ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

albertՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, թարգմանիչ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

 

Գուրգեն ԲԱՐԵՆՑ

ԵՐԲ ԱՆՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲՐԵՆԴ
Գրական դիմանկարի փորձ

Բորիս Պաստեռնակը համոզված էր, որ ստեղծագործող անհատի համար գերադասելի է լինել թերա­գնահատված, քան գերագնահատված: Եվ ասվածը, անշուշտ, ճակատագրի սիրեցյալների, «պատահական փառքով օծված» մարդկանց մասին չէ: Մտապահենք մեծ բանաստեղծի ու թարգմանչի կյանքի կարևոր կանխադրույթը (պոստուլատը), որին դեռ կանդրադառնանք:
Մեր ժամանակակից բանաստեղծ, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի անունը հայ պոեզիան լավագույնս քարոզող ու հանրահռչակողների շարքում է: Նա քառասունից ավելի թարգմանական գրքերի հեղինակ է, նաև տասնյակ պոեզիայի անթոլոգիաներ, առանձին բանաստեղծների հեղինակային գրքեր, որոնցում հիմնական մասն են կազմում նրա թարգմանությունները: Թարգմանված հեղինակներից նշենք Հովհաննես Թումանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Մկրտիչ Պեշիկթաշլյանին, Միսաք Մեծարենցին, Դանիել Վարուժանին, Վահան Տերյանին: Ժամանակակից հայ պոեզիան նրա թարգանությամբ ներկայացված է ի դեմս Դավիթ Հովհաննեսի, Սևակ Արամազդի, Հովհաննես Գրիգորյանի, Վարդան Հակոբյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Թամար Հովհաննիսյանի, Անատոլի Հովհաննիսյանի և էլի շատերի: Նշենք նաև, որ Ա. Նալբանդյանը թարգմանել է լատվիացի, վրացի, ուզբեկ բանաստեղծների, ընդ որում, այդ թարգմանությունների տարբերակիչ որակը «փայտե/քարացած» տողացիի պրիզմայի միջով բնագիրը տեսնելու կարողությունն է: Ա. Նալբանդյանի թարգմանական գործունեությունը մեր բանաստեղծական թարգմանության պատմության և դասական ու արդի հայ գրականության հանրայնացման պատմության մի ամբողջ դարաշրջան է:
Ստեղծագործական ուղին նա սկսել է որպես բանաստեղծ՝ հեռավոր 1963-ին հրատարակելով «Կիսաձայն» բանաստեղծությունների ժողովածուն: Երիտասարդ հեղինակի գրքույկը նկատվեց ընթերցողների ու քննադատների կողմից, այն համարում էին բազմախոստում հայտ: Ընթերցողները այդպես էլ չտեսան շարունակությունը՝ նրա ինքնատիպ բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն, բայց առաջին փորձն օգնեց տիրապետել բանաստեղծական ձևերի մեծ շտեմարանի, ինչը հետագայում կարևոր դեր ունեցավ նրա թարգմանական գործունեությունում:
Որո՞նք են, իմ կարծիքով, Ա. Նալբանդյանի թարգմանությունների գլխավոր արժանիքները: Որ նա թույլ չի տալիս իր ստեղծագործական անհատականությանը «ինքնագլխություն անել», բնագիր տեքստերին «ակտիվ խառնվել», «խմբագրել ու ռետուշ անել»: Դա մեծ գայթակղություն է, որից չեն կարողացել խուսափել Ս. Մարշակը, Բ. Պաստեռնակը, Ն. Գրեբնևը, Բ. Ախմադուլինան, շատ այլ թարգմանիչներ… Ես հատուկ թվեցի ամենահայտնի ու մեծ բանաստեղծ-թարգմանիչների անունները: Եվ նման մոտեցման մեջ դատապարտելի ոչինչ չեմ տեսնում. եթե Մարշակը «ինքնահնարք» թույլ չտար (ընդ որում՝ մեծ չափաբաժնով) Հովհ. Թումանյանին թարգմանելիս, ապա «Շունն ու կատուն» և «Մի կաթիլ մեղրը» այդքան ընդունված չէին լինի ռուս ընթերցողների կողմից ու չէին համարվի ռուսալեզու մանկական գրականության գլուխգործոցներ:
Ա. Նալբանդյանի թարգմանական գործունեության նշանակալի փուլերը դարձան հայ պոեզիայի նոր ժամանակաշրջանի դասականներ Հովհ. Հովհաննիսյանի և Վ. Տերյանի ընտրանի բանաստեղծությունների գրքերը, որոնք լիովին կարող են հավակնել որպես գեղարվեստական թարգմանության բուհական հատուկ դասընթաց: Ես դժվարանում եմ նշել առավել օրինակելի-ցուցա­դրական և ուսուցման դիտողական նյութ բանասերների համար, որոնք ընտրել են բանաստեղծական թարգմանչի մասնագիտությունը: Ժամանակին ես մանրամասն վերլուծել եմ Ա. Նալբանդյանի տերյանական թարգմանությունները՝ որպես շախմատային պարտիաներ, համեմատելով բանաստեղծական թարգմանությունների մասերը հայերեն բնագրերի հետ: Այս փորձը ինձ թույլ է տալիս պնդել, որ նման համեմատական վերլուծությունը ավելի քան օգտակար է ուսանող-թարգմանիչների համար ու հնարավորություն է տալիս թափանցել թարգմանչի ստեղծագործական լաբորատորիան, հետևել թարգմանվող ստեղծագործության կայացման ընթացքին:
Ա. Նալբանդյանի թարգմանությունները ոգեշնչվածության ու տաղաչափության առումով անթերի, լիարժեք ռուսերեն բանաստեղծություններ են, որոնք թարգմանությանը արվող զիջման ու ներողամտության կարիք չունեն: Չէ՞ որ ակնհայտ է՝ միջակ բանաստեղծությունները չեն կարող լավ թարգմանություն համարվել: Ա. Նալբանդյանի թարգմանություններում չես հանդիպի բառատող խցկած ոճային անհարթության, առավել ևս չես նկատի «հայկական ակցենտ», այսինքն՝ թարգմանական պոեզիային հատուկ համարյա թե պարտադիր գործիքակազմ (ատրիբուտիկա): Հակառակը, նրա թարգմանությունները շնչում են ազատ, ընթերցվում են շատ թեթև, առանց լարումի: Այսպիսին էլ պիտի լինի իսկական բանաստեղծությունը, ընթերցողը չպիտի զգա հեղինակի՝ հարկավոր բառը գտնելու ստեղծագործական տառապանքը: Քսան տարի առաջ Ա. Նալբանդյանն ասել է, որ ունակ է թարգմանել ցանկացած բանաստեղծություն, և նրա խոսքում չկար ինքնագովության նշույլ իսկ, դա համոզվածությունն էր սեփական ուժերին ու հնարավորություններին: Թարգմանչի արժանիքներից է նաև հետևողականությունը. ցանկացած բանաստեղծական ձև նրա հպատակության տիրույթում է, և դժվար է ճշգրտել՝ այդ ձևերից որ մեկին է նա ակնհայտ գերադասության արժանացնում:
Համոզված եմ, գրական համայնքը, հայ գրողները, գրականության սիրահարները Ալբերտ Նալբանդյանի առաքելությունը և կյանքի գլխավոր գործն են համարում «Լիտերատուրնայա Արմենիան», որի խմբագիրն է 1987 թվականից: Ամսագրի համար այս մեծ ժամանակա­շրջանից համեմատաբար անամպը առաջին 3-4 տարիներն էին, հետո պետական ֆինանսավորումը դադարեց՝ դառնալով ավելի քան խորհրդանշական աջակցություն: Երբեմնի գործուն ամսագիրը վերածվեց մի կերպ ծայրը ծայրին հասցնող եռամսյա հանդեսի և արդեն երեք տասնամյակ գտնվում է փակման եզրին: Եվ չի դադարեցնում իր գոյությունը միայն ու միայն իր մշտամնա գլխավոր խմբագրի անհավատալի ջանքերի շնորհիվ:
Աներկբա է, որ Ալբերտ Նալբանդյանի «օրերն ու գործերը» առավելապես «Լիտերատուրնայա Արմենիայում» են անցնում, և հանդեսի կենսագործունեությունը հազար թելով կապված է գլխավոր խմբագրի հետ, բայց նրա «ոսկե դարը», իմ կարծիքով, 1980-ականների կեսերն էր, երբ գլխավորում էր «Սովետական գրող» հրատարակչության ռուսական խմբագրությունը՝ կյանքի կոչելով բազմաթիվ կարևոր, հրաշալի նախագծեր: Այդ տարիներին հրատարակվեցին Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի հատընտիրների միհատորյակները, ռուսալեզու հայ գրողների «Խաղողի վազ ու քար» ժողովածուն (երկու գրքով), «Ժամանակակից հայ պատմվածք» մատենաշարը (վեց գրքով), ժամանակակից հայ բանաստեղծների «Հարազատ տան ոգին» ժողովածուն… Թվարկում եմ՝ ապավինելով հիշողությանս, ու շատ հնարավոր է, որ բաց եմ թողել ոչ պակաս կարևոր նախագծեր: Բոլոր նախագծերում Ա. Նալբանդյանը ամենագործուն մասնակցությունն է ունեցել ոչ միայն որպես խմբագիր ու կազմող, այլև գաղափարը առաջ մղող ու թարգմանիչ հեղինակներից մեկը: Եվ այս ամենին զուգահեռ նա հասցնում էր համագործակցել մոսկովյան խոշոր հրատարակչությունների հետ:

***
Իսկ հիմա վերադառնանք Բ. Պաստեռնակի կանխադրույթին՝ թերագնահատված ու գերագնահատված ստեղծագործ անհատներ: Կարծում եմ, յուրաքանչյուրիս վիճակվել է հանդիպել և՛ առաջիններին, և՛ երկրորդներին: Գրականության և արվեստի շատ գործիչներ, որոնց մեջ շատ են իրապես տաղանդավոր մարդիկ, նպատակասլացորեն «սարքում են իրենց կենսագրությունը», հոգ են տանում «արեգակի տակ» իրենց տեղի մասին, հարկ են համարում առիթով և անառիթ հիշեցնել իրենց մասին: Կարճ՝ «ստիպում են հարգել իրենց»:
Ինչ վերաբերում է Ալբերտ Նալբանդյանին, իմ խորին համոզմամբ, նա մինչ օրս մնում է թերագնահատված: Շատերը անկեղծ տարակուսանքով կհարցնեն՝ ինչպե՞ս թե… Ալբերտ Նալբանդյա՞նը: Բայց չէ՞ որ նա համարվում է հայ ժամանակակից պոեզիայի լավագույն թարգմանիչը, շատ գրչակիցների համար բանաստեղծական թարգմանության առաջատարն է մեր երկրում: Այո՛, ասվածը ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաև, որ նրան գիտեն ու գնահատում են միայն գրողական համայնքում: Մինչդեռ նա արժանի է ավելի լայն ճանաչման… Իհարկե, հարցը միայն կոչումն ու պար­գևը չէ, որոնց նկատմամբ վարպետ թարգմանիչը անկեղծորեն անտարբեր է՝ զուրկ փառասիրական որևէ նկրտումից:
Նրա հատընտիր թարգմանությունները վրացերենից, ուզբեկերենից, լատիշերենից ու հայ պոեզիայից, ամենախիստ չափանիշներով, կարող են կազմել երկու փառահեղ հատոր և միանգամայն համահունչ կլինեին «Բանաստեղծական թարգմանության վարպետություն» մատենաշարին: Նման հրատարակությունը գերազանց նվեր կլիներ ոչ այնքան բանաստեղծ-թարգմանչին, որքան պոեզիայի ու բանաստեղծական թարգմանության նվիրյալ գնահատողներին:
Հիմա անցնենք, այսպես ասած, «մարդկային գործոնին», առանց որի Ալբերտ Նալբանդյանի գրական դիմանկարը լիակատար չէր լինի: Նա ինձ հանդիպած ամենազարգացած մարդկանցից մեկն է: Ոչ ոք չի կարող մրցել նրա հետ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից համաշխարհային պոեզիայի իմացությամբ: Ասվածը առավելապես վերաբերում է հայ գրականւթյանը, պատմությանն ու մշակույթին: Տասնամյակներ շարունակ գլխավորելով Հայաստանում միակ ռուսալեզու ամսագիրը՝ լավագույնս գիտե ու կողմնորոշվում է արդի հայ գրական գործընթացներում. ՀԳՄ 400-ից ավելի անդամներ՝ բանաստեղծներ, արձակագիրներ, դրամատուրգներ ու գրաքննադատներ, ցանկանում են թարգմանվել ու տպագրվել ռուսալեզու գրական ամսագրում:
Կան մարդիկ (ոչ շատ, բայց կան), որոնք չեն սիրում նշել իրենց ծննդյան օրը: Չեն սիրում աղմուկը դրա շուրջ, տեսախցիկի առաջ կեցվածք ընդունելը, «լող տալ փառքի ճաճանչներում», կենացներ չեն սիրում: Սակավաթիվներից մեկն է Ալբերտ Նալբանդյանը. նա հարմարավետ է զգում աշխատասենյակի լռության մեջ, կարդալով իր սիրած դետեկտիվ վեպերն ու շախմատ խաղալով ընկերների հետ:
Ահա և հասանք նրա երկու մեծագույն հրապուրանքներին՝ շախմատ ու դետեկտիվ գրականություն: Շախմատ խաղում է վարպետության թեկնածուի ուժով՝ նախընտրելով խաղալ հինգրոպեանոց բլից: Ինչ վերաբերում է դետեկտիվին, այստեղ նա մեծ գիտակ է ու փորձագետ, Հայաստանում (և ոչ միայն) նրան հավասարը չկա: Նա դետեկտիվ գրականության յուրօրինակ քայլող հանրագիտարան է: Ողջ կյանքում հավաքել է դետեկտիվ գրականություն, ուշադիր հետևել է նորույթներին, և հիմա նրա տնային գրադարանը համաշխարհային դետեկտիվի և համաշխարհային պոեզիայի պատկառելի հավաքածու է:
Որպեսզի հերոսի գրական դիմանկարը ընթերցողին չթվա իդեալականացված, իսկ հոդվածը՝ գովաբանական, նշեմ, որ Ալբերտ Նալբանդյանը հեշտ բնավորություն չունի, ինչ-որ առումով դոգմատիկ է: Եթե մեկին չընդունեց, ապա լարվածությունը նրանց մարդկային հարաբերություններում կլինի մշտական կատեգորիա: Եվ հակառակը: Մեկ անգամ չէ, որ համոզվել եմ դրանում: Երբ նրան փորձում եք ինչ-որ հարցում հակառակը համոզել, սկսում է լուռ ու դանդաղ քայլել սենյակում, և դժվար է հասկանալ՝ ձե՞զ է լսում, թե՞ իր մտածմունքի հետ է, բայց ի վերջո մնում է իր կարծիքին: Ու եթե անգամ ասում է ձեզ. «Դե լավ, կմտածեմ», ամենևին չի նշանակում, որ ձեզ հաջողվեց համոզել նրան: Գրական հարցերի, երևույթների կամ ստեղծագործությունների մասին մեր գնահատականները սովորաբար համընկնում են, բայց լինում են նաև տարաձայնություններ, ընդ որում՝ բավական սկզբունքային: Ինձ հատկապես վշտացնում է մեր տարաձայնությունը մեր «թավշյա» ղեկավարության գործունեությունը գնահատելիս: Մեր գնահատականների չհամընկնելը ընդունում եմ այնքան սուր ու ցավագին, որ ջանադրորեն շրջանցում եմ քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող բոլոր հարցերը:
Ալբերտ Նալբանդյանի մեջ խաղաղ գոյակցում են մեծն աշխատավորն ու «ժամանակավոր ծուլու­թյունը»… Նա պետք է ավելի քիչ զբաղվի առկա հարցերով ու ժամանակի մեծ մասը հատկացնի ստեղծագործական աշխատանքին, չէ՞ որ իր բացառիկ օժտվածությամբ կարող էր ստեղծել կրկնակի ու եռակի անգամ ավելի հրաշալի թարգմանություններ, որոնք ինձ համար առավել կարևոր են, քան նրա լրագրողական, կազմակերպչական ու խմբա­գրական աշխատանքը հանրապետության պարբերական մամուլում, հրատարակչությունում ու «Լիտերատուրնայա Արմենիայում»: Այս համոզմունքս շատերին ոչ թե վիճելի, այլ արմատապես սխալ կթվա, քանի որ խմբագրի աշխատանքը նրանց ներկայանում է որպես հոբելյարի կենսա­գրության կարևոր էջ, ողջ կյանքի գործ: Բայց ես մնում եմ իմ կարծիքին: Ամենևին չթերագնահատելով վերոնշյալի կարևորությունը՝ նրա առաքելությունը համարում եմ թարգմանական գործունեությունը, ստեղծագործական ժառանգությունը:
Եթե կհանդիպեք Ալբերտ Նալբանդյանի ստորագրությամբ բանաստեղծական թարգմանության, վստահեցնում եմ, ձեզ վիճակվել է հանդիպում բարձր որակի ու ճշգրտության հետ, քանի որ թարգմանչի անունը բրենդ է՝ ոսկերչական վարպետության, կատարելության, նրբարվեստ աշխատանքի երաշխիք:

Ռուսերենից թարգմանեց
Կ. ԽՈԴԻԿՅԱՆԸ

***

Անն­կատ մո­տե­ցել և­ ան­ցել է մեր սի­րե­լի ըն­կեր, թարգ­մա­նիչ, բա­նաս­տեղծ, «Литературная Армения» ամ­սագ­րի բազ­մա­վաս­տակ խմբա­գիր Ալ­բերտ ­Նալ­բանդ­յա­նի 80-ամ­յա հո­բել­յա­նը: ­Նա միշտ փախս է տա­լիս իր հո­բել­յա­նից, եր­բեք չի ու­զում դա նշա­նա­վո­րել, ծննդյան օրն էլ հա­տուկ չի պատ­րաստ­վում նշել:
Ալ­բերտ ­Նալ­բանդ­յա­նը մե­զա­նում հայտ­նի է որ­պես շատ լավ թարգ­մա­նիչ: Երբ 1980-ա­կան թվա­կան­նե­րին «Советский писатель» հրա­տա­րակ­չութ­յու­նը տպագ­րում էր մեր գրքե­րը, բաժ­նի վա­րիչ, բա­նաս­տեղծ Է­դո­ւարդ ­Բա­լա­շովն ինձ ա­սում էր, որ հե­տապն­դում է Ալ­բերտ ­Նալ­բանդ­յա­նին, որ­պես­զի նա թարգ­մա­նի ոչ միայն հայ, այլև մյուս հան­րա­պետութ­յուն­նե­րի գրող­նե­րին: ­Նաև շատ երկր­նե­րի գրող­ներ էին ձգտում Ալ­բեր­տի հետ հա­մա­գոր­ծակ­ցել, քա­նի որ նա նրբազ­գաց, ճշգրիտ և ­բա­նաս­տեղ­ծա­կան էութ­յու­նը ըն­կա­լող թարգ­մա­նիչ է, ո­րը պա­տիվ է բե­րում թարգ­ման­վող հե­ղի­նա­կին: Եվ ա­սեմ՝ շա­տե­րի գրքե­րը թարգ­մա­նել է:
Ի դեպ, նա մնա­յուն նա­խա­ձեռ­նութ­յուն­ներ կյան­քի կո­չեց «­Սո­վե­տա­կան գրող» հրա­տարակ­չութ­յու­նում, որ­տեղ ռու­սա­կան բաժ­նի վա­րիչն էր. ի­րա­կա­նաց­րեց հայ ար­դի գրա­կա­նութ­յան ռու­սե­րեն թարգ­մա­նութ­յունն ու տպագ­րութ­յու­նը ԽՍՀՄ բո­լոր, այդ թվում նաև՝ մեր հան­րա­պե­տութ­յու­նում (այն օ­րե­րին ­Հա­յաս­տա­նում ռու­սե­րեն գրքեր քիչ էին հրա­տա­րակ­վում):
Ալ­բեր­տի մարդ­կա­յին, մտա­վո­րա­կան, գրա­կան կեր­պա­րը ա­ռանձ­նա­կի շեշտ­վեց, երբ սկսեց խմբագ­րել «Литературная Армения» ամսա­գի­րը: Ն­րա աշ­խա­տան­քի արդ­յունքն է, որ ամ­սա­գի­րը պա­հան­ջարկ ու­նի գրքի մի­ջազգա­յին տար­բեր ցու­ցա­հան­դես­նե­րում: ­Հատ­կա­պես ­Մոսկ­վա­յում, գրքի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սի օ­րե­րին տես­նում էինք, թե ինչ­քան մարդ է գա­լիս, վերց­նում ամ­սա­գիրն ու զար­մա­նում, որ ­Հա­յաս­տա­նում դեռ շա­րու­նակ­վում է հրա­տա­րակ­վել ռու­սե­րեն պար­բե­րա­կան, մա­նա­վանդ 90-ա­կան­նե­րի վեր­ջե­րի և 2000-ա­կան­նե­րի սկզբնե­րի դժվա­րին տա­րի­նե­րին: Եվ այդ գոր­ծը մեր սի­րե­լի Ալ­բերտ ­Նալ­բանդ­յանն ա­նում է՝ դի­մա­կա­յե­լով ակն­հայտ դժվա­րութ­յուն­նե­րին: ­Շատ մե­ծա­հա­րուստ հա­յեր կան, բայց, ցա­վոք սրտի, մշա­կույ­թի նկատ­մամբ այն բա­րի հա­յաց­քը չու­նեն, ինչ մենք էինք ակն­կա­լում…
­Պե­տա­կան մաս­նա­կի ա­ջակ­ցութ­յան շնոր­հիվ ամ­սա­գի­րը տպագր­վում է, իր ըն­թեր­ցող­ներն ու­նի և ­բա­վա­կա­նին ներ­դաշ­նակ ներ­կա­յաց­նում է ժա­մա­նա­կա­կից, նաև դա­սա­կան հայ գրա­կա­նութ­յու­նը, հրա­պա­րա­կա­խո­սութ­յուն՝ Ար­ցախ­յան ա­զա­տա­մար­տի, մեր պատ­մութ­յան, ժա­մա­նա­կա­կից կյան­քի թե­մա­նե­րով:
Ալ­բերտ ­Նալ­բանդ­յա­նին շատ խոր­քից գիտեմ՝ ի­րար հետ շախ­մա­տա­յին շատ պար­տիա­ներ ենք խա­ղա­ցել: Ար­հես­տա­վարժ շախ­մա­տիստ է, վար­պե­տութ­յան թեկ­նա­ծու, և­ ա­սեմ՝ նրա կեր­պա­րին կա­ռու­ցի­կութ­յուն, ներ­դաշ­նա­կութ­յուն հա­ղոր­դել է նաև շախ­մատի ո­գին: Մտա­ծո­ղութ­յու­նը, տրա­մա­բա­նութ­յու­նը, աշ­խա­տան­քը կազ­մա­կեր­պե­լու հմտութ­յու­նը, կար­ծում եմ, շախ­մա­տից փոխանց­ված հատ­կա­նիշ­ներ են, ո­րոնք ամ­րաց­րել են նրա՝ ի սկզբա­նե ա­մուր բնա­վո­րութ­յու­նը:
­Մեր սի­րե­լի բա­րե­կա­մի, ըն­կե­րոջ 80-ամ­յա­կը շնոր­հա­վո­րենք, իսկ ես ա­վե­լաց­նեմ՝ նա այն­պես թեթև է անց­նում այդ տա­րի­քի վրա­յով, որ մտա­ծում ես՝ 100 տա­րին էլ հե­ռու չէ…

Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

***

ՀՐԱՇԱԳՈՐԾԸ

Ձախից աջ՝ Մագդա Ջանփոլադյան, Ալբերտ Նալբանդյան, Ելենա Մովչան
Ձախից աջ՝ Մագդա Ջանփոլադյան, Ալբերտ Նալբանդյան, Ելենա Մովչան

Պոեզիայի թարգմանության հրաշալի վարպետ Սամուիլ Մարշակը բազմամյա իր փորձն ընդհանրացրել է երկու նախադասությամբ. «Բանաստեղծությունը թարգմանել ան­հնար է: Ամեն անգամ դա բացառություն է»: Այսինքն, եթե բանաստեղծական տեքստի թարգմանությունը հաջողել է, ապա հրաշք է կատարվել… Մարշակի խոսքերի իմ ընկալումն էլ հուշեց Ալբերտ Նալբանդյանի մասին խոսքիս վերնագիրը, քանզի նրա բազմամյա թարգմանական աշխատանքը ընթերցողին է նվիրել նման բազմաթիվ «բացառություններ», այսինքն՝ հրաշքներ, երբ բնագիրը նրա կախարդական գրչի տակ նոր, բնական ու լիարյուն կյանք է ստացել:
Նալբանդյանի հետ ծանոթացել եմ 1982 թվականին, երբ Էդվարդ Ջրբաշյանի և Ալբերտ Շարուրյանի հետ հրատարակության էինք պատրաստում «Բանաստեղծի գրադարան» Մեծ մատենաշարի (Լենինգրադ)՝ ռուսերենով արևմտահայ պոեզիայի առաջին անթոլոգիան:
Ժողովածուն ընդգրկում էր Մկրտիչ Պեշիկթաշլյանի 19 բանաստեղծությունները՝ Ա. Նալբանդյանի թարգմանությամբ: Այդ թարգմանությունները առաջին անգամ ռուս ընթերցողին բացահայտեցին Պեշիկթաշլյանի պոեզիայի բնորոշ առանձնահատկությունները, ում Պարույր Սևակն անվանել էր «հայ նոր քնարերգության հիմնադիրն ու առաջին դասականը»: Իսկ ինձ համար այդ թարգմանությունները բացահայտեցին դրանց հեղինակին, նրա տաղանդը, բնագրի մեջ թափանցելու կարողությունն ու վերջինիս գաղափարագեղարվեստական միասնությունը, զգացմունքային շարքը վերստեղծելու հմտությունը:
Այդ օրերից ի վեր այլևս առիթը բաց չէի թողնում ծանոթանալու Ալբերտի նոր աշխատանքներին, լինեին դրանք հայ դասականների՝ Հովհաննես Հովհաննիսյանի կա՛մ Վահան Տերյանի առանձին բանաստեղծական ժողովածուները, կա՛մ Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, ինչպես նաև մեր ժամանակակիցների՝ Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի և այլոց գործերի թարգմանությունները՝ տպագրված ժողովածուներում կամ պարբերական մամուլում: Ու եթե փորձեմ մի քանի բառով բնութագրել Նալբանդյանի թարգմանչական սկզբունքները, ապա առաջնահերթ պետք է նշեմ խստագույն պատասխանատվությունն ու պահանջկոտությունը, ամենաբարձր արդյունքին հասնելու, թարգմանվող հեղինակի բանաստեղծական ոճի առանձնահատուկ գծերը հնարավորինս վերստեղծելու ձգտումը:
Կարծում եմ, ամենաարժեքավորը նրա թարգմանություններում բնական հնչողությունն է: Չէ՞ որ հաճախ թարգմանված տեքստերում զգացվում է՝ ինչ-որ բառ տեղադրվել է հանուն հանգի կամ բնագրի այլ գծերի, օրինակ՝ հնչողության… Նալբանդյանի թարգմանություններում արհեստականություն չկա: Ահա Վահան Տերյանի «Էլեգիայի» առաջին տողերը.
День умирает. Медленная мгла
Ложится наземь невесомой пряжей.
Как тихо! Как спокойна и светла
Дремота вечереющих пейзажей!
Այստեղ այնքա՜ն նուրբ է վերստեղծված տերյանական տրամադրությունը, յուրատիպ կերպարայնությունը, նրա բանաստեղծության թափանցիկ ներքին երաժշտականությունը: Թվում է՝ տողերը ինքնաբերաբար են ծնվել… Իսկ թարգմանչի հսկայական, մանրակրկիտ աշխատանքը մնացել է կադրից դուրս: Այսպե՛ս է թարգմանությունը դառնում պոեզիայի հրաշք:
Սակայն Ալբերտ Նալբանդյանը ոչ միայն հրաշագործ թարգմանիչ է: Նա նաև հրաշագործ է որպես «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագիր՝ ավելի քան 30 տարի՝ 1987-ից: Եվ մատների վրա կարելի է հաշվել այն տարիները, որոնք շատ թե քիչ բնականոն պայմաններում են անցել, և բուն գրական հարցերից բացի, հարկ չի եղել լուծել լրիվ այլ խնդիրներ. ի՞նչ միջոցներով տպա­գրել հանդեսը, ո՞նց գտնել հովանավորներ…
Ինչպե՞ս է Ալբերտ Նալբանդյանը տանում այդքան հոգսերի բազմամյա բեռն ու չի կորցնում հույսը. սա է առեղծվածը: Դրա բացահայտումը իր մարդկային էության մեջ է: Կուզենայի այդ մասին էլ խոսել, բայց դա առանձին թեմա է: Իսկ հոբելյարը շատախոսություն չի սիրում…

Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

***

­

Սի­րե­լի՛ Ալ­բերտ, շնոր­հա­վո­րում եմ ­Ձեր լու­սա­վոր ծնուն­դը, ­Դուք այ­սօր­վա գրո­ղա­կան հա­մայն­քի այն աս­պետն եք, ո­րին երբ­ևէ չենք տե­սել ՄԱՐԴ ա­րա­րա­ծի հա­մար նա­խա­սահ­ման­ված բարձ­րութ­յու­նից թե­կուզև փոքր-ինչ շեղ­վե­լիս: ­Չենք տե­սել, որ բա­ցի մեր գրա­կա­նութ­յու­նը խթա­նե­լուց, օտար­նե­րին ըստ ար­ժան­վույն ներ­կա­յաց­նե­լուց՝ այլ շա­հագրգ­ռութ­յուն ու­նե­նաք: ­Չենք տե­սել ­Ձեզ բարձ­րաղ­մուկ հա­վաք­նե­րին ճա­ռե­լիս կամ ­Ձեր դժգո­հութ­յու­նը գոր­ծին չառնչ­վող մարդ­կանց՝ միայն սիր­տը հո­վաց­նե­լու հա­մար փո­խան­ցե­լիս:
­Ձեր ա­նանձ­նա­կան մտա­հո­գութ­յուն­ներն էլ այս կամ այն կերպ տեղ են հաս­նում… ­Մե­կը մե­կից ան­լու­ծե­լի բար­դութ­յուն­ներ անտր­տունջ հաղ­թա­հա­րե­լով՝ կա­րո­ղա­ցաք եր­կար տա­րի­ներ պա­հել, գուր­գու­րել, նո­րո­գել «Литературная Армения»-ն, աշ­խար­հին ա­պա­ցու­ցել, որ հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի մեջ հայ գրա­կա­նութ­յու­նը եր­բեք կանգ չի ու­նե­ցել, չի ու­նե­նում և ­չի ու­նե­նա: ­Ձեր աչ­քից եր­բեք չեն վրի­պում մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը. չի ե­ղել, որ չփնտրեք ու չգտնեք ար­ժա­նա­վոր­նե­րին: ­Դուք նաև ճա­շակ եք ձևա­վո­րում, քա­նի որ ըն­թեր­ցո­ղը ան­վե­րա­պահ հա­վա­տում է ­Ձեր գրա­կան նա­խա­սի­րութ­յուն­նե­րին:
­Ձեզ եր­կար, ա­ռողջ, ու­րախ կյանք եմ մաղ­թում մեր պու­ճու­րիկ, բայց չքնաղ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

***

Եր­բեք չեմ սի­րել շնոր­հա­վո­րանք­ներն ու հո­բել­յա­նա­կան ե­լույթ­նե­րը։ ­Միշտ մտա­ծել եմ, որ դրանք թեթ­ևա­կի քծնանք ու չա­փա­զան­ցութ­յուն են պա­րու­նա­կում։ ­Բայց այս դեպ­քում չա­փա­զանց­նե­լու տեղ կար­ծես թե չի մնում։ ­Խո­սակ­ցա­կան լեզ­վում մի բառ կա՝ քո­թուկ, տան քո­թուկ՝ մե­կը, ով մշտա­կան հե­նա­րան է, հիմ­նա­քար, ո­րի շուր­ջը հա­մախմբ­վում կամ հա­յացք­նե­րը հա­ռում են մար­դիկ։ ­Մե­կը, ով միշտ տե­ղում է և ­ներ­կա։ Ալ­բերտ ­Նալ­բանդ­յա­նը ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան սի­րե­լի քո­թուկն է։ Ապ­րել մեր անհ­րա­պույր, խառ­նակ օ­րե­րում այդ­պի­սի սի­րով ու խան­դա­վա­ռութ­յամբ, ա­ռանց ա­պա­կան­վե­լու՝ գեր­մար­դու հատ­կա­նիշ է։
Ի­զուր չեն ա­սում՝ մարդն այն­քան տա­րե­կան է, որ­քան ի­րեն զգում է։ Այս ա­ռու­մով պա­րոն ­Նալ­բանդ­յա­նը իմ երևա­կա­յութ­յան մեջ պա­տան­յակ է՝ միշտ ժպտե­րես, բա­րի, թռվռան ու անտր­տունջ։ ­Կար­ծում եմ՝ ոչ միայն ինձ, այլև շա­տե­րի հա­մար նրա ներ­կա­յութ­յունն է նաև, որ գրա­կան մի­ջա­վայ­րը կեն­դա­նի ու սի­րե­լի է դարձ­նում։ Գ­րա­կա­նութ­յան ողջ հմայ­քը ար­տա­ցոլ­ված է նրա դեմ­քի ազն­վա­կան ար­տա­հայ­տութ­յան մեջ։ Իր գո­յութ­յամբ նա ի­րա­գոր­ծել է այն, ինչ շա­տերս ենք ե­րա­զում՝ ապ­րել եր­կար, ազ­նիվ և ­ծա­ռա­յել գրա­կա­նութ­յա­նը։ Ի­հար­կե, լավ չէ, որ նրա կյան­քը բա­ցեր չու­նի և ­մեզ հո­րի­նե­լու, չա­փա­զանց­նե­լու կամ քծնե­լու տեղ չի թող­նում, բայց նա­խան­ձե­լի է՝ նրա ողջ կյան­քը մարդ լի­նե­լու մա­սին է։

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

One thought on “ԱԼԲԵՐՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

  1. Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ իմ լավ և երկարամյա ավագ գործընկերոջ և բարեկամի՝ Ալբերտ Նալբանդյանի 80-ամյակը: Նա հոյակապ Անձնավորություն է, յուրօրինակ Բանաստեղծ, ուրույն Թարգմանիչ… Ցանկանում եմ արևշատություն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։