Վոն ՓԻԼԻԿՅԱՆ

Վոն ՓիլիկյանԲանաստեղծ, կինոբեմադրիչ, թարգմանիչ Վոն (Վահան) Փիլիկյանը ծնվել է 1976-ին, Լոնդոնում: Վոն Փիլիկյանը աշխարհի սակավաթիվ սանսկրիտի մաս­նագետ թարգմանիչներից է, խմբագրում է մեր ժա­մանակի ամենածավալուն գրական-գիտական նա­խագծերից մեկը՝ սանսկրիտով բնագրերի և դրանց անգ­լերեն թարգմանություների համացանցային հրա­տարակությունը: 2006-ին Նյու Յորքում լույս է տեսել Փիլիկյանի թարգմանած և խմբագրած «Մահաբհարաթա. գիրք 7»-ի առաջին հատորը: Վոն Փիլիկյանը հեղինակ է մի քանի կարճամետրաժ կինոնկարների, որոնցից «Մուրճ և բոցը» 2005-ին Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի:

***
Որբ լույսի օձերը
վարակում են երկինքը և ծավալվում՝
հոսելով
այրված-մոխրացած ամպերի քուլաներով,
բոցավառելով ջահերը երկնքի,
նրա կատակոմբները
բռնկելով ոսկով:

Մեկ առ մեկ ծխացող պատրույգները
նորից են վառվում
և փխրեցնում
կուտակվող
մթնշաղը:

Լևիաթան հրեշը մթագնած է՝
կատաղիորեն խժռելով ինքն իրեն:
Այն ծռմռել է ամպերի պսակները՝
անդրջրհեղեղյան,
խռովահույզ,
բրոնզագույնով բռնկված:

***
Սուզվում է՝
սևացնելով չարին
օրորված հոգոցի մեջ
փարթամ ալիքի,
որ կլանում է այն:

Լռության կաթիլը՝
օբսիդիանով ծփացող
կեսգիշերային
ջրհորում ամպրոպային:

***
Լռություն է,
որ հետո վեր ելավ՝
ազդարարելով
ժամը գիշատիչների:
Սիլուրյան ռադարը քանդակում է
մի սատանայական տարածաչափություն,
մի սարսափ՝
ինչպես լույս՝ ադամանդի մեջ թակարդված:

Աննկատելի՝ նրանք ճախրում են
կոպի վրա
վախի էջերից սանձազերծված.
ջրածին ժանտախտի
սերովբե:

Նրանց գալիք ինքնասպանությունը
դողում է. սպառնագին ամառ,
վագրերի լուռ հայացքը՝
սառած կեսօրի բյուրեղյա
բռնության մեջ:
Դա
աղոթք է,
և այն շեղում է
նավի անցումը:

***
Իմ կյանքը դուրս հորդաց,
իմ կյանքը հեղեղեց,
արյուն հոսեց
իմ երակներից:
Շունչս կտրվեց,
երբ տեսա աչքերդ
փայլելիս, փայլելիս,
այնքան մութ՝ երազում:
Մութ՝ ինչպես սատանա,
մութ՝ ինչպես երգ,
մութ՝ ինչպես ոսկին արևի վրա:
Ջահի սև լույսով,
աչքերիդ փայլով
երազի մեջ
կյանքս անկատար էր:

Թարգմանությունը անգլերենից՝ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։