Սամվել ԿՈՍՅԱՆ – Ձեր «Վերջին երանին» գիրքը «Հրապարակախոսություն» անվանակարգում արժանացավ ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան ամենամյա մրցանակի, ինչի համար շնորհավորում եմ: Ինչի՞ն երանի, ո՞ւմ, և այն էլ` վերջին:
ՆԱՆԵ – Շնորհավորանքի համար շնորհակալ եմ: Յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևոր է գնահատանքը, այն միշտ էլ ոգևորության խթան է դառնում: «Վերջին երանին» գիրքն իր մեջ ներառում է և՛ պատմվածքներ, և՛ հրապարակագրություններ, իսկ պատմվածքներից մեկի վերնագրով էլ վերնագրել եմ գիրքը: Պատմվածքի թեման մարդկային կյանքն է: Մարդկային կյանքը լի է հակասություններով, և միշտ չէ, որ միանշանակ է, թե ինչին կարելի է երանի տալ: Աստվածաշնչյան «երանիները» փոխեցին երանիների վերաբերյալ մարդկային պատկերացումները: Որովհետև ասվեց. «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը, երանի սգավորներին, որովհետև… երանի հեզերին… երանի…»:
Այդպիսով մեծացվեց այն տարածքը, որտեղ մենք դիտարկում ենք մեր ապրածի լավն ու վատը: Այդ տարածքի սահմանները ընդարձակվեցին և տարածվեցին դեպի Տիեզերքն ու անսահմանությունը, դեպի հավերժությունը: Պատմվածքի հերոսն էլ ինչ-որ տեղ հավերժին մերձ լինելու ներքին զգացողությամբ, այդ` այլ «երանիների» ճանաչողությանն է ասես հասել. նա երանի է տալիս իրեն, որ նորից հարկ չունի հույզեր ապրել, կյանքի ակունքին կանգնած քայլ գցել առաջ, հետո նորից սովորական մարդն է մեջն արթնանում ու իրենը նվվալով պահանջում, ու նա թոռանն է երանի տալիս, որ դեռ նոր պետք է սիրո սարսուռ զգա, ծառերի ծաղկաբույլերի մեջ խճճված բզեզների թիկունքներին բեկվող արևաշողով զմայլվի: Երանիները հերթագայում են միմյանց, դրանք մե՛կ թոռանն են ուղղված, մե՛կ իրեն, մե՛կ կյանքի եռուն, տրոփող երակին, մե՛կ նրա վերջի և դրանից էլ անդինի խաղաղությանն ու անդորրին: Իսկ վերջին երանին այդպես էլ պարզ չի դառնում, որովհետև. «Երբ որդին տուն եկավ` նա հենց այդպես նստած էլ հանգել էր… կողքին` կիսով լիքը և կիսով դատարկ օղու բաժակը»:
Ս. Կոսյան – Արդյոք խնդիրները, որ մտահոգում են հրապարակագիր Նանեին, չե՞ն խանգարում բանաստեղծ Նանեին:
Նանե – Մի ժամանակ բանաստեղծությունների մեջ էի մտահոգություններս ամփոփում, հետո աստիճանաբար խնդիրներն ավելացան, բարդացան և բանաստեղծությունների ձևաչափն ու տարածքն այլևս փոքր էր կամեցածս արտահայտելու համար: Սկսեցի հրապարակագրություններ գրել, որոնք բավականին ժամանակ էին ինձնից պահանջում` նյութեր հավաքելը, մշակելը: Եվ քանի որ որևէ առկա խնդիր պարզապես զրկում է նաև հանգստից, քնից և իր կարևորությամբ առաջնահերթության հավակնում, այդ ընթացքում բանաստեղծությունները, հեքիաթները, արձակը… ի վերջո, նաև կյանքը համեստորեն տեղ են զիջում հրապարակագրությանը: Սակայն փորձում եմ բոլոր գործերս էլ այս կամ այն չափով հասցնել:
Ս. Կոսյան – Մի այլ` «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գրքում, նկատելի է Ձեր անհաշտությունը իրականության հետ: Փոփոխություններ կա՞ն:
Նանե – Անհաշտության համար պատճառներ, ցավոք, շատ կան և՛ նախկինում, և՛ այսօր: Գուցե որակով կամ քանակով դրանք փոխվել են, բայց դեռ կան: «Ջրհոսի դարաշրջանի դավադրությունը» գրքում շատ են համամոլորակային, համամարդկային, գլոբալ խնդիրներին վերաբերող հարցերը: Այ, դրանք նույնն են երեկ, այսօր և… Այդ խնդիրներն արդյունք են շատերին հայտնի ծրագրի, որը նույն նախկին համառությամբ պարտադրում են երկրներին, ազգերին, ողջ մոլորակին: Եվ մեր երկրում ընթացող շատ գործընթացներ դրանց արձագանքն են, դրսից թաքուն սողոսկած և անթաքույց ծավալվող «ներկայացումը»:
Իսկ մենք խաղում ենք, ինչպես պահանջվում է, շտապում ենք օգնել օտարներին ազգակործան ծրագրերում: Եթե անգամ հասկանում էլ ենք, որ ինչ-որ բան այն չէ, միևնույն է, միշտ հայավարի մտածելը փրկում է` «Հո միայն ինձնով չի՞ հարց լուծվելու»: Այդպես ընտրակաշառք ենք վերցնում, այդպես գլոբալիստների գրպանի փողով` երեխա մեծացնում: Իսկ երբ մեր երեխաների ոտքերի տակ հայրենի հողը «ղալբանում» է, ու թափառական են դառնում օտար ճանապարհներին, մեր մեղքը, միևնույն է, չենք գիտակցում: «Հայի վերջին խելք» իզուր չի ասված:
Նախկին իշխանավորներն արդեն «դանակը ոսկորին էին հասցրել»: Բայց, ցավոք, այս նոր օրերում էլ, կարծես, այդ վտանգները լուրջ չեն ընդունվում:
Ս. Կոսյան – Ի՞նչն է խանգարում, որպեսզի մեր մշակույթը վերականգնի նախկին հեղինակությունը:
Նանե – Հոգնեցնեմ, չհոգնեցնեմ, միևնույն է, նորից գնալու եմ դեպի համամոլորակայինը և այնտեղից գամ: Մեր մշակույթը ևս դրսինների ուշադրության կիզակետում էր, է… Եվ մենք ստացանք այն, ինչ կամեցան ինչ-որ ուժեր: Եվ հոգնեմ, չհոգնեմ, կրկին պետք է հիշեցնեմ Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945 թ. գաղտնի ժողովներից մեկի ժամանակ ԱՄՆ քաղաքական գործիչ Ալան Դալեսի զեկույցը, որտեղ ասվում է այն, ինչ հետո իրականություն պետք է դառնար շատերի և նաև մեզ համար. զեկույցում նշվում է, որ ամեն բան արվելու է իրական արժեքներն աննկատ կեղծերով փոխելու համար, երբ գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները, կհեղինակազրկվեն նորմալ գրողներն ու արվեստագետները:
Ամեն բան այդպես էլ արվեց` դրսի՛ց` գումարներ շռայլելով միայն իրենց կամեցած ստեղծագործություններին և ստեղծագործողներին: Իսկ նման մշակույթը, բնականաբար, խորթ էր ժողովրդին, օտար, անընդունելի: Դա ևս նպաստեց մշակույթի հեղինակազրկմանը: Իսկ որևէ բան կարգավորելու համար պետք է սեփական մշակույթի համար սեփական գումարները ծախսել, առաջնորդվել սեփական ծրագրերով և այդ խառնաշփոթում «ինչն ինչոց է» հասկացող կադրերով: Այլապես, իներցիայով, անգամ առանց դրսի միջամտության, հենց ինքներս կշարունակենք նրանց երազը իրականություն դարձնել այսօր, վաղը, վաղը չէ մյուս օրը, այն մյուս օրը և այդպես շարունակ:
Ս. Կոսյան – Երջանկության համար պետք է պայքարե՞լ, թե՞ վիճակախաղ է:
Նանե – Եթե վստահ ես, որ գտել ես այդ երջանկություն կոչվածը, իհարկե, հնարավոր ամեն ազնիվ բան արժե անել դրան տեր դառնալու համար: Բայց սթափ նպատակասլացությունը, որն էլ պայքարի և ցանկացածին հասնելու գրավականներից է, ոչ ամեն մեկին է հատուկ: Եվ կյանքում երբեմն ավելորդ հպարտությունն է խանգարում, խառնում ողջն իրար, և չնչին պատճառով կորստի պատճառ դառնում: Վիճակահանություն ասվածն, իհարկե, նույնպես ներկա է: Որովհետև երբեմն պարզապես երազանքն ու իրականությունն իրար այդպես էլ չեն հանդիպում կամ չեն համապատասխանում: Վերջին հաշվով, հասկանում ես, որ սառնասիրտ հաշվարկն ավելի ճիշտ է նման հարցերում, բայց հաճախ արդեն ուշ է լինում:
Սակայն իրական երջանկությունը բնավ էլ այն ընդունված ձեռքբերումները չեն, որոնց բոլորն են ձգտում: Այդպիսի երջանկությունը շատ շուտ է խամրում, դառնում սովորական, անգույն ու, ի վերջո, տանում ունայնության մգլահոտ մտքերին: Երջանկությունը բնավ էլ կախված չէ նյութական, աշխարհային ինչ-որ բաներից: Այն ներքին զգացողություն է` հոգու լիարժեքության վիճակ, երբ կարևոր չէ, թե դրսում ինչ եղանակ է, ինչ փոթորիկներ են տարուբերվում. այն կա և վե՛րջ, այն ներքին աշխարհի արևի շողերով է լուսավորված ու ողողված, այն հոգու հարստությամբ է լեցուն, այն Տիեզերքի խորհուրդներն ունի իր մեջ:
Ի վերջո, չպետք է մոռանալ, որ մարմնից բացի մենք մեր ներսում նաև հոգի ունենք, իսկ նրա պահանջներն ավելին են, նրա հայրենիքն` այլ տեղ, նրա ձգտումները` բարձրերում: Այդ ամենի կողքին աշխարհային ամեն բան շատ, անչափ չնչին է: