Նյու Պորտ ամառանոցային քաղաքը ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ ամենափոքրիկ նահանգի գեղատեսիլ վայրերից է: Դա է պատճառը, որ XIX դարի ամերիկյան մեծահարուստներն այնտեղ կառուցել են թագավորական պալատներ հիշեցնող շքեղ ամառանոցներ: Թվով 11-ն են, տերերը վաղուց այնտեղ չեն բնակվում՝ դրանք պատկանում են պետությանը և պահպանվում են որպես թանգարաններ: Բաց են այցելուների առաջ հիմնականում ամռանը, մի մասը այցելության որոշակի օրեր ու ժամեր ունի:
Առանձնատներում բարձրարվեստ կտավներ կան և հարուստ գրադարաններ, շրջապատված են լավ խնամված պարտեզներով, որոնց գեղեցկությունը լրացնում են քանդակներն ու շատրվանները:
Այդ առանձնատներից մեկը՝ Issak bell House-ը, լրիվ դատարկ է, նպատակը՝ ներկայացնել XIX դարի երկրորդ կեսի ամերիկյան ճարտարապետության նորարարությունները:
Առանձնատներից ոչ մեկը մյուսին նման չէ. տարբեր են նաև իրենց չափերով: Ամենամեծ առանձնատունը՝ Բրեյկերսը, պատկանում է Վանդեռբիլտներին, կառուցված է իտալական Վերածննդի ճարտարապետության ոճով: Այդ տունը խորհրդանշում է Վանդեռբիլտների տեղն ու դերը Ամերիկայի տնտեսական և ֆինանսական կյանքում՝ XIX դարի վերջին ու XX դարի սկզբին: Սա այն ժամանակաշրջանն էր, որը Մարկ Տվենը կոչել է «Ոսկեջրված դար». երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենց համարում էին համաշխարհային տնտեսական տերություն: Կոմանդոր Կոռնելիուս Վանդեռբիլտը (1794-1877) իր հարստությունը ստեղծեց նավագնացության ու երկաթուղու միջոցով: Նրա թոռը՝ Կոռնելիուս Վանդեռբիլտ II-ը (1843-1899), դարձավ Նյու Յորքի կենտրոնական երկաթուղու նախագահը:
Նյու Պորտի մեծ առանձնատներից Ռոուզկլիֆֆի տերերը երբեմնի հասարակ ածխագործի ժառանգներ են՝ ներգաղթած Իռլանդիայից: Թերեզա Ֆեյր Օռլիկսը, որը հայտնի է «Թեսսի» անունով, հարուստ ամերիկուհի էր Նևադայից: Նրա ածխահատ հայրը ծանր կյանք է ունեցել Կալիֆոռնիայում ու Նևադայում, հետո մի քանի ընկերների հետ գտել է արծաթի հարուստ պաշարներ ու մի քանի տարում ստեղծել 50 միլիոնի հարստություն: Այդօրինակ հարստությունը նրան իրավունք է տվել մտնել Նյու Պորտի բարձր հասարակություն: Նրա աղջիկը՝ Թեսսին, 1889-ին ամուսնացել է Հերման Օռլիկսի՝ երկաթուղային հարստության ժառանգորդի հետ: 1891-ին Թեսսին ու նրա քույրը Նյու Պորտում գնել են հասարակ, սակայն ընդարձակ մի շինություն, որի տեղում հետագայում բարձրացել է Վերսալի պալատներից մեկը հիշեցնող առանձնատունը: Նրանք պահպանել են փայտե շինության Ռոուզկլիֆֆ անունը, սակայն նորակառույց պալատը դարձրել են արքայավայել զվարճությունների վայր, ուր հավաքվում էր Ամերիկայի բարձր հասարակությունը: Ռոուզկլիֆֆի փայտե մեծ շենքը պատկանել է Ջորջ Բենկրոֆտին, որը նշանավոր պատմաբան էր, դեսպան, եղել է ռազմածովային նավատորմի նախարար: Պատմաբանի կալվածքը նշանավոր է շրջակայքի շքեղ պարտեզներով: Նրա փայտե տունը շրջապատված էր վարդաստանով, որտեղ աճում էին 500 տեսակի վարդեր, այդ թվում նաև «Ամերիկյան գեղեցկուհին», որը Բենկրոֆտը ավելի էր կատարելագործել: Այդ չքնաղ վարդաստանը պահպանված է առ այսօր և այցելուներին մեծ հաճույք է պատճառում:
Առանձնատներից ամենագեղեցիկն, իմ կարծիքով, Մարմարե տունն է (“Marble House”): Այն կառուցվել է 1888-1892 թվականներին՝ Վանդեռբիլտ ամուսինների համար: Տիկին Վանդեռբիլտի մտահղացմամբ՝ Մարմարե տունը պետք է դառնար «Արվեստի տաճար»: Ճարտարապետը Ռիչարդ Մորիսն էր, կահույքը պատրաստված էր Փարիզում: Տունը կառուցելու համար գնվել է 15000 քառակուսի մետր սպիտակ մարմար: Մարմարե տան հսկայատարած այգու մեջ կա չինական ոճի շինություն, այն հիմա սրճարան է՝ շենքի ներքին ու շրջակայքում համապատասխան դիզայնով: Բաց է առավոտյան 10-ից մինչև 16-ը և չափազանց մարդաշատ է, ծառերի ու ծաղիկների մեջ: Թվում է՝ վայրի բնության մեջ ես, սկյուռիկներ, նապաստակներ, բազմատեսակ թռչուններ ու չափազանց մաքուր օդ, մեղմ զեփյուռ:
Գրեթե բոլոր առանձնատների այգիներում կան եվրոպական լացող հաճարենիներ, որոնք այնքան մեծ են, որ նրանց ներսում կարելի է հարյուր մարդու համար հանդիսություն կազմակերպել:
Նյու Պորտի տներից մեկը կոչվում է Ամրոց ծովի մոտ (“Chateau sur mer”), կառուցվել է 1852-ին: Եղել է ամենաշքեղ ամառանոցը մինչև Վանդեռբիլտների առանձնատների շենքերը կառուցելը: Առանձնահատուկ է «Ամրոցի» գրադարանը՝ ձևավոր է ֆլորենցիայի քանդակագործ Լուիջի Ֆրուլլինիին: Պատերը շրջանակող կիսասյուները կրում են Վերածնության մեծերի և վաղ Ամերիկայի հանրապետության նշանավոր քաղաքական գործիչների անունները՝ Կոլումբոս, Դանթե, Ռաֆայել, Վաշինգտոն ու Լինքոլն: Պատմության նշանավոր դեմքերին գրադարաններում հիշատակելը ընդունված է եղել վիկտորիական դարաշրջանի մեծ գրադարաններում:
Առանձնատներից Հանթեր հաուզը (“Hanter house”) առանձնապես շքեղ չէ, կարող ես այցելել, եթե նախապես էքսկուրսիայի տոմս ունես: Էքսկուրսավարը՝ բավականին տարեց մի տղամարդ, ներկայացնում էր ամեն մի իրը և հաճախ էր կրկնում, որ տանտերերն ունեցել են շատ ստրուկներ: Ստրուկներ բառն այնքան շատ գործածեց, որ ձանձրացրեց:
Նյու Պորտի 11 առանձնատների դրախտի վերջին կայանը հսկա տարածք է, յուրահատուկ բուսաբանական այգի, որտեղ ամենատարբեր կենդանիներ ստեղծված են կանաչ բուսատեսակից: Այգու մուտքի մոտ քեզ դիմավորում է 175 տարեկան վիթխարի ծառը՝ իսկական բնության հրաշք:
Առավոտյան ժամը 9.30 է, կանաչ կենդանաբանական այգում ես ու աղջիկս ենք և երկու տարեկան աղջնակ հոր, մոր ու տատիկի հետ: Կանաչ կենդանաբանական այգին հրաշալի խաղահրապարակ ունի՝ փայտե ճոճանակներով, երեխաների համար շատ հաճելի խաղերի հարմարանքներով, այստեղից բացվում է օվկիանոսի կապույտը: