ԵՐԳ «ՎԱՍՆ ԼՈՒՅՍԻ»… / ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Բառ-բառ ընկնում եմ իմ տաղիկից.//Ես ինձ ազատում եմ ինձանից//Քո մե՛ջ զրնգալու համար…»,- փոքրիկ մի տաղիկ, ընդամենը մի քանի բառանոց, բայց զուլալ հատիկակիր, և, եթե, Աստված մի արասցե, հանկարծ այս ընկնելը չլիներ, տաղիկը տաղիկ չէր լինելու, իսկ ժողովածուն էլ՝ գուցե, «տաղարան»: Այսպիսի երկտող կամ եռատող մտքեր էլ կան, որոնք միտված են նույն արժեքն ունենալու՝ պարզ, լուսավոր և, ինչպես բանաստեղծն ինքն է ասում, զրնգուն:
Ինքնատիպ, խոսուն շարքերի մեջ դասդասված էջերը ամենևին էլ նորույթ չեն Գագիկ Սարոյան բանաստեղծի ձեռագրում: Արդեն նախորդ ժողովածուներից ընթեցողին քաջածանոթ է նման յուրօրինակ տաղիկների առկայությունը: Սեր, կարոտ` լայն առումով, ու… բանաստեղծություն: Սրանք թեմատիկ տարանջատումների էլ չես ենթարկի, այնքան ամուր ու տրամաբանական ներքին կապերով են միահյուսված: Շարքերի ներսում՝ շարքեր՝ «Չտխրես, բոլորն էլ…», «Թող թագուհին…», «Զարմանալի բան է բանաստեղծությունը» և այլն, և սրանք էլ կրկին՝ տարբեր, ուրիշ, այլ…
Ժողովածուի տաղիկներին, ինչպես նաև բալլադներին, բնորոշ է նորաստեղծ բառերի և արտահայտությունների բազմազանությունը. այսպես՝ զեփյուռափուշ, թռչնախուճապ, սիրահեղձ, հրաջինջ մայրամուտ, թռչնասիրտ քամի, կակաչասիրտ տաճարացու, մեղվախաղե երգ, գինդե շշնջոցներ, նախշահոգի տաղ և այլն: Տաղիկ ասվածը հեղինակի իսկ բնորոշմամբ է՝ ինչպես և ի սկզբանե է բանաձևված՝ իբրև բանաստեղծական և երաժշտական արվեստն իր ներսում սինթեզող-միահյուսող ստեղծագործություն:
«Եթե սիրահար ես,//Մի կտոր հաց տուր երկնքին,//Աղոթքի չափ»…
Ահա գրողի իսկ մոտեցումը իր ստեղծած համեմատություններին.
«Զարմանալի բան է բանաստեղծությունը.// Քամին սպասուհի է,// Գիշերը՝ երիվար,// Ծղրիդը վիշտ է՝// Վճիտ ծղրտոցով// Կամ սպասման նշան…// Անձրևը նամակ է հեռու ճանապարհից,// Իսկ ա՛յ, օգոստոսը// Ձեռքը ծոցում դրած// Մի սիրուհի է// Կամ շոգ միրաժ…»:
Ի դեպ, երբեմն-երբեմն նրա տաղիկների հիմք է դառնում հայկական հայտնի ասացվածքներից մեկը, որը, սակայն, իր էությամբ ու բնույթով բոլորովին այլ՝ անսպասելի, բայց տրամաբանորեն ու ենթագիտակցորեն հավաստի մի ուրիշ տեղ է տանում:
«Շատ էլ՝// Դեռ նայում եմ// Գետի ցուրտ հոսքերին.// Լավություն եմ արել,//Գցել ջուրը.// Գոնե ձո՛ւկը ուտի// Իմ հայացքը՝// Անվերջ քեզ որոնող…»:
Շատ են անձրևները, և թաց գույներն են առատ, ի դեպ, թաց, բայց ոչ լացոտ-թախծալի. իշխողը մեծ մասամբ հիմնական գույներն են՝ սպիտակ, կապույտ, դեղին…
«Հե՜յ, լորենին ծաղկեց…// Աչքները լո՜ւյս լինի// Կանաչ, կապույտ, ճերմակ// Փեթակների…»:
Եվ սա այն դեպքն է, երբ գուցե թե նրանք դեռ սպասում են կամ, ձուլվելով գրողի տողին ու մտքին, այդ երկվայրկյանի՛ն են հասնում կարոտի և թախծի իրե՛նց գուներանգներին. չէ՞ որ ինքը՝ բանաստեղծն է ասում. «Իմ տխրությունից //Մի թռչուն կմրսի…»:
…«Արտերում ծղոտ են վառել:// Ծուխը ասես քո խռովելը լինի. //Աչքերս կսկծում են…»:
Կամ՝
«Հիշեցի՝// Մի թռչուն//Ինձ տուն ուղեկցեց»… «Հիշեցի՝// Նա երգում էր// Պայծառ ջրերի մասին //Այնքա՜ն սրտակեղեք, //Որ ուզեցի դաղձ լինել»:
Եվ գրողի միայն տաղիկները չեն այսպիսին, հարուստ են նաև բալլադները, որոնք, ի դեպ, կարելի էր անգամ չափածո նովելներ անվանել, և բանաստեղծն ինքը գործածում է նաև այս տերմինը: Հատկանշական են դրանցից «Պատգամ», «Ինքնաձիգի երգը» գործերը: Վերջինս լի պարկուճաբույր օդով, մահվան սարսուռներով, բայց և սրտաճմլիկ ու հաղթական վաղվա կռվի հանդեպ պատրանքներով. չէ՞ որ «…Մի հայացք լիքը տրտմություն է ճիրում Մոլորակին», «…Խրամատի գարունը.//Օ՜, ի՜նչ արբունք…//Եվ ոչ ոք//Չէր ուզում զոհվել:// Սակայն… ստիպված էին»…
Եվ վերջում՝ կրկին բանաստեղծի իսկ բառերով.
«Ոչինչ չէր հուշում,//Որ էսքան ծանր է բառ ջոկելը//Որ գիտենայի, հանքափոր կդառնայի»…
«Ոչինչ չէր հուշում//Բանաստեղծին,// Թե՝ երգի՛ր վասն լույսի»…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։