«Ճանապարհորդ արևը» հայելու մեջ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Արմեն Շեկոյան

Բաց նամակ՝ Արմեն Շեկոյանին մանկական նոր գրքի ծննդյան առիթով
Բարև, Արմեն.
Անցած տարեմուտին դու հատեցիր հոբելյանական վաթսունի սահմանագիծը (ինչի առթիվ ուշացումով շնորհավորում եմ)՝ ետևում թողնելով ստեղծագործական մի հրաշալի ճանապարհ, որի տարբեր կանգառներում ընթերցողների հետ հանդիպել ես և՛ չափածո, և՛ արձակ մեկ տասնյակից ավելի գրքերով: Դրանցից ամեն մեկը, առանց իսկ վերապահումի, երևույթ է եղել տվյալ ժամանակի գրական ընթացքի մեջ, իսկ շատերն էլ՝ մնայուն արժեք՝ բոլոր ժամանակների համար: Հիշենք 1979-ին ծնված «Ձեզ հետ միասին» առաջին ժողովածուն, որին հաջորդել են «Ճոճք», «Բախտ», «Աղանդեր», «Անտիպոեզիա», ««Երևան» հյուրանոց», «Մետաքսի ճանապարհ», բազմահատոր «Հայկական ժամանակ» (վիպասք, որով քեզ իրավացիորեն «մեր ժամանակի ճշմարիտ տարեգիր» են համարել) և այլ գրքեր: Եվ մի ավելորդ անգամ ինքս էլ պետք է հաստատագրեմ, որ քո ստեղծագործությամբ դու վաղուց ի վեր հաստատել ես մնայուն տեղ վերջին տասնամյակների հայ գրական կյանքի երևելիների շարքում: Եվ քո առանձին ստեղծագործություններն էլ, գիտենք, թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, էստոներեն և այլ լեզուներով: Ստեղծագործական քո վաստակը գնահատվել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, «Թեքեյան» մշակութային միության և այլ մրցանակներով: Սա՝ որպես նախաբան:
Բայց քո ստեղծագործական կյանքի ոչ բոլոր «գաղտնիքներին» քաջատեղյակ ընթերցողները կարող են զարմանալ, եթե նաև հաստատագրեմ, որ դու նաև… մանկական գրող ես, և այն էլ՝ հենց վերջին տասնամյակների մեր մանկագրության մոլորակում ինքնատիպ արահետ բացած գրող: Եվ որ քո գրական ճանապարհի «մեծական» առաջին գրքին հաջորդած երկրորդը՝ «Անձրև, անձրև մի արի» ժողովածուն (1982), հասցեագրված է եղել հենց փոքրիկ ընթերցողներին: Գրքի խորագիրը երևի թե ավելի շատ զարմանք պատճառեց նրանց. չէ՞ որ նրանք անգիր գիտեին Ղազարոս Աղայանի հանրահայտ բանաստեղծությունը՝ «Արև, արև, ե՛կ, եկ, // Զիզի քարին վեր եկ…»: Իսկ այդ ժամանակ անծանոթ բանաստեղծ քեռին երևի հակառակն էր ասում: Իսկ երբ անհամբերությամբ բաց արին գիրքն ու ընթերցեցին համանուն բանաստեղծությունը, իսկույն ամեն ինչ հասկացան. Աղայանի հերոսը խնդրում էր ամպերին հեռանալ ու արևին ճամփա բացել, որ նա գա, լուսավորի աշխարհը, քանի որ բոլորը «նրա լույսին են կարոտ»: Իսկ քո «Անձրևի…» փոքրիկը ուրիշ խնդրանք ունի. նա շատ է սիրում խաղալ, ու եթե ամպերը ծածկեն արևին ու անձրև գա, վախեցած մայրիկն իրեն տուն կկանչի: Մանկան հոգեբանության երկու ճշմարիտ ընկալում: Չէ՞ որ երեխայի հոգեբանության ու մտածողության շերտերն այնքան բազմագույն ու բազմազան են, որ մանկագրության թերևս ամենահին և մշտաներկա այնպիսի թեմաներ, ինչպես, ահա, արևն է, ամպը, անձրևը, խաղը, մայրիկը (այսպես՝ հազար ու մի թեմա) յուրաքանչյուր գրող ձգտում է արտացոլել յուրովի, նոր ու թարմ գուներանգներով, ժամանակի ու տվյալ ժամանակի մեջ ապրող-մտածող երեխայի հայացքով, ընկալումով: Ահա այսպես, սիրելի Արմեն, հայ մանկական պոեզիայի «հին» մայրուղին մտար նաև դու՝ որոնելու-գտնելու այն նոր կածանը, որով դարակեսի 70-80-ական թվականներից արդեն քայլում էին քո սերնդակից «մեծական» գրողներից մի քանիսը՝ Էդուարդ Միլիտոնյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննեսը, Սամվել Կոսյանը և ուրիշներ: Նրանցից ոմանք, ինքդ էլ գիտես, այդպես էլ, ցավոք, մանկության բարի մոլորակի ժամանակավոր «այցելուներ» եղան ու իրենց փոքրիկ ընթերցողների հետ կրկին հանդիպեցին դարավերջին ու նոր դարասկզբին, ոմանք էլ՝ մեծական պոեզիային ու արձակին զուգահեռ, մանկականի հավատավոր ու մշտական «բնակիչը» դարձան և այսօր արդեն առանց նրանց ներկայության անհնարին է պատկերացնել ժամանակակից մանկագրությունը: Դու 80-ականներին այնպես հիմնավոր ու միանգամից մուտք գործեցիր մանկական պոեզիայի աշխարհ, որ, թվում էր, թե այլևս չես բաժանվի նրանից: Այդ թվականներին «Անձրևին…» հաջորդեցին քո երեք գրքերը՝ «Ճամփորդ արևը», «Վարդավառը», «Երկու քույրիկը»: Եվ… վերջ: Ափսո՜ս… Իսկ հիշո՞ւմ ես, թե «Գրական թերթում» քո առաջին մանկական գրքին նվիրված գրախոսության հեղինակը գնահատանքի ի՜նչ խոսքերով էր բնորոշել. «Արմեն Շեկոյանի մանկական պատկերազարդ ժողովածուում ո՛չ երեխաների երևակայությունը կաշկանդող ձանձրալի խրատաբանություն կա, ո՛չ 21-րդ դարի դարաշեմի երեխային սարքովի պատմություններով կերակրելու միամիտ ձգտում, ոչ էլ նրանց «մակարդակին իջնելու ցուցադրական տնքոց»: Նա երեխաների լեզվով ու մտածողությամբ գրելու ճիգեր չի գործադրում ու թեև գրում է փոքրիկների բառապաշարով ու պատկերացումներով, բայց երեխան զգում է, որ հեղինակը ոչ թե իրեն փոքրի տեղ դնող մեկն էր, այլ «լավ բաներ պատմող քեռի»: Քո սերնդակից գրողներից ոմանք, այո՛, դարասկզբին նոր գրքերով կրկին վերադարձան մանկության մոլորակ, իսկ դու, իմ թանկագին բարեկամ, շուրջ քառորդ­դարյա ընդմիջումից հետո ես ահա միայն «մանկության տուն» վերադառնում… Բայց ինչպիսի՜ վերադարձ… Միանգամից մի ստվար ընտրանի ժողովածու՝ ինչպես տարբեր տարիներին գրած, այնպես էլ նախորդ գրքերում տեղ գտած մանկական բանաստեղծությունների շարքերով՝ «Ճանապարհորդ արևը» խորագրով, որ լույս է տեսել պետական պատվերով, «Ծիծեռնակ» հրատարակչությամբ:
Եվ դու՝ «լավ բաներ պատմող քեռի», ավելի ճիշտ, «լավ բաների» մասին լավ պատմող «քեռի», էլ ավելի ճիշտ, երեխաներին շրջապատող աշխարհի հազար ու մի ծանոթ-անծանոթ, լավ ու վատ, բարի ու չար, գեղեցիկ ու տգեղ «բաների» մասին զվարթ, պատկերավոր խոսքով պատմող՝ մանկանց սիրելի «քեռի», այս ժողովա­ծուում երևակում ես իսկական մանկագրին յուրահատուկ հրաշալի հատկություններ:
Երեխաներին հետաքրքրող հարցերի՝ «ինչուների» և «ինչպեսների» պատասխանները ներկայացնում ես մանկան հոգեբանության զարմանալի զգացողությամբ, իրականի ու երևակայականի, սովորականի և զարմանալիի չսահմանագծվող ներհյուսվածքով, ճանաչողական-իմացական-դաստիարակչական հետաքրքիր դասեր ավանդելով՝ առանց ձանձրալի, մերկապարանոց խրատաբանության, պարզ ու պատկերավոր: Թերևս երեխայի մտածողության ու ներաշխարհի այսպիսի ճշմարիտ ընկալումը արդյունք է նաև այն բանի, որ դու որոշ ժամանակ որպես ուսուցիչ աշխատել ես դպրոցում, դասավանդել մայրենի լեզու և գրականություն, իսկ «Ծիծեռնակ» ամսագրում աշխատելիս՝ այդ ամենն ավելի խոր ու ընդգրկուն իմաստավորում է ստացել: Ահա նաև հենց այսպես է «ծնվել» իսկական մանկագիրը, ում գրքերում ճանապարհորդելիս փոքրիկ ընթերցողներին միշտ ուղեկցում են մանկական գրականության շարժիչ ուժերը՝ զարմանքը, հիացմունքն ու անսահման ձգտումը՝ քայլ-քայլ ճանաչել շրջապատող աշխարհը, թերթել հայրենի բնության հեքիաթային գրքի էջերը և հուզող հարցերի պատասխաններն էլ գտնել միասին՝ ձեռք-ձեռքի տված, միտք-մտքի ներհյուսած, իսկ ավելի հաճախ ծնողի կամ ուսուցչի նման նրանց պարզապես աննկատ ուղղորդում ես՝ արդեն այդ պատասխանները ինքնուրույն որոնելու, գտնելու և «հայտնագործության» հրճվանքը վայելելու համար: Սա է նաև ճշմարիտ մանկական գրողի առաքելությունը. «հին», բազմիցս կրկնված՝ ծանոթ թեմաներին, բնության, կենդանական աշխարհի «բնակիչներին» այնպես ես ներկայացնում «Անձրև, անձրև, մի արի», «Ճամփորդ արևը», «Վարդավառ», «Սեդիկը գազանանոցում» և մյուս շարքերի լավագույն բանաստեղծություններում, այնպիսի նոր ու հետաքրքիր գույներով, որ թվում է, թե առաջին անգամ քո մանկական գրքերում ենք այդ ամենին ծանոթանում: Գիտեմ, այս տողերը կարդալիս քեզ բնորոշ համեստությամբ ձեռքդ թափ կտաս, բայց հենց այստեղ էլ առանց վերապահումի ասեմ, որ երբեմն ինչ-ինչ գուներանգներ հիշեցնում են մեր դասական մանկական գրողների նույն թեմաները շոշափող հանրահայտ ստեղծագործությունները, և «լավ բաներ պատմող քեռին» առանձին բանաստեղծություններում էլ շատ է «մանկանում» և կամ այնքան է «մեծանում», որ երեխային մնում է ջանք գործադրել ասելիքն ըստ ամենայնի ըմբռնելու համար: Բայց այս «ստվերները» համարյա ան­նկատելի են քո արտացոլած լուսավոր աշխարհի վառ գույների ներկապնակում: Ախր, դա իսկապես հրաշալի ու զարմանալի մի աշխարհ է, ուր ամեն քայլափոխի երեխան մի բան է սովորում, մի բան է հայտնագործում: Եվ ինքդ էլ անընդհատ զարմացնում ես սովորական երևույթների մեջ անսովորը տեսնելու-հայտնաբերելու-մատուցելու քո վարպետությամբ՝ ավանդած «դասերի» ոչ միայն ունկնդրի, այլև յուրացնողի, կյանքում, առօրյա վարքուբարքում կիրառողի դերը վերապահելով նաև ընթերցողներին: Եվ ահա այսպիսի մթնոլորտում հայտնվելով՝ նրանք հավատում են քո անգամ «անհավատալի», հեքիաթային պատմություններին, և արևի, ամպի, անձրևի, ծիածանի, գարնան, աշնան, ձմռան ու մանկագրությունից անհաշիվ տարիներ ծանոթ այլ «հերոսների» հետ ճանապարհորդում են մի զարմանահրաշ աշխարհում, որտեղ ինչեր ասես չեն իմանա՝ մատուցված մեկ մանկական լրջախոհությամբ, մեկ՝ հումորի, երբեմն նաև՝ երգիծանքի նուրբ «խայթոցներով», մեկ զվարճալի խաղով, բայց միշտ՝ պատկերախոս տարերքով: «Ինչուների» ճշմարիտ ու հետաքրքրաշարժ պատասխաններով նրանք կիմանան, թե ինչու են թշնամացել մուկն ու կատուն, որ նախկինում հրաշալի բարեկամներ էին («Մուկ ու կատու»), որ արևն ու լուսինը քույր ու եղբայր են («Արև և լուսին»), և լուսինն էլ շատ վաղ ժամանակներում չարաճճի տղա է եղել («Լուսին-տղան»), և հովիկն էլ թռչուն է եղել («Ինչո՞ւ հովիկը չի թռչում»), ինչո՞ւ է իշուկին «մի պուտ խելք» և «երկու մեծ ականջ» բաժին ընկել («Իշուկի ականջներն ու խելքը». ի դեպ, բանահյուսական մի ուրիշ տարբերակ էլ Պարույր Սևակն է մշակել-ներկայացրել «Ձեր ծանոթները» գրքում)…
Եթե անցնեն քո գրքի մյուս կածաններով, անշուշտ, կզարմանան, թե ինչ վառ երևակայությամբ, սուր դիտողականությամբ ու գունագեղ պատկերներով, նաև ժողովրդական բանահյուսվածքին բնորոշ երանգավորումներով ես խոսում փոքրիկ ընթերցողների հետ հայրենի բնությունից, կենդանական աշխարհից, ինչ հետաքրքրաշարժ և ուսանելի «դասեր» ես ավանդում. կիմանան, թե ինչ հրաշալի նկարիչ է աշունը («Նկարիչ աշունը»), թե ինչ եղավ, երբ Շլդիկը ծանր հիվանդացավ և «շտապ օգնությունն» էլ ո՞վ էր՝ դանդաղաշարժ կրիան («Նապաստակն ու կրիան»), թե ինչպես կովը «պարաշյուտիստ» դարձավ («Կովն ու պարաշյուտը»), թե ինչպես ոզնին անտառի դերձակ դարձավ և ինչ ավարտ ունեցավ այդ զավեշտալի պատմությունը («Առանց մատնոց ոզնին»), թե ինչ տեսավ ու ինչ զարմանալի բաներ իմացավ Սեդիկը գազանանոցում (նույնանուն շարքը)… Ու ավելի լուրջ և ուսանելի «դասեր». թե ինչպես երկու հետաքրքրասեր քույրերը մեծերից իմացան, թե ինչ նվիրական օր է Մայիսի 28-ը, ինչու այդ տոնին ամենուր փողփողում է եռագույն դրոշը, ինչո՞ւ է մեզ համար այդքան թանկ «Հայոց սուրբ ու անգին աշխարհ Արցախը»… Ահա, այսպես, փոքրիկների նոր սերունդը կընթերցի քո բանաստեղծությունները, կճանաչի, կիմանա, կմտածի, կհամեմատի իր բնավորության լավ ու վատ գծերի, լավ ու վատ արարքների, շրջապատի, ընկերների, հարազատների, հայրենի բնության ու կենդանական աշխարհի հանդեպ «բանաստեղծ քեռու» վերաբերմունքի հետ և համապատասխան եզրակացությունների կհանգի: Չէ՞ որ քո նպատակը հենց դա է: Ընդհանրապես, մանկական իսկական գրականության դասերը հենց այդ գլխավոր նպատակն են հետապնդում:
Հիշո՞ւմ ես, Արմեն, տարիներ առաջ քո մանկագրությանը նվիրված մի հոդվածի վերջաբանում մեջբերել էի «Հայելի» առակ-բանաստեղծությունը, թե ինչպես՝ «Սիրամարգը ագռավին // Նվիրեց մի հայելի, //Ասաց՝ բարով վայելիր, // Սա նայեց ու զարմացավ//, Իրեն տեսավ, զայրացավ, // Վերադարձրեց հայելին, // Ասաց՝ ինքդ վայելիր…»: Եվ մեկնաբանել էի այսպես «Գրողի ստեղծագործությունն էլ ասես մի հայելի է. նայիր այդ բարի հայելու մեջ, փոքրիկ բարեկամ, և այնտեղ կտեսնես քո պատկերը, քեզ շրջապատող աշխարհի ճշմարիտ պատկերը… Նայիր այդ հրաշալի-հեքիաթային հայելու մեջ, ճանաչիր ինքդ քեզ ու քո աշխարհը՝ բանաստեղծի արտացոլած գույնզգույն պատկերաշարում: Ճանաչիր, սովորիր ու խորհիր, թե ինչ է ուզում քեզ ասել սիրելի գրողը… Եվ այդ զգացումներով էլ բաժանվենք, բայց ոչ՝ բանաստեղծից: Նա շուտով, շատ շուտով անպայման կվերադառնա «մանկության մոլորակ»:
Վերադարձար… ուշացումով… Քառորդ դար անց, բայց վերադարձար հարուստ ստեղծագործական «բերքով»՝ «ճանապարհորդ արևի» հայելու մեջ նորովի արտացոլելով «մանկության մոլորակի» գույներն ու ձայները:

«Մանկության մոլորակում» կրկին հանդիպելու հավատով՝
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։