2022 թվականի բազում հիվանդությունների, անառողջությունների, ցավերի բազմությունից մատս դրել եմ իմ և շատերի կարծիքով ամենածանր դեպքերից մեկի՝ սերիալային մղձավանջի վրա: Ցավոք, դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ. այդ հիվանդությունն առաջանում է, դրա նորանոր հանգույցներ, նորանոր օջախներ են բացվում ամեն օր: Դեռ երեկ ականատես եղա նոր՝ «Սյուրպրիզ» «հումորային սերիալին» (իսկական Ամանորի «սյուրպրիզ»), որը, իհարկե, ոչնչով չպետք է զիջի նախորդ հիմարություններին և չպետք է դադարեցնի կամ գոնե նվազեցնի մեր հրաշք լեզուն անպատիժ աղավաղելու, մեր ազգային բարոյական չափանիշները դաժանաբար ոտնակոխ անելու, գրողի ծոցն ուղարկելու չարաղետ քաղաքականությունը:
2023-ը կանխագուշակելու համար չեն բավականացնի իմ և ոչ միայն իմ մարգարեանալու հատկանիշները: Ու քանի որ աշխարհում ամեն ժամ ու րոպե իրավիճակներ են փոխվում, մնում է միայն լավատես լինելը, աղոթելը, որ աշխարհի մեծ ու փոքր երկրների շահերը համընկնեն մեր շահերի հետ, որ բոլոր բարձր ու ցածր ատյաններում փոքրիշատե պաշտպանվի մեր դատը, որ մի այնպիսի զենք ունենանք, որից զարհուրի մեր թշնամին, փախչի, հեռանա այնպես, որ այլևս չուզենա ետ նայել: