«Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանի այցը Լոռու մարզային գրադարան

Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզային գրադարանը հյուրընկալել էր գրականագետ, բան. գիտ. թեկնածու, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Արմեն Ավանեսյանին։ Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, գրադարանի աշխատակիցներ, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը և այլք։ Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Նա հակիրճ ներկայացրեց Արմեն Ավանեսյանի գրականագիտական և հրատարակչական գործունեությանը, խոսեց գրականագետի գիտական հետաքրքրությունների շրջանակի մասին։ Կարեն Մանուչարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Արմեն Ավանեսյան գրականագետը մշտապես մատը պահում է արդի գրական ընթացքի վրա։ Նա միակ գրականագետն է, որ առանձին մենագրություններով անդրադարձել է ժամանակակից հայ գրականության երեք սեռերին։
Արմեն Ավանեսյանը նշեց, որ «Արմավ» հրատարակչությունը հիմնվել է 2013 թվականին, և տարիների ընթացքում հնարավորինս ընդլայնվել է նրա գործունեությունը։ Գրականագետը հանգամանորեն խոսեց հատկապես վերջին տարիներին տպագրված գրքերի մասին, ներկայացրեց «Արմավի» մատենաշարերը։
Վանաձորի պետական համալսարանի դասախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանի հարցերը ծավալեցին հետաքրքիր քննարկում։ Նա հետաքրքրված էր հատկապես «Արմավ» հրատարակչության կողմից տպագրված գիտական գրականությամբ։ Արմեն Ավանեսյանը հանգամանորեն պատասխանում էր բոլոր հարցերին, ներկայացնում տպագրված գրքերի գիտական արժեքը։
Միջոցառման ավարտին հնչեցին տարբեր հարցեր՝ կապված գրահրատարակչական աշխատանքի մանրամասնությունների, տպագրված գրքերի թեմատիկ առանձնահատկությունների և այլ հանգամանքների հետ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։