ԴՈՂԵՐ, ՍԱՐՍՈՒՌՆԵՐ ՈՒ ԶՎԱՐԹԻ ՇՐՇՅՈՒՆՈՎ ԾՆՎԱԾ ՏՈՂԵՐ / Սամվել ՀՈՒՆԱՆՅԱՆ

Սոնա

 

«21-րդ դար. հայ պոեզիա» մատենաշարով ՀԳՄ «Գրական հիմնադրամի» աջակցությամբ լույս ընծայած` Սոնա Անտոնյանի «Դառն ու զվարթ» ժողովածուն, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանի բնորոշմամբ, հեղինակի զիլ վերադարձն է իրականության դառն ափերից դեպի զվարթ կենսականություն, դեպի ակունքը լույսի ու երգի:

Անտոնյան բանաստեղծուհու լույսին ու երգին առնչվելու, նրա պատկերընկալումների մասին ազատ ձևաչափով հաղորդակցվելու համար էին Գյումրու գեղագիտության ազգային կենտրոն եկել հեղինակի գրչընկերներն ու պոեզիայի սիրահարները:

Ընթերցողը Սոնա Անտոնյանի գրական նախասիրություններին ու աշխարհատեսությանը ծանոթ է դեռևս «Սուզումներ» ու «Եվ» բանաստեղծական ժողովածուներից, գրական մամուլում տպագրված շարքերից: Ինչպես նշեց Ռոզա Հովհաննիսյանը` «Եվ ահա սրտաչափ, սրտախոր, սրտաթրթիռ այս գիրքը ապրելու շնորհում ու պարգև ունի»: Իսկ որպես սրտակից ընկերուհի` նկատել տվեց, թե մի քանիսին Սոնա Անտոնյանը կարող է դառը կորիզ թվալ, բայց չպետք է մոռանալ, որ նրա ճակատագրում զվարթունների ներկայություն կա. «Նա անշուշտ վայելում է զվարթուն-հրեշտակների հովանին»:

Աշխարհը ճանաչելու և աշխարհին ճանաչելի լինելու խնդիրը, որը, ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի համոզմամբ, ունեն բոլոր արվեստագետները, Սոնա Անտոնյանն իր «Դառն ու զվարթ» գրքում ընտրել է այդ խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը: «Բանաստեղծության մեջ առաջին դեմքը, ապա երկրորդը, երբեմն նաև երրորդը հենց ինքը` հեղինակն է: Հաճախ իր ստեղծագործություններով հեղինակը փորձում է ինքն իրեն ճանաչել ևս մեկ անգամ ու այդպես շարունակ: «Դառն ու զվարթ» գրքում առաջին հայացքից թվում է, թե ինքնաճանաչման տարածությունը փոքր է, ընթերցողի անվերապահ ընկալման համար` «շատ փոքր տարածություն»: Բայց գրքի այս չափը, ըստ Ա. Կարապետյանի, նաև ինքնատիպ մի խայծ է, որ մնում է ընթեցողի կոկորդում` նրա հետ առաջին շփման պահից սկսած: «Ու դա ստիպում է շարունակ գիրքը վերցնել ու ընթերցել` էլի՛ ու էլի՛: Հետո պարզվում է, որ այս գրքի հետ անընդհատ ձեռքսեղմման պատճառը ամենևին էլ գրքի չափերը չեն, այլ նրա ոգեղեն պարունակը:

Շնորհակալությո՛ւն, Սոնա Անտոնյան, լռիկ ու խոսուն, բոլոր լուսամփոփների մեջ լույս ճչացող, գինով ասող ու գինով լռող իմ դառն ու զվարթ Բանաստեղծ:

Հե՜յ, էդ ո՞ւմ համար ես նուռ պահել»:

Հեյ, ո՜ւմ չքնաղն եմ//եկա իմանամ`//ում մեղավորն եմ//ում հաջողության//մոմեր վառողը//տեսնեմ իմ լրումներին//ով կդիմանա//քմայքներս ո՜վ կսուլի թեթև//ծանր ապրածս ո՜վ կսուսերի//վերջին մարտը ո՜վ կնվիրի ինձ

Բան. գիտ. թեկնածու Կարինե Մարտիրոսյանը, խոսելով Սոնա Անտոնյանի «Դառն ու զվարթ» ժողովածուից իր առանձնացրած մի քանի բանաստեղծությունների մասին, նշեց դրանցում գերակշռումը հատկապես լույսի ու զգացողությունների, որոնք բնականորեն տեսանելի են ու գրավչություն են հաղորդում տողերին: «Հետաքրքիր է գրողի մոտեցումը զգացական ամեն մի երևույթի նկատմամբ, նրանով էլ տարբերվում է, տարբերվող է: Տողերը այդ տրամադրություն-տրամաբանության ծիրում են, յուրաքանչյուր` ազատ, չկետադրվող, չտրոհվող պահին ընթերցողն ինքը կարող է ստանալ, այսպես ասած, գրողական, բանաստեղծական մտքի իր բանաձևն ու, ըստ այդմ, սեփական չափաբաժինը: Ակնհայտ զգացողությունների մի հորդում է «Դողեր» բանաստեղծության մեջ».

դողերը բարձրացնում են ինձ վեր//առավոտվա դողեր են-//ես տեսնում եմ`//ինչպես շերտ-շերտ ելնում//ամեն շերտի հետ սրթսրթոց է//ամեն վերելքի հետ//սարսուռ

Իսկ «Վարժանքը» բանաստեղծությունում Կ. Մարտիրոսյանը մեկ այլ զգացողության, առաջին հերթին` հանդարտության մարմնավորում է նկատում.

սովորեցրու ինձ պարզ լինել//ինչպես այս ձյունը//որ թափվում է//թրջում կոպերս//և խաղաղվում//խաղաղ//հալվում է ափերիս

Ըստ գրականագետի` գրողի բոլոր տողերն էլ կարծես նրա կոկորդի, սրտի, հոգու և, վերջապես, գրչի զարկերից ու սեղմումից են ծնվել, տողերից յուրաքանչյուրն ասես իսկապես բացում է հոգևոր միլիմետրային տարածքներ, հեղինակի նկարագրմամբ` «այսպես շրթունքներն արտասանում են փակ տրոփումները, փակ բախումները, փակ պրկումներ»:

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Արա Արթյանն այս գրքի տարբերությունը հեղինակի նախորդ ժողովածուներից համարում է այն, որ այստեղ արդեն մի տեսակ վազք կա, ու այդ վազքի հոսքում հատիկ-հատիկ շեշտվում է բառը:

«Բառը ստանում է որոշակի ինքնուրույնություն և կարծես մեխվում է տողի մեջ: Ու այստեղ ի՞նչն է հետաքրքիր` հեղինակի և գրքի փոխհարաբերությունը, որը ամենակարևոր երևույթներից մեկն է բանաստեղծության մեջ: «Կրակել ճերմակին»` այդպիսին է Սոնայի բառը:  «Էլ որտեղ չեմ»: Առհասարակ, բանաստեղծը տեղ չկա, որ կարող է չլինել:

… գիրկ գրկի//գլխի ընկանք հարկավոր բաները//գիրկ-գիրկ փլուզեցինք//ամբողջ ռոմանտիկան//գրկելիս բացթողումներ չեղա՞ն//խնայածը դարձյալ բառեր էին//հարկավոր ու ճշգրիտ//մեր նախնական հափշտակություններով//որ փոխարենը ասում ենք`//մոլորություն է//դիպված է ասում ենք սերը//սիրո այդ բաղձանքը//նախնականը//օ՜ այս հրաժարումը ինչ խաբուսիկ է//(քեզ չեմ տեսնում)

«Հիմա վեր կկենամ ու ոչ ոքի կնվիրեմ իմ հեռացումը»,- լսո՞ւմ եք` ինչ հետաքրքիր ու կտրուկ են անցումները: Ու անակնկալի բանաստեղծությունն այս գրքում միշտ և ամենուր է, քան այլ` ավելի ծավալուն գրքերում»:

Բանաստեղծ, թարգմանիչ Հաբեթ Մուրադյանն էլ գտել է այն բանալին, որն այս գրքին հնարավորություն է տալիս տարբերելու Սոնայի մյուս գրքերից. «Նրա բանաստեղծություններում ասես ցրված եղելություններ են, և դրանց մեջ կնոջական ամենաընտիր բառը, պատկերն ու նախադասությունը կան: Լույսը, լույսը, լո՜ւյսը… Մնացածն ունայնով է պարտադրված, բայց դա վատ իմաստով չպետք է հասկանալ. բոլորս էլ պարտադրված ունայնի մեջ ենք, բայց այն, ինչը որ բանաստեղծի մեջ է, հենց դրանում է նրա բառային սխեմայի առանձնահատկությունը: Դա ցայտուն է արտահայտված «Կոր գծեր»-ում, որ ավելի շուտ երկրաչափություն է հիշեցնում, բայց իր սխեմատիկ բովանդակությամբ կրում է ասածս բանալու գաղտնիքը.

շրջան գծող գիծը//մինչև շրջանագիծ դառնա//միացած չէ//հատված չէ//մինչև կոր գծերի միանալը//ազատ տեղեր կան//դրանք մեր կատարելության//ենթադրվող աղեղներն են//մենք բաց ենք//ազատ չկաշկանդված//և կենսառիթմերը//ջրի մեջ գոլ//տռզած մասուրների չափ են…

Ու այս վայրիվերումների, քաոսի մեջ գալիս է այն մաքուր պատկերը.

…սերը//իբրև կենտրոնով անցնող գիծ//բաժանելու է շրջանագիծը//նրան շոշափող մեր կրքերը//բազմաթիվ անուններ կունենան//որոնցից մեկը//ամենատարօրինակն է//ուզում եմ ես// խոստովանել//մենք բաց ենք

«Մենք բաց ենք». ես այսպես ընկալեցի բանաստեղծությունը,- շարունակում է միտքը Հաբեթ Մուրադյանը,- սա հավանաբար Արա Արթյանի նշած այն նույն անակնկալն էր»:

«Ամեն գիրք, հավանաբար, կյանքի մի շրջափուլ է ամբողջացնում, իսկ ինչպիսի՞ն էր հուզական երանգապնակի ամբողջությունը այս ժողովածուի բանաստեղծություններն արարելիս, ավելի շատ շեշտադրումը, ըստ ձեզ` դառնի՞, թե՞ զվարթի վրա էր արված» իմ հարցին այս կերպ է պատասխանում Սոնա Անտոնյանը. «Անկեղծ ասած, դառն ու զվարթի մի հատուկ շրջան չէր: Նույնիսկ ժողովածուն սկզբնապես «Դառն ու զվարթ» չպիտի կոչվեր: Խմբագրի` Սլավի-Ավիկ Հարությունյանի առաջարկով նախատեսել էինք վերնագրել «Կոր գծեր»: Հետաքրքիր է, որ Հաբեթն իր խոսքն ասելիս հենց այդ բանաստեղծությունն էր ընտրել: Սակայն տպագրության գնալուց առաջ փոխվեց վերնագիրը: Ես սկզբում այդ շրջափուլն անցնելիս չգիտեի էլ, թե ինչպիսին է լինելու ընթացքը, բայց զվարթը արդեն կար, ասես սիմվոլ էր դարձել, ու մտածում էի, որ դառն էլ միշտ կա, ու դրանք հաջորդաբար փոխարինում են մեկմեկու, իսկ մնացածը հետո պիտի լիներ: Այն ժամանակ չէի էլ ենթադրում, թե հետոն ինչպե՛ս է լինելու` հաստատակամ զվա՞րթ, թե՞ ավելի ուրիշ, քան կար այդ պահին: Ու այդպես, ամեն պահ ընդվզելով, ամեն տողի հետ սեղմվելով ծնվում էր ա՛յս գիրքը:

Այո՛, ինձ համար անչափ կարևոր է բանաստեղծության ինտոնացիան` շեշտադրումը, և թե վերջիվերջո ինչպիսի՞ էներգիա է բխեցնելու Բառը… Կոնկրետ` արդեն դառն ու զվարթի դեպքում, երբ լսում էի երիտասարդների ընթերցած գործերս, մի տեսակ կողքից լսողի պես, որոշ պահերի թվում էր, թե ե՛ս չեմ գրել այդ տողերը. չէ՞ որ ընթերցողն էլ յուրատեսակ ընկալում ունի, ու ինձ համար պարզ դարձավ, որ բանաստեղծություններում շեշտը հենց զվարթի՛ վրա է դրված եղել:

Եվ հաստատ. «Ի սկզբանե Զվարթն էր»:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։