ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԶՐՈՒՅՑ ԼՈՒՅՍԻ ՀԵՏ…
(Հատվածներ պոեմից)
Ա
Լուսնից կախ ընկած
Արծաթ խնձորներ,
Անվերջանալի՜ հեքիաթ են ասում,
Մենության ցավը իրենից հոգնած,
Արծաթ խաբկանքից
Նինջ է երազում:
Ու գնում է նա իրենից առաջ՝
Աշխարհի բախտը ափի մեջ առած…
Բ
Իսկ ես թմբիրից նոր եմ արթնացել,
Արևն աչքերիս ուղեցույց արած,
Այս փողոցների խռիվ ճամփեքով
Գնում եմ առաջ:
Խոստովանանքի շողն է թրթռում
Երկնակամարում, ուր դեռ քնած են
Ոտնահետքերը հին գորգի վրա:
Դեպի ո՞ւր գնամ, ջա՛հ իմաստնության,
Դու աներևույթ, բայց այնքան ներկա,
Որ բառն իրենով քեզնից սկսվում
Եվ մթության մեջ լույս դառնում մեկեն,
Ու մենության բութ քաղցի մեջ հաճախ
Դառնում է միակ օրերիս վկան…
Գ
Ամենակարող աներկբայելի,
Ով հանկարծ գտավ,
Որ մեծատունդ սխալ է գործել,
Եվ փորձեց շտկել ու սրբագրել
Իմաստնությունը քո խորաթափանց…
Ով էր, որ խաչիդ առաջ երդվելով՝
Մահվան սարսափը աչքերիդ խորքում
Լույսի վերածեց:
Իսկ մեր ձեռքերը դեպ վեր ձգվեցին,
Ինչպես որ ծիլը Արևի շողին:
Ո՞վ չճանաչեց լույսն երանելի
Եվ նմանակեց միայն Կայենին:
Մեծաշո՛ւք Հանճար,
Մի նոր աչք է պետք, պարզ, անշրջելի,
Այս մատաղացու գառների համար…
Դ
Թողնում ես ելնեմ այն մանկան նման,
Ով դողդողալով առաջին քայլից՝
Նորից է ընկնում ու ելնում է վեր,
Քայլում է այնքան, մինչև ինքն իրեն
Տանում է առաջ ու չի իմանում՝
Դեպի ուր գնա, միայն թե քայլի,
Գնա աննահանջ:
Քանի՜ անգամ եմ ընկել, բարձրացել,
Ընկել-բարձրացել…
Անհունին թողած երեկվա իմ դին,
Աշխարհ-մանուկի ձեռքերի վրա
Գնում եմ այսպես՝ թեթև՜ ու աննյո՜ւթ…
Թեթև ու աննյութ ճոճվում են անվերջ
Ձեռքերը նրա:
Իմ լուռ Բարեգո՜ւթ,
Ոտքերս ինքնին գնում են առաջ:
Ես քո տնից եմ երեկ դուրս եկել,
Դեռ գիշերային ցողն է թրթռում՝
Առավոտներիս մակույկին քնած:
Ոտնահետքերը աստղեր են հեռվում,
Յոթ երազների ծաղկեփունջ են թանկ,
Բազմել են նրանք հուշերիս խարխուլ
սանդուղքի վրա՝
Անվերջանալի գիշեր դարձրել օրերս մթնած…
Ե
Սմքած մտքերի
տևական սուտը
Ինձ մոլորյալ է
դարձրել վաղուց…
Հոգուս պատրույգը
ասեղի ծայրով
Ես վեր եմ քաշում՝
Քեզ որոնելու
հույսով անթաքույց:
Սեր եմ հորինում,
որ չհեռանաս
Հոգուս ջրցողած
քո ավազանից:
Լքված լինելը էլ ո՞նց է լինում:
Ինքս օտարված իմ գոյի տնից
Դեռ որոնում եմ կանգառը իմ սյան,
Որ հույս ու հավատ արևիդ հառած՝
Հենվեմ ես նրան:
Առաջ նայելու քո Արև շողքից
Լուռ շփոթահար,
Մարդկանց աչքերում ստվերները քո
Դանդաղ շոյելով՝
Ինձ թվում էր, թե մաքրում-տանում եմ
Երկրի երեսից այն փոշին մլար,
Որը դարձել է թանձր մառախուղ՝
Բառ-մերկությունը ծածկելու համար:
Զ
Արթնացրու ինձ, Տե՛ր իմ, արթնացրու:
Արթնացրու՝ երազս մոռանամ,
Արթնացրու, Տե՛ր իմ, արթնացրու,
Գիշերվա խավարից հեռանամ,
Ցնցիր ինձ, խռովքից եմ հոգնած՝
Չորս կողմը խաբկանք է, մեկ Աստված…
Է
Ամպերն այս խռիվ, սև ու մահաբեր՝
Արևիդ ոսկե պտուտակներին
Կծկելով եկար, ուր դղրդացին
Երկնակամարի շերտերն անսքող,
Եվ չհասկացան մարդիկ խելագար,
Թե ինչու էի ես լուռ աղոթում՝
Քո որոտաձայն խորհրդի համար:
Ահա և նրանք՝ խավարից հյուծված,
Թույլ հոգիներով՝ մեկին գամել են մարմնի ախտով,
Մյուսին ահա՝ ոսկու ցոլքերն են խեղանդամ արել,
Մեկը ակունքն է խռովքով լքել,
Այն մեկն իրենից ծնվածի համար՝
Սադայելի հետ պայման է կնքել:
Անբառ, անմարմին, անթիվ երազներ՝
Օրերի երթին բերել փաթաթել
Ու պարտք տվել մեզ…
Ինքնահաստատման քուրայում այս բորբ՝
Քեզանից լքված, քո աչքի առաջ՝ և՛ տերով, և՛ որբ…
Եվ ով կարող է Սրբազան լույսիդ
Խորանի առաջ խնկարկել խորին՝
Քո աշխարհ-լույսի անհատնումներով,
Խոստովանում է, որ ինքն իրենով չի եղել երբեք…
Մեր մտքերի լույս, աշխարհ-Արեգակ,
Դու ծով մեղմություն, հզոր անզիջում,
Քո համբերության բաժակը անվերջ
Թող կիսատ մնա
Այս կիսաշփոթ գալարումներից…
Սկիզբն ու վերջը այնքան են մոտիկ,
Որ երանելին այս պահն է հիմա…
Ը
Եվ ես նայում եմ արևիդ ոսկուն,
Որ կախարդական հմայիլի պես
Դեպի իրեն է մեզ անվերջ ձգում:
Մե՛րթ հիշողության մշուշ է աչքիս,
Մե՛րթ օրվա փշե պսակն է անվերջ
Մարմինս ձաղկում:
Ամեն տեղ՝ ինձ տուն, ամեն ծառ՝ հովհար,
Քնքշության արցունք, սեր ու խոստումնե՜ր…
Ամենքն ինձ համար արյան մի կաթիլ,
Իմ հորից եկած անուն ու պատգամ,
Ամեն մեկն ինձնից, ամեն մեկի մեջ
Անպայման ես կամ:
Մի քիչ ավելի եմ կամ մի քիչ պակաս,
Դուք Հայրենիքն եք իմ լուռ ինքնության:
Եվ հպարտ սերն իմ Լուսնի շեղբերով՝
Աշխարհ-տանիքին մանուշակների
Անձրև է բերում,
Որ քի՜չ մեղմանամ ոգու սովի մեջ.
Որ թողությունն իմ
Վիրակապելու մի հնար լինի…
Եվ երբ փորձում եմ աչքս բաց անել՝
Երկնի կապույտին դուռ դառնալ նորեն,
Հանկարծ զգում եմ օտարությունս…
Հիմա ո՞ւր գնամ, ինչի՞ց սկսեմ,
Որտե՞ղ որոնեմ հոգուս սերմերը,
Քամու թևերին թռչուն են դարձել
Նրանք երկդիմի…
Ո՞ւր է իմ տունը, մոլորվել եմ ես
Ու վերադարձի ճամփան կորցրած՝
Բերանն եմ ընկել չար լեզուների,
Որոնց թլպատված բառերի խորքում
Սեթևեթում է անկապ մի քամի:
Բաց դուռ ենք դարձել՝
ներսի փականքով….
Թ
Այս պղտոր ճոճքի երազանքները
Նայում են հեռվից, վաղուց օտարված,
Ինչպես Արծիվը՝ կուշտ ու տիրակալ,
Բաց դաշտում վազող միամիտ որսին:
Ո՛չ, իմ ժամը չէ, ու հավերժական
Այս գիշերները, որ հաճախ մեկ-մեկ
Երկրի երեսից մաքրում-տանում են
Երազները սին,
Թող չտառապեն՝ երբ որ ժամը գա,
Ձեռքս կմեկնեմ իմ Արև Լույսին…
Ժ
Քեզ հետ կապվել եմ անթաքույց սիրով,
Քո լուսաճաճանչ թագ – ծիրանիով
Բազմել ես ահա իմ սրտի գահին…
Ինքդ իմ ներսում՝ դարձել հրաման,
Խստություն բարի, խոհ քնքշության…,
Օ՜, մեծ բարեգութ ու ներողամիտ,
Մե՛րթ մարդու տեսքով,
Աշխարհիկ մեղքն եմ կրում ուսերիս,
Մե՛րթ աներևույթ ոգի եմ առնում՝
Չարը սրբելու երկրի երեսից:
Շնորհակալ եմ փորձություններից,
Որ տվել ես ինձ,
Քո իմաստնության ոսկին եմ պեղել
Տառապանքներից….
Ի
Քանի՜ տարի է խաչված ենք այսպես,
Ու մեր պատմության շերտերից
Անվերջ արյուն է ծորում,
Մեր գենը ձուկ է,
Աշխարհ-մանուկի օվկիանոսներում,
Դեռ որոնում է իր ակունքները՝
Մնջության ցավը թողնելու հույսով:
Ճիշտն ու սխալը ոչ ոք չգիտե,
Այնքան են իրար խառնվել նրանք…
Այստեղ ճիշտ եմ ես, ու այնտեղ հանկարծ
Պարզվում է, որ սխալ եմ եղել:
Իմ մեղմությունը անհաշտ է անվերջ
Բիրտ կոշտությանը, սակայն ճիշտ եմ ես…
Եվ իրարամերժ այս չարն ու բարին
Մեր ներսում քնած մեր ցավն է անտես,
Որից ազատվել չենք կարողանում
Այս չկայացած ներսի ու դրսի
Մեր քավարանում…
Ահա թե ինչու հույսի, հավատի մշուշը առած՝
Իմ ընկերները լքեցին ինձ էլ,
Իսկ ես այս հողի արյան տեր դառած՝
Իրենով եմ ինձ կապել, կապանքել…
Լ
Ու մեր պատմության խաչակիրները
Միայն ավարի դրոշ են պարզել,
Մենք ափսոսանքով քամու դեմ կանգնել
Ու ափով մի բուռ մեր հողն ենք ծածկել:
Այսպիսի սխալ չի լինում երբեք՝
Ո՛չ ամոթ ունեն, ո՛չ էլ խղճի խայթ,
Արյան ու հողի նոր վամպիրները:
Նրանց տներում՝ գրքերի վրա
Սարդի ոստայն են հյուսել տերերը՝
Փակ են աչքերը, գոց են սրտերը, բաց են ձեռքերը,
Տանում են, տանում ու չեն կշտանում,
Մի արնոտ բերան
միշտ թաց է պահում
Մեր հի՜ն վերքերը…
Գլուխս շրջեմ այս մուրացկանից,
Թե չէ հոգուս մեջ ազգի պատկերը
Մուգ շրջանակով ճոճանակ դարձել
Ու կենաց ծառն է օրորում բնից:
Հանցանքն ամեն տեղ
մարդ է որոնում…
Ու մեր էության մայրն Աստվածուհի
Ցող է մեր սրտին՝
Մեր ծարավ ոգու զարթոնքի համար…
Մի տեղ աղբյուր է՝
զմրուխտ խաղերով,
Մի տեղ՝ ճաք տված հող է անջրդի,
Որի ճեղքերին հողի արցունքն է
Քարացել մռայլ,
Ու սմքել միտքը բեղուն արգանդի…
Խ
Արդ ես եմ ու դու,
Մտքերիդ դուռը պատկերն է հոգուս,
Այնտեղ լցրել ես բազմաձայն թրթիռ,
Եվ ստեղները քո կամքից կախված
Շյուղեր են ոսկյա:
Ամեն: Ամենա ու միշտ առինքնող
Մեր հավատն անխոնջ
պսակ է դարձել
Երկնակամարին ու փշերին այդ
Արյան թելերով ագուցել մեղքերն
Այն բյուր-բյուրավոր, որոնք փակել են
Արևիդ ճամփան, սուտ աստվածներին
Դարձրել զորավոր:
Բացիր հրաշքիդ պատուհանները
Եվ արդարության աղավնիների
Թևերով ճերմակ,
Մեր ոգու հերկում քնած սերմերին
Ճերմակ անձրևներ մաղիր անխնա,
Որ լույսն արթնանա
Աշխարհ-մանուկի աչքերում խավար:
Դիր, Անմեկնելի՛, լույսի մի տաճար…
Զի առաջինը հոգուդ հրայրքով
Հայոց աշխարհին Արեգակ դարձար:
Ահա այսպես եմ, ո՜վ Մեծ գոյություն,
Հոգուս երկնքի միակ տիրակալ,
Դու անհատնում սեր, սիրո գահակալ,
Սիրո փորձություն,
Լույսի կարծրություն,
Այսպես եմ ահա ես քեզ սպասում՝
Ինչպես գիշերը՝ վաղ առավոտին,
Ինչպես անձրևը՝ Արևի տոթին,
Ինչպես ջրհորը՝ ծարավ ճամփորդին,
Ինչպես որ սերմը՝ հողին բերքատու,
Ինչպես որ սերը՝ կարոտի շուրթին:
Դու ես ճշմարիտ, անվերջ քայլում ես
Մտքիս ճամփեքով,
Ուր քո հավատի կանթեղն է վառվում՝
Հոգիս պարուրում
հավերժիդ փառքով:
Սակայն նժարը երկու ծայր ունի,
Եվ սերն է հոգու պերճանքը անխոս…
Եվ ես, որ լեզվիս կապանք չեմ դրել,
Սակայն գամել եմ ինձ երազներիս,
Պիտի շղարշը այս
երանության դաշտից
Դուրս հանեմ՝ մեկ անգամ գոնե
Խոստովանելու, որ մերկությունը
Մեզ տառապանքի ծով է տանելու…
Ծ
Առաքինության այս կաթվածահար
Աթոռին խարխուլ,
Հաշտությունն ինքը անձնագիր չունի:
Եվ կարոտն անվերջ հոշոտում է մեզ:
Ո՞ւր եք, երազնե՛ր, դուք էլ չեք շնչում
Իմ կոպերի տակ, իսկ աչքերիս մեջ
Ծամածռվում է կյանքը ճոճանակ:
Եվ հեռանում են հատկապես նրանք,
Ովքեր որ կյանքին կառչած են ամուր:
Ու մենք մեր միջից երկինք ենք նայում՝
Հրեշտակներին տեսնելու հույսով,
Ոտքը դնում ենք հողին գրկաբաց
Ու գնում ենք ծով:
Եվ աղաչում ենք անապատներին՝
Անձրև ջրաբեր…
Ավազի նման մեզ ներս ենք քաշում,
Եվ ծռվում է մեր ողնաշարն անղեկ: