ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

 

Վաթսուն տարի առաջ եղավ, բայց, կարծես, այսօր։ Դեռևս երիտասարդ պատանի՝ ես երեք գլխավոր հետաքրքրություն ունեի՝ գեղարվեստական գրքեր, որ կարդում էի առանց ընտրության, Հայաստանի գրողների միության ժողովներ ու օպերա։ Անկոչ հյուրի նման ներկա էի լինում Միության որոշ ստեղծագործ քննարկումներին, որոնք անցնում էին բուռն հակամարտությամբ հրեշտակ գրողների և նրանց ընդդիմադիր սատանա քննադատների միջև։ Շատ ուշ իմացա, որ այս թշնամանքն առաջ և միշտ էլ ապրել է հայ գրական ու մշակութային կյանքում, մի՞թե մեզանից անբաժան, ազգային հատկանիշ է, մենք ենք տերը և ոչ դուք։ Այս հիվանդության պատճառով մենք հաճախ մնացինք որբ ու անտեր նաև հասարակական-քաղաքական ճանապահների վրա։ Մի զարմացեք, շատ էի սիրում օպերային արվեստը։ Տեսել եմ մեր օպերային թատրոնի բոլոր ներկայացումները, իսկ Վերդիի «Աիդայի» ոչ մի խաղարկում բաց չեմ թողել։
Այսպիսին էի ես, երբ 1963-ին հրատարակվեց իմ առաջին գիրքը՝ «Ետ մի նայիր» սխալ վերնագրով։ Այդ տարի ես չգիտեի Հակոբ Պարոնյանի իմաստուն խոսքերից մեկը՝ «Ետևդ նայե, որ առջևդ տեսնիս»։ Մոդայի պես մի բան էր (այսօր առավել մոդա). ետ չնայելով, այսինքն՝ մեր ազգային առողջ ավանդներին՝ ես կորցրի առջևս տեսնելու հնարավորությունը։ Այն ժամանակ հրատարակչական գործի հզոր չինովնիկ ղեկավար Մխիթար Դավթյանը հրամայեց գրքի վաճառքն արգելել ոչ թե իմ սխալի, որ միանգամայն արդարացի կլիներ, այլ՝ Ռուբեն Ադալյանի շապիկանկարի համար՝ ձիավոր Դոն Կիխոտը ներկայացված էր անգլուխ։ Երևի որ՝ անբնական է, մարդը չի կարող լինել առանց գլխի, չհասկացավ կամ չուզեց հասկանալ՝ մարդ էլ կա, մարդ էլ, որ երբ գրականության մեջ և կերպարվեստում մարդուն ցույց են տալիս առանց գլխի, դրանով իսկ առավել ես շեշտում են գլխի կարևորությունը։ Իմ երկրորդ՝ «Շոգ ամառ» վիպակն արժանացավ ընթերցողների ուշադրությանը (1965 թ.)։ Սերգեյ Սարինյանը «Գրական թերթի» նույն թվականի դեկտեմբերի 17-ի համարում «Շոգ ամառին» գովասանք արեց՝ «Գրողը և հերոսը ինքնորոշվում են»։ Հաջորդ օրը տանս զանգ հնչեց՝ «Բարև, Գուրգեն Մահարին է, ուզում եմ քեզ տեսնել, արի ինձ մոտ», և ասաց հասցեն։ Քրտնեցի, ինչո՞ւ է ուզում տեսնել ինձ, ի՞նչ հանցանք եմ գործել։ Լինել թե չլինելու պես ինձ հարցրի՝ գնա՞լ, թե՞ չգնալ։ Չուզենալով ու վախեցած՝ մտա նրա բնակարանը, որն անշուք ու աղքատ տեսք ուներ։ Ճաշասեղանի ընդարձակ ձվաձև սեղանը նրա մշտական գրասեղանն էր։ Սեղանին՝ «Գրական թերթ», գրիչ, թուղթ ու «Շոգ ամառ»։ Մտածեցի՝ ես ի՞նչ գործ ունեմ այս սեղանի վրա։ Այնքան չի հավանել վիպակս, որ ցանկացել է ինձ տեսնել՝ ինչ կենդանի եմ։ Ասացի՝ ընկեր Մահարի… Ասաց՝ «Ոչ մի Մահարի, սրանից հետո՝ Գուրգեն Խան, հասկացա՞ր»։ Հասկացա, ընկեր Մահարի։ «Ի՞նչ կարծիք ունես քո մասին»։ Վատ կարծիք ունեմ, ընկեր Մահարի։ Ասաց՝ «Ապրես։ Հաջորդ «Գրական թերթում» կկարդաս իմ հոդվածը «Շոգ ամառի» մասին։ Շնորհակալություն, որ եկար»։ «Գրական թերթից» գիտեի, թե հոդվածներում ինչպիսի խստությամբ է նա դատապարտում գրական անարժեք երևույթները։ Հիմա էլ ինձ է հանդիպել։ Շոգեցի ավելի, քան մեր քաղաքի շոգ ամառները։ Ողջ թե մեռած՝ սպասում էի թերթի հաջորդ համարում տպագրվելիք իմ մահախոսականին։ Վերնագրերի վարպետ Գուրգեն Խանի հոդվածը դեկտեմբերի 24-ին լույս տեսավ հետևյալ վերտառությամբ. «Գրախոսություն մի գրքի… և մի գրախոսության մասին» (թերթի գլխավոր խմբագիր՝ Համո Սահյան)։ Այստեղ նա դժգոհում էր Սարյանից՝ գեղարվեստական տեքստին չմոտենալու համար. «Կարևորը միայն ինչը չէ, այլ՝ (և ավելին…) ինչպեսը», և գնահատում էր վիպակիս լեզվա-ոճական մի քանի հատկանիշներ՝ նշելով. «Երիտասարդ արձակագիրը գտնվում է մեծ ճանապարհի վրա»։ Այս գնահատականն ինձ ամաչեցնում է մինչև օրս և պարտավորեցնում առավել հարազատանալ հայոց լեզվի ու հայ գրականության հոգեկերտվածքին։
Դարձյալ զանգահարություն։ Թողեք հանգիստ ապրեմ, ո՞վ հնարեց երկար լարով այս հեռախոսը։ Կնոջ ձայնն ասաց՝ «Ադալյան ջան, վաղն առավոտյան ժամը տասին եկեք Գրողների միության առաջին քարտուղար ընկեր Թոփչյանի մոտ»։ Ասացի՝ տասին ես դեռ քնած եմ, գոնե տասներկուսին։ «Ոչ, ուղիղ տասին, Ադալյան»։ Հակառակ ներկայիս, այն ժամանակ Գրողների միության առաջին քարտուղարի պաշտոնը մեր հանրապետությունում շատ բարձր համարում ուներ, նախարարից էլ բարձր, Էդուարդ Թոփչյանը նաև պատգամավոր էր, շուտով էլ պիտի դառնար Գերագույն խորհրդի նախագահ, ըստ երևույթին՝ համատեղության կարգով։
1966 թվականի գարունն էր, օրը չեմ հիշում, երբ բավականին ուշացումով, մոտավորապես ժամը տասնմեկին, մտա նրա առանձնասենյակը։ Ենթադրում էի, որ հանդիպելու եմ հերթական մի չինովնիկի, բայց տեսա չափազանց կիրթ, իր հասարակական դիքը բնավ չցուցադրող, պարզ, բանական ու հմայիչ մի տղամարդու։ Եվ այդ պահից նա դարձավ մարդեղեն մարդկանց իմ «հավաքածուի» մնայուն կերպարներից մեկը։ Մի քանի քայլ արեցի ու կանգ առա՝ բարև ձեզ… Բարևս առնելով՝ Թոփչյանը ելավ տեղից և թեթևակի ժպտալով՝ ինձ ընդառաջ քայլեց, կարծես քարտուղար պաշտոնյան ես էի և ոչ նա։
– Շնորհավորում եմ,- ինձ մեկնեց միության կարմիր կազմով անդամատոմսը՝ իմ անունով և կլոր կնիքով ու իր ստորագրությամբ հաստատված։
– Բայց ես անդամության դիմում չեմ գրել, ո՞նց…– անունս ինձ վախեցրեց, իսկ կլոր կնիքից շատ ուրախացա։
– Գուրգեն Մահարին է միջնորդել, որ ձեզ միություն ընդունենք։
– Գուրգեն Խա՞նը…
– Նրա կարծիքը մեզ համար օրենք է։
– Շնորհակալություն, Գուրգեն Խան,- այդ րոպեին թվաց՝ առջևս կանգնած է ոչ թե ընկեր Թոփչյանը, այլ՝ Գուրգեն Խանը։
– Ծանոթ եմ ձեր մասին «Գրական թերթում» տպագրված նրա հոդվածին, բայց «Շոգ ամառը» դեռ չեմ կարդացել, սեղանիս վրա է, անպայման կկարդամ։ Ձեզ ստեղծագործական նոր հաջողություն եմ մաղթում,- Թոփչյանը ձեռքն ինձ պարզեց՝ ի նշան հրաժեշտի։
Այդպես Գուրգեն Խանը դարձավ իմ գրական կյանքի կնքահայրը։ Մոտ չորս տարի, մինչև իր մահը՝ 1969 թվականը, մենք ջերմաշունչ ընկերներ եղանք, թեև մեր միջև անհատակ ձորից խորը տարիքային տարբերություն կար։ Այժմ էլ նա իմ ընկերն է։ Ահա թե ինչու իմ այս հիշողությունը, վավերական լինելուց զատ, նաև զգացմունքային է։ Հայ գրականությունը հարուստ չէ ընտիր վեպերով։ Նրա հալածական «Այրվող այգեստանները» ես տեսնում եմ այս ժանրի գլխավերևում։ Հայոց գրականության պատմության մեջ չկա այսքան հալածված մեկ այլ ստեղծագործություն՝ արգելեցին, այրեցին, ապականեցին հատկապես դաշնակցականները և ծակ հայրենասեր վանեցիներն ու ոչ վանեցիներ։ Ռուս մեծ գրողի միտքն է՝ տականքի փրկության վերջին միջոցը հայրենասիրություն խաղալն է։ Ես առաջինը դատապաշտպանություն արեցի «Այրվող այգեստաններին» ընդարձակ հոդվածով, ցավոք սրտի, գրողի մահից մեկ-երկու տարի հետո։ Խնդրեցի ՀԳՄ նախագահության համաձայնությունն այն տպագրելու «Գրական թերթում»։ Քաղաքավարի և ըմբռնումով մերժեցին՝ դեռ ժամանակը չէ։ Գուցե ճիշտ էին։ Շատ հետո ժամանակը եկավ, բայց ոչ լիարժեքորեն։ Գուրգեն Մահարին գուցե լիներ խորհրդահայ գրականության ամենաբարձր գագաթը, մի Արարատ, եթե Եղիշե Չարենց չունենայինք։ 20-րդ դարում նա եղավ մեր նորագույն գրականության գագաթներից մեկը՝ Կոստան Զարյանի, Բակունցի, Թոթովենցի, Պարույր Սևակի շղթայում։ Ինչպես և մյուսները, նա չներփակվեց սոցիալիստական գրականության շրջանակի մեջ, այլ՝ այստեղից դուրս եկավ և պատկանեց բազմադարյան հայ գրականության հոգեղեն, զգացմունքային ու ոգեղեն աշխարհին։

Գրեք մեկնաբանություն