Մտավորականը, քաղաքացին, գրողը ճանաչվում է իր գործերով, հատկապես այնպիսիներով, որոնք ունեն և՛ ազգային, և՛ համամարդկային արժեք:
Ահա այդպիսի գործունեության մասին մեծարժեք փաստավավերագրական՝ «Հյուպատոսական գրառումներ» գիրք է գրել Բաբկեն Սիմոնյանը՝ նվիրված հայ և սերբ ժողովուրդների ժամանակակից սերտ կապերին: Գրքում ներկայացված է 2007-ից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածը, որում հրաշալի հայելու մեջ արտացոլված է Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի՝ նվիրյալ դիվանագետի ողջ գործունեությունը:
Գիրքը, ինչպես բազմիցս նշել են Սերբիայի պաշտոնական բարձրաստիճան դեմքերը և նշանավոր գրողներն ու մտավորականները, մի ամբողջ ակադեմիական հաստատության ջանքեր ու արդյունքներ ունի իր մեջ: Գրքում Սերբիան ու Հայաստանն են՝ իրենց դիվանագիտական, մշակութային, քաղաքական ու գրական՝ ոչ միայն վերջին 15 տարիների պատմությամբ, այլև հին ու պատմական կապերով, փոխհարաբերություններով: Իսկ հեղինակը հայ-սերբական կապերի 40 տարուց ավելի ծավալած գործունեությունը իրականացրել է անշահախնդիր, առանց որևէ նյութական ակնկալությունների: Արդյունքն այնքան վիթխարի է, որ հիացմունքի ու երախտագիտության խոսքերն ասվում են շռայլորեն:
Բաբկեն Սիմոնյանի արմատները կապվում են ամեն հայի համար այնքան թանկ Վան քաղաքի՝ հոր կողմից և նույնքան նշանավոր Բայազետի հետ՝ մոր կողմից: Հավանաբար որոշ մարդկանց մոտ կա պատմական հիշողության հրամայականը, որը նրան ուղեկցում է ողջ կյանքում՝ նախանշելով նրա գործունեությունը:
Սիրելով իր հայրենիքը՝ Հայաստանը, Սիմոնյանը նույնչափ նվիրված է Սերբիային, որի պատմությունը, լեզուն, ներկա քաղաքական իրավիճակը նրա համար նույնպես առաջնային են:
«Հյուպատոսական գրառումները» մեզ ծանոթացնում է Սերբիայի ու Հայաստանի պետական գործիչներին, հոգևոր առաջնորդներին, գրողներին ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց: 2009-ին Բելգրադում սերբ արևելագետ, դիվանագետ, բանասիրության դոկտոր, Բելգրադի համալսարանի պրոֆեսոր Դարկո Տանասկովիչի հետ Սիմոնյանի հանդիպումն ու զրույցը պարզում է, թե որքան ծանոթ է նա Հայաստանի պատմությանը. «Հայկական հարցն այնքան տարողունակ է, որ հազիվ թե սպառվի ասելիքը: Անշուշտ, բոլորին է հայտնի, որ Թուրքիայի արևելյան շրջանները հազարամյակներով պատմական Հայաստանի անբաժանելի մասն են եղել»: Եվ Դ. Տանասկովիչը, երկար ժամանակ հետևելով Բաբկեն Սիմոնյանի գործունեությանը, բարձրաձայնել է նրան Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս նշանակելու պահանջը: Ուշագրավ է Տանասկովիչի հետ զրույցի հետևյալ հատվածը, որում սերբ դիվանագետը հայկական հարցի վերաբերյալ ասում է. «Դրա ամենավառ վկայությունը 1878 թվականի Բեռլինի վեհաժողովն է, որին սերբերն ու չեռնոգորցիները ներկայացել էին արյունոտ սրերով, իսկ հայերը՝ «թղթե շերեփով»:
Սիմոնյանի գիրքը տեղեկացնում է, թե դարերի ընթացքում ինչ նշանավոր հայեր են ապրել Սերբիայում՝ մեծահարուստ ընտանիքներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ. Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության խորհրդարանի նախագահ Սլոբոդան Գլիգորևիչը ծագումով հայ է եղել:
Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովում գործում է հայ-սերբական պատգամավորական խումբ, որի հետ Սիմոնյանը սերտ կապեր ունի: Նա այդ խմբի անդամներին տեղեկացրել է Սուրբ Սավայի կենսագրության մի կարևոր դրվագին: «Սերբ առաջին արքեպիսկոպոս Սուրբ Սավան վախճանումից ամիսներ առաջ այցելել է Կիլիկյան Հայաստան և հիանալով հայկական ճարտարապետությամբ ու մշակույթով, որոշել է հայ շինարար վարպետներ հրավիրել Սերբիա, որպեսզի նրանք մասնակցեն սերբական հուշարձանների կառուցմանը: Այս փաստը հավանորեն հայտնի է նաև ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ, ճարտարապետական արվեստի տեսաբան Շառլ Դիլին, որն ասում է, թե հայ ճարտարապետների ազդեցությունը կա Բալկանների եկեղեցաշինության վրա»:
Շփվելով սերբ, նաև այլազգի դիվանագետների հետ՝ Սիմոնյանը պատմական հարուստ փաստերով ընդդիմախոսում է Ադրբեջանի պատմության կեղծարարներին. «Մեր թվարկությունից առաջ ապրած հին հույն պատմիչ և աշխարհագրագետ Ստրաբոնի ստեղծած քարտեզում, օրինակ, հստակ նշված է Հայաստանը, որպես աշխարհակենտրոն երկիր, իսկ Ադրբեջան պետություն պարզապես չկա այդ քարտեզի վրա: Ստրաբոնն էլ հո հա՞յ չէր, որ մեզ մեղադրեն ազգայնամոլության մեջ»:
Սիմոնյանը Սերբիայում գնահատված է նաև Սերբիայի մեծ գրողներից կատարած թարգմանությունների համար: Դրանք են՝ Եֆիմիան, Ստեֆան Լազարևիչը, Նեգոշը, Անդրիչը, Նուշիչը, Չոպիչը, Ցրնյանսկին, Ռաիչկովիչը և ուրիշներ: Գրական այդ թարգմանությունների և իր դիվանագիտական անթերի գործունեության համար Սիմոնյանն արժանացել է Սերբիայի կառավարության բարձր պարգևին՝ Ոսկե մեդալին, որը նրան հանձնել է Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը՝ 2015-ի փետրվարի 15-ին, պետականության օրվա առթիվ: Ի դեպ, Սիմոնյանը պատրաստել է հայ-սերբական համառոտ հանրագիտարան:
Գրքում կան բազմաթիվ հետաքրքիր մերօրյա պատմական փաստեր, որոնք ունեն ճանաչողական արժեք, դիցուք՝ ադրբեջանցիներն արգելել են Բելգրադում ցուցադրել Յանա Ռիխտերի ու Դավիթ Սաֆարյանի՝ Արցախին նվիրված «Պատերազմի հետքերը» ֆիլմը: Սերբիայի ազգագրական թանգարանը ստիպված է եղել չեղարկել ֆիլմի ցուցադրումը, որին ի պատասխան «ցուցասրահը մեկեն դատարկվել է», իսկ հանդիսատեսները տեղափոխվել են Բելգրադի կենտրոնական հրապարակում գտնվող Marriot Courtyard հյուրանոց, որտեղ և ցուցադրվել է արգելված ֆիլմը:
«Հյուպատոսական գրառումներում» ծանոթանում ենք նաև մի շարք արտառոց քաղաքական փաստերի հետ: Ադրբեջանցիները, դրամական նվերներով, աշխարհի տարբեր երկրներում տեղադրում են մարդկության համար որևէ նշանակալի գործ չկատարած մարդկանց արձաններ: Սերբերի մեծ մասն այսօր էլ չի հասկանում, թե ինչ գործ ունի Հեյդար Ալիևի արձանը Բելգրադի զբոսայգում, կամ ինչու է Սերբիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նովի Սադում, կանգնեցված ադրբեջանցի ոմն կոմպոզիտորի արձան:
Հիշենք, որ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի զբոսայգում ևս, մեծ դրամական նվիրատվության շնորհիվ, տեղադրված էր Հեյդար Ալիևի արձանը, որը մեքսիկացիների արդար բողոքի հետևանքով հանվեց: Սերբերենով ադրբեջանցիները հրատարակում են հակահայկական գրքեր: Այդ ամենը Բելգրադում իրականացնում է Ադրբեջանի եռանդուն դեսպանատունը:
Սիմոնյանը ոչ միայն Սերբիայում, այլև բոլոր այն վայրերում, որտեղ ներկայացնում է Հայաստանը, հավատարիմ է մնում ազգային շահերին:
Գրքում բավականին էջեր նվիրված են Լիբանանին և դարձյալ մեզ բարեկամ երկրում ապրող հայ մեծաքանակ համայնքին:
Ջերմ էջեր կան Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտ տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ, որոնցում Բ. Սիմոնյանը Սերբիայի կառավարական շահերը ներկայացնող պատվիրակությունների թարգմանիչն էր: Նա Գարեգին Բ-ից ստացել է «Կանթեղ» գրական մրցանակը՝ իր թարգմանական ծանրակշիռ վաստակի համար:
Շատ մտերիմ են եղել Սիմոնյանի հանդիպումները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, որի ջերմ հյուրընկալությանը արժանացել է երկու անգամ: Այդ այցելությունների արդյունքում ծնվել է Սիմոնյանի «Պատկերներ Լիբանանից» գիրքը:
2021-ի հոկտեմբերին նա Բելգրադ էր մեկնել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» հանճարեղ մատյանի սերբերեն թարգմանության շնորհանդեսին: Եվ հայ պատվիրակությունը նրա նախաձեռնությամբ հանդիպեց Սերբիայի ներկայիս պատրիարք Ն. Ս. Պորֆիրի հետ, որին նվիրեց պատմության թարգմանությունը: Այդ հանդիպումը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, մանրամասն նկարագրված է գրքում:
Գիրքը նկարազարդված է գունավոր խոսուն նկարներով: Այս հրաշալի գրքի խմբագիրներն են Գևորգ Յազիչյանը և Վահագն Սարգսյանը:
Հուսանք, որ Բաբկեն Սիմոնյանը հայ գրականությանը, պատմությանն ու դիվանագիտությանը կնվիրի հետագա տարիների հյուպատոսական իր գործունեությունը լուսաբանող մի նոր գիրք: