ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ՄերուժանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

Թուղթ առ բարեկամս
Սիրելի՛ Մերուժան, սրտանց շնորհավորում եմ 65-ամյակդ, իմ և հավատարիմ գրչեղբայրներիդ անունից ցանկանում երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր հաջողություններ… Բարեկա՛մս, ավանդական այս բարեմաղթանքից հետո, չակնկալելով նույնիսկ հոբելյարի քո համաձայնությունը, սոսկ քառասնամյա մեր ընկերության երաշխիքով եմ ուզում շարունակել, թեկուզ ոմանց համար ընդհանուր առմամբ անհաճո լինի անդրադարձս: Այսպես. մեր գրական սեղանակիցներից (դժվարացա ասել՝ գրչակիցներից) շատերը քեզ այդպես էլ չընկալեցին ու չհասկացան՝ տարանջատելով քո բոլորանվեր օրվա գիշերն ու ցերեկը… Դեռ էն գլխից ոմանց շփոթեցնում ու զայրացնում էր բոհեմի մեր բեմին երբեմն անհարիր թվացող քո արտիստիկ հագուկապն ու պայծառախոսությունը: Այդ շփոթված ու զայրացկոտ դերակատարներին դեռ այսօր էլ անհասկանալի է գրողի ու լրագրողի ներդաշնակ գոյակցությանը հավատարմագրված հայրենանվեր մտավորականի քո դերը… Ուստի պատահական չէր, որ բազում կոչեցյալներից ու սակավ ընտրյալներից քչերը հաղորդակից եղան և արձագանքեցին Սաղամո լճից մինչև Արարատյան երկիր ծավալվող իրական ու գրական տագնապներիդ. այդ թվում, ի պատիվ քո առինքնող գրչի, գրաշխարհի տարբեր բևեռներում գործող քո ոչ մերձավորներից ու մերձավորներից՝ Հրանտ Մաթևոսյանը և Վարդգես Պետրոսյանը: Ահնիձորցի մեր կենդանի դասականը չզլացավ նաև առաջաբան գրել Դրուժբա նարոդով ամսագրում տպագրվելիք պատմվածքներիդ համար, իսկ հետագայում հաճախ էր նախատինքով ափսոսում, որ չես կարողանում շարունակել ու ավարտին հասցնել քո աննման հայրենակից Վահան Տերյանի կյանքին ու գործին նվիրված «Աստծո հարսնացուն» վեպդ…
Սակավագիր իմ գրչեղբա՛յր, շնորհալիների ճաշակակից ընկե՛ր (ոչինչ, որ «ճաշակին ընկեր չկա»), ես չէ, որ այսօր հանգամանալից պիտի խոսեմ տաղանդավոր արձակագիր և հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի՝ տարբեր լեզուներով թարգմանված ստեղծագործությունների և գրական ու ոչ գրական մրցանակների, կոչումների մասին: Քո մնացող օրվա և գնացող մարդկանց երկրային սահմաններում, որպես գործող անձ ու ականատես, ես ուզում եմ հիշատակել «Գարուն» ամսագրի՝ քո խմբագիր եղած երևելի տարիները, երբ քեզ բնորոշ հույժ զգացմունքայնությամբ հրճվում-ուրախանում էիր նոր անուններով, նրանցից շատերի գրական կնքահայրը դառնում, իսկ բնիկ գարունական հեղինակներին բառիս բուն իմաստով հորդորում-համոզում էիր վաղեմի հավատարմությունն օծել ստեղծագործական նորանոր բխումներով… Գրողական նախանձախնդրությունդ երբեք չփոխակերպվեց գրական նախանձի, չտես ու աչքածակ չեղար բնավ, քանզի ջավախեցու հոգատար կամեցողությունն էր հավատամքդ: Իմ կրտսեր սերնդի բանաստեղծների՝ Հրաչյա Բեյլերյանի ու Հրաչյա Թամրազյանի, Աղվան Վարդանյանի ու Արմեն Դավթյանի առաջին ժողովածուները նաև քո ծննդավայր Գոմանի հացօղիով ենք թրջել… Իսկ ինչպիսի՜ համակրանք ու հարգանք էր վայելում քո հիմնադրած «Ար» հեռուստաընկերությունը, որ գրական-մշակութային իր ազգանպաստ գործունեությամբ «Գարուն» ամսագրի լավագույն ավանդույթների շարունակողը եղավ մեզանում՝ հենց նույն գարունականներիս անշահախնդիր մասնակցությամբ…
Սիրելի՛ Մերուժան, հոգատար կամեցողությանդ նախորդող քո սիրարկածային անհոգությունը ևս բեղմնավոր էր. ասենք, սիրած աղջկա քմահաճ ցանկություններին ընդառաջելով, խնդրում-հորդորում էիր ստեղծագործող ընկերներիդ՝ այս կամ այն թեմային անդրադառնալ, իսկ անձամբ ինձ աղերսագին պարտադրեցիր գրասեր ընկերուհուդ համար Պաստեռնակ թարգմանել (հանրակացարանային այդ օրերից դու անգիր գիտես «Եղյամ» բանաստեղծությունը): Ժամանակն է՝ անհումոր երախտագիտությունս հայտնեմ դրա և այլևայլ օգտակար բաների համար… Ուզում եմ այսօր միասին վերհիշենք նաև ընթերցամոլությամբ համակված մեր հաճելի փնտրտուքները՝ Շոպենհաուեր ու Նիցշե, Կաֆկա ու Կամյու գտնելու հույսով… Սիրատոչոր ու գրատոչոր տղերք էինք՝ ջահելության ոսկե ձկնիկներին հետամուտ… Եվ ինձ համար գրեթե զարմանալի չէ բանաստեղծական քո ապշեցուցիչ հայտնությունը՝ «Գիշերային վարդ» և «Ցավի որսորդը» գրքերդ ծանծաղոտ ներկայից մեր անհատակ անցյալին պարզած… Եվ այս ամենի ներքո օրինաչափ է, որ երևանյան իմ ամեն գալստին մեզ այնքան հարազատ սրճարաններն ես տանում, որպեսզի զանազան ըմպելիքներով ցրվի կամ վարդագունվի օտարությանս մշուշը… Ավա՜ղ, վաղեմի իմ ընկե՛ր, ամենուր անթոթափելի խորթություն եմ զգում և միայն անդավաճան ընկերներիս օջախներում եմ ջերմանում…
Արդեն հաճախակի կրկնվող այս կախման կետերը մեծահոգաբար ընդունիր որպես ցավի և ափսոսանքի անարձագանք կաթոցներ՝ մեր կարոտասույզ հոգիներում…
«Առավոտի» ուրբաթագիր իմ բարեկամ, փա՛ռք Աստծո, որ հիմա ո՛չ պատգամավոր ես, ո՛չ էլ խմբագիր, և, մոռանալով կամ հիշելով քո սիրելի Ռոբինզոն Կրուզոյին, կարող ես անմնացորդ նվիրվել անավարտ էջերիդ՝ շաբաթվա մնացյալ օրերից գոնե երկուսը անվերապահորեն տրամադրելով դրանց… Ես ծանոթ եմ հղացումներիդ, ուստի և համոզված, որ Խորենացու ողբն ու Տերյանի տրտունջները վերջնականապես չեն մարել քո պարտատու սրտում… Համոզված եմ նաև, որ տնօրենի նոր պաշտոնդ սրտամոտ է քեզ և բարերար ազդեցություն կթողնի գրասևեռ հոգեվիճակիդ վրա…
Ուրեմն, սիրելի՛ Մերուժան, իմ և հազարավոր ընթերցողներիդ ցանկալի հորդորով ապավինի՛ր տաղանդիդ և, առանց դառնաղի արցունքներդ թաքցնելու, տղամարդավարի պեղիր ու գտիր այն կորուսյալը, որ վեպի համարումով «Ընկած թուղթ» ես վերնագրել նախապես՝ գոյականական որոշյալ իր առումով…
Քեզ հոբելյանական համբույրներ հղելուց առաջ զգում եմ, որ սակավագրի իմ խոսքն էլ է անավարտ մնում, սակայն, սիրելի՛ եղբայր, սույն ձևաչափում այլևս անելիք չունեմ…
Բարեկամական հարգանքս ու ջերմագին շնորհավորանքներս՝ նաև ավանդապաշտ ընտանիքիդ: Այսքանը…

Միշտ քո` ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ
23.11.2014 թ.
ք. Վանաձոր

Մեր հին սերմի
ճակատագիրը*
Արևի լույսն այդ օրը լուսնային գունատությամբ էր հայտնաբերում աշխարհը, քանի որ լեռն Արարատ սկսել էր ծխալ:
– Եկել է ժամանակը, և հասունացել է պահը, քանզի արթնացել է Սրբազան լեռը,- հավաքված զինականների և ժողովրդի դեմ կանգնած՝ Կարմիր բլուրի բարձունքից խոսում էր Արի-ան-ար Քուրմ Թագավորը: Նրա մազերը ճերմակ էին, և ճերմակ էր մորուքը: Մունետիկները, բլուրի չորս կողմը կանգնած, բարձրաձայնում էին առաջնորդի խոսքերը, որ բոլորը լսեն: Իսկ Լեռը ծխում էր խաղաղ, ինչպես թոնրատնից ելնող ավետաբեր ծուխ:
– Դուք բոլորդ գիտեք մեր հայրերի թողած մեծ պատգամը, որն ասում է, թե՝ երբ Լեռը նորից ծխա, մենք պիտի ճամփա ընկնենք:
Քուրմ Արքայի ձայնը, մունետիկների բերանից թավալվելով, կանգնածների գլխների վրայով մարմրում ու հասնում էր մինչև ամենահեռվում կանգնած վերջին մարդը:
– Այսօր, այո՛, հենց այսօր ես ձեզ հավաքել եմ՝ ասելու, որ ձեզանից շատերը ճամփա պիտի ելնեն և գնան դեպի աշխարհի չորս կողմերը՝ մեր խոսքը, մեր սերմն ու գիտությունը տարածելու անտեղյակ ցեղերի մեջ: Ասված է, որ մենք, մեր ցեղը և մեր Աստծուն պետք է ճանաչելի դարձնենք օտարներին, եթե իրենց հոգիներում մեր Աստծու համար տեղ կա: Իսկ եթե չկա՝ մի՛ փորձեք ոչնչացնել նրանց, որովհետև ցեղերն այդ սարսափում են անհայտից, իսկ դուք նրանց կյանքում հայտնվելու եք որպես անհայտ, քանի որ շատ եք հայտնի:
Քուրմ Թագավորը մի պահ լռեց՝ ուղղելով ուսից իջնող ծիրանին, և շարունակեց խոսքը.
– Երբեք արյուն չթափեք և չստեղծեք ձեզ համար թշնամիներ, քանի որ ձեր թշնամիները կսկսեն ղեկավարել ձեզ, այնինչ ձեր առաքելությունն Արարատյան է: Դուք կլուծվեք նրանց մեջ, ինչպես մեղրը կենդանի ջրում, դուք կփոխեք նրանց խղճուկ կյանքը, կդարձնեք ձիավորներ, բրոնզե սուր կշնորհեք նրանց և աստղերը ճանաչելու գաղտնիքին կծանոթացնեք, դա՛ է մեր արիական սերմի ճակատագիրը: Իհարկե, դուք կմեռնեք, ինչպես մեռնում են բոլորը, բայց ձեր զավակները նոր թագավորությունների և նոր պետությունների հիմնադիր կդառնան:
Քուրմ Թագավորի ձայնն արդեն լսվում էր առանց մունետիկների, և այն հնչում էր այսպես.
– Ձեր քաղաքներն ու մեհյանները կառուցեք կենդանի ջրերի ափերին՝ հիշելով, որ ձեր ազնվացեղ ձիերը պղտոր ջրեր չեն խմում…
Արի-ան-ար Քուրմ Թագավորը շարունակում էր խոսել, իսկ Լեռը ծխում էր, և ժողովուրդը՝ սպասում…
Այո՜, Լեռը ծխում էր, իսկ ժողովուրդը՝ սպասում:
– Ես ձեզ՝ գնացողներիդ, հանձնում եմ մեր հայրերի թողած բանավոր գիտությունը, հանձնում եմ նաև մեհենագրերը, որպեսզի դուք չմոռանաք արիական տասներկու պատվիրաններից ոչ մեկը և տարածեք այլազան ցեղերի մեջ,- շարունակում էր խոսքը Թագավոր Քուրմը.
– Սիրե՛ք մեր Աստծուն, ում անունը Հայ է, և ում ուսերից իջնում են երկու կենդանի գետեր:
– Մեր Աստծուն մի՛ դարձրեք կուռք, քանի որ նա Կենդանի է և Հավերժական, և չլինի այնպես, որ մեր Աստծու անունից վաղը հալածեք ձեզանից հետո եկողներին:
– Մի՛ վախեցեք, քանզի վախն է բոլոր արատների սկիզբը:
– Մի՛ սպանեք:
– Մի՛ շնացեք:
– Մի՛ երդվեք Աստծու անունով, եթե ստիպված եք սուտ վկայություն տալ:
– Աստծու անունը անտեղի մի՛ հնչեցրեք, եթե ձեր սիրտն ու հոգին ներդաշնակ չեն ձեր խոսքին:
Արի-ան-ար Քուրմ Թագավորի ձայնը այնքան հանդիսավոր էր, որ մունետիկները այլևս չէին բարձրաձայնում, քանզի լսելի էր ամենահեռվում կանգնած մարդուն, ով ուզում էր լսել:
– Օգնե՛ք ձեր թշնամուն, որ ձեզ չատի:
– Մի՛ նախանձեք ձեր ընկերոջ ունեցվածքին, այլ փորձեք հավասարվել նրան:
– Սիրե՛ք ձեր հորն ու մորը և ձեր խոսքն ու ունեցվածքը փոխանցեք ձեր զավակներին:
– Ունեցած մարգարիտները շաղ տվեք նույնիսկ շների առաջ՝ հավատալով, որ նրանք էլ մի օր կմարդեղանան:
Թագավոր Քուրմը մի պահ լռեց և ասես հազարամյակների խորքից եկող հայացքով նայեց իր դիմաց խոնարհաբար կանգնած արիներին.
– Ես հնչեցնում եմ վերջին պատվիրանը մեր հայրերի.
– Մի՛ մոռացեք, որտեղ էլ լինեք, մի՛ մոռացեք Արարատ լուսավոր լեռը, որի սրբազան ձյուների պահապանը ձեր հավերժ հայրերն են: Հիմա գնացողներդ վերջին անգամ նայեք Սրբազան լեռանը, պահեք պատկերը ձեր աչքերի մեջ, որ ձեր աչքերով փոխանցվի ձեր զավակներին,- Քուրմ Թագավորը մի պահ լռեց, և նրա ձայնը հուզմունքից կերկերաց:- Հիշեք, որ այլևս երբեք չեք տեսնելու Արարատ սուրբ լեռը: Բայց մի՛ մոռացեք ձեր եղբայրներին, որ ինձ հետ մնալու են հայրենիքում՝ մաքուր պահելու արիական աշխարհաստեղծ սերմի բագինը:
Թագավոր Քուրմը դարձյալ լռեց, և մի պահ կարծես քամի անցավ բոլոր կանգնածների վրայով՝ խոնարհելով նրանց գլուխները.
– Ձեզ բարի ճանապարհ,- մի տեսակ օտարացած ձայնով շարունակեց Թագավոր Քուրմը,- ձեզ սպասում են տրտում ժողովուրդներ, որոնց դուք պետք է արթնացնեք մոռացության քնից: Ասված է, որ դուք այլևս չեք վերադառնալու ձեզ սնած երկիրը, քանի որ ձեր հայրենիքը այլևս կդառնա աշխարհը, իսկ ձեր սերմը՝ աշխարհի լուսատուն:
Այսպես խոսում էր Արի-ան-ար Քուրմ Թագավորը…
Եվ դա մեր տեր Հիսուս Քրիստոսի ծննդից տասը հազար տարի առաջ էր, երբ արթնացել էր Սրբազան լեռը, և հավերժական ձյուների պահապանը ճանապարհ էր դնում իր զավակներին, որոնք այլևս երբեք չէին վերադառնալու:
Իսկ Լեռը շարունակում էր ծխալ:

Եվրոպայի
առԵՎանգումը*
Ինչպես հայտնի է, եղել է այսպես. երբ Ամպրոպային Զևսը տեսավ ու սիրահարվեց փյունիկյան թագավորի Եվրոպա անունով աղջկան, ով իր մեջ, իր կերպարում Արևելքի հմայքն ու քնքշությունն էր ամփոփում, ցուլի, ոսկեգեղմ ցուլի կերպարանք առավ և առևանգեց Եվրոպային՝ գայթակղելով իր փայլփլուն նրբագեղությամբ:
Անցավ Զևսը, ափսո՜ս, անցան նաև հին աստվածների ժամանակները, բայց մի ամբողջ մայրցամաք կոչվեց գեղեցկուհու անունով:
Հետո ի՞նչ եղավ, եղավ այն, որ Արևելքի հմայքը գողացվեց, և Եվրոպան դարձավ բարեկրթության կենտրոն…
Բայց Եվրոպան հիշում էր իր հմայքի նախասկիզբը՝ արիական ժողովուրդների հայրենիքը՝ առեղծվածային Արևելքը:
Դիոնիսիոսը, Ալեքսանդր Մեծը, հետո Նապոլեոնը արյան հիշողությամբ վերադառնում էին այստեղ, ուր Եվրոպան է ծնվել:
Իսկ հետո, ավելի ուշ, Արևելքի հզոր տիրակալները, հին ավանդությանը հետևելով, եկան Եվրոպան փրկելու առևանգողներից. նախ՝ Հուն-Նու ցեղերի առաջնորդ հզոր Աթիլլան, նույնինքը՝ Իթիլը, որը այժմյան Վոլգա գետի անունն էր: Հետո արդեն Չինգիզ խանի մեծ երազանքը կատարող մոնղոլ Բաթուն:
Սակայն եղավ մի տարաշխարհիկ բան. Տրիեստ քաղաքի դիմաց կանգնած Բաթու հզոր զորավարը, Կղետիանոս կայսեր կիսավեր առանձնատանը գիշերելուց հետո,- մի կայսր, ով սեփական իշխանությունից հրաժարվել էր և կաղամբ էր աճեցնում,- որոշեց վերադառնալ:
Մինչև հիմա էլ ոչ ոք չգիտի, թե Բաթուն ինչու արեց դա, երբ եվրոպական երկրները բարոյապես պարտվել էին և պատրաստ էին ընդունելու մոնղոլական զորավարին՝ ճանապարհ տալով մինչև Վերջին ծովը:
Բայց մոնղոլ Բաթուն չգնաց՝ թերևս համարելով, որ ինքը հմայիչ Եվրոպային ոչ միայն տեսել է, այլև տիրացել է արդեն:
Անցավ նաև մոնղոլ Բաթուն՝ ահեղ զորավարը, չավարտելով իր Չինգիզ խան պապի վերջին ցանկությունը:
Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է: Եվ եկավ ժամանակ, երբ երեք հսկայական մայրցամաք կանգնեցին իրար դեմ, քանզի Եվրոպան ու Ասիան չգիտեին, որ կա նաև Ամերիկա, իսկ չորրորդ մայրցամաք Աֆրիկան վաղուց արդեն նվաճված էր:
Տարիներն անցնում էին, և Եվրոպայի հմայքը շարունակում էր գերել անեվրոպա ժողովուրդներին: Եվ Եվրոպայի գայթակղությունն այնքան զորեղ էր, որ ստեղծվեց եվրոպական արժեք հասկացությունը. խոսքի ազատություն, խղճի ազատություն, մարդու իրավունք, կնոջ ու տղամարդու հավասարություն, ազգերի ինքնորոշման իրավունք և այլ իրական ու խաբուսիկ իրավունքներ: Եվ այդ բոլորը հրաշալի էին և են:
Արժեքներն՝ արժեք, բայց մի զարմանալի բան. Դանիել Դեֆոյի հերոս եվրոպացի Ռոբինզոնը, միայնակ հայտնվելով մարդակերների երկրում, իրեն նեղություն չտվեց սովորելու նրանց լեզուն, այլ բարբարոս Ուրբաթին իր լեզուն սովորեցրեց: Այնինչ, կարծես թե, պետք է լիներ հակառակը՝ թեկուզ իր կյանքի փրկության համար:
Բռա՛վո, Ռոբինզոն:
Այսօր էլ քո գործը շարունակում ես, և քո այդ հմայիչ Եվրոպան մեզ թելադրում էր իր լեզուն՝ իր հռչակած արժեքներով, իրավունքներով ու ազատություններով:
Իսկ մենք՝ ձեռքներս ճակատներիս, հիացած սպասում ենք, թե ուրիշ ինչ եք ասելու, որ մենք անենք՝ մոռանալով մեր իսկ սեփական արժեքները, որոնք շատ ավելի հին են, քան Եվրոպայի առևանգումն էր:
Եվ մտքներովս անգամ չի անցնում, որ մենք հազարամյակներով փորձված մեր արժեքները ներարկենք Եվրոպային, որպեսզի եվրոպական արժեքները չարժեզրկվեն: Եվ չլինի այնպես, որ Բրյուսելի քաղաքապետը քաղաքի գլխավոր հրապարակում զգուշանա Նոր տարվա տոնածառ տեղադրել, որ չվիրավորի իսլամ դավանող իր բնակիչներին:
Անշուշտ, բոլոր կրոնները հարգելի են, և հարգելի են դրանք դավանողները, բայց տեղի է ունենում զարմանալի բան. այն, ինչը որ չկարողացավ մինչև վերջ անել մոնղոլ Բաթուն, Եվրոպան ինքն է անում՝ առևանգելով ինքն իրեն ներսից, հռչակած սեփական օրենքներին գերեվար:
Եվ հիմա ես՝ եվրոպական արժեքների կամավոր որդեգիրս, մտածում եմ՝ խե՜ղճ Եվրոպա, ինչը որ չկարողացան անել քեզ հետ ասպատակողները, ինքդ ես անում քո ներսում, և սկսում եմ կասկածել՝ արդյոք քո ստեղծածը արժե՞ք է, թե՞ քո տեսակի արժեզրկում:
Գուցե այլևս տեղին չի եվրոպական արժեք հասկացությունը, այլ պարզապես կարելի է ասել՝ եվրոպական տեսակետ, որովհետև ամեն ազգ իր արժեքներն ունի, և այդ արժեքները պետք է հարգել՝ չթելադրելով քո տեսակետը մյուսներին, քանզի դրանով արժեզրկում ես նրանց արժեքները:

* «Անհայտի սահմանը» գրքից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։