ԸՆԹԵՐՑՈՂԸ ՉՊԻՏԻ ԶԳԱ, ՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴՈՒՄ

Եթե ​​հետևենք պուշկինյան խոսքի այն տրամաբանությանը, որ «թարգմանիչները լուսավորության փոստային ձիերն են», ապա Գագիկ Դավթյանի լուսավորչական ներդրումն անկասկած ծանրակշիռ կլինի։
Պոեզիայի և թարգմանական բազմաթիվ մրցանակների դափնեկիր հայտնի բանաստեղծը վերջերս հրատարակել է ռուսերենից իր թարգմանությունների հատորը, որն այդպես էլ վերնագրել է՝ «Ռուսական պոեզիա»: Թվարկեմ մի քանի անուններ, որոնք ոսկե տառերով են գրված ռուսական պոեզիայի պատմության մեջ. Ժուկովսկի, Վյազեմսկի, Պուշկին, Տյուտչև, Լերմոնտով, Ֆետ… Ժողովածուում ներառված են նաև թարգմանություններ մի շարք ժամանակակից բանաստեղծներից։ Այսօր նրանց ստեղծագործությունները հնչում են հայերեն։ Գիրքը լույս է տեսել արդիական նորաոճով՝ երկլեզու է, և ցանկացած ընթերցող, որ տիրապետում է երկու լեզուներին, ունի թարգմանությունը բնօրինակի հետ համեմատելու հնարավորություն:
Ռուսերենից թարգմանությունների պատմությունն ունի դարավոր ավանդույթ, և յուրաքանչյուր թարգմանիչ իր անունն է գրանցում այդ անվերջանալի թարգմանական հանրագիտարանում: Բայց դա ոչ միայն բառային փոխադրություն է, չէ՞ որ պոեզիան երաժշտություն է նաև։ Եկեք ուշադրությամբ լսենք այդ երաժշտությունը…

Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Սերգեյ ՄՈՒՐԱԴՅԱՆ – Որո՞նք են եղել հեղինակների և ստեղծագործությունների ընտրության սկզբունքները «Ռուսական պոեզիա» գիրքը կազմելիս: Ունե՞ք սիրելի հեղինակներ կամ ժանրեր:
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ – Որևէ սկզբունք չեմ կարող առանձնացնել: Գրքում ընդգրկված է այն ամենը, ինչ առայսօր թարգմանել եմ ռուսական պոեզիայից: Թարգմանել եմ առանց որևէ ակնկալիքի, այսինքն՝ թարգմանել եմ այն, ինչը խոսել է իմ սրտի ու մտքի հետ և, իհարկե, հիմնականում այն, ինչն այլոց կողմից թարգմանված չի եղել կամ թարգմանված է եղել, մեղմ ասած, ոչ այնպես: Իսկ ընդհանրապես թարգմանությունը իմ ստեղծագործական աշխատանքի անքակտելի մասն է եղել ի սկզբանե: Ավելին՝ իմ գրական մուտքը կայացել է թարգմանական գրքով: Դա հույն ականավոր բանաստեղծ Տասոս Լիվադիտիսի «Կանտատ երեք միլիարդ ձայնի համար» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն էր, որ լույս տեսավ իմ առաջին գրքից շուրջ տասը տարի առաջ, երբ դեռ չէի ստացել պոլիտեխնիկական ինստիտուտի իմ ավարտական դիպլոմը, որ թեև պաշտպանել էի գերազանցությամբ, բայց որն այդպես էլ չծառայեց իր նպատակին (ոչ մի օր մասնագիտությամբ չեմ աշխատել):
Կյանքն ինձ համար ուրիշ ճանապարհ էր կանխորոշել, և դա նկատել էր ոչ այլ ոք, քան… Պարույր Սևակը՝ գրելով. «Չգիտեմ, թե շնորհալի բանաստեղծ Գագիկ Դավթյանը ինչպես է ուսանում պոլիտեխնիկական ինստիտուտում, բայց բանաստեղծության «ինստիտուտում» նա լավ է ուսանում: Անձամբ ես հետևում եմ նրա ստորագրությամբ լույս տեսնող բանաստեղծություններին (և նույնիսկ թարգմանություններին) և պարզ նկատում եմ նրա աճը» («Գարուն», 1970, թիվ 5): Սևակի ակնարկած բանաստեղծության «ինստիտուտի» իմ «դասախոսները» աշխարհի գրողները եղան, նրանց գրքերը եղան իմ դասագրքերը: Նրանք ինձ ներկա-բացակա չեն արել, ստուգարք ու քննություն չեն ընդունել ինձնից: Այդ «ինստիտուտում», ազատ ունկնդրի կարգավիճակով, ես ուսանել եմ մի ամբողջ կյանք, և իմ «ուսումնառությանը» զուգընթաց ստեղծվել է թարգմանական պատկառելի մի ժառանգություն՝ ամփոփված շուրջ 40 մեծ ու փոքր գրքերում: Այդ ժառանգության մի փոքրիկ մասն է մեկտեղված «Ռուսական պոեզիա» հատորում: Այստեղ բոլորն են իմ սիրելիները, բայց Միխայիլ Լերմոնտովին ուրիշ, «տարօրինակ սիրով» եմ սիրում, ինչպես ինքն է խոստովանում «Հայրենիք» բանաստեղծության մեջ: Ամեն անգամ նրան անդրադառնալիս ինձ թվում է, թե իմ վաղամեռիկ որդու գործերն եմ կարդում:

Ս. Մ. – Գրքում կան հանգավոր, վերլիբրով, սպիտակ բանաստեղծությամբ գրված գործեր։ Ռուսական պոեզիայի դասականը հանգավոր է, սպիտակը նախընտրում են ժամանակակից բանաստեղծները, սակայն Ռուսաստանում այս ժանրի հատուկ ավանդույթ չկա: Երբևէ զգացե՞լ եք դժվարություններ՝ լինելով երկու «թարգմանական կրակների» միջև:
Գ. Դ. – Ինքս էն գլխից ստեղծագործում եմ թե՛ դասական, թե՛ սպիտակ բանաստեղծության ժանրերում: Երկու ժանրերն էլ ունեն իրենց հատուկ դժվարությունները: Իսկ ի՞նչ է թարգմանչի գործը, եթե հենց այդ դժվարությունները հաղթահարելը չէ: Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում ոչինչ առանց քրտինքի չի տրվում, բայց եթե թարգմանված գործից քրտինքի հոտ է փչում, ձախողումն ակնհայտ է: Այդպիսի թարգմանության տեղը աղբարկղն է: Իմ համոզմամբ՝ Արարիչը գրի մարդուն երկու ձեռքով ստեղծել է հենց նրա համար, որպեսզի նա աջով գրածը ձախով ճմրթելու և դեն նետելու համարձակություն ունենա: Ես, օրինակ, որևե գործի թարգմանություն ձեռնարկելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ինչպե՞ս կգրեր տվյալ բանաստեղծությունը ինքը՝ հեղինակը, եթե տիրապետեր հայերենին: Եթե գտնում եմ հարցիս պատասխանը, անցնում եմ գործի, եթե ոչ, մի կողմ եմ դնում: Ընթերցողը ոչ մի պահ չպիտի զգա, որ թարգմանություն է կարդում: Ես իմ թարգմանություններով հաճախ եմ հանդես գալիս համացանցում: Պոեզիա հասկացող իմ ընթերցողներից շատերը այն կարծիքին են, որ իմ հրապարակումները ոչ թե թարգմանություններ, այլ բնագրեր են, այսինքն՝ հայերեն գրված բանաստեղծություններ: Ես դա շատ բարձր գնահատական եմ համարում թարգմանչի համար:

Ս. Մ. – Դուք ունեք շատ հարուստ թարգմանչական մատենագիտություն: Թարգմանություններ հնդկական, չինական, վրացական, լեհական, սերբական, բուլղարական պոեզիայից… Արժանացել եք Վրաստանի Իվանե Մաչաբելիի անվան մրցանակի, Պոեզիայի և արվեստի Եվրոպական «ՀՈՄԵՐ» մեդալի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի և այլ երկրների մեկ տասնյակից ավելի պատվավոր պարգևների… Լեզուն մտածողություն է, օտարալեզու հեղինակներին թարգմանելիս դժվարություններ չե՞ն առաջանում մի բանաստեղծական համակարգից մյուսին անցնելու հետ կապված:
Գ. Դ. – Իհարկե առաջանում են, հատկապես, որ իմ թարգմանությունների զգալի մասը կատարված է ռուսերեն թարգմանություններից կամ տողացիներից… Ռոբերտ Բըրնսի էպիգրամները թարգմանելիս, օրինակ, ինձ համար բնագիր են ծառայել Սամուիլ Մարշակի անզուգական թարգմանությունները, Ռաբինդրանաթ Թագորի դեպքում հիմնվել եմ այնպիսի ականավոր թարգմանիչների և բանաստեղծների տեքստերի վրա, ինչպիսիք են Տատյանա Սպենդիարովան, Սերգեյ Շերվինսկին, Վերոնիկա Տուշնովան, Բորիս Պաստերնակը, Դավիթ Սամոյլովը, որոնց թարգմանությունների որակը կասկածի տակ առնելու իրավունք ես ինձ չեմ վերապահում:
Ինչ վերաբերում է ժամանակակիցներից կատարած թարգմանություններիս, ապա այստեղ իմ բախտը իսկապես բերել է: Ես ոչ միայն անձամբ ճանաչել եմ նրանց, այլև հնարավորություն եմ ունեցել միասին քննարկելու գրեթե յուրաքանչյուր բանաստեղծության՝ ինձ տրամադրված տողացիները: Վրացական պոեզիայի ստվարածավալ անթոլոգիան կազմելիս, օրինակ, ես մի ամբողջ ամիս վրաց հեղինակների հետ աշխատել եմ Թբիլիսիում, Ջիդի Մաջիայի «Իմ ձայնը» ժողովածուն ստեղծելիս 4 անգամ եղել եմ Չինաստանում՝ իրենց հրավերով: Այդպես՝ բազմակի փոխայցելությունների և համագործակցության արդյունքում են ստեղծվել նաև սերբ, լեհ, բուլղար, ղազախ հեղինակների հայերեն գրքերը, և դրանք ես հանգիստ խղճով կարող եմ կոչել հեղինակազորված թարգմանություններ: Դե, իսկ իմ դժվարությունները կապված են ոչ թե տարալեզու, այլ մեկ՝ ռուսական բանաստեղծական համակարգից հայկականի անցնելու հետ: Թե որքանով է ինձ հաջողվում հաղթահարել այդ դժվարությունները, կարելի է դատել «Ռուսական պոեզիա» անթոլոգիայով, որ երկլեզու լինելով՝ եզրակացությունների առատ նյութ է տալիս…

Ս. Մ. – Եվ այսուհանդերձ, դուք ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է արդարացված միջնորդ լեզվից կամ տողացիներից թարգմանությունը: Ոմանց թվում է՝ բավական է պատրաստել լեզուներ իմացող կադրեր, և կվերանա այդպիսի թարգմանության անհրաժեշտությունը:
Գ. Դ. – Բարի ցանկություն է: Լեզու իմացող կադրեր, իհարկե, պետք է պատրաստել և պատրաստում էլ են: Պատրաստում են հարյուրներով: Բայց այդ հարյուրավորներից քանի՞սն են օժտված այն շնորհով, որ աստվածատուր է: Ախր բանաստեղծության թարգմանությունը անձնագրի կամ համատիրության տեղեկանքի թարգմանություն չէ՝ ստորակետի ճշգրտությամբ կարևոր մի գործ, որով զբաղվում են նոտարական գրասենյակներում: Եվ ճիշտ ընդհակառակը, բանաստեղծության թարգմանությունը ո՛չ բառերի թարգմանություն է, ո՛չ էլ՝ բառերի գույքագրություն: Մեր գործող բանաստեղծներից հատուկենտ են նրանք, ովքեր համաշխարհային պոեզիան թարգմանում են բնագրից: Ցավալի է, սակայն նրանց գերակշիռ մասը աչքի չի ընկնում ստեղծագործական եռանդով: Բայց նույնիսկ անսպառ եռանդի դեպքում ինչքա՞ն կարող են թարգմանել նրանք:
Քիչ են նաև հայ պոեզիան բնագրից թարգմանողները: Բովանդակ աշխարհում չկա քիչ թե շատ խելքը գլխին մի բանաստեղծ, որ տիրապետի հայերենին: Ի՞նչ անենք: Մերժենք տողացիներից թարգմանությունը և հայ բազմադարյան պոեզիայի դռները կողպե՞նք աշխարհի առաջ: Պարույր Սևակը չգիտեր ո՛չ լեհերեն, ո՛չ լիտվերեն, ո՛չ հունգարերեն: Ի՞նչ աներ: Ձեռքերը ծալեր ու սպասեր, մինչև մեզանում ծնվեր այդ լեզուներն իմացող մի նո՞ր Պարույր Սևակ, որպեսզի սա գար ու մեր սեփականությունը դարձներ Միցկևիչի, Մեժելայտիսի և հունգարական պոեզիայի նմուշները՝ Աթթիլա Յոժեֆից մինչև Դյորդ Հարշ: Այդպես վարվեր Վահագն Դավթյա՞նը, Սիլվա Կապուտիկյա՞նը, Գևորգ Էմի՞նը: Եվ ուրեմն, միջնորդավորված թարգմանությունները արդարացված են այսօր էլ, վաղն էլ, եթե չենք ուզում անհաղորդ մնալ աշխարհի գրականության մեջ տեղի ունեցող պրոցեսներին:
Ինչպես ասում են, ճշմարտությունը շատ գործածվելուց թեպետև մաշվում է, սակայն չի դադարում ճշմարտություն մնալուց: Թարգմանության ասպարեզում ճշմարտությունն այն է, որ գրողին պետք է թարգմանի գրողը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է պոեզիային: Ինչ վերաբերում է բնագրային կորուստներին, ապա անկեղծությունը պահանջում է ասել, որ դրանք անխուսափելի են, անկախ նրանից՝ թարգմանությունը կատարվում է բնագրի՞ց, թե՞ տողացիից, և, մինչև անգամ, անկախ թարգմանչի տաղանդից և վարպետությունից: Լավ է, իհարկե, երբ թարգմանիչը տիրապետում է բնագրի լեզվին: Բայց լեզվի իմացությունը դեռ թարգմանության հաջողության գրավականը չէ, և այն ոչինչ չարժե, եթե թարգմանիչը չի տիրապետում պոեզիայի լեզվին, առանց որի ոչ մի թարգմանություն չի կարող դառնալ գրական արժեք: Կա նաև մեկ ուրիշ բայց: Նույնիսկ բնագրի և պոեզիայի լեզվին տիրապետող ամեն մի թարգմանիչ, թեկուզև մտովի, թեկուզև բանավոր, ենթագիտակցաբար, կամա թե ակամա, նախ կազմում է բնագրի տողացին, այսինքն՝ «քանդում է» բնագիրը, այն «ազատում» բանաստեղծական «կապանքներից ու պաճուճանքներից» և նոր միայն սկսում թարգմանությունը, «կառուցում» բանաստեղծությունը բնագրի «նախագծով»: Այնպես որ, ամեն մի թարգմանություն, ինչ-որ իմաստով, թարգմանություն է տողացիից: Մի դեպքում դրա հեղինակը թարգմանիչն է, մյուս դեպքում՝ բնագրին տիրապետող մեկ ուրիշը, որը հանդես է գալիս որպես միջնորդ բանաստեղծի և թարգմանչի միջև:

Ս. Մ. – Մենք ձեզ ճանաչում ենք ոչ միայն որպես թարգմանչի, այլև որպես փայլուն բանաստեղծի, որի բանաստեղծություններն իրենց հերթին թարգմանվել են շուրջ 20 լեզուներով, հեղինակ եք արտերկրում հրատարակված 10 գրքի: Մեկը մյուսին չի՞ խանգարում:
Գ. Դ. – Ճիշտ հակառակը: Ես երևակայել անգամ չեմ կարող, թե մենք ինչ մակարդակի գրականություն կունենայինք, եթե չլիներ թարգմանական արվեստի մեր երախտավորների արած գործը՝ Հովհաննես Մասեհյանից մինչև Սամվել Մկրտչյան, մինչև իմ գործընկերները: Իսկ եթե մինչև վերջ անկեղծանամ՝ ես քիչ եմ գրում՝ հետևելով այն իմաստությանը, թե՝ լավ է ոչինչ չգրել, քան գրել ոչինչ: Այսինքն՝ իմ քչագրության «մեղավորը» թարգմանությունը չէ:

Ս. Մ. – Ինչի՞ վրա եք այժմ աշխատում և ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար:
Գ. Դ. – 2024-ը նշանավոր տարեթիվ է մեր գրականության համար: Լրացավ Պարույր Սևակի անմահության առաջին հարյուրամյակը: Բարեբախտություն եմ ունեցել վաղ պատանեկության տարիներից ճանաչելու նրան, կյանքի վերջին յոթ տարիների ընթացքում արժանանալու նրա ուշադրությանը: Վաղուց ժամանակն էր թղթին հանձնելու այն ամենը, ինչ մնացել է հիշողությանս մեջ: Շուտով կավարտեմ խոհագրությունս, որ հավանաբար կունենա «Իմ Սևակը» վերնագիրը: Իսկ ապագա ծրագրերիս մասին՝ ապագայում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։