ՉԱՐԵՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ – 10

…Զի՝ ինչ տվել է կյանքում բնությունը քո
Աննինջ ոգուն – դու նրան արվեստով վսեմ,
Վեհ քերթությամբ զարդարուն – ե՜տ ես տվել կրկին, Իբրև ցնորք, իբրև երգ՝ անմահ ու լուսեղ…
Անսպառ է մեծահանճար Չարենցի «առեղծվածային» գրի ներքին հարստությունը, որ միշտ նոր շերտեր է պահում նոր ժամանակի համար: Տարիների ընթացքում Եղիշե Չարենցի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ գրականություն է ստեղծվել, սակայն Չարենցը թերևս ամենաքիչ բացահայտված հայ հեղինակն է մնում այսօր: Ակադեմիկոս Հր. Թամրազյանը գրել է. «Հանճարեղ գրողի ստեղծագործությունն ունի շատ երանգներ ու շերտեր, որոնք ուրույն իմաստ և հնչեղություն են ստանում յուրաքանչյուր նոր առնչության դեպքում: Մենք դեռ լիովին չենք թափանցել այդ զարմանալի հարուստ, բազմազան, առեղծվածային աշխարհը: Ըստ երևույթին, դա գրականագիտական սերունդներից կպահանջի տենդագին աշխատանք և լարում»:
Բանաստեղծի ողբերգական մահն ընդհատեց նրա ստեղծագործական ուղին, բայց այն ամենը, ինչ թողեց Չարենցն իր ընթերցողներին, գրականագիտական նորանոր բացահայտումներով հարուստ ուսումնասիրության նյութ է առ այսօր:
Ապրիլի 27-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կազմակերպվել էր «ՉԱՐԵՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» գիտական տասներորդ նստաշրջանը, որը նվիրված էր ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի երկարամյա վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Գաբրիելյանի 80-ամյակին: Այս տարի նստաշրջանը կազմակերպվել էր ԵՊՀ ռեկտորատի, Հայաստանի գրողների միության, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, հայ նորագույն գրականության ամբիոնի համատեղ ջանքերով:
Նստաշրջանի բացման արարողության սկզբում հնչեց ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանի խոսքը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, ովքեր Չարենցի բանաստեղծական վաստակն արժևորելուց զատ, կարևորեցին նաև Վազգեն Գաբրիելյանի մեծ ավանդը չարենցագիտության զարգացման գործում: Էդվարդ Միլիտոնյանը վերջինիս նվիրեց Գրողների միության կողմից թողարկվող հատուկ գրիչ, որի առաջին ստացողը Վազգեն Գաբրիելյանն էր:
Նստաշրջանի ընթացքում ներկայացված զեկուցումներից յուրաքանչյուրը, բանաստեղծի վաստակը դիտարկելով ազգայինի և համաշխարհայինի, անձնականի և համամարդկայինի հատույթում, Չարենց բանաստեղծի և մարդու խորախորհուրդ աշխարհը թափանցելու ինքնատիպ փորձ էր: Չարենցյան խոսքի հերթական տոնին ուրույն շունչ ու երանգ հաղորդեցին բ.գ.դ., պրոֆ. Վ. Գաբրիելյանի «Գրական դիմանկար՝ բանաստեղծությամբ» զեկուցումը՝ կերպարաստեղծման նուրբ ու խոր, թրթռուն ու տպավորիչ շերտագծերով հատկանշվող հմուտ կերտումների բացահայտմամբ, բ.գ.դ., պրոֆ. Սամվել Մուրադյանի «Ինքնակերպավորված Չարենցը «Երկիր Նաիրի» վեպում» զեկուցումը, որտեղ Չարենց մարդն ու կերպարը ներկայացվեցին ուշագրավ գեղարվեստահոգեբանական զուգահեռի վրա, բ.գ.դ., պրոֆ. Ժենյա Քալանթարյանի խոսքը, որ միտված էր «Եղիշե Չարենց և Տիգրան Հախումյան» առնչության և այդու՝ նաև նրանց ժամանակի բնորոշ նշանների խորքային բացահայտումներին: Բ.գ.դ., պրոֆ. Վազգեն Սաֆարյանի խոսքում ինքնօրինակ խոր իմաստավորում ստացավ «Երազը և սարսափը Չարենցի նաիրյան ընկալումներում» թեման:
Չարենցյան աշխարհի տարողունակ շերտերը զննելու գիտական ջանքը արժանավայել գյուտերով էր պսակվել բ.գ.թ., դոցենտ Սեյրան Գրիգորյանի «Եղիշե Չարենց և Էդգար Պո» թեմայով զեկուցման մեջ: Բ.գ.թ., դոցենտ Աշխեն Ջրբաշյանը Չարենցի բանաստեղծական աշխարհը քննել էր հին հայկական տաղաչափական ձևերի հմուտ, խորքային իրացումների լույսով: Բ.գ.թ. Աշոտ Ալեքսանյանը Չարենցի «Երկիր Նաիրին» թարմաշունչ զուգահեռումներով ուսումնասիրել էր եվրոպական վիպական ավանդույթի ծիրում: Բ.գ.թ., դոցենտ Սաթենիկ Ավետիսյանի «Առասպելի հայտնությունն ու մահը «Դոֆինը նաիրական» սոնետաշարում» թեմայով զեկուցումը շոշափում էր ազգային պատմության մեջ ցավալիորեն կրկնվող որոշակի բանաձևերի չարենցյան բանաստեղծական գաղտնագրումները: Առասպելին այլ եզրով էր մոտեցել բ.գ.թ., դոցենտ Սիրանուշ Դվոյանն իր «Չարենցի աշխատանքը «առասպելի» հետ» թեմայով ուշագրավ զեկուցման մեջ:
Գիտական արժեքավոր բացահայտումներով էին հատկանշվում նաև բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանի զեկուցումը, ով քննել էր «Գիրք ճանապարհի» ժողովածուում արտացոլված ազգային պետականության հոգևոր-բարոյական կառուցվածքը, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սեյրանյանի զեկուցումը, որը Չարենցի՝ ձայնի և լռության սահմանին հնչող խոսքը պատկերագծել էր շշուկից ողբ ձգվող ծիրով, արտաքին խոսքի և ներքին խոսքի բարդ կենսահոգեբանական անցումների մեջ, բ.գ.թ. Վահրամ Դանիելյանի ««Երկիր Նաիրի» վեպի «Երկրորդ հրատարակության առաջաբանի» հետքերով» զեկուցումը, որ վերլուծաբար ներկայացնում էր չարենցյան վեպի ստեղծագործական պատմությանն առնչվող փաստեր ու դիտարկումներ:
Զեկուցումներին հաջորդեց հետաքրքիր քննարկում: Հոբելյանական չարենցյան ընթերցումների արդյունքներն ամփոփեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Արծրուն Ավագյանը:
Հեռու-մոտիկ ընկերներին, աշխարհներին, արևներին, հրանման հոգիներին ուղղված, Լ. Սեյրանյանի որակումով՝ «ձայնի և լռության սահմանին» ապրող չարենցյան խոսքը այսպես է հնչում մեր ժամանակի մեջ՝ արձագանքելով հավերժական ժամանակի ղողանջներին: Բանաստեղծը ողջույնով ավետում է իր մուտքը աշխարհներին, արևներին, որպեսզի հետո, շատ հետո մենք փառաբանենք Չարենցի ողջունած արևներն ու արևահամ բառը, որ շողում են արդեն մեր ներսում, և ձայնի ու լռության սահմանին լսենք բանաստեղծի երգը՝ անմահ ու լուսեղ, այն աշխարհում, որտեղից ծայր առնող ճանապարհը ձգվում է դեպի հայ հանճարի հավերժական արևը:
Մարիաննա ԲՈՑԻՆՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ
նախագահ, 4-րդ կուրսի ուսանող

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։