ՀՈԳՈՒ ԵՎ ՔԱՐՏԵԶԻ ՄԻՋՕՐԵԱԿԱՆՆԵՐ / Էդուարդաս ՄԵԺԵԼԱՅՏԻՍ

hs-01

Չեմ կարող մի քանի խոսք չասել այն գրքի մասին, որին այս գարնանը ծանոթացա Հայաստանում և աշնանը վերընթերցեցի Լիտվայում… Ասում են՝ Հայաստան պետք է գալ աշնանը, այդ ժամանակ գինին ուղիղ բերանդ է հոսում, իսկ արևով ներծծված խաղողի ողկույզները, լեռնային կանաչաթև թռչունների նման, իրենք են իջնում ափիդ մեջ: Գուցե այդպես է որ կա, չեմ վիճի համադամասերների հետ, նրանք ավելի լավ գիտեն: Սակայն ինձ թվում է՝ Հայաստանն ամենից լավ գարնանն է: Վաղ գարնանը, երբ կապտավուն հավերժական սառույցների ու կուրացուցիչ սպիտակ ձյան զրահով ամրակուռ լեռներից սիրտդ են թռչում փրփրաբաշ վտակները, երբ շռայլ ու մի տեսակ բոլորովին յուրահատուկ հայկական արևը նոր միայն սկսում է պատրաստել իր ապագա շնորհները՝ թավշապատելով խաղողի սև վազերը նուրբ կանաչով, իսկ ծիածանի ծաղկաբույլերը բացել են աղավնյակի բաց վարդագույն թևիկները – ժառանգված չե՞ն դրանք արդյոք արարատյան Նոյի տապանից թռած աղավնուց: Որքան հոգեկան սնունդ կա այստեղ տարվա այդ եղանակին: Ի՞նչ սնունդ, կհարցնեք…
Բանաստեղծական:
Հենց պոեզիայից խոսեցինք իմ հին ու լավ բարեկամուհի Սիլվա Կապուտիկյանի հետ, երբ անցյալ գարնանը դեռ նոր էինք հանդիպել: Մեր բարեկամությունը բավական մեծ ստաժ ունի: Անմոռանալի Ներիսի մահվանից հետո Սապֆոյի կանացի քնարի ինձ առավել մոտ ներկայացուցիչներից մնացել են Դեբորա Վաարանդին հարևան Էստոնիայում և Սիլվա Կապուտիկյանը՝ թող որ աշխարհագրականորեն փոքր-ինչ ավելի հեռավոր Հայաստանում: Հնագեղությունը միշտ էլ գրավել է իմ համակրանքը, և մարմարյա մեծ Սապֆոն սովորեցրել է ինձ սիրել, գնահատել և հարգել կանացի ոսկե քնարը՝ լիրիկական թովիչ սոպրանոն: Սակայն կանացի քնարի հնչյուններում, ուր երբեք չի զգացվում պոեզիայի համար այնքան անհրաժեշտ սրտացավության պակաս, ես միշտ էլ փնտրում եմ առնական նոտաներ… Այդպիսին էր իմ ուսուցչուհի Սալոմեա Ներիսի անկրկնելի ձայնը, որ լսել եմ դեռևս գիմնազիայի նստարանից: Նրա ձայնի մեջ ապրում էին գարնանային հողին ու աստղազարդ երկնքին սիրահարված սոխակի նուրբ ձայնը և լիտվական պուրակների բազեի՝ պայքարի հերոսական ավետաբերի ճիչը: Հետագայում ինձ գերեց Դեբորայի ձայնը, որի մեջ տարերայնորեն արձագանքում էր բալթյան ճայերի ձայնը: Սիլվայի քնարի հնչողությունը, որին այնքան հատուկ են արևելյան պոեզիայի համար ավանդական սոխակի ձայնի ելևէջումները, հագեցած է լեռնային անվեհեր արծվի կանչի պողպատով: Այդպիսի հնչողության կանացի քնարը միշտ էլ իմ սրտովն է եղել: Եվ ահա երկար ընդմիջումից հետո մենք Սիլվայի հետ նորից հանդիպեցինք: Իր ողջ շքեղությամբ, իր ողջ գեղեցկությամբ փայլում էին Հայաստանի գարնան գույները, և ես հիշեցի բանաստեղծուհուն, նրա մի քանի տողը.
Դու հեռացար, բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ լինես, ես քեզ հետ եմ, ես կգամ,
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա:
Սիլվան մի տեսակ մեղավոր ժպտաց.
– Իսկ ես վաղուց է արդեն բանաստեղծություն չեմ գրում:- Հետո խոստովանեց,- արձակի եմ անցել:
Այո՜, ես արդեն հետաքրքրությամբ կարդացել էի նրա «Քարավանները դեռ քայլում են» գիրքը: Բայց ինչո՞ւ է կարծում, մտածեցի ես, որ «արձակի է անցել», եթե գրքում այդքան պոեզիա կա: Բանաստեղծ ծնված մարդը ոչ մեկին չի կարող «վաճառել իր ստվերը»: Նրան երբեք չի հաջողվի արձակի անցնել: Ես նկատի ունեմ կանոնավոր արձակը: Բանաստեղծը կարող է փոխել ստեղծագործության արտահայտման միջոցը, ձևը կամ էլ «փաթեթավորումը»: Սակայն դա սոսկ գրական միմիկա է, հեղինակը արձակում էլ կմնա բանաստեղծ: Քո ստվերից ոչ մի տեղ էլ չես փախչի և դու, թանկագին Սիլվա, մտածեցի ես՝ կարդալով «Քարավանները»: Մի՛ արդարացիր և մի՛ ջանա ինձ խաբել: Այդ բաները ես հիանալի գիտեմ… Ես ինքս էլ շատ անգամներ եմ ուզեցել հեռանալ պոեզիայից՝ ուժերս փորձել արձակի մեջ: Ոտք դրեցի հրապարակախոսության և լրագրության ամենապրոզայիկ ուղին, բայց նախկին ստվերը, ես դա զգում էի, կողքիցս չէր հեռանում: Այդպես էլ դու: Ես կարդացի քո «Քարավանները» և այնտեղ բանաստեղծական մարգարիտներ գտա: Եվ բազում, պետք է ավելացնեմ, փիլիսոփայական հասուն ընդհանրացումներ: Երբ իմաստավորվում են ճակատագրերը, Կյանքը, Դարա­շրջանը և Մարդը, փիլիսոփայական միտքը կամա-ակամա դուրս է սպրդում տեքստին: Քանի որ այդ միտքը տարածվում է նրանց վրա, ինչպես լեռնային կապույտ երկինքը քարքարոտ դաշտավայրի լայնարձակությունների վրա, ինչպես այն երկինքը, որ մենք այդքան պրոզայիկ անվանում ենք ենթատեքստ: Որովհետև մախաթը պարկում չես թաքցնի, Սիլվա… Հնուց այդպես են ասում և՛ լիտվացիները, և՛ ռուսները: Նման ասացվածք, կարծում եմ, ունեն նաև հայերը: Դրա մեջ է ժողովրդի և՛ իմաստությունը, և՛ փորձը: Մի՛ արդարացիր, թանկագին Սիլվա… Քեզ չի հաջողվի դասալքվել պոեզիայից: Ժամանակին անտես մի ձեռք օրորոցիդ է իջեցրել բանաստեղծական շնորհը, և այժմ նրանից չես կարող բաժանվել, չես կարող տալ մեկ ուրիշի, ինչքան էլ որ ուզես, ինչքան էլ որ ձգտես դրան, քո արձակը բանաստեղծական հասունություն է, ինչ էլ որ գրես, լինելու է պոեզիա…
Այդպիսի մտքեր էին թափառում մտքումս, երբ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր ինձ, թե վերջին ժամանակներս ինչ արձակ է գրում ինքը: Ես այն ժամանակ ոչինչ չասացի, բոլոր մտքերս պահեցի իմ մեջ, միայն արևահամ գինով բաժակ բարձրացրի և առողջություն մաղթեցի նրան: Դրա համար լավ առիթ կար. Սիլվայի ծնունդն էր: Մենք ետ քաշեցինք բաժակներն ու լռեցինք: Յուրաքանչյուրս իր մտքերի հետ էր:
Ես խոր հարգանքով նայում էի փոքրիկ ժողովրդի հիանալի դստերը, որն իր տաղանդով փառաբանել էր հայրենիքը և հայերեն խոսքը՝ Հայաստանի սահմաններից շատ հեռու: Սիլվայի պոեզիան դուրս է եկել, ինչպես ասում են, լայն աշխարհ: Ամենուր հյուրընկալ բացվում են նրա առաջ դռները, ամենուր նա իրեն զգում է ինչպես տանը, ամենուր նա իրենց մարդն է: Իսկ որքան աշխատանք է պահանջվել՝ նվաճելու համար այդ ճանաչումը, որքան կամք ու համառություն՝ չխոսելով դեռ տաղանդի մասին:
Այդպիսի ճանաչումը պարգև է ծառայում միայն իսկական տաղանդին և համառ աշխատանքին: Հիանալի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի պատվին կազմակերպված հոբելյանական երեկոներին, որ այն օրերին տեղի էին ունենում ամբողջ Հայաստանով մեկ, ես հնարավորություն ունեցա համոզվելու, թե նրան որքան բարձր են դասում ու սիրում և՛ երիտասարդությունը, և՛ մտավորականությունը, և՛ հանրապետության հասարակ աշխատավորները: Նրա պոեզիան ոչ պակաս փառաբանված է նաև Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ ապրում են Սիլվայի բազմաթիվ հայրենակիցները: Ինչպե՞ս չհարգես այդ կնոջը, որը մեծ բանաստեղծների կողմից դարերով փայլեցված հարազատ բանաստեղծական խոսքը բարձրացրել է մինչև մեծ Արարատի ճերմակ գագաթները… Այս բոլորը ես մտածեցի այն գարնանը Հայաստանում:
Չգիտեմ ինչի՞ հետ կարելի է համեմատել այդ գարունը: Նիագարայի ջրվեժի՞, որի ստորոտին շատ տարիներ առաջ փորձեցի, բայց չկարողացա խլացնել գահավիժող ջրի դղիրդը՝ ամբողջ ձայնովս մեկ արտասանելով Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները»: Թե՞ իմ հյուսիսային Բալթիկայի, երբ լուսաբացին կիտվում են փրփրադեզ ալիքները: Եվ արշավում են դրանք, ինչպես քրտնաթոր ռազմաձիերը, և փշրվում են ափերին՝ եռ գալով գարնանային այգիների սպիտակ փրփուրով: Չգիտեմ, ինչի՞ հետ համեմատեմ Հայաստանի գարունը, այս հանելուկի լուծումը թողնում եմ իմ բանաստեղծությունների հայկական շարքին, որ սկսեցի գրել դեռևս լեռների երկիրը ճանապարհորդելու ժամանակ և շարունակում եմ գրել մինչև հիմա: Գուցեև կծնվի որևէ երջանիկ համեմատություն: Իսկ արձակով կարող եմ ասել միայն հետևյալը. Հայաստանի գարունը ապշեցուցիչ է: Նման չէ բոլոր այն գարուններից և ոչ մեկին, որոնցից շատերն ինձ բախտ է վիճակվել վերապրել և վերատեսնել:
Մի հայացք ես նետում հողին. ծաղկած ծառերի ալիքները թավալվում են ու թավալվում, վազում են ու վազում – դիզվում են, փլվում, նորից փքվում՝ վարդագույն փրփուր հագած, և այդպես՝ մինչև հորիզոն, ուր ձուլվում են աշխարհում ամենաթափանցիկ հայկական երկնի լազուրին, թափանցիկ, ինչպես արցունքի բյուրեղը: Նայում ես թափանցիկ երկնակամարին և աչք չես կարողանում կտրել դեպի արևը ձգվող ձյունե սպիտակափայլ գագաթներից, իսկ նրանցից վերև, սառցե կատարներից վեր ճախրում է երկնքի թևավոր բնակիչը՝ անվեհեր լեռնային արծիվը: Դրանք Հայաստանի թևերն են, երկիր, որն ահա շատ հազարամյակներ առանց դադարի ճախրում է ու ճախրում, ձգտելով վերևներն ու հեռուները… Օ, զարմանալի հայկական գարուն: Որքա՞ն ես բարձրացնում դու ինձ:
Եվ այնուամենայնիվ, այդ գարնանն էլ մի մռայլ, ամպամած օր եղավ, որ հնչեց իբրև դիսոնանս սպիտակ և վարդագույն ծաղկունքի ուրախ սիմֆոնիայի մեջ… Ապրիլի 24-ը: Այդ օրը մարդկանց անվերջանալի թափորը ծաղիկներով ու պսակներով ձգվում էր Երևանի փողոցների ու հրապարակների երկարությամբ, խոր լռությամբ ուղղվում դեպի բարձր բլուրը, ուր վառվում է Հավերժական կրակը և վեր խոյանում ցեղասպանության զոհերի փառահեղ, ողբերգական հիանալի հուշարձանը: Այդ օրը պոկված բոլոր հայկական ծաղիկները ռեքվիեմ են անմեղ զոհերին, ովքեր ոչ այնքան հեռավոր անցյալում ընկան գազանացած դահիճների ձեռքից:
Մենք Սիլվայի հետ միասին այդ օրը նույնպես պսակ դրեցինք հուշարձանին: Եվ, իհարկե, Սիլվան այդ պահին չէր կարող չմտածել իր ժողովրդի ողբերգական ճակատագրի մասին, որը տառապանքների ուղիներով բանաստեղծական Վանի արյունով ողողված հարթավայրերից նրա ընտանիքը բերել էր Երևանի փողոցները: Իսկ ես մտածեցի իմ փոքրիկ ժողովրդի պատմական ճակատագրի մասին, որը նույնպես եղել է բավականին դաժան… Մեր աչքերն իրար հանդիպեցին, նրանցում վառվում էին Հավերժական կրակի բոցերի ցոլքերը:
Այդ օրը Սիլվան ինձ նվիրեց իր նոր՝ «Հոգու և քարտեզի միջօրեականներ» գիրքը (Տ. Ա. Սմոլյանսկայայի զգայուն ու հոգատար թարգմանությամբ), որ լույս է ընծայել «Սովետսկի պիսատել» հրատարակչությունը: Գիրքը խորապես ցնցեց ինձ և միաժամանակ հիացրեց իր թարմությամբ… Այդպիսի գիրք գրելու համար պետք է դժվար, դրամատիկ կյանք ապրես և նրա բոլոր իրադարձություններն անցկացնես սրտիդ միջով:
Եթե խնդրեին ինձ պատմել գրքի բովանդակությունը, ապա, վկա է Աստված, ես չէի կարող այդ անել: Չէի կարող նույնիսկ որոշել դրա ժանրը: Եվ այդ գիրքը կարդալ է պետք բոլորովին ոչ այնպես, ինչպես կարդում են այն գրքերը, որ մենք անվանում ենք վեպեր, վիպակներ, ակնարկներ կամ էլ ռեպորտաժներ, բանաստեղծությունների ժողովածուներ, ճանապարհորդական նոթեր կամ էլ հուշեր: Եվ, այդուհանդերձ, «Միջօրեականները» բովանդակում է բոլոր այն տարրերը, որ հատուկ են վերը նշված ժանրերին: Սիլվա Կապուտիկյանի գիրքը դրանց յուրատեսակ սինթեզն է, դրանց օրգանական համաձուլվածքը, բայց, այնուամենայնիվ, ինչի՞ մասին է Սիլվայի «Միջօրեականները»: Ինձ թվում է՝ հայերի ճակատագրի, որոնց առասպելական նախահայր Հայկին տպավորիչ հուշարձան է բարձրացված Երևանի միկրոշրջաններից մեկում՝ Նորքի զանգվածում: Հազարամյակներ առաջ Արարատի ստորոտում ապրող հենց այդ մարդուց էլ, իբր, սկսվել է Հայաստանը: Անհիշելի ժամանակներում այդ խորհրդանշական Հայկը եկել է այն դեղնականաչավուն դաշտավայրերը, որ շրջապատում էին լեռների արքա Նորին մեծություն Արարատը: Այդ լեռների լեռը փակել է նրա ճամփան՝ գերելով իր գեղեցկությամբ և վեհությամբ: Արարատի ստորոտին Հայկը քարքարոտ հողի մեջ է խրել իր ծանր սուրը և ասել. «Էլ չեմ շարունակի: Կմնամ այստեղ: Թող որ հողն այստեղ քիչ լինի, իսկ լեռները՝ շատ: Ինձ և իմ ժառանգներին կկերակրի նաև հողի այս համեստ պատառիկը, իսկ լեռները ապաստան կտան, որպես անառիկ ամրոց, կպաշտպանեն չար թշնամիներից»: Եվ ամեն ինչ խոսքով է եղել: Թողնելով սուրը, ձեռքն է առել գութանը, վարել ու ցանել է քարքարոտ լանջերը՝ վերածելով խաղողի այգիների ու ծաղկած դաշտերի: Այդ հողում արմատակալեց ազգային ամենասքանչելի բույսը՝ հայերենը: Լեզու, որն իր կրակոտությամբ, արևային կոլորիտով և նուրբ հնչողությամբ հիշեցնում է մոլեգին, փրփրող, արևագույն և քիմքը շոյող հայկական գինին: Լեզու, որ ստեղծված է պոեզիայի համար, չնայած պակաս հարմար չէ նաև փիլիսոփայական խոր մտքեր արտահայտելու համար… Հայերը՝ առասպելական Հայկի հետնորդները, ստեղծեցին իրենց գիրը, որի գրաֆիկական պատկերն այնքան նման է խաղողի վազերին, ծիրանենիների և վարդաթփերի շարքերի, և արձանագրեցին իրենց լեզուն քարի, պապիրուսի և մագաղաթի վրա: Երբ թերթում ես հին հայկական ձեռագրերը, քեզ թվում է, թե քայլում ես իրար խիտ հյուսված խաղողի վազերի միջով, ճանապարհ ես հարթում ծիրանի այգում, բաժանում ծաղկած վարդենիների ճյուղեր: Հայերը վարում էին հողը, ցորեն աճեցնում, խաղող տրորում, հոտ ու նախիր արածեցնում և միաժամանակ կառուցում ապշեցուցիչ ճարտարապետական կոլորիտի տաճարներ ու ամրոցներ: Կառուցում էին մարմնի ու հոգու պաշտպանության համար: Սեփական ժողովրդի բուն կյանքի պաշտպանության համար, քանի որ քիչ թշնամիներ չեն փորձել գրավել այդ դաժան, բայց շռայլ հողակտորը: Սրով ու գութանով, խոսքով ու գրով են հայերը թշնամիներից պաշտպանել իրենց կյանքը, իրենց պետականությունը, ազատությունն ու մշակույթը: Պաշտպանել են հազարամյակների ընթացքում: Արարատի ստորոտը կարմրել է վարդերից ու հայերի արյունից, շատ արյուն է ներծծել Հայաստանի քարքարոտ հողը:
Սակայն հազարամյակների դժբախտությունները նսեմանում են հենց միայն 1915 թվականի համեմատությամբ: Հազարամյակների ընթացքում հողն այնքան արյուն չի տեսել, որքան միայն այդ տարում… Ես եղել եմ պատերազմում, մահ եմ տեսել: Բայց մազերս փշաքաղվեցին, երբ ընթերցում էի այն փաստաթղթերը, որոնցում պատմվում է մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնելու փորձի մասին: Ցեղասպանության գերանդին հնձեց երկու միլիոն հայ: Դժվար չէ հասկանալ, թե ինչ է նշանակում այդ թիվը փոքր ժողովրդի համար…
Մեզանից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, թե ինչպես էին մարդիկ իրենց պահում, երբ դեռ կույր էին: Մարդկության զարգացման սաղմնային շրջանում բարբարոսությունը վարվեցողության ընդհանուր կանոն էր: Սակայն ինչպե՞ս պետք է բնորոշվի վայրենիների բարբարոսական փորձը՝ տեղափոխված 20-րդ դար: Ժամանակաշրջան, որ մենք անվանում ենք մեծ մշակույթի և քաղաքականության դար: Քիչ է անվանել անհեթեթություն: Եվ դարի խայտառակություն նույնպես քիչ է անվանել: Ցեղասպանությունը 20-րդ դարում պետք է որակվի որպես ամենանողկալի և ցինիկ հանցագործությունը: Մեր տիեզերական դարաշրջանը առաջադրել և սահմանել է նորմեր, որ հագեցած են մեծագույն պատասխանատվությամբ, եթե արյունոտ ձեռքը բարձրանում է մի ժողովրդի վրա, ուրեմն բարձրացել է ամբողջ մարդկության վրա: Այսպիսի մարդասիրական սկզբունքների վրա են հիմնվում մարդկանց մերձեցումը, մարդկային համերաշխությունն ու մարդկային շահերի ընդհանրությունը: Դրանց համար մեծ խթան են հանդիսացել մեր դարի հեղափոխական իրադարձությունները, որ տեղի են ունեցել և՛ հասարակական կյանքում, և՛ տեխնիկայի, և՛ գիտության մեջ… Այժմ պետք է մերժվի ամեն տեսակ ճնշում ժողովուրդների նկատմամբ: Մանավանդ՝ արյունալի ցեղասպանությունը:
Ժողովրդին հասցված վերքերը երկար ժամանակ չեն ապաքինվում: Երկար ժամանակ չեն կարողանա իրենց ձեռքերը լվանալ 19-րդ դարի բարբարոսները, որ խոր վերք թողեցին հայ ժողովրդի հոգու ու մարմնի վրա: Նրա պոեզիայում, երաժշտության մեջ և կերպարվեստում: Շատ, անչափ շատ ցավ է կուտակվել հայ գրականության մեջ: Եվ Սիլվա Կապուտիկյանի «Խճանկարի» էջերը էջեր են ազգային մեծ ողբերգության տարեգրության: Այդ գիրքը Սփյուռքի մասին է՝ 1915 թվականից հետո աշխարհով մեկ տարածված հայերի մասին:
Դա սովորական վտարանդիություն չէր, այլ բռնության հետևանք:
Սիլվա Կապուտիկյանը եղել է տարբեր միջօրեականներում, ծանոթացել հայկական Սփյուռքի հետ, հանդիպել հազարավոր հայրենակիցների՝ տարբեր մասնագիտությունների և համոզմունքների, տարբեր սոցիալական դիրքի մարդկանց հետ. աշխատավորների և առևտրականների, համեստ գրասենյակային աշխատողների և ազնվականների, արվեստի հայտնի գործիչների և բոհեմի ներկայացուցիչների: Այդ բազում մարդկանց սրտերում ցեղասպանությունը թողել է անջնջելի հետք: Նրանց մեջ կարոտի խոր զգացում կա հայրենիքի նկատմամբ, որը ես կանվանեի յուրահատուկ հայկական հայրենաբաղձություն… Եռանդուն հարավցին սովորաբար թվում է ուրախ, աշխույժ ու առույգ: Բայց ուշադիր նայեք հայի աչքերին, դրանք միշտ էլ թախծոտ են: Իսկ չէ՞ որ աչքերը հոգու հայելին են: Բանաստեղծուհին բերել է իր հետ հանդիպումների բազմաթիվ հիշատակներ, մի ամբողջ ճամպրուկ ճամփորդական նյութեր: Այդպես է ծնվել նրա հիանալի գիրքը: «Միջօրեականները» մանրամասն վերլուծելու համար շատ էջեր կպահանջվեն: Այո՛, թերևս այդպիսի վերլուծություն հնարավոր էլ չէ: Գիրքն իրենից ներկայացնում է մի խճանկար՝ կազմված հանդիպումների, զրույցների, իրադարձությունների առանձին դրվագներից: Այդ դրվագներից յուրաքանչյուրը, սակայն, ծառայում է գլխավոր գաղափարի բացահայտմանը:
Անփորձ ընթերցողին կարող է թվալ, թե ճանապարհորդական տպավորությունների սովորական գիրք է դա: Բայց այդպես չէ իրականում: Յուրաքանչյուր առանձին դրվագը յուրատեսակ բանաստեղծական էսսե է, իսկ ամբողջ գիրքը՝ վառ, բազմաբարդ խճանկար: Այդ խճանկարի էպիզոդիկ հերոսները երկրորդական դեմքեր են: Ես դրանց կանվանեի սոսկ փաստարկներ հեղինակի ձեռքին: Իսկ գլխավոր հերոսները թաքնված են տեքստի հետևում: Այդ գլխավոր հերոսները երկուսն են՝ ինքը՝ հեղինակը, հայ նշանավոր բանաստեղծուհին, իր հայրենիքի ջերմ երկրպագուն, և «հայերի նախահայրը»: Առաջին Հայ Հայկը: Գլխավոր հերոսները բանավիճում են իրար հետ: Թեման հայերի ճակատագիրն է: Սիլվա Կապուտիկյանն իր եզրակացությունները փաստարկում է Սփյուռքի ճամփորդությունից վերցված հարյուրավոր դրվագներով:
Ժողովուրդը ցրվեց աշխարհով մեկ՝ ինչպես հողմի բերանն ընկած փոշին, ասում է նա խորհրդանշական Առաջին Հային: Հայկը հերքում է հեղինակի դրամատիկ փաստարկները պատմական լուրջ փորձի վրա հիմնված հակափաստարկներով: Նա անհողդողդ է, ինչպես քարաժայռ, ինչպես լեռների լեռ Արարատը: Այո՛, ծանր հոգոց է հանում նրա քարե կուրծքը. ծանր է մեր ժողովրդի ճակատագիրը: Եվ, այնուամենայնիվ, ժողովուրդը պետք է ապրի: Կսեղմվի իր ճերմակահեր նահապետ Արարատի կրծքին և կապրի: Հեղինակի զրուցակցին բոլորովին խորթ է հոռետեսությունը: Այսպես է ինձ ներկայանում այդ գրքի սխեման: Այդպիսին է նրա տեսանելի և անտեսանելի արխիտեկտոնիկան:
Ինձ հուզեցին «Միջօրեականների» դրամատիկ բովանդակությունը, նրա փաստականությունը և բուն ֆակտուրան: Սակայն մինչև հիմա էլ հանելուկ է մնում գրքի ժանրային բնութագիրը: Ես երկար ժամանակ գլուխ էի կոտրում՝ փորձելով գտնել նրա տեղը արդեն հայտնի ամբողջ եղածի մեջ: Այժմ, ուշադիր խորամուխ լինելով նրա մեջ, ես կասեի, որ այն նորարարական է: Այդ գիրքը երևույթ է: Առաջին հերթին հայ գրականության մեջ, ինչպես նաև մեր ողջ բազմազգ գրականության մեջ ևս:
Իսկ ինչպե՞ս կոչել այն: Թերևս փաստագրական-էսսեիստական վեպ… Խոստովանում եմ, որ անձնապես ինձ լավ փաստարկված և գեղարվեստականորեն համոզիչ փաստագրական և ինքնակենսագրական պատումները երբեմն շատ ավելի հետաքրքիր են թվում, քան գրական երևակայության արգասիքը: Զարմանալու ոչինչ չկա, որ ամբողջ աշխարհում փաստագրությունը այդպես համարձակորեն պայքարի մեջ է մտել արձակի ավանդական ձևերի հետ: Ես այստեղ խոսում եմ գեղարվեստական փաստագրության մասին, որը հաճախ հաղորդակցվում է բելետրիստիկային, և, այդպիսով, ստեղծվում է փաստի և վեպի յուրատեսակ հիբրիդ… Ընդհանրապես գրական ժանրերի, ձևերի և ոճերի «հիբրիդացումը» մեր դարում դառնում է բնորոշ երևույթ: Փաստագրությունը արձակի առաջ բացում է նոր հնարավորություններ, նրան հաղորդում մեծ արժանապատվություն և համոզիչ դարձնում ընթերցողի համար, որը փոքր-ինչ հեռացել է ավանդական գրականությունից: Այդ ընթերցողը գրականության մեջ փնտրում է իրական փաստ: Գրականության մեջ ավարտվեց, այսպես կոչված, սուրբ կեղծիքի կողմնորոշումը, ամրապնդվեց կոնկրետ փաստի դիրքը… Ես կարծում եմ, որ պոեզիայում նույնպես գոյություն ունի փաստին յուրահատուկ մերձենալու միտում: Ստեղծվել է նույնիսկ «կոնկրետ պոեզիա» տերմինը: Ոչ այնքան վատ, իմ կարծիքով: Համենայն դեպս՝ քննարկման արժանի: Ժամանակակից ընթերցողը գրողից պահանջում է ոչ միայն երևակայություն, հնարանք, վարպետություն, այլև սխրանք ու իսկական ճշմարտություն:
Սիլվա Կապուտիկյանի մասին համարձակորեն կարելի է ասել, որ նա ոչ թե սոսկ գիրք է գրել, այլև կատարել է սխրանք: «Միջօրեականները» հասունացած և խոր ապրած արդյունք է ներքին դրամատիկ կոնֆլիկտների, փիլիսոփայական խորհրդածությունների, դժվարին ճանապարհների, նյութի քրտնաջան կուտակման և համառ աշխատանքի: Սիլվան հեռացե՞լ է պոեզիայից… Օ, ո՛չ: Բայց այժմ նրան է այցելել մեկ այլ հաջողություն: Կարդում ես նրա գիրքը և զգում մայրական սրտի տրոփյունը: Ողբերգական, բազմաչարչար, բազմափորձ սրտի: Եվ անսահմանորեն բարի: Իսկ պոեզիան ոչ մի տեղ չի գնացել… «Միջօրեականների» մթնոլորտը նման է հայկական լեռներին հովանի դարձած երկնակամարին՝ արևոտ, ջերմ, գունեղ: Բանաստեղծական մթնոլորտ:
…Երբ ես ավարտում էի «Միջօրեականի» վերջին էջերի ընթերցանությունը, աշունը թակում էր իմ գյուղական խրճիթի պատուհանը: Երկու արագիլներն էլ, որ ամբողջ ամառ կտուցով թխկթխկացնում էին իմ փայտե ծածկի վրա, ինձ մենակ թողեցին խուլ անտառում և չվեցին տաք երկրներ: Գուցե և՝ Հայաստան: Ամառային տաքությունը տեղի է տալիս՝ ճանապարհ բացելով աշնանային ցրտերին: Կեչու կատարին թախծոտ երգում է պիրոլը: Անձրև է խնդրում: Եվ ավելի հաճախ է աղերսում: Պատուհանից այն կողմ քամին քաշում է կեչիների գունաթափ գանգուրները, մանր անձրև է մաղում: Եվ ես մտքով թռչում եմ հեռավոր Հայաստան, ուր աշնանային արևը դեռևս նուրբ շոյում է հողը, և տարվա այս եղանակին արդեն հավաքում են լիտվական սաթի կտորների նման խոշոր խաղողի ողկույզները: Մի րոպե կանգ առնելով առասպելական Հայկի հուշարձանի մոտ՝ ծեծում եմ Սիլվա Կապուտիկյանի դուռը, և մենք շարունակում ենք խաղաղ զրույցը, որ սկսվել էր, թվում է, վերջերս միայն, այս գարնանը, ծիրանենիների վարդագույն ծաղկունքի ժամանակ…

Թարգմանությունը` Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆԻ
1979 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։