ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
***
Ի՞նչ եղավ, եղբա՛յր, ի՞նչ եղավ,
Գրված էր, պետք է լիներ.
Մեզանից ծնվեց հավատը,
Մենք պետք է ծնեինք և նեռ:
Բոլորը ոտքի կանգնեցին՝
Իմ հորեղբայրը, քո քեռին,
Կողպեցին դռները կյանքի,
Ճանապարհ բացեցին նեռին:
Իսկ նեռը նշանով եկավ –
Տրորեց զարթոնք ու գարուն,
Շալակին՝ ուսապարկ՝ գաղթի,
Թաթին կար մի կաթիլ արյուն:
Եվ ահա արյուն է հեղվում
Ամեն օր, ժամ ու ակնթարթ,
Արյունը գետ դառել, հոսում է
Իմ երկրի բորբ սրտից անդադար:
Նայում է նեռն ու քրքջում,
Քանդում է, ավերում փութով,
Իսկ Աստծո Որդին դեռ լուռ է,
Բայց կգա, կխոսի շուտով:
Կսրբի նա մեր աչքերի
Փառը՝ անթափանց, լեղի,
Ու դարձյալ մենք նետ կդառնանք
Հայկի պրկված աղեղին…
***
Կախարդական քարեր են լուռ
խաչերը այս,
Դողդողում են շուրթերդ,
երբ համբուրում ես,
Ասեղնագործ հագուստները
դառնում երազ,
Պոկ չեն գալիս քո
աչքերից, չեն լքում քեզ:
Ու երբ տարտամ հեռանում ես
դու խաչերից՝
Նրանց հյուսկեն խորհուրդը
քո սրտում պահած,
Հոգուդ խորքում բորբոքվում են
մի պահ նորից
Կարեկցանքի մոխիրները
վաղուց հանգած:
Սովորական այս քարերը,
բայց՝ խաչազարդ,
Օծված քաղցր լուսաբացի
հոգու երգով,
Ո՞ւր են տանում քո երազը
այսպես հանդարտ,
Քեզ բարուրած ո՞ւր է տանում
երազը քո:
***
Թե ջրերի բույրը
վերցնեմ իմ ափերով,
Տանեմ, լցնեմ քամիների
ակունքը հին
Ու փափկասուն քամիներին
հանձնարարեմ՝
Շաղ տան երաշտ հոգիներին…
Գուցե փափկեն հոգիները չոր,
կարծրացած,
Ու ջրերը, ու երկինքը առնեն թևեր-
Ձկնկիթը թող բարձրանա
Հիշողության իմ ափերով
ջրերն ի վեր:
Ջրիմուռի խուտուտի մեջ
Ձկնկիթը աչքն է ծովի՝
կարմիր ու լուռ-
Թող գլորվի կիթը ձկան
Արևկողի սյուքերի մեջ
հանց ջրիմուռ…
***
Հիշողությանս ձեռնափայտը
Ծաղկեց սիրո տեղատարափից,
Հետո…
Կտրվեցին անձրևները,
Եվ ճաքճքված կարոտը ջրափոսերի
Բարձրանում է
Երկնքի աստիճաններով:
***
Երկինքը գլխապտույտ ունեցավ
Եվ կարծեց,
Թե երկիրը միակը չէ:
Երկինքը գլխապտույտ ունեցավ
Ու կորցրեց երկրին:
***
Ծիծեռնակները ցածրից են թռչում.
Սրընթաց գալիս
Ու քիչ է մնում բախվեն իրենց իսկ
Ստվերների հետ:
Ցածրից են թռչում ծիծեռնակները-
Ի՞նչ է բերելու այս անսեր քամին:
***
Բարձրացել Հայրենիքի տանիքը՝
Պահմտոցի էինք խաղում…
Մի օր էլ սայթաքեցինք,
գլորվեցինք ցած:
Բարձր էր տանիքն Հայրենիքի-
Մենք դեռ գլորվում ենք…
***
Երբ վաղ անցյալում
Ժայռաքարերը այնպես են հղկել,
Որ այնտեղ արված գծանախշերը
Ղողանջել են Սեր-
Էլ ինչպե՞ս ասեմ՝
Քարը սիրտ չունի,
Կամ սիրտը քար է…
Այս ժայռի սրտին արծիվ կա գծված:
Մի արծիվ պոկվեց ժայռի վրայից,
Թռա՜վ, հեռացա՜վ,
Բայց ժայռը էլի արծվի է նման:
Հայոց ժայռերը նման են արծվի.
Կտուցներ ունեն, ճանկեր ու թևեր,
Հայոց ժայռերը սավառնում են վեր,
Թեև ծանրումեծ բազմել են հողին:
ՀԵՏՀԱՇՎԱՐԿ
Տեսնես որքա՞ն կտևի
Աստծո համբերությունը…
«Աստված Սեր է»,- ասում էր
սևազգեստ քահանան,
Ու մենք մտածում էինք,
որ սիրո գույնը սևն է՝
Հանգցնում էինք սենյակի լույսը,
Արտաշնչում էինք
պատուհանի ապակուն
Եվ մատով նետահարված
սիրտ նկարում
Երկնքի սև ֆոնի վրա…
Տեսնես որքա՞ն կտևի
Աստծո համբերությունը…
«Աստված ողորմած է»,- ասում էին մեծահասակները
Այս ու այն կողմից,
Ու մենք, ապավինելով նրան,
Որ Աստված մեզ կողորմա ու
միշտ կների՝
Ժխտեցինք Աստծո բոլոր
տասը պատվիրանները,
Աստված սկսեց զայրանալ
Երկրաշարժերի, ցունամիների,
հրդեհների… տեսքով:
Մենք հակադարձեցինք
Աստծո զայրույթը՝
Նրա ուղղությամբ
հրթիռներ ուղարկելով,
Աստված տարուբերեց գլուխը
Եվ փակեց բոլոր զգայարանները…
– Տեսնես որքա՞ն կտևի
Աստծո զայրույթը…
– Աստծո սիրտ է,- ասում էր մայրս.
10… 9… 8… 7… 6…
***
Ես ճանապարհ ընկա,
Երբ դեռ մութ էր,
Վերցրեցի մորս աղոթքը լույս,
Հորս գոտին բառե՝ պինդ ու ծանր,
Օրհնանք էր ինձ համար
Եվ ուղեցույց:
Էլի մութ է,
Ու ես գնում եմ դեռ,
Խփվող դրոշներ են ոտքերս՝ հողին,
Ամեն մի օր ասես
Մի նվաճված բևեռ,
Որտեղ, սակայն, խիղճն է ապրում…
Գաղտագողի:
***
Մեղուները երգող փաթիլներ են,
Շեկ փաթիլներ՝
Ընկած քամու բերան,
Այտուցվում է հոգիս,
Մեծանում է,
Երբ իմ ունկն է կծում ձայնը նրանց:
Բացիկներն է կարդում
Մեղուն ծաղկի,
Մտմտում է դանդաղ,
Սրտի դողով,
Չի մոլորվի երբեք դարձի ճամփին
Մեղուն խոնջ ու ոսկե ոտնաքողով:
***
Երազից պոկվում եմ
երբ ամեն առավոտ
Ու խաղաղ կկոցում
Իմ աչքերը կրկին,
Հերարձակ ծովի պես
Ծածկում ինձ փառավոր
Ու կրծքիս դողերից
ալիքվում ես, կի՛ն:
Գիշերը քո տեսքով
նայում է մեղավոր,
Ինչե՜ր եմ կուտակել
Իմ հոգու հատակին,
Ես ամուր կգրկեմ
Քո հոգին թևավոր՝
Թե պնդեն իմ գոտին
ձեռքերը քո, կի՛ն:
Շագանակի բաց գույնն է
ծոր տալիս բաժակով,
Երեք աստղ է պակասում
Երկնքի պիտակին,
Մեկն իմն է, որ ընկավ,
Երբ թնդեց երեկոն,
Երկուսն էլ փայլում են
աչքերում քո, կի՛ն:
***
Ես մի ողկույզ սեր գողացա
Իրիկնային հանգչող այգուց,
Մեկիկ-մեկիկ ես փռեցի
Հյութեղ սիրո հատիկները
Հիշողության պատուհանին՝
Թող չորանան:
Ու երբ խորը աշուն լինի,
Ու երբ քամին ճերմակ
սարի պաղը գրկի
Ու բերի ցած,
Ես հիշեմ, որ
Չամիչ սերեր ունեմ
գոգին պատուհանի
Ու նրա տաք մտքում պահված:
***
Հառաչում է դարձյալ լուսաբացը,
Մի չարագույժ դող կա նրա սրտում,
Տարակույսը դարձյալ նստակյաց է,
Ցավը վաղուց մաշկի տակ է անցել՝
Արթնանում է հաճախ ու սրթսրթում,
Արշալույսի աչքը ալ ու թաց է:
Քնա՛ծ երկիր, քեզ ո՞վ, ո՞վ օրորեց,
Որ չես կարող բացել աչքդ էլի,
Ոտքիդ տակի հորը այդ ո՞վ փորեց
Ու ջաղացի քարեր վրան շարեց,
Խռմփում է հիմա ողորմելին
Թավշյա վրանի տակ օտար ու մեծ:
Ձենդ զլի՛ր, Օհա՛ն: Երկի՛ր, ի սո՛ւր,
Դո՛ւ ես քո էպոսը քո ճակատին գրել,
Դու բաշխել ես արդեն
երկու զարկդ իզուր,
Զարկդ երրորդ օրհնյալ է, անվրեպ,
Ու մեծ զարկից կայծեր
կբարձրանան վերև՝
Դեպի լուսաբաց ու երկինք լազուր:
***
Ծանրումեծ ցավի
Քարն ընկղմվում է
Տարեց լռության իմ ջրերի մեջ.
Ականջօղերը
Մակերևույթին ուռչում-ձգվում են
Եվ անէանում:
Թե՞ օղակներն այս
Պարանածայր են
Հուսալքության չասված բառերի-
Ու ես
Անհայտի աթոռին ահա
Հենվել սպասման ոտնաթաթերով,
Նայում եմ ներքև:
…Այդպես էլ անհայտ մնաց ինձանից.
Ինչպե՞ս ստացվեց,
Որ այս դողդոջուն ժամացույցներին
Ես սլաք եղա-
Պոկված, կոտրված մի փոքրիկ սլաք: