքանչելի տիպեր` կատարյալ իրավիճակներում: Երազային Սաբզինան և պատանի Շերավկանը, սքանչելի և ողբերգական Ռուդաքին, ինքնանվեր և հավատարիմ Շահբազ Բուխարացին, տիրակալ Էմիր Նասրը, խորագետ Ջայխանին, ապստամբ և անողոք Աբու Բաքրը, մարտիկ Շեյզարը, խորամանկ և ռազմատենչ Այ-Թեգինը, արդարատենչ Ղարմաթը, գորգոնային Գուրգանը, արկածախնդիր և ջաֆարապաշտ Սանավբարը, քնքուշ ու ողբերգական Անուշը (շատ տարածված անուն Հայաստանում) և անմոռանալի բազում կենդանի կերպարներ:

Պատումի էպոսային հոսքերում` բարության և դաժանության ճշմարտացի դրվագներ` էթնոհոգեբանության քաջ իմացությամբ: Սակայն որքան էլ հանուն Սամանյանների պետության և հանուն արդարության շարժման ծավալվում են հյուսված միֆապատմական դրվագները, գերում իրենց զորությամբ, էպիկական թափով, լարմամբ, իմաստնությամբ, զգայունությամբ ու գեղեցկությամբ, հեղինակը շատ դեպքերում չի տրվում պատերազմական դաժանությունների, պալատական խարդավանքների, դավերի, խարդախությունների հրահրած ագրեսիային. զսպում է անողոքության հերոսականացումը, թեև էպիկական շնչով, պատմիչ-ականատեսի նման, ստեղծում է ճակատամարտերի դինամիկ և ձուլածո էջեր, մարտանկարներ` մարդկային, ամբոխային կրքի և հուզավառության:

Թե՛ քնարերգակի շապկի մեջ, թե՛ էպիկական հանդերձում Վոլոսն իրեն հանգիստ է զգում, ասես նրա ականջին միշտ են հնչում Ուսմա էբն Մունքիզի զարմանալի տողերը. «Մի՛ հիշիր նրանց, ովքեր սպանում էին հաճույքով. նրանց մասին պատմածներից ծերանում են մեր նորածինները…» (Բիստույակ, Գուրգանը):

Այժմ այն մասին, թե թարգմանչիս համար ինչպիսի բարդություն էր Եվգենի Վոդոլազկինի «Լավր» քրիստոնեական վեպից հետո միջնադարյան թաջիկա-պարսկական միջավայր տեղափոխվելը… Այս երկու վեպերի շոշափման կետերը տեսանելի էին ինձ միջնադարի շրջանակներում և նրանից դուրս, մանավանդ, որ միշտ եմ հակված եղել դեպի քաղաքակրթական երկխոսությունը, միշտ եմ հավերժական-համամարդկային մոտիվները փորձել տեսնել զանազան մշակույթներում` իբրև տեսիլ Նոյի ժառանգական ընդհանրության: Դա թույլ է տվել հայոց հազարամյակների պատմությունը, նրա աշխարհաքաղաքական դիրքը, հնդեվրոպական ընտանիքի հայոց լեզուն` պահլավերեն բառամթերքի պատկառելի նմանությամբ, մինչքրիստոնեական և մինչմուսուլմանական համակեցության հոգեհարազատությունը, դիցարանը և այլն:

Իրանական դասական պոեզիայի շատ նմուշներ ոգի են առել հայերեն` շնորհիվ լավագույն հայ բանաստեղծների: Ընդ որում` Ռուդաքիի ղասիդեները, ղազալները, խոհափիլիսոփայական բանաստեղծությունները, բեյթերն ու ռոբայաթները հրատարակվել են առանձին գրքերով միայն 1995 թվականին, թարգմանության վարպետ, բանաստեղծ Վահագն Դավթյանի կողմից, իսկ արևելագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանը գրել է առաջաբանն ու ծանոթագրությունները: Այդ թարգմանություններից համապատասխան հատվածներ, ինչպես «Գինու մայրը», բնագրին համապատասխան մտել են «Վերադարձ Փանջիռուդի» հայերեն էջերի մեջ, իսկ առանձին հանգավորված էջեր, որոնք հնչեցնում է իրեն Ջաֆար Ռուդաքի հորջորջած արկածախնդիր Սանավբարը խնջույքներում և այլ վայրերում, թարգմանել եմ ինքս` պահպանելով տողերի շնչառությունը, ռիթմը, հստակությունը: Չլիներ հայոց և պարսից միջնադարյան քնարերգության տիպաբանական ընդհանրությունը, հազիվ թե հնարավոր լիներ հայերեն հնչեցնել Ռուդաքիի անպաճույճ և ժողովրդական լեզուն, զերծ` գեղեցկախոսությունից, սակայն գեղեցկությամբ ու իմաստնությամբ ճառագող: Նամանավանդ, որ ամբողջական Ղուրանը ժամանակակից հայերենով հրատարակվել է ընդամենը մեկ տասնամյակ առաջ (թարգմանիչ` Էդուարդ Հախվերդյան), իսկ նախորդ դարասկզբի հրատարակությունը Բուլղարիայում հասանելի չէր մեզ` խորհրդային աթեիզմի արգելքների պատճառով:

Ներկայումս մշակութային երկխոսության մեծ ներուժ կա: Կայծակնային արագությամբ է որևէ մշակութային արժեք թափանցում մեկ այլ մշակույթի մեջ: Ապագան մերձեցնելու են համամարդկային արժեքները:

Միայն թե քաղաքական ագրեսիան, փոխադարձ անվստահության բարդույթը չաղավաղեն ու չշեղեն այս ընթացքը` մարդկությունը գլոբալ աղետի առջև չկանգնեցնելով և մոխրի չվերածելով այն հոգևոր-նյութական գլուխգործոցները, որոնք ծնել են մարդկության ազնվարյուն զավակներն իրենց աստեղային ժամերին: Հենց երկխոսության կասեցումն է սանձազերծում վանդալիզմի այն փաստերը, որոնց ականատեսն ենք մենք 3-րդ հազարամյակի շեմին:

Ինչպես ասացի, Ա. Վոլոսի վեպը թարգմանելիս ինձ ոգևորեցին մեր դրացի պարսիկների և մեր` հայերիս գրական-պատմական փոխառնչությունները, սակայն կոլորիտի ճշմարտացի պատկերման ժամանակ դժվարություններ էին ծագում: Խնդիրը հոմանիշներն էին, որոնք մեզանում ունեն մի քանի տարբերակ, և այն բառերը, որոնք հայերենում չկան: Ես առաջնորդվեցի` չչարաշահելով նորամուծությունները, և բառային զուգաձևերից ընտրեցի այն բառերը, որոնք առավել բնական էին տվյալ դրվագում, լեզվական հյուսվածքում: Դրանք են տեղանունները, մարդկանց անունները, հագուստի, կենցաղի առարկաների, ճաշատեսակների, զինվորական կոչումների, փոխադրամիջոցների, բուսատեսակների անվանումները և այլն, իսկ սուֆիստական ֆանտաստիկ դիալոգները հայացնելիս փորձեցի շոշափել այն օդային ալիքները, որոնք սփռվում էին իրական աշխարհից անդին, անեզրություն: Եվ, ի վերջո, ինձ օգնեց հեղինակը` Անդրեյ Վոլոսը, բառիմաստների բացատրություններով, որի համար հոգաչափ շնորհակալ եմ նրան: Որքանո՞վ է դա հաջողվել` կասի ընթերցողը, թեև 2017-ի դեկտեմբերի վերջին ՀԳՄ-ում քննարկման արձագանքները հուսադրող ու ոգևորող էին, որն էլ պարգև է թարգմանչիս համար:

Վերջնախոսքս ուզում եմ ուղղել բանաստեղծ-վիպասան Անդրեյ Վոլոսին:

Դուք խիզախ քայլ եք կատարել` գրելով այս սքանչելի վեպը: Խիզախությո՛ւն է, երբ աներևակայելի արագությամբ աշխարհով մեկ սփռվող ու խառնվող «նորույթների» չտեսնված զանգվածի մեջ դուրս եք բերել ու մատուցել մշակույթի ձեր Ուտոպիան` մարդակենտրոն, կարեկցող, հողեղեն և, միաժամանակ, հողից վեր: Գոյության դրաման ձեր մեջ է և այնքան ցավեցնող է ու գեղեցիկ: Գլոբալ ճգնաժամերին մի բան, որը պիտի գործադրեն այս աշխարհի բախտը տնօրինողները, թերևս ատելությունից ու թույնից զերծ արվեստն է, Խոսքը, որով հպարտանում է մարդկությունն` իրեն տեսնելով աստվածակերպ և շարունակողը սերնդաշարի: Տիեզերական կենաց ծառը միշտ պարզում է իր պտուղները նրանց, ովքեր ճգնաժամային մթնշաղերում տեսնում են այդ լուսատուները: Եվ քայլը դեպի կենաց ծառը նվիրական է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։