(Ռուզան Ասատրեանի ծննդեան 75 ամեակի առթիւ)
Յայտնի է, որ իտալացի նշանաւոր վիպասան Ումբերտօ Էկոյի առաջին «Վարդի անունը» վէպի (1980) խորագրի կառոյցում 14-րդ դարի սկիզբն է՝ արկածախնդրական, գոթական, պատմափիլիսոփայական վէպի ենթաժանրերի մի զարմանալի խառնուրդ, որտեղ «վարդը» բացարձակ գեղեցիկի մնայուն խորհրդանիշ է։
Մի փոքր իմաստային այլ տարածութիւն է ստացել իր նշանառութեամբ «վարդի» խորհուրդը բանաստեղծուհի եւ հրապարախօս Ռուզան Ասատրեանի գեղագիտական համակարգում. այն նոյնպէս գեղեցիկի արժէքն է, բայց՝ հող ու ջրի, աշխարհագրական քարտէսի հետ շաղախ դարձած։ Քաղաքական ստուերուած երակ էլ կայ՝ «անապատի վարդ», այսինքն՝ թուրք-ադրբեջանական անբարեյոյս աքցան-անապատի մէջ բացուած, անջրդի մնացած «վարդ»։
Ռուզանի «վարդի» խորհուրդը մարմնաւոր է ու ընդհատ, մարտնչող, բայց՝ վիրաւոր, երկիցս խաբուած թշնամուց ու «մերոնցից». յիշենք Թումանեանին՝ «Ուր թալանում են մերոնք ու այլերը…»։ Ռ. Ասատրեանի երէկուայ ու էսօրուայ տառապանքի երգում արիւն է ծորում։ Այն այսօրուայ հոգեւոր Հայաստանն է, բայց՝ «անապատի մէջ» բացուած։ Հայաստանը «վա՞րդ». գեղարուեստական անակնկալ գիւտ չէ կարծես։ Կայ Չարենցը՝ իր նայիրական «վարդերի բոյրը վառման» խորհրդով: Կայ քնարաշունչ Վահան Տէրեանը, որ վարդերի հմայքի խաղի մէջ յորդորում էր Վեաչեսլաւ Իւանովին 900-ական թթ. արժեւորել Խաչի ու Արեան «հանդիպումը» ողբերգական Հայաստանի օրինակով։ Նոյն «խաղը» չէ՞ հիմա, սիրելի՛ Ռուզան, երբ այդպէս ես կոչում այս դարասկզբին քո նոր գիրքը, ուր կարելի է հանգրուանի բերել ե՛ւ քերթուածներդ, ե՛ւ պօէմներիդ ընտրանին, ե՛ւ «Հոգեւոր բացականեր» խորագրի տակ քեզ ուղղուած գնահատութիւնների շարքը։
Բարոյախօս Ռուզան Ասատրեանի հասցրած շառաչուն ապտակը այսօր էլ այրում է նախկին ղեկավարներից շատերի եւ զօրագէտների այտերը. «Ազնիւ պէտք է լինել մեր եւ պատմութեան առաջ։ Ուրիշ էլ ինչպիսի՞ն է լինում ազգի ողբերգութիւնը Մեծ եղեռնից յետոյ, երբ յաղթանակ ապահոված եւ նորանկախ պետութիւն ձեռք բերած երկրի ժողովուրդը սկսում է արտագաղթել երկրից, ուրիշ ինչպիսի՞ն է լինում ազգի դժբախտութիւնը, երբ յաղթանակից յետոյ ժողովուրդը կանգնում է ծանր փաստի առաջ՝ երկրին յաղթանակ բերողների կողմից, ովքեր սկսեցին տորթի նման իրար մէջ բաժանել ազգի հարստութիւնը՝ ազգը տանելով նոր ու անսպասելի «սպիտակ եղեռնի…» («Գրական թերթ», 2023, Մայիս 12, թիւ 15։ Տե՛ս՝ Ռ. Ասատրեանի «…Երբ պարտադրում են կորցնել յիշողութիւնդ» հրապարակախօսական յօդուածը)։ Իրաւունք ունէր զարմանալու եւ զայրանալու Նախագահի գրասենեակում պատասխանատու պաշտօն զբաղեցրած բանաստեղծուհին, երբ տեսնում էր՝ «…դեռ Եղեռնի 100 ամեակը չլրացած՝ սկսուեց Հայաստանի բզկտումն ու թուլացումը երկրաշարժի ու պատերազմի պայմաններում, որը վերածուեց «գոյք պարտքի դիմաց»-ի (ո՞ր պարտքի), երբ ազգն իր տարածքի վրայ սկսեց ապրել վարձակալի, ոչ թէ տիրոջ իրաւունքով» (Նոյն տեղում)։
Ափի մէջ է Ռուզան Ասատրեանի ապրած ու դեռ ապրելիք կեանքի՝ իր բաժին ճակատագիրը։ Եւ անմիջապէս հետեւում է մեր սթափ հարցումը՝ համընթա՞ց է արդեօք նրա ճակատագիրը իր ժողովրդի հաւաքական խորհուրդներին։ Առաջին իսկ պատասխանը՝ այո-ն է կարծես, քանի որ արուեստագիտուհին պահում ու կտակում է սերունդներին օրերի ու տարիների դիմագիծը, այլ կերպ՝ բանաստեղծուհու առջեւ մեր հաւաքական մարտնչող գրչի դիմաց Երկրի յիշողութիւնն է, նրա՛ կենսագրութիւնը, արեւոտ ու անձրեւող Հայաստանի անցեալն ու ներկան, այսինքն՝ այն, ինչ կոչւում է քաղաքացո՛ւ պատասխանատուութիւն ժամանակի քմայքների առջեւ։
Բայց եկէք չշտապենք, փորձենք թափանցել Ռուզան Ասատրեանի քերթողական տողերի միջից բացուող չարենցեան ոգու ենթիմաստ ծաւալումներին.
Ինչ որ երէկ ես եղել,
Այսօր լինել չես կարող,
Մէկ ժամ առաջ դու՝ Աստուած,
Մէկ ժամ յետոյ՝ մուրացկան,
Ինչ եղել ես, չես եղել՝
Այդ է կեանքը իրական,
Ինչ էլ առնես, ինչ էլ տաս,
Պարտք ես մնում աշխարհին.
Ա՜խ, թէ նորից դու ետ գաս՝
Արքայ, թէկուզ դռնապան,
Այս վերուվար աշխարհում,
Երբ վայրկեանի թրթիռից
Կեանքի խորհուրդն է կախուած,
Ամենայն ինչ ընդունայն։
Մի առիթով Ռուզան Ասատրեանը ամրագրել է դառը ճշմարտութիւնը, թէ մենք հպարտօրէն հրաժարուել ենք մեր տառապանքի ու հերոսութեան պատմութիւնը վաւերագրելուց։ Դա նրանից է, որ, ազնուօրէն կասկածելով խոշոր ազգերի օտար պատմիչների մեծապետական յանձնառութիւնների շիտակութեանը, Ռուզանը խեթել է, թէ նրանք շարունակել են մնալ օտար ու խորթ մեր ոգուն՝ խորամուխ չլինելով մեր էութեան ծալքերին, այդ պատճառով է գուցէ, որ «հասցրել են» մոռանալ մեր «ներկայութիւնը» եւ մեր ծառայութիւնները, երբ մենք, ինչ էլ որ եղել է, հաւատարիմ ենք մնացել «օտարի» գաղափարին ու շնչին, նրա շուրջն ենք բոլորուել՝ տարիների յարափոփոխ քաղաքական եղանակներն անտեսելով։ Հետեւա՞նքը. նրանք, «այլ» այդ պատմիչները, գրում է Ռ. Ասատրեանը, «մեր արդար ինքնաճանաչողութիւնը օգտագործեցին մեր դէմ՝ զինաթափելով հայոց փառաւոր պատմութեան հերոսական էջերը»։
Ինձ թւում է՝ այս խօսքերի մէջ ցոլանում է մէկ ուրիշ ճշմարտութիւն՝ էջերի դարձերեսը. Ռուզան Ասատրեանը գրում է ճշմարտութեան շրջադասումը՝ բացել փորձելով մեր աչքերը մեր առջեւ։ Ուրիշին պէտք չէ մեր ինքնաճանաչման ներուժը, այնտեղ մեր ուժն է, բայց հենց այնտեղ է նաեւ նրանց՝ «ուրիշների» թուլութիւնը։ Մեզ պէտք է վերադառնալ ազգային շահի ակունքներին, մե՛ր ուժին։ Դժուա՞ր է։ Պիտի վարժուենք ժամանակին համաքայլ ընթանալ,- յուշում է մեզ բանաստեղծուհին։
Քառորդ դար առաջ, երբ Ռուզան Ասատրեանը ընդամէնը յիսուն տարեկան էր, նրա գրամշակութային «օրերի դէմքը» միայն օրագրութիւն կազմող ժողովածու կամ բանաստեղծական յատակագիծ չէր, ճանաչում էին իբրեւ ինքնատիպ բանաստեղծի: Բաւական է յիշել նրա քերթողագրքերը՝ «Ջրաւազան», «Աչքերս փակեմ», «Դրախտի դուռ, իմ հայրենիք», «Ծառի ցաւը», «Օրեր առանց քեզ» եւ ուրիշ շարքեր, երբ արդէն վերհանել էր հայրենիքի եւ սիրոյ նժարների՝ երկփեղկուած կառոյցների համանուագներ, «Հրաշքի պատուհաններ» ներքին ալեկոծումների ու ոգորումների հրաշալի պօէմը, «Շուշի» անզուգական վիպերգի հերոսականութիւնը 90-ականների ազգային յաղթանակների սկզբին։
Նորագոյն ձեռքբերումների շրջանից դրանց կողքին դրէք «Ճակատագրի քրմուհին» վիպակը, հրապարակագրական հարուստ ժառանգութիւնը՝ «Դարի արժէքը մարդն է», «Գենոֆոնդը վտանգի տակ», «Անկորնչելի Հայաստան», «Օրերի դէմքը. 2013-2016», «Երկրի յիշողութիւնը», նոյն օրերի «Վաւերագիր» օրագրային պատումը՝ արդէն 2013-2018 շրջանն ընդգրկող փաստաթղթային խորքային վերլուծութիւններով ու հոգեբանական տեղաշարժերի մեկնութեամբ, քաղաքական ներքին պայքարի անզիղջ տեսողութեամբ, որոնք ճշմարիտ վաւերապատումի անգնահատելի արժէք ստացան։
Հայրենիքը ազգային պայքարի զարթօնքի տարիներից նկատեց Ռուզան Ասատրեանի կանացի ուժեղ նկարագիրը գոյապայքարի արթնութեան մայրուղիներում, ռազմական մարտնչող նրա երակի յորդորը, հիացաւ նրա քաղաքացիական շնչով եւ դա նշանաւորեց մայր-զինուորի խորհրդանիշի բարձր գնահատութեամբ, ոգու ներարկման ճանապարհով, ինչի շնորհիւ բխում է կնոջ, մօր անմիջական ցանկութիւնը. «Ես ուզում եմ, որ աշխարհը մօր սրտի պէս սիրտ ունենայ»։
Ընթացիկ եւ շարունակական պարգեւները, որոնց արժանացել է Ռուզան Ասատրեանը, նորոգում են հայակերտումի յիշողութիւնը։ Ուսենք նրա բերած դասը՝ «Պատերազմը վարարած գետ է, իսկ վարարած գետն ամէն ինչ կարող է բերել, կարեւորը յաղթանակն է ու նրա արժէքներին անսխալ տէր կանգնելը»։ Ուսենք այս դասի նալբանդեանական շարունակականութիւնը՝ «Օրհնեա՜լ է պատերազմը», եւ դառնալով Ռուզան Ասատրեանին՝ շեշտադրենք, յաղթանակը հեռու հորիզոններում չի մնայ, եթէ կռուողների շարքում լինեն Ռուզան Ասատրեանի շնորհիւ ժամանակը իմաստաւորած, նրա ձայնին անսալու պատրաստ նոր քաջորդիներ եւ քաջորդուհիներ։