ԻՆՉՊԵՍ ՆՈՅԸ / Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Մարդիկ կան՝ գալիս-խրվում են քո օրվա մեջ, և այլևս դու մենակ չես քո օրվա հետ ու քո օրվա տերը չես, գալիս-խրվում են կյանքդ ու քեզ տեր են դառնում, ավելին՝ քեզ են տեր դարձնում: Ու ապրում են այդ մարդիկ քեզ հետ՝ անկախ նրանից՝ հեռո՞ւ են, թե՞ կողքիդ, ծանո՞թ են, թե՞ անծանոթ: Իրենք են, և առանց իրենց՝ դու արդեն դու չես:
«Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ»,- հարցրի նրան իր 60-ամյակի նախօրեին, ասաց. «Այդ հարցին պատասխան տվել են իմ գործն ու իմ քննադատները: Հակոբ Մնձուրու իմ բնորոշումը վերադարձվել է ինձ՝ «Անցյալի մոլորյալ առաքյալը՝ այսօրվա քաղաքակրթության բավիղներում»:
Չէ, ես 1995-ին համաձայն չէի «Անցյալի մոլորյալ առաքյալը» բնորոշման հետ: Ու համաձայն չեմ 2015-ին: Ոչ այն պատճառով, որ առաքյալը չի մոլորվում, որ առաքյալին ժամանակին չեն հասկանում, որ առաքյալը անցյալ չի լինում, ու ինքն է քաղաքակրթության բավիղները ճանապարհ դարձնում: Պարզապես Հրանտ Մաթևոսյանը Հրանտ Մաթևոսյանին ավելի շատ հարցեր ուներ, քան մեզնից որևէ մեկը երբևէ ունեցել է:
Անցյալ դարի հայ գրականության բախտը ֆանտաստիկ բերել է՝ անցյալ դարի հայ գրականության ընթերցողներս երես առած երեխաներ ենք, որ սկսել ենք մեր խաղալիքներով չխաղալ: Բայց հիմարություն է գրականությունը ժամանակի մեջ խցկելը՝ չկա անցյալ դարի գրականություն, կա դարը ու կա գրականությունը, որ խրվել է ժամանակի մեջ ու ժամանակն անվանել: Ու կան ընթերցողները, որ, եթե չեն էլ կարդում, այդ քաղաքակրթության տերն են: Ու սա պարադոքս չէ: Սա արվեստի ու մշակույթի անանց ուժն է, որ, միևնույն է, քեզ իր ձգողականության դաշտում է պահում, եթե նույնիսկ դու չես գիտակցում: Քո ինքնության հաստատումն է: Քո շարունակությունը՝ սերունդներիդ ժառանգության մեջ:
Հրանտ Մաթևոսյանի գրականությունը չի սկսվում նրա առաջին պատմվածքով ու չի ավարտվում նրա անավարտ վեպով: Այդ գրականությունը չի տեղավորվում անգամ նրա հարցազրույցների ու հրապարակումների շրջանակում: Հրանտ Մաթևոսյանը շրջանակներ չունի: Ավանդույթը հաստատուն է մնում, եթե գալիս է մեկը ու խախտում է ավանդույթը, եթե չի հավատում, որ ամեն ինչ այդպես է, ու այդպես է ընդմիշտ, որովհետև ինքն ասելիք ունի, ինքն իր տեսակետն ունի, ու իր տեսակետը տարբեր է եղածից, բայց իր տեսակետը շարունակությունն է՝ նույնիսկ եթե հերքում է իրենից առաջ եղածը: Որովհետև կյանքը ճանապարհ չէ Ա կետից Բ կետը: Բոլորովին ուղիղ գիծ չէ, որ ինչպես հայտնի է՝ ամենակարճ ճանապարհն է երկու կետերի միջև: Երբեմն Ա կետից Բ կետին հասնում են ամենաերկար ճանապարհով, երբեմն չեն էլ հասնում, ու կյանքը մնում է Ա և Բ կետերի միջև, որ այդպես էլ իրար չմիացան: «Ես եմ Ալֆան և Օմեգան»՝ ասել կարող էր միայն մեկ մարդ, ու նրան խաչեցին: Նա էլ էր առաքյալ՝ քաղաքակրթության բավիղներում: Հրանտ Մաթևոսյանը կարող էր, բայց չասաց, որ ինքն էլ Ալֆան ու Օմեգան է գրականության մեջ: Չասաց: Ասաց՝ «Ես ես եմ»: Ու նրա «Ես»-ի մեջ կար ինքը՝ ոտքից գլուխ բաց նյարդ, իր ժամանակը՝ փակվող էպոխայի ու բացվող էպոխայի մեջ ջարդուփշուր, իր տոհմը՝ ինչպես յուրաքանչյուր հայի պատմության ժամանակագրություն, իր ցեղի պատմությունը՝ թուխ ու ջղային հիքսոսներից մինչև Ավետիք ու Իշխան, մինչև Աղուն, մինչև «Մեծամոր» ու աշխարհի ամենաանպատասխան հարցը՝ «Ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ»: Որովհետև եթե պատասխանում ես այդ հարցին, պատասխանում ես՝ ո՞վ ես դու, որտեղի՞ց ես եկել, ո՞ւր ես գնում հավերժական եռանկյունուն, ու հավելում ես չորրորդ կողմը՝ ո՞վ ես դու: Ու արդեն միամիտ է արձանագրել, որ հայ գրականությունն է յուրաքանչյուր հայի ազգային անձնագիրը, որտեղ իր անունից առաջ գրված անունները իրեն չեն թողնի անհետանալ: Միամիտ է նվալ, որ չեն կարդում: Հետո ի՞նչ: Կա, գրված է, ապրում է ԲԱՌ-ը, մեզ է վերադարձված մեր հիշողությունը, որի մեջ ապրում է Աստված: Մեզ է վերադարձված մեր պատմությունը, որ կենսատարածք է ապագայի մեր ընթացքի առաջ: Մեզ է վերադարձված մեր ինքնությունը, որ տեր է այդ ընթացքին: Ու Նոյի պես այլևս փակված չենք, թեկուզ փրկարար, բայց՝ տապանում: Ագռավը չվերադարձավ, բայց աղավնին կանաչ ընձյուղը բերեց: Ու այլևս միամիտ է բացատրել, թե ինչպես:
Հրանտ Մաթևոսյանի ձեռքով մեզ վերադարձված մեր ինքնության առաջ մենք այսօր մի քիչ մոլորյալ ենք, առաքյալ ենք, որ հանձն չի առնում իր առաքելությունը ու ապավինում է քաղաքակրթությանը, բայց դա անցողիկ է, ինչպես մանկությունը: Մի քիչ չարություն կանենք, երես առած երեխաների պես, ու կվերադառնանք տուն, ու Հրանտ Մաթևոսյանը մեր ՏՈՒՆՆ է մեր գրականության մեջ, որտեղ ամեն ինչ կա ապրելու համար, բայց կա տունը պահելու անհրաժեշտությունը:

Հ.Գ.
«Տեսա՞ր ի՛նչ դրին մեր գլխին Զանգեզուրի իշխանները: Հ. Թումանեան»՝ վերջին բառերն է, որ մահից առաջ գրել է Հրանտ Մաթևոսյանը: Ես երկար որոնել եմ այս բառերը Հովհաննես Թումանյանի գրքերում ու չեմ գտել: Իսկ գուցե սա հայրենակիցների զրույցի միակ գրավոր վկայությո՞ւնն է, որ որքան անհավանական, նույնքան հավանական է, որովհետև Հովհաննես Թումանյանն ու Հրանտ Մաթևոսյանը Նոյի պես անցան ճանապարհը, որ մենք գնալու տեղ ունենանք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։