ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանին ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Հիսունից հետո ո՛վ է խենթանում,
Այս տարիքում են մարդիկ մենանում,
Դառնում ավելի խոհեմ ու հասուն,
Ինչպես ալիքվող ծովը իմաստուն:
Հիսունից հետո ո՛վ չի խենթանում,
Սիրո գարունքը իր գիրկն է բացել,
Կես դար է անցել, սակայն արթնանում,
Սիրտ է որոնում կարոտս անտուն:
Հիսունից հետո ինչո՞ւ չսիրել,
Չապրե՜լ գինովցած, չլինել ջահել,
Գիշերվա հևքը թողած աստղերին՝
Ինչո՞ւ նոր սիրով չօծել հին գինին:
Հիսունից հետո նա է խենթանում,
Ում սրտում անվերջ սերն է հորդանում,
Թե խենթություն է սերն այս տարիքում,
Ողջ տիեզերքը խենթ է, իմաստուն:
ՈՐԴԻՆ ԿՈՐՑՐԵԼ Է ՄՈՐԸ
Հողի հետ կռիվ եմ տալիս,
Արյունոտ քարերը աղում,
Սարերում սրինգն է լալիս,
Աշխարհը նոր ցեխ է շաղում։
Հողմերը ցրիվ են գալիս,
Աղաչում հի՜ն Աստվածներին,
Արցունքով փնտրում եմ բալիս,
Օգնում ցավից ծնկածներին։
Արցախցին լքեց շեն տունը՝
Հողի հետ արյուն խառնելով,
Ջնջում են հայի անունը՝
Հայոց վանքերը պղծելով:
Մեր ցավը մի՞թե չի հուզում,
Տե՜ր իմ, ինչո՞ւ ես անտարբեր,
Մենացել երկնի լազուրում,
Չես տեսնում ավեր ու դավեր։
Աշո՛ւն, արյուն ես տնավեր,
Հարցերս թողիր անթարգման,
Լեռներից ճախրեք արծիվներ,
Արցախն է լքված, անդարման:
Անտառի երգերն եմ լսում,
Հոգնել եմ օտար խաղերից,
Դառնության գինին է հոսում
Թոշնած արևի շաղերից։
ժայռերին հարցեր եմ տալիս,
Փշրվում, թափվում են ձորը,
Տե՜ր Աստված, ինչո՞ւ ես լալիս,
– Ա՜խ, որդին կորցրել է մորը։