ՆԱՆԵ
ԾՈՒՅԼ ԱՐԵՎԸ
Արևը շատ էր հոգնել՝
Դեռ զենիթ էլ չհասած,
Ամպե մահիճ էր գտել՝
Օրվա գործը իր թողած:
– Հապա ծույլին
այս նայեք,-
Դժգոհեցին բոլորը,-
Բացակա ես ստանում.
Կլրացնես մյուս օրը՞:
Սակայն մյուս օրը եկավ
Գործերի ի՛ր ցուցակով.
Արևն այդպես էլ մնաց
Չհատուցած իր պարտքով:
Զեմֆիրա ԵՆՈՔՅԱՆ
ՃԵՐՄԱԿ ԱՆԴՈՐՐ
Ճերմակ անդորր,
Լուռ ու դանդաղ
Փաթիլներն են իջնում վար,
Ու լռության մեղեդու տակ
Փաթիլներն են պարում
Հանդարտ,
Ամենուրեք ճերմակ
Անդորր,
Ու սպիտակ քնքուշ թավիշ,
Մաքրությունն է
թափվում վերից,
Որպես սիրո խորհրդանիշ:
Սամվել ԿՈՅԱՆ
ԵՐԳՆ ԱՅՍ
Երգն այս ինչի՞ մասին է,
Երգն այս այն մասին է,
Որ Նարեկն ու Արտակը
Միշտ միասին են…
Երգն այս ասում է՝
Պիտի բարի լինել,
Եվ արևն է շողում
Ծաղկի վրա:
Ու լճակը փոքրիկ
Կապույտ շոր է հագել,
Որ Նարեկն ու Արտակը
Իր հետ խաղան:
Երգն այս
Պատմություն է
Նավակների մասին,
Որ լողում են
Կապույտ լճակի մեջ:
Նավակները ճերմակ
Լողում են միշտ միասին,
Դեպի երազների
Ափերը պերճ:
Երգն այս ինչի՞ մասին է,
Երգն այս այն մասին է,
Որ ընկերությունը
Շարունակվում է անվերջ:
Եվ ովքեր միասին են,
Ովքեր միշտ միասին են,
Իրենց նավակն ունեն
Այս երգի մեջ…
ՔԱՋ ԱՐՏԱԿԸ
Ես մեծ եմ արդեն,-
Ասում է Արտակը,
Փղի չափ մեծ:
Ու ծիծաղում է
Քահ-քահ ողջ բակը՝
Այ թե փչեց:
Ես տանկ ունեմ,-
Ասում է Արտակը,
Տանկս կանգնած է
Կողքի բակում:
Ու ծիծաղում է
Նորից ողջ բակը՝
Մի տես թե ոնց է
Ախր, փչում:
Ի՞նչ պիտի անես,-
Ասում են,- տանկը,
Դեռ այնքան փոքր ես,
Ճիշտ՝ թիզ ու կես:
Պիտի կրակեմ,-
Ասում է Արտակը,-
Եթե թշնամին
Ծիծաղի ձեր պես:
ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ
Ջրից դուրս եկավ
Կոկորդիլոսը,
Ջրից դուրս եկավ
Ասես հսկա,
Ջրից դուրս եկավ
Ու ընկավ փոսը,
Կար կոկորդիլոսը,
Հիմա՝ չկա…
Եկավ Արտակը,
Եկավ Նարեկը,
Բակը հավաքվեց
Շուրջը փոսի.
Խոսեցին տաք-տաք,
Խոսեցին երկար,
Թե ինչպես փրկեն
Կոկորդիլոսին։
Սակայն, այ քեզ բան,
Հրաշք իսկական,
Կոկորդիլոսը
Ինքը ելավ դուրս,
Եվ ամաչելով,
Որ այդքան հսկա
Ընկել է փոսը,
Գնաց սուսուփուս…
Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱՄՊԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
(Հեքիաթ)
Միայն երեխաներն էին կարողանում տեսնել իրենց հետ խաղացող Ծերուկին: Նա երբեմն ավելի առույգ էր թռչկոտում կամ վազում գնդակի ետևից, քան շատ երեխաներ: Հազվադեպ էր հոգնում: Ծոցագրպանից ջրով լի շիշ էր հանում, նախ հրամցնում փոքրիկներին, վերջում՝ ինքը խմում: Երբեմն էլ շիշը դատարկվում էր, և նա մնում էր ծարավ:
– Ծերու՜կ, ի՛նձ գցիր գնդակը:
– Արի է՛ս կողմով վազենք, Ծերու՛կ:
– Մինչև տասը չհաշվես, աչքերդ չբացե՛ս, Ծերու՛կ,- ասում էին փոքր աղջիկները և զվարթ վազում թաքնվելու:
Ոչ ոք չգիտեր՝ նա որտե՞ղ է ապրում, ունի՞ ընտանիք կամ գիշերն ո՞ւր է գնում: Ծերուկը հաճախ հայտնվում էր իր ընկեր-երեխաների սենյակներում, օգնում դաս սովորել, տնային գործեր կատարել ու կրկին անհետանում էր: Կարճահասակ այս տարեց մարդը սիրում էր գիրք կարդալիս չարաճճիություններով խանգարել առաջադեմ աշակերտներին՝ գիտակցելով, որ ինչ էլ անի, միևնույնն է՝ նրանք լավ են սովորելու: Նա սիրում էր, երբ երեխաները բռնոցի էին խաղում անգամ տանը, իսկ ծնողները զայրանում էին իրենց տարօրինակ երեխայի վրա, որ տանը ծիծաղելով վազում էր՝ խոսելով ինչ-որ մեկի հետ:
– Լսի՛ր, տղա՛ս, քո կողքին մարդ չկա… Ո՞ւմ էիր ասում՝ «տո՜ւր գրիչս, Ծերո՛ւկ»:
– Մեր Ծերուկին, – պատասխանում էր տղան:
– Ի՞նչ ծերուկ, գի՛ժ: Քո սենյակում ոչ ոք չկար…
– Կա՛ր: Քիչ առաջ գնաց: Ծերուկը մեր ընկերն է, հայրի՛կ… Նա շատ բարի է: Գիտե՞ս՝ էնքա՜ն արագ է վազում, որ չենք կարողանում բռնել…
Հայրիկը թաքուն հետևում էր երեխաներին, որոնք դաշտում գոչում էին՝ «Ծերու՜կ, գնդակը ինձ տշիր», և տարակուսած ու ապշած տեսնում, որ բացի երեխաներից ոչ այլ ոք չկա խաղադաշտում:
– Ամբողջ օրը նրա մասին ես պատմում,- ասաց փոքրիկ գեղեցկուհու մայրը,- ո՞ւր է, ցո՛ւյց տուր, տեսնեմ նրան:
– Ա՜յ էն նստարանին նստածն ինքն է՝ Ծերուկը:
– Դու ինձ ձե՞ռ ես առնում: Նստարանին մարդ չկա…,- զայրացավ գեղեցկուհու մայրը:
– Վա՜յ, ո՞նց չկա: Տե՛ս, նա մեզ է նայում ու ժպտում: Ողջո՜ւյն, Ծերո՛ւկ, – գոչեց աղջիկն ու ձեռքով արեց իր տարեց ընկերոջը:
– Չէ՛, ոնց որ գժված լինեք. օդի հետ խոսում եք: Բոլոր երեխաների հետ ինչ-որ բան է կատարվում: Ծերո՛ւկ, հա, ծերո՛ւկ…,- բարկացավ մայրը՝ նորից զննելով շուրջը:
Մի անգամ էլ երեխաներից մեկը չլսեց իր ավագ ընկերոջը՝ Ծերուկին, մտավ վարարած գետը, և ջուրը սկսեց տանել նրան:
– Ա՜, օգնե՜ք,- բղավում էր երեխան:
Ծերուկը նետվեց գետը: Դժվարությամբ հանեց երեխային, հանգստացրեց, բայց և մեղմ նախատեց՝ միշտ չէ, որ պետք է ռիսկի դիմել…
Ծերուկի համբավն ավելի տարածվեց, սակայն տարեց մարդկանց մեջ չգտան երեխայի կյանքը փրկողին: Ծնողները շարունակ հետևում էին, որ վերջապես տեսնեն այդ հռչակավոր ծերունուն, բայց այդպես էլ նրանց աչքին չերևաց «փրկիչը»: Մեծահասակները եկան այն համոզման, որ ոչ մի ծերուկ չկա. դա երեխաների կատակ-հորինվածքն է:
Անցավ մի քանի տարի: Երեխաները պատանի դարձան, Ծերուկի սպիտակ մորուքը երկարեց: Նա մի վերջին անգամ խաղաց իր հին ու նոր ընկերների հետ և, բոլորին շուրջը հավաքելով, ասաց.
– Իմ սիրելի՛ ընկերներ, գնալուս ժամանակն է…
– Ո՞ւր, ո՞ւր ես գնում, Ծերու՛կ,- միաբերան հարցրին բոլորը:
– Ես ընդմիշտ գնում եմ լուսավոր ու անտեսանելի մի տեղ… Երբ ձեր տարիքում էի, պատերազմը սպանեց ծնողներիս… Իմ քույրն ու եղբայրը, տատիկն ու պապիկը նույնպես սպանվեցին… Մի քանի օրվա մեջ ծերացա…
– Պատերա՞զմը…,- հարցրին երեխաներն, ու լրջություն իջավ նրանց վրա:
– Հա՛, պատերազմը: Հետո, երբ ունեցա ձեզ պես անուշ աղջիկներ ու տղաներ, կրկին մի օր պատերազմ պայթեց, ու թշնամին ոչնչացրեց իմ ընտանիքը: Բալիկներս ունեին ճերմակ ու նուրբ թաթիկներ… Քանի՜ անքուն գիշերներ նրանց խնամել ենք, օրորել, որ մեծանան, լավ մարդ դառնան… Ի տարբերություն ձեզ՝ մեծահասակներն իսկական պատերազմ են խաղում…,- դադար տվեց ծերունին, ապա կոկորդը սեղմված՝ շարունակեց,- ոչ ոք ինձ չէր նկատում, որովհետև ինձ նմանները շատ էին… Իսկ երբ խաղաղություն հաստատվեց, մարդկանց մոտ սովորական դարձավ չտեսնելը… Հետո նրանք կարծես կորցրին շատ բաներ տեսնելու կարողությունը…
– Իսկ ի՞նչ են ուզում թշնամիները,- հարցրեց մի հետաքրքրասեր տղա:
– Նրանց ստիպում են միշտ գրավել հարևանների հողերը, որպեսզի… մի օր երջանիկ ապրեն…,- պատասխանեց ծերունին:
– Մարդը մարդուն սպանելով, հողեր գրավելով՝ երջանկանո՞ւմ է, – զարմացավ տղան:
– Դա կհասկանան 2291 տարի հետո, բայց արդեն ուշ կլինի…,- գլուխը կախեց Ծերուկը, մի պահ լռեց,- իսկ հիմա ես գնամ… Ձեզ կկարոտեմ, բայց… ի՞նչ արած: Ժամանակն է… Ես ընդամենը եկա ասելու՝ ե՛տ տվեք իմ մանկությունը… Ես այն ժամանակ չունեի ո՛չ խաղալիք, ո՛չ գնդակ: Միայն ռումբեր էին պայթում, ու մարդիկ միայն խաղաղություն էին երազում: Իսկ մանկությունը մեկ անգամ է տրվում… Ու եկա ասելու՝ վերադարձրե՛ք իմ մանկությունը…
– Մենք էլ քեզ հետ կգանք մանկությունդ հետ ուզելու: Չտխրե՛ս, Ծերու՛կ- ասաց ամենափոքր տղան:
– Հա՛, բոլորս էլ կգանք,- տղային միացան մյուս երեխաները:
– Ումի՞ց ուզենք: Պատասխան դեռ չկա… Շնորհակա՜լ եմ ձեզ, սիրելի՛ երեխաներ, որ դուք կաք…
– Իսկ ո՞վ է վերադարձնելու քո մանկությունը, Ծերու՛կ: Կամ ո՞վ է պատասխան տալիս նման թանկ կորստի համար…,- կրկին հարցրեց հետաքրքրասեր տղան:
Ծերուկը չպատասխանեց… Ժպտաց և ամպե աստիճաններով սկսեց բարձրանալ: Նա ձեռքով հրաժեշտ էր տալիս, իսկ երեխաներն ապշած հետևում էին նրան, մի քանիսն էլ՝ ձեռքով անում: Նա կամաց-կամաց փոքրացավ ու ձուլվեց ճերմակ ամպերին:
– Շնորհակալ ենք քե՛զ, Ծերո՜ւկ: Դու երևի երջանիկ կլինես ամպերից այն կողմ: Գնամ, հայրիկիս հարցնեմ, թե մարդն ումի՞ց պետք է հետ ուզի իր չստացված մանկությունը,- ասաց մի փոքր տղա:
Ապրիլի 20, 2016 թ.
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԵՎԱ ԱՂՋՆԱԿԻ ՀՈՐԻՆԱԾ ԼԵԶՈՒՆ
Աշխարհի Ֆրանսիա երկրի Պո քաղաքում ապրում է հինգ տարեկան մի աղջիկ, նրա անունն է Եվա։ Մանկապարտեզում ֆրանսիացի երեխաները Էվա են ասում։ Նա սկզբից կնճռոտում էր քիթը ու նեղացած կրկնում՝ իմ անունը Եվա է։
– Հա, էլի, մենք էլ Էվա ենք ասում, ի՞նչն է սխալ։
Եվան համոզվեց, որ Եվան Էվա է, և տանն էլ նրան սկսեցին և՛ Եվա ասել, և՛ Էվա։ Կարևորը՝ սիրով ասելն է, իսկ որ ֆրանսիացի երեխաները նրան սիրում են, պարզից էլ պարզ է, նրանից սովորել են մի քանի հայերեն բառ՝ մամա, տուր, մերսի…
Զարմացել էին, որ ֆրանսերեն «մերսի» բառը Հայաստանում տարածված է, և Էվայից ցանկացան լսել հայերեն բառը, այսինքն՝ թարգմանությունը, և Էվան արտասանեց, իհարկե, մի քիչ դերասանավարի՝ շնորհակալություն։
Երեխեքը լրջացան և դժվարությամբ կրկնեցին, որից Էվայի ծիծաղն եկավ, բայց նա զսպեց իրեն ու հենց այդ պահին մտքով անցավ հորինել մի այնպիսի լեզու, որ բոլորին հասկանալի լինի, բառերը շատ երկար չլինեն, խոսքերն ընկալվեն անմիջապես, և նույնքան հեշտ պատասխանեն ընկերոջը։
Էվայի տատիկ Անահիտը և պապիկ Վաչագանը ապրում են Երևանում, ամեն օր տեսակապով խոսում և խաղում են Էվայի և նրա քույրերի հետ, բայց ավելի շատ՝ Էվայի հետ, որովհետև քույրերը դասեր էին սովորում, իսկ Էվան՝ իր չորս պայուսակը գրկած, նրանց մեջ էլ՝ հայերեն և ֆրանսերեն մանկական գրքեր, շրջում էր սենյակում, իսկ խոսելիս՝ տատ ու պապին իր նոր հեքիաթն էր պատմում, բայց ի՞նչ հեքիաթ, օրվա անցուդարձն էր նկարագրում և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն, որից տատն ու պապը որոշ բաներ էին հասկանում, հիմնականում ժպտում էին ու հետևում նրա լայնեզր գլխարկի տակ կայծկլտացող աչուկներին։
Երեկոյան, տեսակապի ընթացքում, Էվան տատիկին ասաց, որ նոր լեզու է հորինել, որի մեջ և՛ հայերենը կա, և՛ ֆրանսերենը, և՛ արաբերենը (նրանց մանկապարտեզում արաբ երեխաներ կային), և՛ աշխարհի բոլոր լեզուները։ Անահիտ տատն ուրախացավ.
– Դե, Էվա ջան, խոսիր, լսենք։
Էվան մի պահ լուրջ նայեց տատիկին և դանդաղ շարժեց շուրթերը, անձայն, ապա ծամածռեց…
Տատը զարմացավ.
– Ի՞նչ ես ասում, է՜։
– Չհասկացա՞ր, տատի, դա իմ լեզուն է, ասում եմ՝ ե՞րբ ես գալու մեր տուն։
– Երկու ամիս հետո, Էվա ջան,- պատասխանեց տատը,- բայց էնպես խոսիր, որ հասկանամ։
– Չէ, տատի, ես միշտ այսպես եմ խոսելու, դու էլ սովորի, դժվար չէ, ահա այսպես,- նա ծռմռեց շուրթերը, կնճռոտեց քիթը, լայնեզր գլխարկը ներքև սահեցրեց՝ փակելով հոնքերը։
– Էդ ի՞նչ ասացիր,- հարցրեց տատը։
– Չհասկացա՞ր, այ տատ, ասացի՝ շուտ արի, թե չէ կլացեմ։
Անահիտ տատը տխրեց, որ չի հասկանում Էվայի լեզուն, համ էլ կարող է երեխան լացի։ Փորձեց խոսել Էվայի հորինած լեզվով՝ շուրթերն անկազմակերպ բաց ու խուփ արեց, քիթը դժվարությամբ տեղաշարժեց մի քիչ աջ, իսկ ճակատին այնպիսի կնճիռներ ցուցադրեց, որ տատիկին թվաց, թե Էվան կվախենա վհուկ տատիկից ու կփախչի։ Սակայն Էվան ծիծաղելով ասաց.
– Տատիկ, ինչ դժվար ես սովորում, հիմա կրկնում եմ։
Եվ զարմանալի թեթև, գլխի մի շարժումով լայնեզր գլխարկն իջեցրեց աչքերին, ապա երեսին և նրա տակ թաքնված՝ լռեց, լռեց, ոչ մի ծպտուն։
Տատն անհանգստացավ.
– Այ Էվա, բա ինչո՞ւ չես կրկնում, մտար գլխարկի տակ։
Լսվեց Էվայի ձայնը.
– Տատի, կախարդում եմ, որ ինքնաթիռը շուտ հասնի մեր տուն, և ես նստեմ, գամ Երևան, քեզ սովորեցնեմ իմ լեզուն, տեսնում եմ՝ ծույլ ես, այ, պապիկը շուտ կսովորի։
– Վաչիկ, Վաչիկ, Էվան քեզ է կանչում, արի նրա լեզուն հասկացի։
Պապիկն շտապ եկավ։ Էվան գլխարկի տակից բացեց դեմքը և թարթեց աչքերը, ծածանեց մազերը, բռնեց աջ ականջը ու մեղմ ժպտալով ձգեց։
– Ի՞նչ ես անում, ի՞նչ ես ասում, Էվա,– հարցրեց պապը։
Էվան ստիպված խոսեց.
– Պապիկ, դու էլ տատիկի պես լեզու չես հասկանում, գալու եմ Երևան, մանկապարտեզ բացեմ ձեզ համար ու սովորեցնեմ իմ լեզուն։
– Արի, արի, Էվա ջան,- սիրով պատասխանեց Վաչիկ պապը։
Այդ պահին Էվան, արդեն ձանձրացած, վերցրեց չորս պայուսակն ու վազեց մյուս սենյակ։
Տեսակապի մոտ մնացին պապն ու տատը։
Անահիտ տատը կշտամբեց.
– Էդ ի՞նչ արիր, որ Էվան փախավ, որ ասում եմ՝ կոպիտ ես խոսում երեխեքի հետ, ջղայնանում ես։
– Քեզանից փախավ, ասաց՝ տատիկի պես լավ չես սովորում լեզուս ու թռավ։
– Չէ, քեզանից ձանձրացավ, որ ժամանակին ասում էի՝ ճապոներեն սովորի, արծաթե զարդերդ վերնիսաժում վաճառես, ասում էիր՝ ախր գլուխս չի մտնում ոչ մի հիերոգլիֆ, ճիշտ ասի, չէ՞, բառը…
Պապը խիստ կտրեց.
– Չէ, դու էլ ֆլամանդերեն չսովորեցիր, Բրյուսելում կորար…
Տեսախոսակապի առջև պապն ու տատը երկար կկռվեին, թե ումից փախավ Էվան, եթե հանկարծ պայուսակները թափահարելով՝ չհայտնվեր նույն ինքը՝ Էվան, և ասաց.
– Պապիկ և տատիկ, այսօրվա դասն ավարտված է, ֆինի, այսինքն՝ վերջ, հասկացաք՝ ֆրանսերեն է կամ անգլերեն կամ չինարեն, մի խոսքով, ես էլ լավ չեմ հասկանում՝ որ լեզվով է, ֆինի, գնացեք և պարապեք, կրկնեք իմ լեզվի առաջին դասը, վաղը կհարցնեմ, թե լավ չսովորեք, ծնող կկանչեմ։
Տատը մեղավոր խոստացավ.
– Կսովորենք, Էվա ջան, քո լեզուն շատ քաղցր է։
Պապն էլ հանձն առավ կրկնել դասը։
Իսկ Էվան պայուսակից հանեց մի գիրք, ֆրանսերեն վարժ բլբլաց.
– Մայրիկն ասել է՝ մարդ քանի լեզու գիտի, այդքան մարդ է, բա՜։
Պապն ու տատը միաձայն ասացին.
– Հա, Էվա ջան, կսովորենք, բա հո քեզ մենակ չենք թողնի։
Պապն ու տատը գիտեն երկու լեզու, չեմ ասի՝ որոնք, դուք մտածեք ու նաև ինձ ասեք՝ Էվան քանի՞ լեզու գիտի։
Ճիշտ պատասխանողին կնվիրեմ նոր լույս տեսած գունազարդ, գեղեցիկ այբբենարանը, բոլոր էջերին Էվայի ու նրա կախարդական լայնեզր գլխարկի պատկերն է ու նաև մի ինքնաթիռի թռիչք Երևանից Պո, Պոյից Երևան ու մնացյալ աշխարհ։
Իմացա՞ք, ո՛ր լեզվի այբբենարանն է։
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՄԵՐԻՆ
Արցախից է եկել Մերին,
Սովորում է մեր դպրոցում,
Կարոտ ունի միշտ աչքերին,
Լուռ ցավով է սիրտը լեցուն։
Մենք սիրում ենք նրան անչափ,
Ուզում ենք, որ լինի ժպտուն,
Չմոռանա ծիծաղ ու ծափ,
Չզգա հանկարծ իրեն անտուն։
Ասում ենք, թե կգա մի օր`
Դուռ կբացվի վերադարձի,
Նորից պայծառ ու լուսավոր
Տուն կդառնա արցախեցին։
Եվ ժպտում է սիրուն Մերին,
Ծաղիկների պես Արցախի,
Չքնաղ ժպիտն իր շուրթերին`
Դառնում է նա մի վառ ծաղիկ։
ՀԵՔԻԱԹ
Կար մի ծաղիկ,
Կարմիր ծաղիկ`
Բացված դաշտում կանաչ,
Կար մի առու
Ժիր ու առույգ,
Վճիտ, քաղցրակարկաչ։
Կար մի աղջիկ`
Վարդի փնջիկ,
Մի թագուհի չքնաղ,
Մեղմ, երազուն
Հովն էր ասում`
Քեզնից սիրուն չկա։
Եկավ տղան,
Ասաց` խաղան
Ինքն ու աղջիկն այնտեղ,
Ու ժպիտով
Ջերմ, հոգեթով
Խաղում էին անմեղ։
Առվի ափին
Տուն շինեցին,
Փոքրիկ, սիրուն մի տուն,
Ու թռվռան
Իջավ վրան
Մի թիթեռնիկ նախշուն։
Հպեց դեղին
Թևը թևին
Ու մեղմաձայն ասաց`
Տեղ ու տուն եք,
Հյուր կընդունե՞ք,
Թե անձրև գա հանկարծ…
ԶԱՏԻԿԸ
Փոքրիկ Սաթիկը
Պարզեց մատիկը,
Եկավ, մատիկին
Իջավ զատիկը,
Մատանու նման
Զուգեց մատիկը։
– Ինչ սիրուն ես դու,-
Հրճվեց Սաթիկը։
Բայց թե չմնաց,
Թռավ ու գնաց
Կարմիր զատիկը։
Նայեց ետևից
Սիրուն Սաթիկը,
Ինքն էլ չիմացավ,
Թե ինչու հանկարծ
Տխրեց սրտիկը…
Սուրեն ԴԱՎԹՅԱՆ
ԻՐԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ
Հագել եմ դեղին շորերս այսօր,
Պապս ասում է. «Մեր տան թագավոր,
Ի՜նչ սիրուն ես դու, տեսքով քո ազդու,
Ասես հինավուրց արքա լինես դու»:
Եվ ծիծաղում է ու գիրկը առնում
Եվ հպարտ, հպարտ աչքերիս նայում:
Ես էլ զարմացած շորերս ձգում
Դիք-դիք քայլվածքով սենյակն եմ չափում:
Մեկ էլ լսվում է ձայնը մայրիկի.
«Վահան ջա՜ն, Վահա՛ն, փոշեկուլը բեր,
Հետո, իմ տղա, գնա հացդ կեր»:
Նայում եմ պապիս, ողջը մոռանում,
Ամբողջ եռանդով գործի եմ անցնում
Եվ մտածում եմ, որ տան փոքրն եմ,
Համ թագավոր եմ, համ մեր տան ծառան,
Ինչ կարևոր է գույնը շորերի,
Ես ջուր կբերեմ, կօգնեմ մեծերին
Ախր ես շատ եմ սիրում բոլորին,
Եվ այդ ամենը կանեմ մեծ սիրով
Չէ՞ որ ես գիտեմ՝ ինչն է կարևոր:
Լիլիթ
ԽՌՈՎԿԱՆԻ ՁՈՐԸ
Աստղերն արդեն երկնքում փայլում էին, երբ Անուշիկը անկողին մտավ ու կանչեց Եվգինե տատիկին.
– Տատի՜կ, տատի՜կ, դե արի ու ինձ հեքիաթ պատմիր…
Եվգինե տատիկը մոտեցավ Անուշիկի մահճակալին ու նստելով աթոռին` ասաց.
– Այսօր հեքիաթս մի խռովկան մարդու մասին է:
– Դե պատմիր, լսում եմ,- խնդրեց Անուշիկը:
Մի մարդ մի աղջիկ ուներ, որի ձեռքից ամեն ինչ գալիս էր…
– Ուզում ես ասել, որ ամեն գործ կարողանում էր անե՞լ,- հարցրեց Անուշիկը:
– Այո՛, իմ խելացի թոռնիկ, գիտեր և՛ կարել, և՛ գործել, և՛ համեղ ճաշեր պատրաստել, բայց բոլոր փեսացուներին աղջկա հայրը մերժում էր:
Մի օր էլ նրա Վարդիշաղ կինը հարցնում է.
– Ա՛յ մարդ, մեր գյուղում էլ տղա չմնաց, բոլորը եկան մեր աղջկա ձեռքը խնդրելու, ինչո՞ւ չես համաձայնում:
– Ի՞նչ ունեն, որ աղջկաս ամուսնացնեմ, հարուստ փեսա եմ ուզում,- պատասխանում է ամուսինը:
Էսպես անցնում է մի քանի օր, կողքի գյուղից նրանց տուն հյուր է գալիս ամուսնու քույրը՝ Սոսեն: Երբ Վարդիշաղի ամուսինը գնում է արտը հնձելու, Վարդիշաղը զրուցում է Սոսեի հետ:
– Ա՛յ Սոսե ջան, էս մեր շնորհքով աղջիկը էսպես որ գնա, տանը կմնա, ի՞նչ անեմ,- ու ամեն ինչ պատմում է նրան:
Երկուսով որոշում են խորամանկություն անել: Հաջորդ օրը Սոսեն վերադառնում է տուն: Անցնում է մի քանի օր, և նույն գյուղից մի երիտասարդ է գալիս.
– Ի՞նչ ունես, – հարցնում է աղջկա հայրը:
– Որ մի հարյուր կով ունենամ, լա՞վ է,- ասում է փեսացուն:
– Լավ է, – պատասխանում է աղջկա հայրը:
– Որ մի էդքան էլ ձի լինի, լա՞վ է, – ասում է փեսացուն:
– Լավ է, – պատասխանում է աղջկա հայրը:
– Որ մի էդքան էլ այծ ու ոչխա՞ր, – ասում է փեսացուն:
– Լա՜վ է, լա՜վ է, – ուրախանում է աղջկա հայրն ու համաձայնում աղջկան կնության տալ:
Մեծ հասանիք են անում, գյուղով մեկ թնդում է զուռնայի ձայնը:
– Փեսացուն այդքան հարո՞ւստ էր…,- հարցնում է Անուշիկը:
– Դու լսիր, լսիր, անուշիկս,- պատասխանում է Եվգինե տատը:
Անցնում է մի շաբաթ, և երբ աղջկա հայրը գնում է իր աղջկան տեսության, ամեն ինչ պարզվում է: Ճիշտ է, փեսացուն այդքան հարուստ չէր, բայց գյուղում նրան բոլորը հարգում էին, որովհետև աշխատասեր երիտասարդ էր ու լավ դարբին: Աղջկա հայրը խռովում է փեսայից, Վարդիշաղից ու քույր Սոսեից: Տուն է կառուցում ձորում ու ապրում այնտեղ: Բայց ասում են՝ որոշ ժամանակ հետո զայրույթը անցնում է, բոլորի հետ հաշտվում է: Ձորի անունն էլ այդ օրվանից կոչվում է Խռովկանի ձոր կամ Խռովկան:
Կիմ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՍԱՐՈՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Սարոն եղավ
Մեր Արցախում,
Բարձր լեռներ
Տեսավ բազում՝
Վստահ հենված
Իրար ուսի,
Նեցուկ կանգնած
Մեկ մյուսին:
Թվաց՝ լեռներն
Ճամփա ելել
Ու քայլում են
Դեպ հեռուներ:
Եվ նայելով
Լեռնաերթին`
Սարոն խորհեց
Մտքում լռին:
– Եթե նստեմ
Ուսին լեռան,
Չի՞ տանի ինձ
Մինչ Երևան:
Բագրատ ԱԼԵՔՅԱՆ
Շնիկով երազ
Նոր դիմագիրք նա չի ուզում,
Ոչ էլ փղիկ՝ ծանրաքայլ,
Նա մի շնիկ է երազում՝
Շնավարի նվիրյալ:
Որ միշտ քամուց արագ վազի,
Գորտերի հետ չվիճի,
Որ տիրոջը հասնի՝ փրկի,
Թե գետն ընկնի երազի:
Զարմանալի զարմանքը
Այն ո՞վ, ո՞վ է թաքնվում
Հայելու ներս ու դրսում,
Շողն հայելու մեջ ժպտաց,
Քամին բարձր փռշտաց:
– Տատիկս ինձ նախատում,
Պապիկս չի համբուրում.
Ինձ հետ խաղացող չկա,
Ինձնից տխուր մարդ չկա:
– Քեզ հետ անտես մեծանում,
Զարմանքն է այդ կատակում,
Որ միշտ և՛ կա, և՛ չկա՝
Հրաշքներին վերջ չկա:
Արվեստանոցում
Նկարիչը ուր նայեց՝
Լեռն այն կողմից երևաց,
Գագաթի աստղը փայլեց,
Լիճն աննկատ երերաց:
Աչքը՝ գունագեղ ամպին,
Անձրևի տակ ո՞վ մնաց.
Կայծակը բեկվեց քարին
Ու նկարից դուրս մնաց:
Գետի շունչը կտրվեց,
Բերքը աճեց, ծովացավ,
Ազնիվ գորտը ցնորվեց…
Ու ճահճից մառան թռավ:
Լյուդմիլա ՇԵԼԼՈՒՆՑ
ՍԱԹԻԿՆ ՈՒ ԻՐ ՏԻԿՆԻԿԸ
Քնից նոր զարթնած փոքրիկ Սաթիկը
Տխրել էր մի քիչ, կախել քիթիկը,
Եվ չէր հասկանում նրա մայրիկը՝
Ինչու է այդպես տխրել փոքրիկը,
Գուցե երա՞զ է տեսել աղջիկը:
«Հանկարծ չլացի իմ լավ թոռնիկը,
Հաստատ ցավում է նրա փորիկը»,-
Իսկույն մտածեց Սաթիկ տատիկը՝
Ձեռքից գցելով թելի կծիկը:
Բայց ո՛չ երազ էր տեսել Սաթիկը,
Ո՛չ էլ ցավում էր նրա փորիկը,
Կորել էր սիրած իր խաղալիքը՝
Մայրիկի գնած սիրուն տիկնիկը:
Փնտրում էր նրանց ողջ ընտանիքը,
Նրանց օգնում էր փոքրիկ շնիկը,
Հայրիկը նույնիսկ ելավ տանիքը,
Սակայն չգտան կորած տիկնիկը՝
Փոքրիկ Սաթիկի ոսկեծամիկը:
Բայց ո՞ւր է կորել այդ անուշիկը,
Միայն մայրիկը պարզեց գաղտնիքը,
Երբ նորից քնել ուզեց Սաթիկը,
Վերմակի տակից քնած տիկնիկը
Անմեղ ժպտում էր փոքրիկ մայրիկին՝
Փակվող աչքերով քնքուշ Սաթիկին,
Սաթիկն էլ ժպտաց, գրկեց տիկնիկին,
Մայրիկը զգույշ ծածկեց մանկիկին։
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
ԵՐԵՔ ԼԵԶՈՒ ԲԵՐԱՆՈՒՄ
Իմ մեծ քույրիկը
լավ է սովորում,
Ասում են՝
երեք լեզվով է խոսում.
Զարմանում եմ՝ ո՞նց,
աճե՞լ են դրանք.
– Լեզուներդ բա՛ց,
խնդրում եմ նրան։
Մոտենում եմ ու
փեշերից քաշում,
Բայց չեմ հասցնում
տեսնել իր լեզուն…
Ինձ գիրկն է առնում,
ծիծաղում քա՛հ-քա՛հ,
Խառնում մազերս,
պաչպչում հապա –
Ու հարց է տալիս՝
ինքն իրեն արդեն.
– Բայց երեքն էս ո՞նց
նորից դարձավ մեկ…
Օլգա ԴԱՐՅԱՆ
ՏԽՈՒՐ ԾԱՌԸ
Էս ի՛նչ ծառ է, տխուր ծառ,
Հեկեկում է բարձրաձայն.
– Պրծում չկա էս աղբից,
Որ գցում են վերևից,
Ինձ աղտոտում,
հարվածում,
Էլ ինչ ասես՝ չեն լցնում
Իմ ճյուղերին, սաղարթին,
Բողբոջած տերևներին,
Ծաղկած, սիրուն թևերին,
Հյութալի պտուղներին…
Ասե՛ք, ինչպես դիմանամ,
Առողջ ու սիրուն մնամ,
Վախենում եմ՝ վնասվեմ
Կամ ծանր հիվանդանամ։
Նայեք` ինչ կա ճյուղերիս.
Սեղանի լաթ,
մրգով տոպրակ,
Տուփեր, շշեր՝
կիսադատարկ,
Մի օր մուրճ էլ գցեցին,
Մատղաշ շիվս
կոտրեցին…
Ես երկար չեմ դիմանա,
Ինձնից ոչինչ չի մնա
Բարձրահարկի
էս բակում,
Իմ երբեմնի պուրակում։
Երազումս ոտք էի առել
Եվ այստեղից
հեռու փախել…
Հիմա գիտեք, թե ինչու
Կանգնել եմ
այսպես տխուր։
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՊԱՐԱՀԱՆԴԵՍ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՅԳՈՒՄ
Ամառային տոթ օր էր։ Այգեպանը միացրել էր բոլոր ցայտաղբյուրները։ Ջուրը ցայտում էր վեր ու վար, գալարաձև պտտվում մարգերի ու թփուտների վրա։ Շահպրակներն ու տերեփուկները քաղցր-մեղցր բույրով ողջունում էին առաջինը սպիտակ Հասմիկներին, որոնք այնքան նուրբ էին, ասես մոմից էին սարքած։ Թրաշուշանները մրցում էին իրենց բազմաթիվ գույներով. ահա վարդագույնի տարբեր երանգները, ահա մանուշակագույնի մուգ ու բաց թերթիկները։ Իսկ Վարդերն այնպես էին բացվել, որ զգացվում էր` մի ուժեղ քամուց այլևս ոչ մի թերթ չի մնա։
Մանվածապատ Երիցուկները և Մարգարտածաղիկները աճել էին մեծ փնջերի տեսքով։
Այդ ծաղկաբույլերի միջով հպարտ-հպարտ քայլում էին բազմագույն փասիանները, զմրուխտե պոչով սիրամարգը, իսկ վառվռուն թութակը նստած էր վարդածածկ ճաղաշարին։
Տոն էր նաև միջատների ու թիթեռների համար։ Ահա կանաչ մայիսյան բզեզը, սև պուտերով կարմիր զատիկը, իսկ բազմագույն թիթեռներն ընտրում էին իրենց գույներին համահունչ ծաղիկներ։
Շուտով այգին լցվեց ճեմող բազմությամբ:
Ահա Մոխրոտն ու Արքայազնը, սա Ալադինն է, մյուսը՝ Ալի Բաբան։ Թևանցուկ քայլում են Կարաբաս-Բարաբասն ու Բուրատինոն։ Գեղեցկուհի Ալվինան փնտրում է Կոմս Մոնտե Քրիստոյին։
Այգում բացված սեղանները մրցում են ծաղիկների բազմության հետ, ելակն ու կեռասը, խնձորն ու բանանը ձևավորված են ծաղկազամբյուղների ոճով։ Իսկ թխվածքները զարդարված են շոկոլադե վարդերով և ճերմակ կարապիկներով։
Ահա այգում տիրող ժխորը հանդարտվեց։ Սև ֆրակով խմբավարը թափահարեց փայտիկը, և երաժշտախումբը կենդանացավ։ Ծիծեռնակը սկսեց թևածել խմբավարի շուրջը՝ ասես հուշելով մկրատաձև ֆրակի և իր պոչիկի նույնությունը։ Ջութակները մեղմաձայն սկսելով՝ այնպես արագացրին տեմպը, որ թիթեռնիկ փողկապները թև առած խառնվեցին մյուս թիթեռների թռիչքին։ Հնչում էր Մոցարտի Կախարդական սրինգը… երաժշտափողերին ձայնակցում էր թռչունների կռկռոցը, իսկ հասարակությունը պտտվում էր խելահեղ պարով։ Այգու վրա հավաքվեցին հետաքրքրասեր ամպերը, երկինքն էլ ուզեց խառնվել այդ տոնախմբությանը։ Երկնքում պարեցին կայծակները, որոտացին ամպերի թմբուկները և…
Սկսվեց տեղատարափ անձրև։ Մի քանի ակնթարթում Այգին ամայացավ։ Բոլորը փախան թաքստոցները, անգամ դաշտամկները մտան խորը հորանցքերը։ Սեղանները թրջվեցին, փչացան տորթերը, մրգերը դարձան ոտնակոխ։
Ահա թե ինչպես ավարտվեց Ամառային գիշերվա հեքիաթը։
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ԽԻԶԱԽ ՆԱՊԱՍՏԱԿԸ
Թեղենիսի ցուրտ լանջերից,
Մուշտակի մեջ փաթաթված՝
Ճոպանուղով ցած է իջնում
Մի զարմացած Ձմեռ պապ:
Պիտի անցնի գյուղ ու քաղաք,
Հանդիպումներ ունենա,
Թե ուշանա, գիտես արդեն,
Քանի մարդ կնեղանա:
Բայց այս ի՞նչ է, կառքը չկա,
Չկա ոչ մի օգնական,
Նապաստակն է կանգնած միայն՝
Որպես պարկի պահապան:
Ժաննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԲԿԼԻԿԸ
Արջի քոթոթը անուս,
Դունչը մի քիչ երկարեց,
Գաղտագողի, սուս ու փուս
Մեղվաբույնը հոտոտեց։
Մեղուները մեծ պարսով,
Լավ զարկ տվին բկլիկին,
Ամբողջ ազգով ու տակով
Բնից հեռու քշեցին։
Ուռել էր աչք ու մռութ,
Խոսել անգամ չէր կարող,
Խայթել էին շատ անգութ,
Հազիվ փախավ սողեսող։
– Վե՜րջ,- բարկացավ արջ մայրը,-
Ես քեզ դպրոց կտանեմ,
Կսովորես, որ վաղը
Քո փոխարեն չամաչեմ։
Ալվարդ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԱԶԱՐ ԱՄՈԹ
Նեղացա ես իմ պապիկից,
Որ չտարավ ինձ զբոսանքի,
Փոխարենը առաջարկեց
Գնալ իր հետ գյուղի այգին:
– Ձա՜գս, ես միրգ կհավաքեմ,
Դու զամբյուղի մեջ կդարսես,
Կողքիս եղիր, քիչ տկար եմ,
Քեզ հետ հանգիստ կլինեմ ես:
Չցանկացա ես գնալ գյուղ,
Գնդակն առա ու իջա բակ,
Պապս՝ ձեռքին երկու զամբյուղ,
Ելավ, այգի գնաց մենակ։
Այնտեղ հանգիստ նա չի մնում,
Բահը ձեռքից չի գցում ցած,
Հողն է փորում, ծառը`ջրում,
Քաղում միրգը հասունացած։
Խաղից հետո, երբ տուն եկա,
Քար կտրեցի տեղում կանգնած.
Տեսա երկու զամբյուղ հսկա`
Բերնեբերան մրգով լցված։
Իսկ քիչ այն կողմ հոգնած պապս
Քնել էր հենց բազկաթոռին՝
Ձեռքը ցավող մեջքին դրած.
Հազա՜ր ամոթ ինձ պես թոռին…
Ստեփան ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԵՃ
Պապն ու տատը վիճեցին,
Հետո իրար զիջեցին,
Պապը թեման շուտ փոխեց,
Խոսքը կտուրը գցեց:
Փոքրիկ Հայկը վազեց դուրս,
Կտուրն ելավ սուս ու փուս,
Ուզեց գտնի, ետ բերի
Պապի խոսքերը թերի:
Պապը տեսավ, հասկացավ
Ու խրատով նա դարձավ.
– Եթե գտնես, ետ բերես,
Վեճը նորից կբացես,
Լավ է՝ իջնես ու գաս տուն,
Հանգիստ խղճով մտնես քուն:
ՍուսաննաՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԼԱՊՏԵՐԻԿ ԲԶԵԶՆԵՐԸ
Ամռան շոգ ու մութ գիշերներին խոտերի, թփերի մեջ հաճախ տեսնում եմ մի բզեզ: Այ, հենց այդ բզեզի մասին էլ ուզում եմ պատմել:
Նա հասարակ բզեզ չէ, տարբերվում է իր ցեղակիցներից: Այդ բզեզը երազկոտ է:
Ճիշտ է, ապրում է խոտերի ու թփերի մեջ, երբեմն էլ մտնում է խեցիների մեջ, ոչնչացնում վնասատու միջատներին, բայց ամենից շատ սիրում է ժամերով ու անթարթ նայել լուսնին:
Հիանում է լուսնի արձակած վառ լույսով: Այնքան է նայում լուսնին, որ չի նկատում, թե ինչպես է լույսը բացվում: Այդ ժամանակ նա գնում է իր թուփ-տնակում քնելու:
Գիշերը, հերթական անգամ, անթարթ նայում է լուսնին, մեկ էլ տեսնում է՝ լուսնից մի մասնիկ պոկվում և գալիս է դեպի երկիր, դեպի այն թուփը, որի վրա նստած է ինքը: Գալիս է, զգուշորեն հպվում բզեզի տոտիկներին և պոչիկին:
Այդ պահին հրաշք է տեղի ունենում. բզեզի տոտիկներն ու պոչը սկսում են լապտերիկի նման լույս արձակել:
Բզեզը, հիացած իր լույսով, ուրախ-ուրախ սկսում է թռչկոտել թփից թուփ, խոտերի մեջ՝ լուսավորելով շուրջբոլորը: Գիշերային մթության մեջ մյուս բզեզները տեսնում են, թե ինչպես է մի փոքրիկ լուսավոր լապտերիկ թռչկոտում այս ու այն կողմ: Նրանք, հետաքրքրությունից դրդված, հավաքվում են նրա շուրջը, բզզում են ու զարմանում, բզզում են ու պտտվում՝ չհասկանալով, թե ինչ է տեղի ունեցել իրենց ընկեր բզեզի հետ:
Մեկ էլ լուսնից պոկված մասնիկը մրրիկի նման պտտվում է բզեզների գլխավերևում և լուսնի մանրահատիկներ շաղ տալիս նրանց վրա: Մի ակնթարթում բզեզներից ասես կախվում են հարյուրավոր լապտերիկներ:
Նրանք հրճվանքից բզզում են ու անկախ իրենցից՝ լուսավորում գիշերային մթությունը:
Այդ օրվանից լուսնի լույսով վառվող փոքրիկ լապտերիկներին մարդիկ անվանեցին լուսատտիկներ:
Պատկերացրեք լուսատտիկների խումբը՝ խոտերի վրա, ասես բոցկլտացող խարույկ լինի, կամ էլ երբ միասին թռչում են գետակի վրայով, նրանց արձակած լույսն արտացոլվում է ջրի վրա՝ կրկնապատկելով հեքիաթ պատկերը: Նրանց նաև անվանում են գիշերային լապտերներ:
Ահա այսպիսի պատմություն: Այնպես որ, հրաշքներ միշտ էլ լինում են, պարզապես պետք է հրաշքին հավատալ:
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
ՏԱՏԻԿՆ ՈՒ ՃՆՃՂՈՒԿԸ
Կար չկար մի ճնճղուկ կար: Եվ նաև կար-չկար մի տատիկ կար: Ճնճղուկն ամեն օր հացի փշուրներ էր փնտրում իր ձագերի համար: Տատիկն էլ ամեն օր ճաշ էր եփում իր թոռնիկների համար: Ճնճղուկն իր բույնը պատրաստել էր… ասեմ՝ կզարմանաք, անմիջապես գազօջախի վերևում: Եվ նույնիսկ չէր վախենում: Կանգնում էր փոքրիկ օդանցքի եզրին ու նայում, թե ինչպես է տատիկը ճաշ եփում: Իսկ տատիկն ամեն օր ասում էր.
– Այս ճնճղուկը մի օր ընկնելու է կաթսայի մեջ:
Տատիկը հացի փշուր էր տալիս: Ճնճղուկը կտցում էր, տանում ու ետ գալիս ու կրկին պահանջում: Չէր վախենում, սպասում էր այնքան, մինչև տատիկն ավարտում էր գործն ու կրկին հացի փշուր տալիս:
Մի անգամ, երբ տատիկը քնած էր, ճնճղուկն օդանցքի եզրին նստած՝ սպասեց, սպասեց, իսկ տատիկը չէր երևում, որ խոսեր իր հետ ու փշուր տար:
Բակում, ցայտաղբյուրի վրա, նստել էր ագռավն ու չոր հաց էր թրջում: Նա այդ չոր հացի կտորը գտել էր աղբարկղից: Հանել էր, որ ուտի, բայց որովհետև շատ խելացի էր, որոշել էր այն փափկեցնել ու հետո ուտել: Ճնճղուկն այդ տեսնելով՝ թռավ ու նստեց ցայտաղբյուրի եզրին՝ մտածելով, որ կարող է կողքից օգտվել:
– Մի փոքրիկ փշուր ինձ թող,- ասաց ճնճղուկն ագռավին:
Ագռավը, որը չէր սիրում, երբ իրեն խանգարում էին, բղավեց.
– Կըռ, կըռ… մի սրան տես, քեզ համա՞ր եմ տանջվել, գնա ինքդ գտիր:
Եվ այնպես թափահարեց թևերը, որ փոքրիկ ճնճղուկը պոկվեց ցայտաղբյուրի եզրից և նստեց հողին: Նա մի քանի պտույտ արեց բակում, ապա կրկին գնաց և նստեց օդանցքին:
Տեսնելով, որ դեռ տատիկը չկա, ներս մտավ, պտտվեց տան մեջ, գտավ տատիկին, որը քնած էր ննջասենյակում, և բողոքելով ծվծվաց, պտտվեց նրա գլխավերևում, մինչև արթնացրեց:
Իսկ տատիկը գիտեր, թե ինչո՛ւ է իրեն արթնացնում ճնճղուկը։ Նա վեր կացավ, քստքստացնելով հասավ խոհանոց և հացի փշուր տվեց ճնճղուկին։
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ
ՎԱԽԿՈՏՆԵՐԻ ԳՅՈՒՂԸ
Եղել է, չի եղել, այդպես է եղել։ Արջը երկար ժամանակ մեղր է փնտրել ու չի գտել։ Ջղայնացել է, թոնթորացել, մռթմռթոցը գցել և վազել, մտել մի գյուղ։
– Հե՜յ, գյուղացիներ,- գոռգոռացել է արջը, ձենը գլուխը գցել,- շո՛ւտ արեք, շուտ, ով ինչքան մեղր ունի, բերե՛ք, թե չէ, այ, հորս պես կանեմ։
– Վա՜յ, վա՜յ, արջ եղբայր, մի՛ արա, խնդրում ենք, մի՛ արա, հիմա կբերենք, միայն խնդրում ենք հորդ պես չանես,- ասում են գյուղացիները և բերում՝ ով ինչքան մեղր ունի։
Բերում են, իսկ արջը ուտում է, ուրախությունից թռչկոտում, արջապար տալիս, էլի է ուտում, ուրախությունից գլուխը կորցնում է, ուտում է ու ուտում։ Իսկ երբ մի լավ կշտանում է և ուզում է ետ դառնալ անտառ, գյուղացիներից մեկը, որ այնքան էլ վախկոտ չէր, մոտենում է նրան և հարցնում.
– Արջ եղբայր, խնդրում եմ, մի ասա տեսնենք, հայրդ ի՞նչ է արել։
– Հե՛չ, եղբայր, հայրս մի օր մտել է գյուղ և մեղր է ուզել։ Շատ է ուզել, չեն տվել, լաց է եղել և թողել հեռացել է, հա՜, հա՜, հա՜,- ծիծաղում է արջը և ուրախ–զվարթ գնում անտառ։
Անահիտ ԱՐՓԵՆ
ԱՐՋՈՒԿԸ
Փոքրիկ գորշուկ արջուկն ուրախ
Նայեց պայծառ արևին,
Գլորվեց աջ, գլորվեց ձախ,
Հասավ սարի ստորոտին։
Այնտեղ մարդիկ խումբ-խումբ նստած`
Զվարճանում, զրուցում,
Պատմում էին, որ անտառում
Գորշ արջեր են հանդիպում։
Փախավ մոր մոտ քոթոթն արջի,
Որ որջն իրենց բարձրանան,
Երեխաները չտեսնեն,
Իրենից չվախենան:
Հելեն ԱՎԱԳՅԱՆ
ՁՈՒԿԸ
Ես ու հայրս մի կիրակի
Մոտիկ գետից ձուկ բռնեցինք,
Հետո նրան մեծ տարայով
Ուրախ-զվարթ տուն բերեցինք։
Բայց չէր լողում իմ ձկնիկը,
Ոչ էլ ուտում փշրանքն հացի,
Գուցե տեղը նե՞ղ էր թվում.
Իզո՜ւր նրան մենք որսացինք։
Գիտեմ, արդեն կարոտում է
Ընկերներին՝ փոքր ու մեծ.
Լողում էին ազատ, անհոգ.
Գետի հունը ո՞վ փոխեց։
Մենք ետ տարանք խեղճ ձկնիկին,
Ու նա սուզվեց վճիտ գետում.
Տեսնեիք՝ ո՜ նց էր շարժում պոչը,
Ջուրն էլ այնպե՜ս էր վետվետում։
Սերյոժա ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՈՒԺԵՂԻՆ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ
Հայկը ծնողների հետ ապրում է մայրաքաղաքում: Սովորում է դպրոցներից մեկի հինգերորդ դասարանում, եթե մի քիչ շատ աշխատի, գերազանցիկ կդառնա, սակայն ծուլությունն ու համակարգչային խաղերով տարվածությունը թույլ չեն տալիս:
Աշնանային արձակուրդներին այցելում է պապիկին, որն ապրում է մարզկենտրոններից մեկում: Նա հաճախ է լինում պապի ծննդավայր գյուղում, որտեղ կան բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ: Մի օր էլ, Հայկի երկար թախանձալից խնդրանքից հետո, պապը համաձայնեց նրան տանել այդ հուշարձաններից մեկը տեսնելու: Հետները վերցրել էին պապի երկփողանի որսորդական հրացանը: Հուշարձանը և նրա տարածքը դիտելուց հետո նրանք հանգստացան, հաց կերան ու փորձեցին զբաղվել որսորդությամբ: Տարածքում կաքավների խմբերը աշնանային նորածիլ խոտերի մեջ քջուջ էին անում: Նրանց հանդիպեց այդպիսի մի խումբ՝ աշնանային տերևների մեջ կեր փնտրելիս: Ամպերի մեջ տիրաբար սավառնում էր թռչունների արքա արծիվը: Պապն ու թոռը հետևում էին թռչուններին: Հայկը անհամբերությունից այրվում էր ու անընդհատ պապին զգուշացնում, որ կրակի, սակայն պապը, տարված կաքավների գեղեցկությամբ, չէր ուզում խանգարել նրանց արոտը: Դիրքն այպիսին էր, որ կաքավները չէին նկատում որսորդին ու նրա հրացանը: Հայկը անհամբերությունից տեղում եռում էր… Պապը տեսնելով, որ թոռնիկը շատ է ոգևորվել, հրացանն ուղղեց դեպի կաքավները, սակայն այդ պահին արծիվը մխրճվեց կաքավների խմբի մեջ, ճանկելով մեկին՝ բարձրացավ երկինք: Պապը Հայկի զգուշացումներին հակառակ չկրակեց, որից հետո նա անընդհատ կրկնում էր. «Պապ, եթե կրակեիր կաքավին, արծիվին էլ կխփեիր»:
Պապը, մեղմ ժպտալով, պատասխանեց.
– Սիրելիս, արքաները ուժեղ են և հզոր, նրանց չեն սպանում:
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
ԻՄ ՋԵՐՄՈՒԿ
Քո լեռները ժպտադեմ
Արևին գիրկն են առել,
Աղբյուրներդ արծաթե
Զնգուն լարեր են դառել։
Ծաղիկներդ ցողաթաց
Բուրում են ջերմ, սրտագին
Եվ նոր գույներ են խառնում
Իմ հույզերի ծփանքին։
Արտերդ ծո՜վ, ոսկեբե՜րք
Մեղմ օրորվում են անծայր,
Իմ հայրենի լո՛ւյս եզերք,
Կա՞ քեզ նման անուշ վայր։
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԾԻԱԾԱՆԻ ԿԱՄԱՐՆ ՈՒ ԹԱՄԱՐԸ
Ծիածանի կամարը
Տուն էր ուզում բերել փոքրիկ Թամարը:
Ոտնաթաթին բարձրանում,
Թաթիկը վեր է հանում,
Որ խուտուտ տա թևերի տակ
Վեր պարզած,
Ծիածանն էլ ուշաթափվի,
Ընկնի ցած:
Բայց արևն էլ
Սիրում է խաղ ու կատակ.
Հանկարծ վազեց ու պահ մտավ
Ամպի տակ:
– Վա՜յ, ի՞նչ եղավ ծիածանի կամարը,-
Չհասկացավ Թամարը:
Անահիտ ԹԱՐՅԱՆ
ՓՂՈՒՀԻՆ
Փիղը հանդիպեց
Փղուհուն ջահել.
– Իմ զարմանքն է մեծ.
Այդ ի՞նչ ես արել…
Ելել ես քնից
Այս արև օրով,
Դուրս եկել տնից
Ճմռթված շորով…
Փղուհին նեղվեց.
– Լսի՛ր, ա՛յ հսկա,
Քո մեծ գլխի մեջ
Մի պուտ խելք չկա՞…
Քո հնամենի
Ցեղում կա՞ մի փիղ,
Ում մաշկը լինի
Անկնճիռ, ուղիղ…
Կամ գուցե ունե՞ք
Տանը մեծ արդուկ
Եվ արդուկո՞ւմ եք
Ձեր շորերը դուք…
Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄԱՏԻՏՆԵՐԸ
Անուշիկի համար սեպտեմբերին գնեցին նոր պայուսակ և մեջը դրեցին նոր դասագրքեր, տետր ու գրիչներ, ինչպես նաև նկարչական մեծ ալբոմ և գույնզգույն երկար մատիտներ։
Անուշիկը երեկոյան որոշեց իր եղբոր համար սիրուն մի բան նկարել։ Բացեց նկարչական ալբոմը, կողքը շարեց գույնզգույն մատիտները և դեռ չէր հասցրել ձեռքն առնել մատիտը, երբ դրանք շարվեշարան, իրար հերթ չտալով՝ մեկը մյուսի ետևից սկսեցին իրենք իրենց նկարել. մեկը՝ շնիկ, պոչիկը՝ փամփլիկ, մյուսը՝ անտառ խիտ ու կանաչ, իսկ կարմիրը՝ բացված մի վարդ ծաղկած այգում՝ թագուհու պես, գլուխը վեհ պարզած, և տուն, դռան կողքին կանգնած հավատարիմ մի մեծ շուն։ Անուշիկը զարմանքից քարացավ և իսկույն Ավուլիկին կանչեց իր մոտ այդ հրաշքը ցույց տալու համար։ Ավուլիկը հասկացավ, որ կախարդական մատիտներն իրենք էլ կարող են նկարել այն ամենը, ինչ որ դու մտքում կմտածես կամ կհրամայես նրանց նկարել: Երկար-բարակ մտածելով՝ հրամայեց մատիտներին նկարել մի մեծ դղյակ, որտեղ կապրեն Թագավորն ու Թագուհին և կունենան չքնաղ արքայադուստր՝ Անուշիկ անունով, որ կհիացնի իր գեղեցկությամբ, նրան կնվիրեն աշխարհի ամենագեղեցիկ զգեստներն ու զարդերը, մինչ նա կհանդիպի իր արքայազնին, և նրանք կապրեն խաղաղ ու երջանիկ իրենց թագավորությունում։
Իսկ Անուշիկի փոքրիկ եղբայրը, մտքում երազելով, մտածում էր, թե ինչպիսին է լինելու իր նոր նկարը, որը նվիրելու է Անուշիկին՝ սեպտեմբերի մեկի առթիվ, և չնկատեց, թե ինչպես հոգնությունից աչուկները փակվեցին. ինքն ու քույրը խոր քուն մտան։
Առավոտյան երկուսն էլ պիտի գնային դպրոց։ Նրանց արթնացրեց մայրիկի քնքուշ ձայնը և տատիկի թխած ախորժալի բլիթների անուշ բույրը։ Վազեցին խոհանոց և ի՞նչ տեսան. սեղանին, բացի համեղ նախաճաշից, պատկերազարդ մի մեծ նկարչական ալբոմ էր դրված՝ գունազարդ նկարներով։ Առաջին էջում՝ հսկա դղյակ, շուրջբոլորը ծաղկած այգով և պտղատու ծառերով, որոնց ճյուղերը հասած պտուղների ծանրությունից քիչ էր մնում կոտրվեին, եթե ժամանակին նրանց չհավաքեն, մյուս էջում գահին նստած՝ Թագավորն ու Թագուհին հետևում էին արքունիքի անցուդարձին. նրանք շուտով պետք է տոնեին արքայադստեր ծննդյան տարեդարձը, և բոլորը զբաղված էին համեղ ուտեստներ պատրաստելով (ինչպես իրենց տատիկն էր պատրաստում) և նվերներ ընտրելով, որոնք փաթեթավորված էին գույնզգույն վառ ժապավեններով։ Հաջորդ նկարում գեղեցկուհի արքայադուստրը շրջում էր ծաղկած այգում՝ հիանալով բացված ալ վարդերի բույրով ու գեղեցկությամբ։ Նա այնքան նման էր Անուշիկին, որ փոքր եղբայրը մտածեց՝ Անուշիկն այնքան է երազել արքայադուստր լինելու մասին, որ հայտնվել է այդ հեքիաթում, բայց լավ է, որ քույրը կողքին էր, այլապես նրան շատ կկարոտեր, և, ի վերջո, ո՞վ էր օգնելու իրեն կատարել տնային աշխատանքները։
Մյուս էջերում պատկերված էին արքունիքում տեղի ունեցող իրադարձությունները։ Մեկում՝ ինչպես պարահանդեսին, շքեղ, թանկարժեք քարերով զարդարված զգեստով, արքայադուստրը պարում էր արքայազնի հետ, որը ժամանել էր հարևան թագավորությունից։ Նրանց պարը բոլորին էր հիացրել, պարահրապարակը նրանց էր պատկանում, հյուրերը, մեծ շրջան կազմած, հետևում էին նրանց պարին։
Ավուլիկը շատ էր ուզում նկարել նաև հայրիկին ու մայրիկին, ու երբ շրջեց ալբոմի վերջին էջը, այնտեղ տեսավ, թե ինչպես քույրիկի հետ ձեռք ձեռքի բռնած՝ զբոսնում են իրենց այգում, մայրիկի և հայրիկի հետ միասին, իսկ երկնքում պայծառ արևն է շողում, և մի ծիծեռնակ սավառնում է գարնան խաղաղ երկնքի տակ։