Հարուստ գրականության ժառանգությունը շարունակվելու ջիղ ունի, և 90-ամյա Հայաստանի գրողների միության պատմությունը ժառանգականության ուղու խորացման, դեպի անվերջը գնալու միտում և մղում է պարտադրում։ Երբ գրականությունը և ստեղծագործական միությունը համատեղվում են, բնականաբար, գրական խնդիրները պիտի առաջնահերթ լինեն։
Միությունը աջակցում է գրողի գրական, սոցիալական, ստեղծագործական, իրավական և այլ հարցերի ապահովմանը։ Հաճախ շփոթություն է առաջանում, և կարծիք է ձևավորվում, ըստ որի` Միությունն ընկալվում է որպես մեկ դեմք, որն ամեն ինչի հանդեպ պիտի միասնական կարծիք ունենա։ Այս թյուրըմբռնումը թերևս արմատակալել է այն ժամանակներում, երբ քաղաքականությունն էր գերակա, և իշխանական թելադրանքով վերից վար հաղորդվող միասնական կարծիքի պարտադրման կնիքն էր կրում այդ հոգեբանությունը։ Հատկապես կուզեի շեշտել 30-ական թվականների կեսերին հաջորդած ժամանակահատվածը, երբ Միություն կազմավորվեց։ Այդ ընթացքում եղավ միասնական կարծիքի, միասնական դրսևորման իշխանական պահանջի այդ հոգեվիճակը։ Շատ լավ տեղյակ ենք, թե ինչ ողբերգական հետևանքներ եղան, ինչպես մեծ գրողների ճակատագիրը խեղվեց՝ Բակունց, Թոթովենց, Չարենց։ Մահարին, Ալազանը, Նորենցը դատվեցին, սիբիրներում անցկացրեցին իրենց կյանքի որոշ տարիներ:
Բարեբախտություն է, որ Իսահակյանը, Դեմիրճյանը չդարձան զոհ։ 2-րդ համաշխարհայինից հետո Իսահակյանը և Դեմիրճյանը իրենց շուրջ գրողներին հավաքելով, իրենց ներկայությունը որպես բարձր գրականության նշաձող դարձնելով՝ փարոսի պես կանչում էին գրողներին: Եվ մեծ կորուստներից հետո, 30-ական թվականներին, այս երկու դեմքը, նաև Ստեփան Զորյանը, իրենց շուրջ գրական մթնոլորտ ստեղծեցին: Պատերազմից հետո, երբ Ավետիք Իսահակյանը դարձավ Գրողների միության նախագահ, նոր շունչ հաղորդվեց գրական կյանքին:
Վերը նշված հոգեբանությունը հետագա տարիներին թեև մեղմացած վիճակում, բայց շարունակվել է մինչև 50-ականների վերջերը։ 60-ականներին՝ արդեն խրուշչովյան ձնհալի օրոք, գրողի անհատականությունը առաջ եկավ, գրողը՝ որպես մտածող, իր կարծիքը, վերաբերմունքը արտահայտող, իր՝ հաճախ նաև վերևներին ոչ հաճո դիրքորոշումները ի ցույց դնող: Այդ տարիներին վերադարձավ Գուրգեն Մահարին, որի բանաստեղծությունները սիբիրյան տարիների, սիբիրյան աքսորի, տվյալ ժամանակի պատկերը կրող ստեղծագործություններ էին, սակայն, կարծում եմ, դրանք ո՛չ այն ժամանակ, ո՛չ հետո ըստ արժանվույն չգնահատվեցին: Մի խոսքով, խրուշչովյան ձնհալից հետո նոր շունչ թևածեց գրական կյանքում: Եվ ամենակարևորը՝ գրականությունը, կրելով գրողի գեղարվեստական, փիլիսոփայական աշխարհայացքը, դարձավ համաշխարհային բարձր գրականության ուղեկիցը, մասնակիցը։ Սրա վառ օրինակն են 50-ականների սերնդի որոշակի կերպափոխումը, 60-ականների արձակը և «Գարուն»-ական պոեզիան։
Հետպատերազմյան սերնդի՝ Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի հրատարակած նոր գրքերով որոշակի թարմություն զգացվեց: Իսկ արդեն 60-ականների սկզբին ու կեսերին նրանք հանդես եկան իրենց նորագույն գրքերով, ինչպես Պարույր Սևակը՝ «Մարդը ափի մեջ» ժողովածուով: Նրանք ավելի մոտեցան կյանքի տրոփող երակին և մեր կյանքի ճշմարտությանը, հատկապես ազգային թեմատիկային՝ ցեղասպանության, Սփյուռք-Հայաստան մեր բաժանվածության, տրոհվածության վերաբերյալ: 60-ականներից ազգային թեմատիկայի արծարծումներն ընդլայնվեցին: Մեր 90-ամյակի մեջ հատկանշական է 60-ականների արձակագիրների սերունդը: Ընդհանրապես, սովետական միության մեջ «60-ականներ» արտահայտությունը շատ տարածված է և գրական նոր սերնդի, ոչ միայն գրական, այլև ընդհանրապես մշակույթի ընդլայնված դաշտի անվանումն է: Դա սովետմիության մեջ ազատության, նոր խնդիրների, նոր հարցերի արծարծման, ժամանակին արգելափակված թեմաների շրջանառումն էր: Այդ ժամանակի երիտասարդ արձակագիրները հենց իրենց մուտքով՝ Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Վարդգես Պետրոսյան, Ռուբեն Հովսեփյան, Զորայր Խալափյան, Նորայր Ադալյան, Պերճ Զեյթունցյան, Աբիգ Ավագյան, հետագայում նաև այդ սերնդի հետ շրջանառվող անուն Վահագն Գրիգորյան, հնարավորություն տվեցին ընթացիկ կյանքը, պատմական կյանքը ճանաչելու, մեր կյանքը նորովի դիտարկելու: Այդ օրերին ի հայտ եկավ գիտաֆանտաստիկ գրականությունը: Դա շատ հետաքրքիր շրջան էր: Դրան զուգահեռ չմոռանանք մեր պոեզիայի դաշտը, որին հսկայական թարմություն տվեց «Գարուն» ամսագիրը: Այդ սերնդի գրականությունը սկզբում ընկալվեց ոչ որպես հայկական իրողություն, այլ, այսպես ասած, իբրև անվանարկում՝ եվրոպական ազդեցություն: Սակայն հետագա տարիներին այն գրականագետները, որոնք քննադատում էին այդ պոետներին, սկսեցին գնահատել, նշանավորել: Եվ հենց այդ պոետները 80-90-ական և անկախության տարիներին դարձան հիմնական կրողները պոետական մեր ընթացքի և պետական ու միջազգային մրցանակների արժանացան:
Այդ ժամանակի տաղանդավորների գրքերն արժանացել են միջազգային և մեր հանրապետության ու ՀԳՄ բարձր մրցանակների, նրանց անունները նախորդ տասնամյակների մեծերի լուսանկարների շարքում են, որոնք մեր միության միջանցքները վերածել են պատկերասրահի։
Նաև պիտի անպայմանորեն շեշտենք անկախության տարիների գրականությունը: Դա մի հետաքրքիր, բազմազան գրականություն է: Համեմատելով նախորդ ժամանակների գրական իրողությունների հետ՝ կարող եմ ասել, որ հետաքրքրական են թեմատիկայով, լեզվամտածողությամբ, ժամանակի պատկերային բազմազան ընկալումներով, տարբեր՝ և՛ մոդեռն, և՛ պոստմոդեռն, նաև հենց տեղում ծնված ուղղությունների գույներն ենք տեսնում և՛ արձակում, և՛ պոեզիայում: Դա անկախության տարիների ձեռքբերումներից է՝ չնայած դժվարությանը՝ տպագրության առումով, հատկապես 1990-2000 թվականներին: Սակայն հետո կարգավորվեց և պետական միջոցներով հրատարակվեցին գրքեր, և գրողները, կարելի է ասել, հնարավորություն ստացան ներկայացնելու անկախության ժամանակի գրականությունը: Ի հայտ եկան նոր, հետաքրքիր անուններ: Ես այդ գրականությունը նախորդների հետ համեմատելիս չեմ ասում լավ կամ վատ: Ասում եմ՝ հետաքրքիր, և դա այդպես է: «Գրական թերթում» վերջին տարիներին ժամանակակից գրողների՝ արտասահմանում տպագրված նյութերի ցանկեր հրապարակեցինք, և եթե համեմատեք ժամանակակից հեղինակներին նախորդների հետ, կտեսնեք, որ զգալիորեն առավելությունը անկախության ժամանակի գրողներինն է: Դա նաև գրական էության մասին է խոսում, որը հետաքրքրել է արտերկրի ընթերցողներին:
Միջազգային ցուցահանդեսներին մասնակցելով՝ նկատել եմ, որ եվրոպական ընթերցողներին առավելապես հետաքրքրում է ժամանակակից գրականությունը, իսկ ԱՊՀ երկրների շրջանակի ընթերցողներին՝ պատմական գրականությունը: Հատկապես մեր հայ ընթերցողներին, որտեղ էլ լինեին, հետաքրքրում էին հայ ժողովրդի պատմության վեպեր, վիպակներ և այլն: Այդտեղ զգում էի մի բան. մեր՝ հայկական հայացքը շատ դժվարությամբ է ներկային անդրադառնում, անգամ դասական գրականությունը, որպես ծանր խարազան, իջեցնում են ժամանակակից գրողների գլխին, թե՝ մենք ունե՞նք արդյոք այսօրվա Նարեկացի, Չարենց, Տերյան, ունե՞նք Րաֆֆի և այլն: Ե՛վ գրողներ, և՛ մերձգրական մարդիկ ու պաշտոնյաներ, որոնք չեն կարդում, բայց մտածում են՝ մենք արվեստ չունենք, գրականություն չունենք, այնինչ պիտի հաստատապես ասեմ. ժամանակակից գրականությունը՝ և՛ արձակը, և՛ պոեզիան, շատ հետաքրքրական, մրցակցային գրականություն է:
Ժամանակակից գրականությունը շարունակության և դասական հայ գրականության ջիղով թարգմանվում է, հրատարակվում այլ երկրներում և երբեմն արժանանում գրական կարևոր մրցանակների։ Բնականաբար, ամեն միություն անհատների միավորում է։ Այդ առումով վերջին երեսուն՝ անկախության տարիներին, տեսնում ենք, որ հաստատվում է այդ դիրքորոշումը։ Եվ յուրաքանչյուր անհատ, անկախ նրանից, թե ինչ հավատ, կուսակցական պատկանելություն, գեղարվեստական մտածողություն ունի, ինքն է իր որոշումների տերը։ Այս իմաստով, կարծում եմ, վերջին 30 տարվա փորձը մեզ հուշում է, որ գրողի գլխավոր խնդիրը հիմնականում գրականությունն է։ Գրականություն՝ իր մեջ ամփոփած հայոց լեզուն՝ իր հարուստ շերտերով, ժողովրդի ինքնության պատմություն, ներկա, ապագայի տեսլականներ, մարդու հոգին, մարդկային փոխհարաբերություններ, այն, ինչ որ գրականությունը դարեր ի վեր ամփոփել է, մագնիսական ուժով գրավել է շատ մարդկանց, որոնք փորձել են գրի լեզվով արտահայտել իրենց հոգին։ Միությունը նպաստում է այդ ամենը ընթերցողին հասցնելու, հանրահռչակելու, տարածելու, նաև կրթելու ընթերցողական դաշտը, միջազգայնացնելու մեր գրական, արդեն առկա լավագույն ստեղծագործությունները՝ օգտագործելով հնարավորությունները, որոնք այսօր տեխնիկական միջոցներով ավելի դյուրացնում են գրողի գործը։ Ամեն գրող այսօր հնարավորություն ունի իր անձնական գործերը կազմակերպելու։ Աշխարհի հայտնի գրողների այսօրվա փորձը հենց դա է հուշում։ Ժամանակին սպասում էին, որ մի համագումար կամ համաժողով լինի, որպեսզի գրողները, այսպես ասած, սուր խնդիր արծարծեն, իսկ հասարակությունն էլ տեղյակ լինի այդ մասին, ընդ որում, հաճախ այդ խնդիրներն էլ առանձնապես շատ սուր չեն եղել։ Սակայն հիմա և՛ համացանցը, և՛ ԶԼՄ-ները, նաև տարբեր հարթակներ, և՛ գրողին, և՛ ընդհանրապես բոլորին, հնարավորություն են տալիս անդրադառնալու սուր, հրատապ, մտահոգիչ խնդիրներին։ Այդ հարթակներում մենք տեսնում ենք բազմաթիվ գրողների։
Որևէ միության անդամ նախ ինքը պիտի որոշի իր տեղն ու դերը։
Միությունը ստեղծագործությունները հրատարակելու գրական մամուլ ունի։ Գրական մամուլը աջակցություն է գրողին, մանավանդ, երբ տեսնում ենք, որ այլ թերթեր և ամսագրեր գեղարվեստական գործեր չեն հրատարակում, հեռուստաընկերություններն առանձնապես մեծ տեղ չեն տալիս գրականությանը, թերևս ռադիոյով են տարածվում գրական նյութեր։ Սոցիալական ցանցերում են հայտնվում որոշակի ստեղծագործություններ, ինչպես նաև գրողներն իրենց կայքէջերում են ներկայանում իրենց գործերով։ Սա մեծ հնարավորություն է։ Գրողի արած գործը գնահատելու խնդիր կա։ Գրողի գնահատականը առաջին հերթին ուզում եմ տեսնել մեր գրական մամուլում։ Մեր Միությունը որոշակի հնարավորություններ ունի, որով օժանդակում է գրողին, մասնավորապես՝ հանգստի կազմակերպում Ծաղկաձորի և Սևանի հանգստյան տներում, Մեդլայն բժշկական կենտրոնի հետ ունենք պայմանագիր, և նրանք շատ գրողների օգնել են, բժշկական ծառայություններ են մատուցել։ Եթե առիթ է եղել, Միությունը գործողություն է ծավալել նաև գրողների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Միության խնդիրներից է հայ դասական և ժամանակակից գրականությունը տարածելը։ Ի՞նչ ենք արել այս տարիների ընթացքում։ Երբ երկու տարի առաջ «Գրական թերթ»–ում հրատարակեցինք, թե վերջին տարիներին ինչ ստեղծագործություններ են թարգմանվել առանձին գրքերով, հրատարակվել միջազգային մամուլում կամ տպագրվել անթոլոգիաներով, տեսանք, որ պատկառելի ցանկ է գոյանում։ Եվ դա գնալով ընդլայնվում է, որովհետև միջազգային կապերի մեջ ընդլայնվում է հայ գրողի դերակատարումը։ Այս տարիներին Թարգմանչաց տոնը միջազգայնացվեց, տարբեր երկրների հայ գրականության թարգանիչները մրցանակների են արժանանում, և սրանք ճանապարհ են ժամանակակից հայ գրականությունը տարածելու։ Մեր հիմնական խնդիրը հայ գրողին տարածելն է, այդ առումով հրավիրում ենք թարգմանիչների, որ գան, ծանոթանան, կապեր հաստատեն գրողների հետ։ Մեր գրական կապերը ընդլայնվել են՝ Իրան, Ռուսաստան, Վրաստան, Չինաստան, Ճապոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Սլովակիա, Բելառուս, Ուկրաինա, Լիտվա, Ղազախստան, բազմաթիվ երկրների և՛ անհատ գրողների, և՛ միությունների հետ մեր Միությունը համագործակցում է։ Վրաստանի և Իրանի հետ ունենք ծրագրային աշխատանք։ Իրանի դրամատուրգների հետ կա պայմանագիր՝ իրանցի դրամատուրգներին ընդունելու, հայ դրամատուրգներին գործուղելու ծրագիր, որ տարիներ շարունակ իրագործել ենք։ Իրանում հրատարակվեց հայ դրամատուրգների ժողովածուն, և Հայաստանում հրատարակեցինք պարսիկ դրամատուրգների գործերը։ Սա շարունակական է լինելու։ Պետք է առանձնացնել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի դերը, որի միջոցով ռուսերեն նյութերը ներկայացվում են, և այդ նյութերը ԱՊՀ երկրներում տարբեր լեզուներով հրատարակվելու հիմք են դառնում։ Մեր առջև գրողին Հայաստանում հրատարակելու խնդիր կա։ Կարծիքներ կան, թե գրողը եթե լավ է գրում, անպայման կհրատարակեն։ Բայց մեզանում հրատարակչական գործը և հրատարակիչները այնքան հնարավորություններ չունեն, որ ընտրեն լավ գործը, տպագրեն, թարգմանեն, տարածեն, գրողին հոնորար տան։ Կխաբենք ինքներս մեզ, եթե ասենք, թե կայացած բազում հրատարակիչներ ունենք։ Այդ առումով, 2019 թ. մեր համագործակցությամբ Մշակույթի նախարարությունը պետական աջակցության փոխարեն, որը 2017 թ.-ին, ցավոք, մի մշակույթի նախարարի ցանկությամբ վերացավ, առաջարկեց գրողին տրվող դրամաշնորհի մրցույթ։ Դա դրական, բայց ոչ գոհացուցիչ քայլ է գրողին աջակցելու ուղղությամբ։ Մտածում ենք՝ գրողը չպետք է կախված լինի պետական հովանավորչությունից, բայց հովանավորչության փոխարեն ակնկալում ենք, որ լինեն գուցե պետական մասնաբաժնով որոշակի հիմնադրամներ կամ բարեգործության՝ մեկենասության օրենք, որը որոշակի կաջակցի մշակույթին, գրականության տպագրությանը, տարածմանը։ Այս ճանապարհը միջազգայնորեն հայտնի է, որպեսզի գրողը կախված չլինի պետական օղակների բարեկամեցողությունից, և այդտեղ վեճեր չառաջանան՝ ո՞ւմ, ինչպե՞ս և այլն։ Մերձբալթյան երկրներում ակցիզային հարկից տոկոսներ են տրվում մշակույթի զարգացմանը, կան այլ ուղիներ։ Գրական մամուլին աջակցությունը խրախուսելի է։ Մենք այս հարցերը ներկայացրել ու քննել ենք և՛ ՀՀ մշակույթի, և՛ ԿԳՄՍ նախարարության ղեկավարության հետ։
Մենք ցանկանում ենք, որ ավելի լուրջ դիտարկվի ժամանակակից գրականությունը, որը մշտապես թերարժեքության բարդույթի է ենթարկվել՝ համեմատած դասական գրականության հետ։
Երեսուն տարում և հատկապես վերջին տասը տարում գրականությունն ու ճշմարտությունը իրար չխորթացան։ Վերջին տասը տարվա քաղաքական, հասարակական անցուդարձերը, հեղափոխական իրավիճակը, համավարակի ընթացքը, 44-օրյա պատերազմն ու Արցախի բռնի տեղահանումը, Հայաստանի սահմանների խախտումները խորազնին ընթերցողը կտեսներ, կզգար ժամանակակից մի շարք գրողների արձակ և բանաստեղծական ստեղծագործություններում։ Իհարկե, հրապարակախոսությանն է հատուկ իրերը կոչել իրենց անուններով՝ կոռուպցիա, հովանավորչություն, կառավարման թերացումներ, երկխոսելու բացակայություն, մենաշնորհներ, սակայն գեղարվեստական գրականության տիրույթում ևս՝ ներքին շերտերում, մարդկային հարաբերություններում, հերոսների իրավիճակներում արտահայտվել են այդ բացասական դրսևորումները, որոնք դարձան կյանքի փոփոխման պահանջ։ Գրական մամուլը միտված է արտահայտելու, արտացոլելու թվարկված իրողությունները։
Կազմակերպվել են արձակի, պոեզիայի, մանկագրության, թարգմանական գրականության, գրահրատարակչական հարցերի, դրամատուրգիայի լիանիստեր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, բուհերի բանասիրական ֆակուլտետների հետ միասին։ Մշտապես համագործակցում ենք գրողների տուն-թանգարանների հետ։
Վերջին տարիներին մի շարք փողոցներ անվանակոչվեցին հայտնի գրողների անունով։
ՀԳՄ նախագահները, քարտուղարները, անդամները, ամեն մեկն իր չափով, իր ձևով ներկայացրել է Գրողների միությունը աշխարհում՝ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում։
Սփյուռքի ճանաչված գրողներն արդեն տասը տարի Գրողների միության անդամներն են։ Սփյուռքահայ գրողները, նաև տարբեր լեզուներով գրող հայ գրողները հայոց պատմության, մեր գրականության դերն են բարձրացնում միջազգային հարթակներում, տարբեր խնդիրներ են ներկայացնում աշխարհին՝ ցեղասպանությունից մինչև ժամանակակից թեմաներ, հատկապես Արցախյան, որը մեր գրականության 30 տարիների հիմնական թեմաներից է։ Սփյուռքահայ գրողների համաժողովներ են կազմակերպվել Հայաստանում։
Բուն տեղահանումից հետո Արցախի գրողները մեր հարկի տակ են, մեր Ծաղկաձորի ստեղծագործական տանը. ինչպես 44-օրյայի ժամանակ, այնպես էլ հետո պատսպարել է արցախցի տեղահանվածների, գրողների։ Ընդհանրապես, դժվարին իրավիճակներում Ծաղկաձորի Գրողների տունը մշտապես անշահախնդիր կերպով կանգնած է եղել պետության կողքին՝ 1988 թ.-ին օթևանելով, խնամքով ու հոգատարությամբ շրջապատելով աղետալի երկրաշարժից ծնողազուրկ և հաշմանդամ դարձած երեխաներին, արցախյան առաջին պատերազմի ընթացքում տարհանված բազմաթիվ ընտանիքներին, 2020 թվականի ծանր համավարակի ընթացքում մեկուսացվածներին, 44-օրյա դաժան պատերազմի օրերին հայրենի տունը կորցրած մեր հայրենակիցներին։
Հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդ ստեղծագործողներին։ «Գրեթերթը» տպագրում է բացառապես երիտասարդների ստեղծագործությունները, հատուկ մրցանակներ են տրվում երիտասարդ գրողներին, ամեն տարի Ծաղկաձորում քառօրյա հավաք է կազմակերպվում քննարկումներով, վարպետության դասերով։ Երիտասարդ գրողները ԳՄ-ում քննարկումներ են անցկացնում, հանդիպումներ կազմակերպում։
Այն, ինչ անում է Միությունը, մանրամասն թվարկելու հարկ չկա, դրանք լուսաբանվում են միության պաշտոնաթերթում։ Աշխատանքն ամենօրյա է և ընդգրկում է բազմաթիվ ընթերցողների, գրողների ու գրասերների։ Մենք աշխատակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործառույթներում ունեն գրականության տարածման խնդիրը։ Այնպես որ, բոլորիս աշխատանքն է դա։ ՀԳՄ յուրաքանչյուր անդամ իր գործունեությամբ, իր խոսքով, իր արածով մի աղյուսիկ պիտի ավելացնի այս շենքին։
Միությունը տասից ավելի մրցանակաբաշխություն ունի։ Աշխատում ենք տարբեր նախարարությունների՝ ԿԳՄՍ, ՊՆ, Երևանի քաղաքապետարանի և պետական հիմնարկների, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Պիտի շնորհակալ լինենք այդ համագործակցության համար։ Շնորհակալ ենք նաև անհատ նվիրյալներին, որոնք օժանդակել են մեր Միության աշխատանքներին։ Մեր «Պատվո տախտակը» սպասում է նոր բարեգործների։
Երբեմն մերձգրական տիրույթի ՀԳՄ անդամ չդարձածներից կամ որոշակի մարդկանցից տրտնջոց է լսվում, թե միությունները անհրաժե՞շտ են… Աշխարհի փորձն ու մեր կապերը հաստատում են՝ մենք չենք որոշում, այլ՝ մեր անցած փառավոր գրական ճանապարհը, ստեղծագործական անուրանալի ձեռքբերումները, մեր մեծերը։
Այսօր, երբ վիճարկվում է մեր սեփականության իրավունքը, պետք է հաշվի առնել, թե այս 90 կամ 70 տարում ինչ գործեր են արվել այդ շենքերի համար, ինչ ներդրումներ են արվել, ինչպիսի աշխատանք է տարվել: Նորացվել, ավելացվել են շենքային հնարավորությունները՝ ստեղծագործական հանգիստն ավելի արդյունավետ անցկացնելու համար: Սևանի ստեղծագործական տունը ներդրումների շնորհիվ քայքայման եզրից նոր շունչ ստացավ: Գրողների միությունը ոչ միայն ստեղծագործական հարցեր է շոշափում, այլև սոցիալական, տնտեսական, թարգմանական, միջազգային կապերի և այլն:
Ինչո՞ւ չասենք՝ երկրներ են միավորվում, քաղաքական միավորումներ են գոյանում։ Միավորումներն ու միությունները չեն, որ պիտի անհանգստացնեն, այլ՝ երկխոսության բացակայությունը, աշխարհում քայքայման կիրքն ու բաժանումները։ Այսօր մենք և բոլոր ստեղծագործական միությունները կանգնած են անշարժ գույքերի սեփականության իրավունքի վիճարկման առջև։ ՀՀ վարչական դատարանը, կարծում ենք, ի թիվս այլ օրինական ներկայացված հիմքերի, հաշվի կառնի 90-ամյա գրական և աշխատանքային ու ֆինանսական ներդրումները մեր շենքերի պահպանման, նորոգման և ավելացումների ասպարեզում։ Վերջապես, այդ անշարժ գույքերում ծնվել են հավերժական արժեքներ։
Իսկ եթե վաճառքի մտահոգություն կա, ապա արդեն պատասխանել ենք Հայաստանի գրողների համաժողովում ընդունված որոշումով՝ պահպանել սեփականության իրավունքը՝ առանց վաճառքի պայմանի։
Այսօր մեր երկիրը կանգնած է բախտորոշ խնդիրների առջև: Հարևան երկու պետություններն իրենց անվերջ պահանջներով ասես նավակն անվերջ տատանում են ջրի վրա: Տարածաշրջանի այս պատերազմների միջավայրում պետք է բոլորս կարողանանք մեր մեջ ուժ գտնել միասնականության, միմյանց հետ երկխոսելու՝ ընդդիմություն-իշխանություն: Եթե չեն կարողանում երկխոսել, ժողովուրդն է տուժում, երկիրը: Եվ ընդհանրապես բանավեճի կուլտուրան, երկխոսելու կուլտուրան, քաղաքական հարցերը, ծրագրերը առաջարկելու, տարածելու, ներկայացնելու այս խնդիրները մարդիկ պիտի կարողանան բարձր մակարդակով ներկայացնել: Բայց հակառակը, միմյանց հրմշտելով, հոշոտելով՝ այս կիրքն է, որ նկատվում է: Առաջին հերթին իշխանությունները պիտի հենց այդ քայլը անեն միմյանց ուղղությամբ: Դրսի պետությունների հետ աշխատանք տանելուց առաջ այդ դիվանագիտությունը պետք է նախ ներսում աշխատի՝ մեր բոլոր ուժերին համախմբելով: Այդ բաժանումները մեզ նման փոքր երկրների համար շատ վտանգավոր են, մանավանդ, երբ կողքին ունենք այդպիսի երկիր:
90-ամյա գրական կազմակերպությունն իր մեծերի փորձառությամբ պիտի ուղերձ ունենա համախմբման՝ Սփյուռքի, Հայաստանի: Իրար հետ չերկխոսելը, հարցերը չքննարկելը նաև հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը օգտվեց դրանից և Արցախի հարցը ուժային մեթոդներով լուծեց:
90-ամյա մեր միությանը սպասում են գալիքի երգասանները։
Գողթան երգիչների սովորությամբ միանանք նրանց՝ շարունակելու բանն, որն ի սկզբանե էր և անվերջ։