Քայլել արդարության ու լույսի ճանապարհով

Հունիսի 8-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն:
Աելիտա Դոլուխանյանը, Ռուզան Ասատրյանին նմանեցնելով «Սասնա ծռեր» էպոսի Ծովինարին՝ նրբագեղ ու արիասիրտ համարեց թե՛ նրան, թե՛ նրա պոեզիան: Գնահատելով նրան թե՛ որպես բանաստեղծի, թե՛ քաղաքացու՝ Ա. Դոլուխանյանը հիշեց «Զատիկ» մանկատուն կատարած իրենց այցելության մասին, որտեղ Ռ. Ասա­տրյանը պահանջում էր ըստ էության լուծել խնդիրները, հոգատարությամբ շրջապատել բախտի դաժան քմահաճույքով այդտեղ հայտնված երեխաներին: Ապա անդրադառնալով նրա գրական գործունեությանը՝ Ա. Դոլուխանյանը նկատեց, որ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռ. Ասատրյանը շարունակում է այն պոեզիան, որն սկսել են Հովհ. Շիրազը, Հ. Սահյանը՝ միաժամանակ լինելով ինքնատիպ բանաստեղծ: «Արցախյան շարժման օրերին ամենաուշադիր հայուհին է եղել, դա երևում է նրա բանաստեղծություններից: Այնքան շատ է սիրում հայրենիքը, որ երբեմն ընկնում է չափազանցությունների մեջ»,- ամփոփեց գրականագետը:
«Ռուզան Ասատրյանի օրերն ու տարին նրանից միշտ փախել են՝ նրան վերադառնալու համար£ Դրանք հեռանում են, երբեմն՝ մոտենում, բայց միշտ բաց են պահում հոգու դռները»,- նկատեց Սուրեն Դանիելյանը՝ վստահեցնելով, որ նրա պոեզիան օրերի մեջ իմաստնացել է: Հանգամանորեն վերլուծելով Ռ. Ասատրյանի գրական հունձքը՝ բանախոսն ամփոփեց. «Բանաստեղծական պատկերների տողանցքին միշտ փնտրտուքի մեջ անհանգիստ հայորդին չէր կարող ուշանալ՝ նայեք և կճանաչեք անմիջապես, անվրեպ կորսաք նրա խոսքի սլացքը՝ նա մա՛յրն է, կի՛նը, երկրի պաշտպանությանը զինվորագրված, մտքով սպառազեն և դեռ 5-րդ դարից չզորացրվող գրական կանանց գնդից՝ նոր սերնդի ավագանու նոր հերթափոխը»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ բոլոր անդամների անունից շնորհավորելով Ռ. Ասատրյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ընդգծեց, որ անցած տասնամյակներում նա եղել է հանրապետության գրական կյանքի ակտիվ անդամներից և, որպես բանաստեղծ, հրապարակագիր, հասարակական գործիչ, իր նկատելի մասնակցությունն է բերել մեր ժողովրդի ազգային-հասարակական, գրական-մշակութային կյանքի զարգացմանը:
Արևշատ Ավագյանը, փաստելով, որ Ռ. Ասատրյանի հրապարակախոսության մեջ արծարծվում են մշակութային, ազգային, առողջապահական, տնտեսական, քաղաքական, բնապահպանական հիմնախնդիրները, նկատեց, որ հրապարակախոսի սրտացավությունը, նվիրումը, հայրենասիրությունը որևէ կասկածանք չեն առաջացնում:
Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի կողմից պատվոգիր հանձնեց Ռ. Ասատրյանին՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի և հասարակական-քաղաքական, մշակութա­յին ոլորտներում ներդրած մեծ ավանդների համար:
Ռ. Ասատրյանի բանաստեղծական ար­վեստի, հրապարակախոսական գործունեության, նպատակամղված հայրենասիրության շուրջ ելույթ ունեցան նաև «Հայոց արծիվներ» հ/կ հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Լևոն Բարդակչյանը և ուրիշներ:
«Վահագն» ռազմահայրենասիրական, բարեգործական հ/կ-ի հիմնադիր նախագահ Կարապետ Կարապետյանի անունից Աննա Կոստանյանը Ռ. Ասատրյանին պարգևա­տրեց «Դիցամայր Անահիտ» շքանշանով:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ հոբելյարը՝ շեշտելով. «Իմ բոլոր ձեռքբերումները երեք գործոնների հետևանք են. առաջին՝ բնություն, որն իր ներդաշնակությամբ, իր անսպասելի փայլատակումներով ինձ սովորեցրել է ճանաչել մարդկային փիլիսոփայությունը, երկրորդ՝ ազգ, որի ճակատագիրը դրոշմվել է սրտիս և հոգուս ձեռագրերին, երրորդ՝ ժողովուրդ, որ ամեն աստծու օր ինձ սնում է իր իմաստ­­նությամբ, որպեսզի քայլեմ արդարության ու լույսի ճանապարհով»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։