Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ / Լռություն, որ հոգու ճիչ է

Արվեստագետը՝ լինի գրող, նկարիչ, թե երաժիշտ, ստեղծագործում է հոգու թելադրանքով, ինչպես հաճախ նրանք են ասում, այդ թելադրանքը գալիս է վերևից, և իրենք, որ այդ «վերևի», հետ անմիջնորդ կապի մեջ են, հնազանդ կատարում են սուրհանդակի գործը՝ հասցնելով մարդկանց այն հույզ ու ապրումը, խոհն ու խոկումը, որ իրենց է վստահված՝ լինելու դրանց առաջին կրողը: Նրանց մեջ բանաստեղծին ասես առաջնություն է տվել Աստված՝ որպես սուրհանդակի, քանի որ նրա փոխանցածը մարդուն հասկանալի, իր իսկ լեզվով ասված խոսքն է՝ առանց գունային կամ հնչյունային այլաբանությունների: Սակայն բանաստեղծի խոսքը կարող է հասանելի լինել միայն այդ լեզվով խոսողներին, մինչդեռ կերպարվեստն ու երաժշտությունը լեզվի իմացություն չեն պարտադրում: Այս ճշմարտությունը վերաբերում է միջակ բանաստեղծությանը: Մարդկության հոգևոր վաղնջականից հայտնի են հարյուրավոր տաղանդավոր և հանճարեղ գրող-սուրհանդակներ, ում հզոր խոսքը թարգմանվել է մարդկային քաղաքակիրթ լեզուներով և դարձել Համամարդկային սուրհանդակի խոսք: Մենք՝ հայերս, աշխարհին տվել ենք բազում այդպիսի սուրհանդակներ: Եվ ինչպես նշանավոր ռուս գրականագետ և բանաստեղծ Վալերի Բրյուսովն է ասել. «Հայ ժողովուրդը բանաստեղծ ժողովուրդ է, իսկ նրա բանաստեղծը՝ կրկնակի բանաստեղծ»: Ահա այդպիսի կրկնակի բանաստեղծի՝ Հովհաննես Ղազարյանի «Մնացածը լռություն է» գրքի մասին եմ ուզում խոսել: Բանաստեղծին հանգիստ չեն տալիս ապականվող աշխարհի կործանումն ու մարդու հոգու խորտակումը: Պարզվում է՝ 21-րդ դարն էլ իր խոստովանահայրը պիտի ունենա, քանի որ ո՛չ Քրիստոսն իր խաչելությամբ, ո՛չ Նարեկացին իր Նարեկով չմաքրեցին մեղսավոր մարդուն…
Հովհ. Ղազարյանի պոեզիան հայ բանաստեղծական Ծառի խոհուն, հուզառատ, մաքուր, իմաստության մեջ չհոգնած, ներքին ըմբոստության բռնկումներով խոսք է՝ բանաստեղծական և տաղաչափական անթերի շինվածքով: Հովհ. Ղազարյանի պոեզիան դասական է՝ բառիս բանաստեղծական իմաստով:
Ինչպե՞ս ապրի մարդը հանգիստ ու անխռով, եթե բանաստեղծ է, եթե չարն ու դավը իր հոգու և սրտի միջով է անցկացնում, որպեսզի մարդկանց բաժին ընկած չարն ու դավը մի քիչ պակասի ու… մեղմանա: Բայց չարն էլ, դավն էլ բարության պատվաստ չեն ընդունում, պարզապես բանաստեղծի ինքնազոհ սիրտն ու հոգին են, որ առաջին հարվածն իրենք են ընդունում ու այդպես մեղմում դրանց հարվածը մեզ՝ մահկանացուներիս վրա: Հովհաննես Ղազարյանն հենց ա՛յդ բանաստեղծն է:
Օրինաչափ մի անհամատեղելիություն կա 21-րդ դարի շահառատ ու դրամագար, անսիրտ և անոգեղեն, անբարո և ծախված բարքերի և Հովհ. Ղազարյանի բանաստեղծական Աշխարհի միջև: Բանաստեղծի աշխարհը սերում է նախաստեղծ Աշխարհի անխաթար ու անապակ ակունքներից: Այս ժողովածուի վերնագիրն ավելի քան խոսուն է՝ «Մնացածը լռություն է»: Մինչդեռ այդ լռությունը ասես բազմաձայն սիմֆոնիա լինի, ուր առաջին ջութակը բանաստեղծի տառապած հոգին է, որի խորաններում բանաստեղծը լույս է պահել ու ջերմություն այլոց համար: Հովհ. Ղազարյանի բանաստեղծական խոսքը կուռ է, հստակ, տաղաչափական բոլոր կանոններին ներդաշնակ: Բայց նրա բանաստեղծությունների ուժն ու հմայքը միայն անթերի տաղաչափությամբ չեն բնորոշվում: Մարդկայնորեն նա էլ իր կյանքի ճանապարհին ունեցել է կորուստներ և այդ կորուստներն էլ դարձել են նրա մորմոքումի մրմունջը… Նրա բանաստեղծությունները կարդալիս ընթերցողն ասես մտնում է մարդկային հույզերի ու ապրումների, տառապանքի ու զղջումի ինքնամաքրման մի քավարան է, իսկ փոքրիկ ու աննշան ուրախությունների բերած բերկրանքը դառնում է անքեն ու անչար ապրելու գրավական: Բանաստեղծի կորուստները միայն իրենը չեն, այլ համամարդկային են: Այս դժխեմ ու անհույզ աշխարհին մատնված մարդու մորմոքն է սա: Ու պեղում է բանաստեղն իր մեջ Արարչի դրած այն վեհը, մաքուրը, ազնիվն ու արդարը, որպեսզի բաժանի մարդկանց՝ նորից ապրեցնելու նրանց նախաստեղծ օրերի մաքրամաքուր և հուզառատ սիրո դողով:
«Մնացածը լռություն է», ժողովածուն ծավալուն չէ, բանաստեղծությունները 4-5 քառատող են, բայց այնքան լեցուն են բանաստեղծական խոսքի և հույզի, խոհի և խոկումի խորությամբ, որ փոքրիկ պոեմի արժեք ունեն: Այստեղ ասես կան պոեմին հատուկ սյուժետային զարգացումներ, կերպարներ, բախում և լուծում: Բանաստեղծությունների հերոսները իր՝ բանաստեղծի հոգին ու խիղճն են, որոնք նա իր «մեղանչումների» ճանապարհին պահել է մաքուր և անձեռնմխելի: Հոգու ցավն, ըստ բանաստեղծի, ծանր է, քան մարմնական ցավը, որին կարելի դեղ-դարման դնել ու լռեցնել, սակայն Հոգու ցավը կեղեքում է մարդու և՛հոգին, և՛միտքը, և՛մարմինը: Այդ ցավին դեղ-դարման չկա: Մարդն ինքն է այդ ցավի բժիշկը, եթե իր իսկ ձեռքերով մաքրի հիվանդ հոգու խորանները. «Ի՜նչ անհույս բան է մարմնավոր ցավի ստրուկը լինել…»:
Որպեսզի հոդվածը չստացվի գրականագետի մասնագիտական վերլուծություն (դա կանեն և արել են պատշաճ մակարդակով գրականագետները), ես առանձին բանաստեղծություններից տողեր կմեջբերեմ, որոնք ավելի խոսուն են, քան իմ մեկնաբանությունները…
…Ի՞նչ անել հիմա.//Ինքնաքողարկման դերասանությո՞ւն…// Ես վաղ հասկացա,// Որ արտիստն, ավա՜ղ,// Ուրիշի կյանքն է ողջ կյանքում խաղում,// Ու մի անգամ է լոկ ազնիվ լինում՝// Ժամին իր… մահի:
…Շիտակությունը քանի՞ դեմք ունի. ես մեկը գիտեմ…
…Վառի՛ր սիրտս ափերիդ մեջ, մի՛ հապաղիր էլ իզուր:// Ա՜խ, չգիտես՝ ինչ ահեղ է սիրո բերդը փլուզվում:
…Հիմա երկինքս իջել է երկիր…
…Եվ իմ մեջ բախտի Վեզուվն էր եռում,// Իմ մեջ քուրան էր քո և Արևի-Սիրո:
…Ես կախարդանքն եմ ծիրանափողի…
Այո՛ բանաստեղծի աշխարհը Տիեզերք է, որի խորությունն ու անսահման սահմանները միայն իրեն ՝բանաստեղծին են երևում, իսկ ընթերցողը կարդալով միայն կարող է հաղորդակից լինել նրա հույզ ու խոհերին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։