Օրեր առաջ Ստեփանակերտի «Դիզակ պլյուս» հրատարակչությունում ինձ մոտեցավ երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանը, ջերմ բարևեց ու նվիրեց երգերի իր առաջին ժողովածուն «Ինքնության դաշտ» խորագրով, հետևյալ մակագրությամբ. «Սերգեյ Սաֆարյան (Նեմրութ)-ից: Սիրով` Սոկրատ Խանյանին… Դուք միշտ Դուք եք, ընկեր Խանյան»: Պարզ է, բանաստեղծը նկատի ունի իմ հետաքրքրությունը հայ պոեզիայի, առանձնապես Արցախում ստեղծվող քնարերգության վերաբերյալ:
Հայրաբար ընդունելով գիրքը` հարցրի.
– Գրական անունդ` Նեմրութ, ինչո՞ւ:
– Նեմրութը մեր հրաբորբոք սարն է` կրակե սրտով:
Հաճելի պատասխան էր:
Հրատարակչությունից տուն գալուն պես, իմ սովորությամբ, գիրքը սկսեցի կարդալ մատիտը ձեռքիս: Տպավորությունը ուրախալի էր: Բայց կան երևույթներ, որոնք շրջանցելը ճիշտ չէր լինի. երբ բացեցի գիրքը և իմացա, որ այն տպագրվել է Միշել Տանկրեզի միջոցներով, գոհունակությամբ մտորեցի. «Ապրե՛ս, Միշել, ֆրանսիացի մեր եղբայր, լավ գործ ես կատարել նաև այս դեպքում»: Նշենք, որ մեր մշակույթի ներկայացուցիչները ծանոթ են Միշելին` արցախահայության ֆրանսիացի որդուն:
Հաճույքի շարունակվող ալիքը, որ շոյեց սիրտս, անվանի բանաստեղծ-գրականագետ Վարդան Հակոբյանի «Երկու բառով» խոսքն է` Առաջաբանի փոխարեն, որտեղ գրված է. «Կարդում ես Սերգեյ Սաֆարյանի բանաստեղծությունը և անմիջապես նրա մտածողությանն ես հաղորդակցվում, զգում ես, որ բառն ավելին լինելու ճիգեր չի գործադրում, պարզ, գրեթե մանկական հայացք է բերում իր հետ, որը չի կարող իր խորքով չտրամադրել… Սերգեյն ինքն իրեն սպասում է հեռվում: Բարի հանդիպում» (Նեմրութ, «Ինքնության դաշտ», «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչություն, 2020, էջ 3): Ապա մեր հիացմունքն է ծփում բանաստեղծուհի-գրականագետ Ժաննա Բեգլարյանի վերաբերյալ, որը խմբագրել է սույն ժողովածուն: Ընծայականում կարդում ենք. «Իր գեղարվեստական մտածողության ինքնատիպությամբ հեղինակն իրերն ու երևույթներն իմաստավորում է ազատ ընկալմամբ և լեզվական իրողությունների դրսևորման թարմությամբ՝ իր ապրած դրամատիկ ժամանակի դիմապատկերը բացահայտելով չկրկնվող նրբերանգներով» (նույն տեղում, էջ 2):
Մեր հիացմունքը Նեմրութի պոեզիայից բխում է նրա թարմ երգափնջից, պատկերավոր մտածողությունից, ժամանակի խորքային ընկալումից, մայր ժողովրդի պատմության դժվարին ու հերոսական էջերի իմացությունից, թշնամու դեմ մաքառման նորօրյա վճռականությունից, ազգային արժանապատվության պատվաբեր զգացումից, ժողովրդի բարոյահոգեբանական երանգների ինքնատիպ պատկերումից:
Կարող ենք հաստատել, որ Նեմրութը կյանքի ճանաչողությամբ ու պատկերավորման նրբանկատությամբ աստվածաշնորհ բանաստեղծ է: Նրա երգերում ճակատային ոչինչ չկա: Պոեզիայի հասարակական նշանակությունը ընդգծված է կենսափիլիսոփայական ընդհանրացումներով:
Այստեղ անհրաժեշտ ենք համարում նաև նշել Նեմրութի բառապաշարի շերտերը, բնապատկեր ստեղծելու հմտությունը, առանձնապես պատկեր-ապրում հյուսելը:
Չգիտես ինչու, Նեմրութը գրքում բանաստեղծությունները շարքերի չի բաժանել, սակայն նշենք, որ նրա երգերի մեծ մասը կյանքի թրթռացող կողմերի ընդհանրացված գոբելեն է: Պարզապես նա ժամանակի շունչը զգացող երգիչ է, բանաստեղծություններ ունի, որոնցում սիրո երազը ծփում է հայրենասիրության զգացումով, խոհը` պոետական հրապարակախոսությամբ, ցավը-հույսի, անցյալը-ներկայի, ներկան-ապագայի զուգորդությամբ:
Նեմրութի խոսքն իրենն է: Նրա երգերից ոչ մեկը չի հիշեցնում որևէ դասականի կամ ժամանակակից անվանի պոետի տողն ու պատկերը: Ե՛վ հաջողված պատկերն է իրենը, և՛ անհաջողը: Ինքն է իր մտահղացումների և ասելիքի մեջ:
Նեմրութը լավ է գիտակցում, որ բանաստեղծական արվեստը մի կողմից առինքնող է, մյուս կողմից` դժվարամարս, միաժամանակ նա հավատում է իր նվիրումին ու վճռականությանը` կարևորելով իր ընտրած ուղու անդարձությունը.
Անդարձ ճանապարհի//թևին թռչել եմ սովորում//դարձյալ//բռիս մեջ երկնքից իջնող// ձիերի սանձն առած:
Իր հավատի նժույգին հեծած բանաստեղծը մտնում է կյանքի բազմաշերտ աշխարհ` մե՛րթ մանկության օրերի աստղերը փնջելով, մե՛րթ պատերազմի վերածված խաղաղության օրերը կծկելով, հետևյալ բաղձանքով. «Թող էլ կարոտը ծաղիկներ չպահանջի»: Նեմրութը հայրենի երկրի սեփական պաննոն է արարում: Նրա հոգում հայրենիքը «կամրջից կամուրջ ձգվող ձորեր են», «լեռներից լեռներ ձգվող Մասիս», «խաղաղություն չունեցող խաղաղություն»: Արդյունքում`
Սրից սուր,//մարտից մարտ,//մարդուց մարդ,//ապրող//հավերժություն…
Եվ ոչ միայն այդ: Հայրենիքի պատկերը չի վերջակետվում նրա ո՛չ հայացքի առջև, ո՛չ էլ երգի ընդհանրացման մեջ: Երկիրը նրա համար թանկ, ապրեցնող հուշերի ուլունքաշար է: Նա երկրին հանդիպում է իրենց «բակի կռիվ-կռիվ խաղացող երեխաների աչքերում», «թթի ծառի տակ նարդի խաղացող ծերունիների հայացքներում», նոր կառուցվող շենքերի, փողոցների, թոնիրների մեջ, արևի վրա, լուսնի փեշերին և իր սրտի մեջ: Այսքանից հետո առանց ճիչերի ու վանող քարոզի ծիածանում է այն նվիրյալների երազանքը, որ կամարվում է սերունդների հաղթարշավների ճամփին.
Երկի՜ր,//բա՜րձր ես,//բա՜րձր ես,//բա՜րձր ես,//այնքա՜ն բարձր ես,//որ քեզ հանդիպում եմ//ամենաբարձր//այն հողաթմբին,//ուր ինձ համար//իմաստավորվում են//բոլոր բարձունքները:
Անկախության շրջանի հայ պոեզիայում քիչ չի ներկայացվել «Ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» ժամանակաշրջանի էությունը: Նեմրութի «Երբ եմ լինելու…» տողով սկսվող բանաստեղծությունը նոր խոսք է, նոր խորիմաստ պատկեր: Նախ ընդգծված է հարցադրումը. «Ե՞րբ եմ լինելու առանց պատերազմի, առանց խաղաղության», ապա մեր ժողովրդի դժվարին ճանապարհի առկայությունը.
Ես մինչև հիմա//չեմ հասկանում`//որի՞ տուժածն եմ,//որի՞ շղթայված//շարունակությունը:
Սակայն վկայենք, որ բանաստեղծի այս հարցադրումը խեղճ ու կրակ մոլորվածի անորոշ վիճակի ճիչ չէ, այլ՝ հերոս ժողովրդի քաջակորով զավակի ինքնագնահատանք.
Ձեռքերիս մեջ//և՛ արկեր են,//և՛ աղավնիներ:
Ե՛վ արկերը, և՛ աղավնիները պատմության ընթացքում մշտապես եղել են մեր ժողովրդի արարումից կոշտացած ափերում: Բանաստեղծն ընդվզում է անընդմեջ պատերազմ հրահրողների դեմ` կատարելով արդարամիտ ընդհանրացում.
Եթե իմ պատերազմն//ու խաղաղությունը//փակագծերի մեջ//փակված են միշտ,//հարսանիքի խնամախոսներին//գնդակահարել է պետք:
Նեմրութը պոետական իր հոգու քարտեզին տեսնում է և՛ մեր փրկված փոքրիկ Հայաստանը, և՛ մեր կորուսյալ երկրի հայաշունչ սարերն ու դաշտերը: Կորստի նրա ցավը, սակայն, չի հաշտեցվում պարտության հետ, ընդհակառակը, նրա կրծքի տակ ալիքվում է մայր ժողովրդի հավատը ու դառնում հաղթանակի օրհներգ, որտեղ հնչում է հավատը, որ Հայոց հաղթանակի դրոշը շողալու է «Մասիս լեռան գագաթին».
Ես տեսնում եմ դեպի// Արարատ ելնող// հետքերը// Սողոմոն Թեհլերյանի:
Թեհլերյանի անվան ամեն մի տառի մեջ հնչում է վրեժի կոչը, քանզի մեկ դարից ավելի է, ինչ «Ծնվում ենք որպես Հրանտ Դինք», որը դառնում է պայքարը շարունակելու հրամայական` կորուսյալ Հայրենիքը տուն բերելու փափագով:
Նեմրութի պոեզիան ընդհանրացնող երանգների համաչափ հյուսվածք է` Հայոց հազարամյակների կենսափիլիսոփայության հոլովումով: Բանաստեղծը մտքի աչքերով, հոգու ջերմությամբ, սրտածածան կարոտով ներկայացնում է Հայոց սերունդների մանկությունն ու պատանեկությունը, երիտասարդությունն ու Աստվածապատկեր ծերությունը` համեմված մեր ազգային ճակատագրի իրական ծածանումներով, Մաշտոցյան գյուտով, Խորենացիական Ողբով ու Ավարայրված հերոսականությամբ, Հայոց մեծ եղեռնի սրտակեղեք ցավից ծնված վրեժի նորաբորբոք հրի թեժացումներով: Երիտասարդ գրողի «ես»-ի հոլովույթում մայր ժողովրդի դեռևս շարունակվող գոյամարտն է, որի առաջին գծում հանդես են գալիս Վարդանված նվիրյալները: Նրանց շուրթերով 21-րդ դարի Հայոց բանակի զինվոր-բանաստեղծ Նեմրութը մտորում է. «Խա՞ղ, թե` կռիվ», որի՞ համար են սկսվում պատերազմները: Խաղաղությունը հուշում է, որ` երկուսի…»: Այս հարցադրումից հետո բանաստեղծն արձանագրում է, որ յուրաքանչյուր հայ սերնդի «Մանկությունը փաստորեն խաղաղության վերջին խաղն է դառնում…»: Վերջապես բանաստեղծը բանաձևում է.
Խա՞ղ, թե` կռիվ…//և ի՞նչ տարբերություն,//երբ մեզանից շատերն//արդեն պատճառ ունեն//դրանց միջև//ընկած սահմանը//կոչելու ԿԱՐՈՏ:
Նեմրութի բանաստեղծական խոհերը փիլիսոփայական մտորումների ծփանքներ են, որոնց ծածանումներում ընթերցողը լսում է իր իմաստուն պապի, հոր, ավագ եղբոր խորհուրդները, սրբասուրբ նահատակների ապրեցնող դասերը` հայրենի երկրի և կենսանվեր մոր Աստվածահաճո պատգամով.
Թե մորս գրկից արևը ծագեր,//ճառագայթները կհատեին//սիրո բոլոր սահմանները,// և ոչ ոք աշխարհում// անարև ապրելու//առիթ չէր ունենա:// Պաշտեցե՛ք մորը:// Մոր գրկի մեջ// ապրած օրերն են// միայն ապրած:
Գրականագետները կարող են հաստատել, որ ամենից դժվարը հաջողված գիրքը գրախոսելն է, որովհետև նրանում զետեղված բարձրարվեստ բոլոր երգերի վերլուծական գնահատումները քննադատին դարձնում են ոգեշունչ մեջբերողներ և ապա` ինքնամոռաց ծաղկահավաք` բազմերանգ ու բազմաբույր վարդերի ծաղկանոցում: Նման եզրակացության ես հանգում Նեմրութի երգերի գիրքը կարդալուց հետո: Ըմբոշխնում ես գրքի «Լսում եմ ձայները ինձանից բամբասող իմ մտքերի», «Վայրկյանների մեջ թաքնված տարիներ կան» և այլ ստեղծագործություններ, գեղագիտական հաճույք ես զգում: Մեջբերենք հետևյալ երգն ամբողջությամբ.
Ժայռերի վրա//ծաղկել են//քարերը.//այդտեղով//հաստատ անցել է//իմ տատը://Ես նրան երբեք//չեմ տեսել //հարթ ճանապարհներին:
Այսպես, սիրտ շոյող էջերը, քեզ թևերին առած, տանում են առաջ, ոչ թե կարդում ես տողերը, այլ ձուլվում ես նրանց: Կարդալով Նեմրութի երգերը` համոզվում ես, որ մեր ժամանակներում «Ինչ-որ տեղ հարթ են կածանները, բայց չեն երևում մերկ ոտքերով մարդիկ», ու ակամայից ուղղակի հպարտությամբ ձեռք ես մեկնում ժամանակի հայածուփ հերոսական ոգուն և միանում բանաստեղծին ու նրա հետ միասին աղոթում.
Կարմիր երկինքը թռիչքից առաջ//Կուրծքը սեղմել է ամպերին.//տղերքը հորիզոնի խառնարանում//հաղթանակի պարն են պարում://Խոնարհումի փոխարեն// Աղավնիները ծափահարում են://Երևի մարտերից առաջ//տղերքն ասել են`// հարսանիքի ենք:
Նեմրութը սիրո երգերում մեր օջախանվեր պապերի հավատարիմ ժառանգորդն է, հավատարմության նվիրյալը, որի շուրթերին շափաղում է այս աղոթքը. «Սիրո տարածության մեջ գանգուր են անգամ թաքնված հայացքներդ»: Քնարական հերոսը չի թաքցնում կարոտի իր խոստովանությունը. «Քեզ հետ անլուսին գիշեր ունենալը քաղցր է, միայն թե գիշերն անվերջ լինի»: Կարելի է օրինակներն ավելացնել, բայց չբերել սրտի Աստվածահաճո այս խոստովանությունը` ճիշտ չէր լինի, քանի որ պատկերը հայկական է, երդումը սարվորի` ուղղված սարի աղջկան` Աստղիկ դիցուհու աչքերով.
Մի փունջ կակաչ ձեռքիդ,//սարից իջնում ես//ճերմակ://Դու ցնորք չես, այո՛,//բայց ինձ//թվում ես երազ://Մի փունջ ձորեր ձեռքիդ,//սարերից իջնում ես//հանդարտ:// Մի փունջ սարեր ձեռքիդ,//սարերից իջնում ես//կրակ…//Դու ամենամեծ//փունջն ես աշխարհի`//փնջիդ մեջ//սար ես, ձոր,//վարդ ու կակաչ:
Դեռ ավելին, բանաստեղծն իսկական սերը տեսնում է նվիրումի, սրտացավության, հոգատարության, օջախապաշտության, հայրենասիրության և հայապատկեր այլ բարեմասնությունների մեջ: Մինչդեռ դրանք ճակատային բառեր չեն, այլ` հոգու, սրտի, երազի անբիծ պատկեր-ապրում.
Անձրևաթաց բույրդ//հավաքել պահում եմ//ծոցագրպանիս մեջ://Երբ ավարտվեն// տարվա բոլոր եղանակները,//ես այն շաղ կտամ//լուսնի փեշերին,//որ մութն էլ// լուսնալույսով ծաղկի//քո բույրից:
Բոլոր լրջամիտ սիրողները հաստատում են` որտեղ արևում է մեծ սերը, այնտեղ ստվերում է նաև խանդը, անտարբերությունը խորթ է Աստվածանվեր Սիրուն: Այս կենսահաստատ իմաստությունը ևս իր տեղն է գտել Նեմրութի պոեզիայում: Եվ քանի որ նրա սիրած էակը նման է Լուսնին, ուստի՝ Սիրո հոլովույթում խանդի նրա ապրումները առնչվում են գեղեցկատես Լուսնին.
Լուսնի ստվերն ինձ անընդհատ//հիշեցնում է քեզ,//հնարավոր է` դու մեր հանդիպման օրը,//մութն առիթ օգտագործելով,//լուսնից մի պատառիկ ես խլել:// Կամ էլ լուսինն ինձանից թաքուն//սիրահարվել է քեզ:
Նեմրութի երգաշարը, ակունքվելով մեր ժողովրդին բաժին հասած ճակատագրից, իր ծալքերում ներառում է մեր կրած բոլոր հոգեվիճակների շերտերը` խաղաղ օրերից-գոյամարտ, գոյամարտից-հաղթանակ, հաղթանակի շուքի տակ-սիրո ծիածան, ու քանի որ հարևանը գորշ գայլերի ոհմակն է, սիրո քնքշանքի տիրույթում` որպես զգոնություն, պետք է հրազեն ունենանք: Քնարական հերոսը տեսնում է, որ «Թնդանոթի ծայրին Խաղաղության մարտ է ընթանում, անգամ թնդանոթներն աշխարհին մոտենալ են ուզում», «Թռիչքը օդում թռչել է սովորում, օդը զինադադարից զինադադար պատերազմում է: Հատկապես հիմա, հատկապես առաջ, հատկապես հետո»:
Տեսնելով մայր ժողովրդի առաջընթացին բաժին հասած վտանգները` բանաստեղծը խորհուրդ է տալիս չծափահարել «ամեն պատահած ճամփորդի», վստահության մեջ «չլինել պարզունակ», կյանքում կան երևույթներ, որոնք «Բացառել է պետք: Չգիտեմ` հատկապես ի՞նչը, բայց ինչ-որ բան բացառել է պետք»:
Բանաստեղծի նման ապրումները չեն քնում երբեք, քանզի իր բոլոր ապրումներն առնչված են երկրի-ժողովրդի ճակատագրին, առանց որի անհատը չի կարող ունենալ նույնիսկ հուշեր: Բանաստեղծն իր բոլոր հուշերը կապում է Հայրենիքի հետ, խաղաղությունը` պատերազմել կարողանալու հետ: Հենց այդպես, որովհետև, ինչպես վկայում է երգիչը, «Բոլոր պատերազմներն ինձ հետ կապ ունեն: Ես պատերազմից մնացած շարունակություն եմ»:
Նեմրութի բանաստեղծական առաջին թարմաշունչ գրքի մասին դեռևս գրելու են, քանզի այն, հիրավի, ինքնության դաշտ է` Հայոց դարավոր-հարուստ-բարձրարվեստ-ազգային-համամարդկային պոեզիայի գանձարանում:
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ
