8-ՐԴ ԿՆԻՔ ԿԱՄ ԱՅՑ ՄԻՆՈՏԱՎՐՈՍԻՆ / Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

Քառասուն օր էր, ինչ երկինքը հղի էր ամպրոպով ու հայհոյախառն սպառնում էր ահեղ դատաստանով: Արյունահեղ բախումից հենց այդքան էր անցել, սակայն մայթերով դեռևս հոսող արյան շիթերը որոշակի անհարմարություն էին պատճառում, մանավանդ, երբ կոշիկիդ ներբանները մաշված են:
Հանրապետության հրապարակը լի էր սպառազեն զինվորներով, գազոնների մեջ քողարկած զրահատեխնիկայով, դիպուկահարներով:
Սգո շղարշով ծածկված Կառավարության շենքը մի քանի քայլ առաջ էր եկել և արժանապատվորեն վայելում էր սգատիրոջ առաջնային դերն իրեն այցի եկած շենքերի հանդեպ: Տոնական մթնոլորտն ամբողջացնում էր շատրվաններով առատորեն ցայտող արյան հոտը: Երկինք չկար. գորշ դատարկություն էր: Մայթեզրի չինարենու չորացած ճյուղերի մեջ վանդակված հարսանեկան քողով ու ճերմակ ձեռնոցներով ճնճղուկը հիմար ու անհասցե հարցեր էր շաղ տալիս: Ուշադիր նայելու դեպքում նկատելի էր, որ Կառավարության շենքի մուտքը շրջափակած մոմե զինվորների անկենդան ձեռքերի մեջ զենքերը կենդանի էին:
Անցակետում խմբված իրական թվացող նույնադեմ ծառայողները նախ ազատեցին մեզ հագուստից, հագցրին միանման զոլավոր խալաթներ, վերցրին անալիզները: Մեր հանդեպ նրանց անտարբեր գործնական վերաբերմունքից մենք նույնն էինք զգում, ինչ բանջարեղենը կզգար իրենից սալաթ պատրաստելիս: Միզապարկում քար հայտնաբերելով՝ ընկերոջս անմիջապես մեկուսացրին, իսկ ինձ պատկառելի թիկնազորով ուղեկցեցին դեպի նորընտիր նախագահի ընդունարան:
Լաբիրինթոսի անվերջանալի միջանցքներով անցնելիս Մինոտավրոսի մռնչոցն ավելի ու ավելի սարսափազդու էր հնչում: Ուղեկցող թիկնազորն ավելի ու ավելի էր նոսրանում: Երբ հասանք Մինոտավրոսի հսկայական դռանը, սարսափով նկատեցի, որ մենակ եմ մնացել… Դուռն անաղմուկ բացվեց: Ալեհեր մի երիտասարդ կպչուն քաղաքավարությամբ ներս հրավիրեց: Նրա ճերմակ սմոքինգը գոտկատեղից ներքև վերածվում էր պարուհու թափանցիկ շրջազգեստի: Տղամարդակերպ էակը, ում անունը, չգիտես ինչու, երևակայությանս մեջ ամրագրվեց Մադլեն, առաջարկեց ինձ նստել անհարմարության չափ փափուկ բազմոցին, իսկ ինքն անհետացավ վարագուրած դռան հետևում:
Լուսավոր ընդունարանում պատուհան չկար: Դիմացի պատին Մինասի մեծադիր կտավն էր: Ժամեր անցան… Թերևս՝ դարեր: Ավելի ճիշտ՝ չանցան, այլ՝ ետ գնացին: Ընդունարանն աստիճանաբար մթնեց, առաստաղին ի հայտ եկավ վաղ վերածննդյան պարզունակ մի որմնանկար, բազմոցը տակիս կարծրացավ, օդը լցվեց աշտանակներում ճտճտացող մոմերի բույրով:
Վարագուրած դռան հետևից սոսկալի ճիչ լսվեց: Դուրս նետվեց Մադլենը: Ձախ ձեռքով բռնել էր արնաշաղախ աջը: Ինձ նկատելով՝ ժպտաց ու արժանապատվորեն դուրս եկավ սենյակից:
Նոր միայն նկատեցի. դռան մեջ կանգնած էր նա՝ կոտակ նորընտիրը:
Տեղիցս վեր թռա ու սեղմեցի ինձ պարզած նրա փոքրիկ, փափուկ ձեռքը: Դեմքին դրոշմած կեղծ ժպիտը քմծիծաղ էր հիշեցնում: Կեղծ էր թվում նաև նրա կարճ հասակը: Երբ դուռը մեր ետևից փակվեց, մի պահ միայն աչքովս ընկած ոսկեզօծ սրահն ընկղմվեց խավարում: Դեռ ըստ պատշաճի չէի գնահատել ինձ առաջարկած բազկաթոռի կանացի բարեմասնությունները, երբ ուշքս գրավեց դիմացի բազկաթոռին բարձրանալու նրա անզոր ճիգերը: Զգուշորեն գրկեցի նրան ու տեղադրեցի թավշե նստատեղին: Արագորեն տեղավորվելով՝ նա պատկառելի տեսք ընդունեց: Գլխի ընկա, որ սպասում է խոսքիս: Ձայնիս համոզիչ երանգ տալով՝ փորձեցի շարադրել իրադրության շուրջ նախօրոք մշակած դատողություններս: Դատարկության մեջ արձագանքող անհեթեթ խոսքս խցանվեց նրա խռռոց-խռմփոցի մեջ: Հերոսություն էր կիսախավարում համառորեն նրա բաց, անկենդան աչքերին նայելը:
Բացվող դռնից ներս խուժած լույսի տակ ուրվա­գծվեց Մադլենի հայտնությունը: Հագին երկնագույն ֆրակ էր: Գոտկատեղից ներքև նույն թափանցիկ շրջազգեստը կաշկանդում էր նկատելիորեն խոշորացած հետույքը: Կախ ընկած աջը կաշվե ձեռնոցով էր: Ձախով բռնած ճրագով վառեց պատին ամրացված աշտանակները: Առանձնասենյակը ողողվեց անհանգիստ դեղնավուն լույսով… Ոսկեզօծ սրահի փոխարեն շուրջս հսկայական քարանձավ էր: Կոտակի վերսկսած խռմփոցը երբեմն հավելվում էր պատերից գլխիվայր կախված չղջիկների խլրտոցով…
Մադլենի վարդագույն հետույքն անհետացավ անաղմուկ ծածկվող դռան հետևում: Հաջորդող լռության մեջ հնչեց կոտակի ասես ձայնագրած խոսքը.
– Վերջացրի˚ր … Շատ ես խոսում: Ուզածդ ի˚նչ է… Ոնց եմ բոլորիցդ զզվում:
Քթի տակ փնթփնթալով սկսեց հանել կոշիկները.
– Հանիր-հագիր… հանիր-հագիր… Չսիրեցի տղամարդու էս անճոռնի կոշիկները…
Հաջորդող մենախոսության ընթացքում նա դանդաղորեն փոքրանում էր, մինչև… մինչև դարձավ խավարասերի չափ. խոշոր խավարասերի:
– …Փոքր ժամանակ էլ խելքս գնում էր կանանց կոշիկների համար: Անկեղծ կլինեմ, դու քեզնից ինչ ես ներկայացնում, որ անկեղծ չլինեմ: Զզվում եմ մտավորականներիցդ…
Հա՛, ուրեմն մտնում էի գյուղի ունիվերմագ ու ժամերով լռվում կանանց կոշիկների բաժնում: Հիշում եմ, մի օր հարևանի էշը կորել էր… Ո՛նց եմ ձեզնից զզվում… Դե ասա, կյանքումդ կով կթած կա˚ս…
Որտեղից… Թողնեն միայն խոսեք: Իսկ ես մտնում էի էշի տակ ու կաթը ծծում:
Հա՛, էդ էշը ուրեմն մի օր կորել էր… Ինչ երկարացնեմ, էշի փողով մորս համար կոշիկ առա… վարդագույն, բարձր կրունկներով: Մայրս հարևաններին հպարտ-հպարտ ցույց էր տալիս, թե՝ տեսեք, տղաս մոր համար առաջին աշխատավարձով ինչ թանկարժեք նվեր է առել: Բայց չէր հագնում, ափսոսում էր: Երբ ամեն առավոտ գործի էր գնում… Դա իմ կյանքի երանելի պահերն էին: Իմ ու մորս ոտքի չափսերը նույնն էին:
Զարմանում եմ, ոնց եմ մինչև հիմա ձեզ հանդուրժել, զզվելի է…
Երբ մայրս քրքրված կոշիկները հայտնաբերեց, լեզուն կապ էր ընկել: Խեղճ կին… Գյուղով մեկ շշուկներ շրջեցին, թե ոնց են սատանեքը մորս կոշիկները թռցրել ու ողջ գիշեր սարուձոր թրև եկել:
Որպես գաղտնիք ասեմ, որ կոշիկը հագնելուց չէր մաշվում, այլ՝ չհագնելուց: Դու դա չես հասկանա: Ես էլ ուշ գլխի ընկա: Նույն կերպ մաշվեց, քայքայվեց մորս ներքնազգեստը, հետո՝ հայելին, հայելուն ամրացրած մորս ու հորս հարսանեկան լուսանկարը, հետո՝ մորս գիտակցությունը, ինքը՝ մայրս…
Վերջին խոսքերը լռվեցին կոտակի խռմփոցի մեջ: Արդեն անհնար էր նրա բաց, մեռյալ աչքերին նայելը: Գահավորակը, որին քիչ առաջ նստած էր, մաշվել-քայքայվել էր: Ցավով զգում էի, թե ոնց են մաշվում, տրոհվում մտքերս, նրա գլխավերևում՝ պետական զինանշանը, ընդունարանում կախված Մինասի նկարը, էրկրիս չափով սահմանազատված երկինքը…
– Ամեն աստծու օր կոշիկներս փոխում եմ, բայց հարմար կոշիկ այդպես էլ չգտա: Այ, հիմա որ հանեցի, էլ նույն կոշիկը չեմ հագնի:
Որպես դատավճիռ հնչեց Մադլենին ուղղած նրա բղավոցը.
– Պարոնին սիգարեթ բեր:
Այս անգամ Մադլենը լայնաբաց լանջով վարդագույն վերնաշապիկով էր: Պարարտ, վիթխարի հետույքը կիպ գրկել էր թավշե դեղին տրիկոն: Նա սեղանին դրեց բյուրեղապակե մոխրամանը, վայելքով բաց արեց ու ինձ պարզեց սիգարեթի տուփը: Հրահանի լույսի տակ պսպղում էին նրա գրեթե ճերմակ աչքերը:
Ինչ ես քամակդ տնկել, արագացրու… չքվիր:
Հրեշավոր դեղին զանգվածն ինքնագոհ անշտապությամբ անհետացավ դռան հետևում:
Ծխախոտն ուզում էի հանգցնել մոխրամանի մեջ, երբ կոտակի ծղրտոցը կանխեց: Նա մատներիցս ճարպկորեն խլեց սիգարեթը, մագլցեց սեղանին, բազմեց մոխրամանի եզրի փոսիկի մեջ, փոքրիկ ոտքը ծալեց փոքրիկ ոտքին, պոչը խնամքով դրեց գիրկը ու սկսեց ծխախոտը վայելելու ծեսը:
Ծանր է իմ աշխատանքը… Կասեցնել խելահեղ շարժման համատարած մոլուցքը, երբ ամեն շարժվող բան ուղղված է իմ դեմ. օրերի՝ իրար հաջորդելու խայտառակ դավադրությունից մինչև հանդիպման շտապող անբարո սիրահարներ… Թղթի վրա շարժվող դավադիր գրչից մինչև արյան շրջանառություն ու բույսերի լկտի աճ… Ամեն պահ գործ ունենալ հարափոփոխ ստվերների ու միլիարդավոր դրամների հետ… Ի միջի այլոց, մոտդ փող կա՞:
Անհաճո լռություն: Ձեռքս գրպանս տարա: Գրոշներ էին, մետրոյի ժետոն, տաբատիս պոկված կոճակը: Նա խլեց ձեռքիս պարունակությունը, արհամարհանքով վերադարձրեց ժետոնն ու կոճակը:
– Այո՛, մտավորականներիցդ օգուտ չկա… Ողորմելի է, խայտառակություն: Ոնց եմ զզվում… Դուք անգամ կարգին գնով ծախվել չգիտեք:
Ի միջի այլոց, նկատեցի˚ր, ինչ արժանապատվորեն էի նստել նախագահի աթոռին: Ոչ ոք իմ նման նստել չի կարող: Առաջին նախագահ կոչվածը էդ ոնց էր նստում: Վերջին հաշվով, նախագա՞հ ես, թե՞ ինչ-որ գիտնական… Իսկ սա էլ աթոռ է, ոչ թե՝ իշոտնուկ:
Կամ՝ հենց իմ նախորդը: Տնաշենը փլվում էր աթոռին, ոտքերը չռում, կարծես հոր թախտն է: Բայց ձեզնից ավելի եմ զզվում: Ձեր բանուգործն ինչ է… Իզուր օդ եք շնչում: Շնչելը դեռ ոչինչ, բա արտա­շնչե՞լը… Ոնց եք անխնա արտաշնչում:
Ես գնահատում եմ աթոռս: Չէ˚ որ ես պետության խոր­հրդանիշն եմ: Ժողովուրդն ինձնից ուժ է պահանջում… փող, բռնություն, արյուն:
Ես, օրինակ, միայն շնչում եմ: Ինչ կարիք կա իզուր արտաշնչել…
Զզվում եմ… Ո˚նց եք օդը պղծում…
Նրա ձայնն ավելի ու ավելի ցածրանում էր: Ինքն էլ գնալով փոքրանում էր… Ի վերջո ամբողջովին կորավ, չքվեց մոխրացած մոխրամանի մեջ: Չղջիկներն իրար անցան: Նրանք անհամեմատ շատ էին, քան թվում էր մինչ այդ: Աչքի առաջ բազմանալով՝ նրանք կենդանի խավարով լցրին ողջ սրահը: Այդ թռչող մկների հիստերիկ աղաղակն իմ զբաղեցրած տարածքի համար էր:
Հանկարծ ահռելի դղրդոց լսվեց: Առաստաղի ապառաժը փշրվեց: Առաջացած խորշից ներս խուժեց մորեխի դեմքով անճոռնի մի հրեշտակ ու սկսեց փչել իր փողը: Գլխավերևումս՝ գորշ երկնքում, հայտնվեց կարիճի պոչով հսկայական գիսաստղ: Նրա կուրացուցիչ լույսի տակ ի հայտ դարձավ ամենայն ինչ խժռող տգիտության հաղթահանդեսը, շքահանդեսն աշխարհի գահերին բազմած խավարասերների: Կեղծիքը, որկրամոլությունն ու պոռնկությունը իշխանություն ստացան քողարկելու երկինքը՝ թագավորելով մարդկանց հոգիների վրա:
Եվ երկրպագեցին վիշապին, ասելով՝ «Ոչ ոք նրան հաղթել չի կարող: Ոչնչությունը ոչնչով չես ոչնչացնի»: Տեսա ինքնասպան պոետի երազների վրա վեր խոյացող փառահեղ տաճարը ոսկե հորթի… Տեսա սպարտացիներին, որ մորեխների վրա հեծած ավերում էին Աթենքը. ոչ թե, որ մարզված էին ու զորեղ, այլ, որ տգետ էին: Նույն կերպ գոթերն ավերում էին Հռոմը, թուրք մորեխների հորդաները հոշոտում էին Կոստանդնուպոլիսը, Արևմտյան Հայաստանը… Տգետ ու անհաղթ, ինչպես քարը երիկամում, ինչպես ափերի մեջ խրվող մեխերը:
Եվ եղավ գիշեր, և եղավ ցերեկ, սոսկում եղավ ու ատամների կրճտոց:
Դռան ճռռոց՝ դարձ ի շրջանս յուր: Մադլենը կաշվե փայլուն համազգեստով էր, ձեռքին՝ մտրակ: Ահռելի հետույքի վրա նոր ոտքեր էին ավելացել՝ վերածելով նրան կենտավրոսի:
– Ընդունելությունն ավարտված է:
Լաբիրինթոսի խավարում վազելիս առանձնասենյակից լսվում էր Մինոտավրոսի ահագնացող ոռնոցը:
Անցակետում անսովոր լռություն էր: Պահակազոր հսկիչները գիպսից էին:
Նետվեցի փողոց, երկնքի տակ: Տեղացած հորդ անձրևը մաքրել էր սալահատակի արյան հետքերը: Չորացած ճյուղերի մեջ շատախոսող թռչունն անհետացել էր: Հրապարակը լի էր մարդկանցով: Բոլորն էլ ինձ պես զոլավոր խալաթներով էին:
10.03.2008

One thought on “8-ՐԴ ԿՆԻՔ ԿԱՄ ԱՅՑ ՄԻՆՈՏԱՎՐՈՍԻՆ / Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։