Հուլիսի 9-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Խորեն Արամունու (ԱՄՆ) «Սատանի ճուտը» վեպի շնորհանդեսը։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով Խորեն Արամունու գիրքը, նշեց, որ այն կենցաղագրական էջեր ունի և հնարավորություն է տալիս ճանաչելու պարսկահայ համայնքի կյանքը, մտածողությունը, լեզուն և այլն։ «Այս վեպի գործողությունները հիմնականում ծավալվում են Իրանում՝ հայկական թաղամասերում։ Պատկերված են երկրում տիրող մթնոլորտը, հայ-իրանական առնչությունները։ Հերոսներից շատերը, մեծանալով Իրանում, հետագայում այցելել են Հայաստան, Արցախ, մասնակցել տարբեր հերոսամարտերի»,- ասաց նա՝ կարևորելով Խորենի՝ ասես խոշորացույցի տակ երևույթը տեսնելը և հոգևոր շերտերի մեջ խորանալով՝ կյանքը մանրամասն դիտարկելը, մանրամասներից մինչև խոշոր վրձնահարվածներով իր հերոսներին կերպավորելը։ «Այս գիրքը հանգամանորեն մի վիպական տիրույթում, Պարսկաստան, Հայաստան ընդգրկելով, տալիս է մեր ժամանակի մի դիմապատկեր»,- ասաց նա։
Ըստ գրքի խմբագիր Թադևոս Տոնոյանի՝ Խորեն Արամունու վեպերը ավելի շատ վավերագրություններ են։ «Արամունու գրականությունը ծանրակշիռ արժեք է՝ մատուցված մեզ։ Իմ կարծիքով՝ կինոնկարի սցենար է հիշեցնում, նույնիսկ կառուցվածքային առումով կարելի է հետևել գրքին և տեսնել այդ ֆիլմը»,- ասաց Թ. Տոնոյանը՝ շեշտելով, որ այդ ստեղծագործությունը լրացնում է մի մեծ բաց՝ պարսկահայ ժողովրդի կյանքը։ Նրա հավաստմամբ՝ պարսկահայ գաղութը հայ իրականության մեջ ինքնօրինակ է, որովհետև կարողացել է ինքն իր համար հող ստեղծել՝ հավատարիմ մնալով իր ազգային արժեքներին, պատմությանը, միաժամանակ անմասն չմնալով հայրենիքին պատուհասած վտանգներից։
«Սա ոչ թե գեղարվեստական գիրք է, այլ փաստաթուղթ, թե ինչպես են ապրել հայերն այդ թաղերում, ինչպես է անցել նրանց մանկությունը, պատանեկությունը»,- նկատեց Էդուարդ Հախվերդյանը՝ հավելելով, որ Խորեն Արամունին վավերագրում է ամեն ինչ՝ իհարկե, գեղարվեստորեն։
ՀՀ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, արժևորելով հայ համայնքի ներդրումը Իրանի մշակույթի և բոլոր բնագավառներում, նշեց, որ երկու երկրների մշակույթների գեղեցիկ համադրությունն առկա է Արամունու բոլոր ստեղծագործություններում։
Խորեն Արամունու քույր Անահիտ Արամունին, բարձրարժեք համարելով եղբոր գրականությունը, նշեց, որ առանց Արամունու ստեղծագործությունների Իրանի, Հայաստանի, Լոս Անջելեսի վավերագրության մեջ ահռելի բաց կլիներ։ «Անկախ այն բանից՝ Խորենը հանճարեղ է, տաղանդավոր, թե ոչ, նրա գործերը մեծ արժեք են հետագա սերունդների համար, որ պետք է կարդան, ուսումնասիրեն, հասարակագիտական, ազգագրական, մարդաբանական, հայագիտական ուսումնասիրություններ կատարեն»,- ասաց նա և հավելեց, որ ուզում է՝ բոլորը կարդան Արամունու գործերն ու հասկանան, թե ինչ է մեզ հետ կատարվել, կատարվում և կատարվելու։
Ելույթ ունեցան նաև Գևորգ Ասատրյանը, գրքի հրատարակիչ Վան Արյանը և ուրիշներ։ Խորեն Արամունին շնորհակալական խոսքում խոստովանեց, որ գիրքն իր համար բացառիկ երևույթ է այն առումով, որ այս գրքով վերապրել է իր 70 տարիների կյանքը։ «Փորձել եմ այն սերնդին, որ ուրիշ երկներում է ապրում, տալ այն համն ու հոտը, որ ես ապրել եմ, ապրել է իր ծնողը, իր տատիկը»,- ասաց Խորեն Արամունին և հավելեց. «Չկա մի երկիր, որտեղ հայերը, 400 տարի ապրելով օտարության մեջ, լեզու և գրականություն պահպանեն. մենք ապրել ենք մուսուլման ժողովրդի հետ, բայց միշտ մշակութային ազատություն ենք ունեցել»:
