Վերջերս հայ մշակույթի մեջ հայտնվեցին ազատ սեռական կողմնորոշում ջատագովողներ, սեռական սանձարձակ երևակայությունը գեղագիտության հասցնել փորձողներ, մի բան, որից, ոմանց կարծիքով, մենք ետ ենք մնացել: Ներկայումս տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանումը ուղեկցվում է նկարահանման ընթացքի պարբերաբար տեղեկություններով (քննադատությամբ և գովազդով): Սակայն ինձ համար ամենամեծ անակնկալն այդ ամենը և նման ուրիշ բաներ չէին, ինձ համար ապշեցուցիչ անակնկալ էր մի անվանի գրողի անդրադարձը մեր ազգին, մեղմ ասած, ոչ հարիր մի ուրիշ երևույթի: Չեմ ուզում նրա անունը տալ` անհարմար վիճակի մեջ չդնելու համար, սակայն այն, ինչ ինքը գրել է, ուղղակի անպատվություն է մեր ժողովրդի հասցեին: Թերթում տպագրված նրա «Զիգմունդ Ֆրեյդի հիշատակին» պատմվածքը հերոսի և իր մոր էրոտիկ, սեքսուալ կապի մասին է: Հասկանում եմ, որ շատերը չէ, որ հավատ ունեն Աստծու հանդեպ և վախենում են դատաստանից, բայց շատերը գոնե ամոթ ունեն, ունեն դաստիարակություն, սրբություններ, ունեն պատիվ, հայկական ազնիվ և պատվիրանապահ տոհմի պատմություն: Մի՞թե հեղինակն այդ ամենը չունի: Այս պահից ուղղակի դիմեմ իրեն:
Հարգելի՛ գրող, ամեն ինչ չի կարելի գրել, ամեն մի զգացողություն չի կարելի թղթի վերածել: Ամեն մեկիս մեջ մութ քարանձավներ կան, այնտեղ չարքեր էլ են ապրում, այնտեղ ապրում են ցանկություններ, որոնք ուզում են մեզ մեղքի մեջ գցել: Մենք, գրչակի՛ց եղբայր, առաքյալներ ենք: Գրականությունը և արվեստը մեծ առաքելություններ են: Նրանք կոչված են օգնելու մարդկանց այս համատարած դժոխքի մեջ, որի մարդը Երկիր մոլորակն է վերածել: Եթե Դուք, գրչակի՛ց եղբայր, համարում եք, որ ևս հեղափոխություն եք արել, այն էլ հայ գրականության մեջ` տուրք տալով ֆրեյդիստական հոգեվերլուծության թափանցմանը Ձեր արվեստում, ասեմ Ձեզ, որ դա տանելու է դեպի փակուղի և խայտառակ պարտության` որպես գրողի, էլ չեմ ասում համաժողովրդական վարկաբեկման: Զիգմունդ Ֆրեյդի հոգեվերլուծական մեթոդը վաղուց արդեն կորցրել է իր համաճշմարտությունը: Դա վաղուց ապացուցել են հետագա հոգեվերլուծաբանները, մասնավորապես Ֆրեյդի աշակերտներ Կարլ Յունգն ու Ալֆրեդ Ադլերը: Բարոյական, քրիստոնեաավանդ նորմերի խախտումը գիտակցության մեջ և առավել ևս գեղարվեստական ձևով շարադրումը բոլորի համար տանում է դեպի գիտակցության դեգրադացիան, գիտակցական ստերեոտիպերի խախտումը, որը հոգեխանգարման ճանապարհն է: Նույնիսկ բանաստեղծ Լոթրեամոնը, որը շատ էր խոսում սատանայի հետ իր կապի մասին «Մալդորորի երգեր»-ում և վարկաբեկում Աստծուն, ասում էր. «Մեջս դևեր կան, և ես վախենում եմ նրանց ասպարեզ հանել»: Նույնիսկ Էրնստ Թեոդոր Ամադեյ Հոֆմանը վախենում էր ներքուստ իրեն պատող սարսափելի զգացողություններից և ամեն ինչ չէր գրում, որպեսզի գիտակցության խանգարում չստանա, երգչուհի Լարիսա Դոլինան հրաժարվեց երկրորդ անգամ խաղալ և երգել Ալֆրեդ Շնիտկեի «Ֆաուստի պատմությունը» կանտատում` զգալով, որ գերզգայական երաժշտությունից և տեքստից չի կարողանա դիմանալ իր գիտակցության մեջ տեղի ունեցող խմորումներին, դերասան Յուրի Յակովլևը հրաժարվեց մասնակցել «Ապուշը» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներին, որովհետև հոգեկան ապրումներից և վերամարմնավորումից նյարդային խախտում ունեցավ, այն էլ այն դեպքում, երբ Դոստոևսկու համանուն վեպը բարոյական և հոգևոր խոր նպատակներ ունի` մարդկանց մեջ քրիստոնեական հոգի դաստիարակելու համար: Մի՞թե Դուք չեք վախենում Ձեր զգացողություններից և արատներից: Երանի թե վախենայիք, երանի թե Նարեկացու մեղքի զգացողությունից մի փոքր հատիկ լիներ Ձեր գիտակցության մեջ, որ փրկություն կլիներ և՛ Ձեզ համար, և՛ ուրիշների: Մի՞թե ես պետք է սովորեցնեմ Ձեզ, գրչակի՛ց իմ եղբայր, որ չի կարելի մտածել ընտանիքի որևէ անդամի և նաև մոր հանդեպ էրոտիկ զգացողության մասին, էլ չեմ ասում` գրել: Ամեն ինչ չէ, որ կարելի է գեղագիտության վերածել: Շվեդ հայտնի կինոռեժիսոր Ինգմար Բերգմանի ֆիլմերն ամբողջովին այդ խնդիրն են արծարծում` գիտակցության խախտում, հոգեկան վակուում` բարոյականության մեջ թույլատրելիի սահմաններն անցնելու պատճառով:
Ձեր գրվածքները կարդում են մարդիկ` տարեկիցներ և երիտասարդներ: Մարդկանց գիտակցության և դաստիարակության մասին մենք պետք է հոգանք, մանավանդ երիտասարդների, որոնք մեզնից մշակույթ են սովորում, ճաշակ, առաքինություն, բարոյականություն, քաղաքացիական գիտակցություն և այլն: Ի՞նչ կարող ենք սովորեցնել մենք` այլասերված մտածողությամբ գրականություն հրամցնելով իրենց: Մենք, որպես հայ գրականության ներկա գործիչներ, պատասխանատվություն ենք կրում նրանց համար և նրանց առջև: Պատասխանատվությունը հայ մարդկանց և հայրենիքի հանդեպ մեր նշանաբանն է:
Պատասխանատվությունը մեր նշանաբանն է․․․
Նկատելով հոգևոր հոր հակիրճ և պատշաճ մեկնաբանությունը նյութի վերաբերյալ, ավելորդ էի համարում իմ կարծիքը, սակայն որոշեցի որպես գնահատական հոգևոր հոր երկրորդեմ գրելով՝ այդ ահավոր պիղծ մտածելակերպը դեմ է մեր ազգային արժեքներին և ընտանեկան սրբության, մենք եւրոպացիներից տարբեր ենք մեր հնությամբ և ավանդապաշտությամբ, ուրեմն պահենք ու պաշտպան կանգնենք մեր ընտանեկան վարք ու բարքին։ Անցյալում մեր եկեղեցու կանոնների համաձայն ամուսնությունը մինչև յոթ պորտ արգելված էր, սակայն մեր ժամանակներում մեղմացել է, խնդրենք հոգևոր հայրը պատասխանի։