«Գրական թերթ» – Պարոն Գրիգորյան, «Գրական թերթը» սրտանց շնորհավորում է Ձեզ «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելու կապակցությամբ: Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում պարգևատրումներին:
Վահագն Գրիգորյան – Հանգիստ: Գրական երկի արժեքը, իհարկե, պարգևատրումներով չի որոշվում, բայց հաճելի է, որ արժանավորը նաև պետության ուշադրությանն է արժանացել: Այնուհանդերձ, կա մի հարց, որը շրջանցելը կարող է թերասացություն ընկալվել: Հաճախ և հատկապես մեզ մոտ «պետական» բառը նույնականացվում է գործող իշխանության հետ: Կամ ինչու միայն մեզ մոտ: Օրինակ, Լիտվայում այդ խութը շրջանցելու համար շնորհում են ոչ թե պետական, այլ ազգային մրցանակ: Բայց սա միայն անունի փոփոխություն է, քանզի մրցանակը հանձնում է երկրի նախագահը` մեզ քաջ ծանոթ արարողակարգով: Իսկ ես, ընդհակառակը, կողմ եմ պետական մրցանակին: Մեր ամենամեծ ձեռքբերումը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, պետականությունն է, և եթե գրողը (նկարիչը, երաժիշտը) իր ստեղծագործությամբ նպաստել է մշակութային վերելքին, ինչը նույնպես մեր երազած պետականության ամրապնդմանն ուղղված քայլ է, ինչու չարժանանա պետության ուշադրությանը, գնահատականին` լինի դա պարգևատրում, կոչում թե մրցանակ:
«Գ.Թ.» – Այսօր ինչո՞վ եք զբաղված:
Վ.Գ. – Վերջերս հրատարակված «Պողոս-Պետրոս» վեպի հետ եմ դեռևս: Սկսել էի 1993-ին, ավարտեցի անցյալ տարի: Երևի դժվար է բաժանվել մի գործից, որը 25 տարի քեզ հետ է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ ընդհատել, ուրիշ բան ես գրել: Բարդ գործ էր, մի տոհմի պատմություն, որի սերունդներին վիճակվում է ապրել ու գործել մեր պատմության վերջին երկու հարյուր տարիների հայի ու Հայաստանի համար ամենաճակատագրական փուլերում: Ծրագրեր ամեն դեպքում կան, մնում է կողմնորոշվել:
«Գ.Թ.» – Ապրելով արտերկրում` որքանո՞վ եք մասնակից կամ տեղեկացված հայաստանյան իրադարձություններին:
Վ.Գ. – Տեղեկացված լինելը այսօր խնդիր չէ: Կարևոր է, թե որքանով ես այդ իրադարձությունները սրտիդ առնում: Հայաստանյան և ընդհանրապես ազգային խնդիրները ինձ համար կարևորվեցին դեռ 80-ականներին, երբ ոտքս Հայաստանից եթե հանում էի, ապա միայն արձակուրդների ժամանակ, այն էլ ոչ միշտ: Վկա թեկուզ միայն «Ադամամութը», իսկ Ղարաբաղյան շարժումով և Հայաստանի անկախացումով գլխավորը դարձան, արտերկիրն էլ ինձ հնարավորություն տվեց Հայաստանն ու հային տեսնել նաև դրսից: Այս ներսից ու դրսից տեսածի ու ապրածի արդյունք են նոր դարի բոլոր գրքերս, այդ թվում` նորաթուխ «Պողոս-Պետրոսը»:
«Գ.Թ.» – Ձեր` գրողի հայացքը մերօրյա իրադարձություններին:
Վ.Գ. – Ցավով պիտի նշել, որ պետականաշինարարության պատը մեզ մոտ ծուռ գնաց հենց սկզբից, գնալով էլ ավելի ու ավելի ծռվեց: Թվում էր` փայփայելու ենք, ամեն ինչից վեր դասելու մեր հազարամյա երազանք անկախ պետականությունը, հակառակը եղավ: Այնպես որ, Թավշյա հեղափոխությամբ իրականացած իշխանափոխությունը հասունացած հարց էր: Իսկ թե ինչ արդյունքներ կունենանք, դժվար է ասել, խոչընդոտները, թե՛ ներքին, թե՛ արտաքին, քիչ չեն: Ամեն դեպքում ժամանակն է, որ վեր կանգնենք անձնական, խմբակային, կուսակցական շահերից, հասկանանք, որ մեզ այսօր բացառիկ հնարավորություն է ընձեռնված` վերածնելու Հայաստան աշխարհը:
«Գ.Թ.» – Մեր օրերը կդառնա՞ն գրականություն:
Վ.Գ. – Անշուշտ: Բայց ոչ այսօր: Գրականությունը լրագրություն չէ, ոչ էլ հրապարակախոսություն, մեր տեսածի ու ապրածի վերլուծություն է, հանգամանքների ու հետևանքների համակողմանի քննություն, իսկ դրա համար ժամանակ է պետք: Չգիտեմ վաղը ով և ոնց է գրելու մեր այս օրերի մասին, բայց հույս ունեմ, որ դա ողբ չի լինելու: Ինչպես «Պողոս-Պետրոս»-ի վերջաբանում է ասվում. «Վե՛րջ Պողոս ու Պետրոս եղբայրների «Պողոս, գտա՞ր…- Չէ՜…-Պետրոս, գտա՞ր…- Չէ՜…» ազգային անջնջելի դիմագծի հավակնող հարց ու պատասխանին»:
«Գ.Թ.» – Ինչպիսի՞ն է գրական կյանքը Լիտվայում:
Վ.Գ. – Չեմ կարող ասել, թե քաջածանոթ եմ Լիտվայի գրական կյանքին, բայց որոշ բաներ ակնհայտ են: Օրինակ, գրքի միջին տպաքանակը 2000-5000 է, այսինքն` տասն անգամ ավելի մեր 200-500-ից: Համապատասխանաբար նույնքան էլ բարձր են հոնորարները: Եվ սա այն դեպքում, երբ բնակչության թիվը երկու երկրներում էլ նույնն է: Անհամեմատ բարձր են նաև մրցանակային գումարները, մասնավորապես ազգային (պետական) մրցանակը 30 հազար եվրո է: Իսկ գրքի տարեկան տոնավաճառը ուղղակի ապշեցնում է. երկհարկանի ընդարձակ շինություն, հրատարակչությունների ու գրախանութների տաղավարներ, ժողովուրդն էլ այնքան շատ, որ ասեղ գցելու տեղ չկա, շատերն էլ դուրս են գալիս գրքերով ծանրաբեռնված: Ընդ որում` մուտքը ազատ չէ` 10 եվրո (թոշակառուների համար` 5): Այնտեղ էլ, ինչպես մեզ մոտ, Գրողների միության շենքի մի զգալի մասը տրված է վարձակալության, բայց բավականին գումար էլ գոյանում է տարեկան անդամավճարներից, որը Լիտվայում 15 եվրո է: Շուրջ 400 անդամ, այսինքն` 6000 եվրո եկամուտ: Անցյալ աշնանը փողոցում հանդիպեցի հևիհև ինչ-որ տեղ շտապող մի ծանոթ գրողի (լիտվացի գրողներից քչերին եմ ճանաչում): «Լսիր,- ասաց շունչը հազիվ տեղը բերելով,- խայտառակություն, տարին վերջանում է, սեպտեմբեր է, իսկ ես անդամավճարը դեռ չեմ մուծել, լավ է այսօր հիշեցի»: Վիլնյուսում նաև հաճախ կարելի է ավտոբուսում, տրոլեյբուսում ընթերցանության մեջ խորասուզված ուղևորների տեսնել: Այնուհանդերձ, այս կապակցությամբ չէի ուզենա քար գցել մեր բոստանը, քանզի երևանյան տրանսպորտում, ինչքան էլ ընթերցասեր լինես, անհնար է գիրք բացել: Ինչ որ է, լավատեսությամբ տոգորվենք, հուսանք, որ մեր ներքին կյանքի կանոնակարգման հետ կվերականգնվի նաև հասարակության հետաքրքրությունը գեղարվեստական գրքի հանդեպ: