Հունիսի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում առաջին անգամ անցկացվեց գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությունը: Գրական մրցանակը հանձնվեց նրա ուսանողուհի, երիտասարդ գրող Արմինե Բոյաջյանին՝ «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» պատմվածքի համար:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ մրցանակաբաշխությունները հնարավորություն են տալիս գնահատելու ժամանակակից ստեղծագործողներին, նշեց, որ այդ շարքը համալրվել է Ռ. Հովսեփյանի անվան մրցանակաբաշխությամբ: Նրա հավաստմամբ՝ առաջարկությունը եղել է գրողի այրու՝ Օլգա Մելիքյանի կողմից, ով նաև ընտրել է պատմվածքի ժանրը:
Օլգա Մելիքյանը տեղեկացրեց, որ նախապես որոշվել է՝ մրցույթին կարող են մասնակցել գրողներ առանց տարիքային սահմանափակման: Ընտանիքի խնդրանքով, մրցանակը կտրվի ամեն տարի մայիսի 5-ին՝ գրողի ծննդյան օրը: Այս տարի հանձնվում է մի փոքր ուշացումով՝ երկրում ծավալված քաղաքական իրադարձությունների պատճառով: Անդրադառնալով պատմվածքի ժանրն ընտրելու որոշմանը՝ Օ. Մելիքյանը շեշտեց, որ այդ ժանրն ընտրվել է այն պատճառով, որ Ռ. Հովսեփյանը գրական աշխարհ մուտք է գործել պատմվածքով. «Երբ 1964 թ. «Ավանգարդ» թերթը մրցույթ հայտարարեց լավագույն պատմվածքի համար, «Ձկնապուրը շատ համեղ է» պատմվածքը, որ Հովսեփյանը ներկայացրել էր ծածկանունով, ճանաչվեց լավագույնը և առաջին անգամ տպագրվեց «Ավանգարդում»:
Ժյուրիի նախագահ Նորայր Ադալյանը, մրցանակը համարելով լավագույններից, միաժամանակ շեշտեց, որ այն պարտավորեցնում է գրողներին՝ պահանջելով չափանիշների բարձրացում, ազնվություն, անկեղծություն, սեր գրականության և հայրենիքի նկատմամբ: Այնուհետև ներկայացնելով հանձնաժողովի անդամներին՝ Կ. Խոդիկյանին, Պ. Դեմիրճյանին, Լ. Հովսեփյանին, Ս. Հարությունյանին, տեղեկացրեց, որ ներկայացված քսանից ավելի գործերից մրցանակի արժանացած պատմվածքը անցել է երեք կողմ, երկու դեմ ձայնով: «Անկեղծ ասած՝ գեղարվեստական, բովանդակային, կառուցվածքային, պատմվածքի արժեքայնության առումով, սպասելիքներս ավելին էին: Ունենալով պատմվածքի հիանալի ավանդույթներ՝ կարծում էի, թե այսօր ավելի լավ գործեր պետք է գրվեին»,- խոստովանեց Ն. Ադալյանը:
«Ռուբեն Հովսեփյանն անընդհատ վերադառնում է, իր գրականությամբ նա ներկա է միշտ, սակայն այս նախաձեռնությունը մի յուրահատուկ վերադարձ է: Այսպիսի նախաձեռնությունները ստիպում են, որ դու բարձրանաս այդ անվան աստիճանին կամ գոնե ձգտես բարձրանալ այդ անվան աստիճանին»,- ասաց Դավիթ Մուրադյանը:
Մրցանակակիր Արմինե Բոյաջյանը նշեց, որ ներկայացված պատմվածքը գրվել է այն ժամանակ, երբ այլևս չկար իր սիրելի ուսուցիչը, ով պիտի կարդար ու կարծիք հայտներ: Նա խոստովանեց, որ այս մրցանակաբաշխությանը մասնակցելն էլ իրենից մեծ քաջություն է պահանջել, և պատմվածքն ուղարկել է վերջին օրը: Ապա ամփոփելով խոսքը՝ արժևորեց Ռ. Հովսեփյանի դերը իր ստեղծագործական կյանքում: