Մի անտառ կար։ Դրախտային անտառ։ Չգիտե՞ս՝ ինչ է դա։ Այսինքն՝ աննկարագրելի գեղեցիկ, հանգիստ ու երանելի։ Բոլորը երջանիկ էին այդ անտառում. կենդանիներն ու միջատները, ծառերն ու թռչունները, անգամ լճերն ու ջրվեժները։
Բայց օրերից մի օր, չգիտես որտեղից հայտնվեցին դոդոշները… Նրանք երկուսն էին. մեծ դոդոշը՝ Տզրոն ու փոքր դոդոշը՝ Զրոն, որոնք իսկապես չափերով իրարից մեծ ու փոքր էին։ Ինչպես պարզվեց, նրանք հենց Լուսնից էին ընկել։ Եվ քանի որ Լուսնից էին ընկել, թռչող սարքով էին, մի մեծ մետաղյա թռչունով, որը, երբ ուզենային, կարող էին անտեսանելի դարձնել, որ ոչ ոք չտեսնի։ Այդ երկուսը՝ Տզրոն ու Զրոն, նախանձում էին անտառի բնակիչներին և ուզում էին ամեն ինչ անել՝ Դրախտային անտառը վերացնելու համար։ Շատ ճարպիկն էին այդ մեծաբերան դոդոշները՝ թռչող սարքը երբ ուզում, անտեսանելի կամ տեսանելի էին դարձնում, երբ իրենց պետք էր գետերի ու լճերի ջրում մի չար ու սև գործ անել, անմիջապես տզրուկ էին դառնում։ Տզրուկը արյունախում է, ինչպես մոծակը, միայն ջրում է ապրում։ Այդպիսով նրանք ոչնչացրին ձկներին և ջրերում ապրող անտառային կենդանիներին։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նրանք ուզում էին խժռել Արևին։ Չէ՞ որ նրա լույսով էր շնչում ու զորանում Դրախտային անտառը։ Երբ թռչող սարքով հասան Արևին, հասկացան, որ այդքան մեծ հրե գունդը հնարավոր չէ ուտել։ Հետո՞ ինչ, որ ախորժելի բլիթի է նման։ Բկլիկները հազիվ մի քանի շող կուլ տվեցին՝ այրելով լեզուներն ու կոկորդները… Բայց չարությամբ լցված՝ նրանք ուզում էին անպայման Արևի վերջը տալ, որովհետև ամեն լուսավոր բան իրենց համար թշնամի էր։
– Արի տանենք Դրախտային անտառի լճում պահ տանք, ավելի ճիշտ, խեղդենք… Ո՞վ կիմանա,- ասաց մեծ դոդոշը։
Արևի շողերը կապեցին թռչող սարքի թևերից, սլացան դեպի լիճը, տարան և ջրի մեջ սուզեցին նրան… Խեղճ Արևը չհասցրեց դիմադրել երկու ավազակներին։ Այդ միամիտը դեռ կարծում էր, թե անծանոթ եկվոր գորտերը խաղում են, կատակում իր հետ։ Անտառը քնած էր։ Ոչ ոք չիմացավ տեղի ունեցածի մասին։ Առավոտյան լույսը չբացվեց։ Արևը չշողաց սովորականի նման։ Անտառում բոլորը հասկացան, որ սարսափելի բան է տեղի ունեցել՝ Արևը անհետացել է երկնքից։ Անտառի բնակիչները մթության մեջ դեսուդեն վազեցին։ Ոչինչ հասկանալի չէր…
– Ո՞ւր է, ո՞ւր է մեր Արևը,
Ո՞ւր են լուսավոր թևերը,
Ո՞ւր է ընկել-մնացել,
Որ երկինք չի բարձրացել։
Քիչ է մնում կուրանանք,
Մեկս մյուսից վախենանք,
Ա՜յ քեզ վատ լուր, ա՜յ փորձանք,
Դրախտը ո՞նց մոռանանք։
Ո՞վ կփրկի անտառը…
…Ու հայտնվեց Ճագարը։ Նա վաղուց էր ապրում անտառում և շատ անվախ էր, նման չէր դողդողացող ճագարներին ու նապաստակներին։ Նա նույնիսկ հրացան ուներ, որ խլել էր քնած որսորդից։
– Ե՛ս կփորձեմ,- քաջաբար ասաց նա,- այս խավարում մենք չենք կարող երկար ապրել։ Ե՛ս կվերադարձնեմ Արևին։ Քիչ առաջ, երբ անցա մեր լճակի կողքով, ինձ թվաց՝ ջուրը բլթբլթում է… Այդտեղ մի բան կա… Ես պետք է մտնեմ լիճը և ստուգեմ։ Գուցե հենց լճո՞ւմ է մեր Արևը և օգնության կարիք ունի։
Ճագարը դժվարությամբ գտավ դեպի անտառային լիճը տանող արահետը։ Երբ հասավ լճին, հանկարծ մի մեծ, շատ մեծ մետաղյա թռչունի նման սարք տեսավ։ Ամեն թևին նստած էր մի-մի անծանոթ դոդոշ։ Հանկարծ թռչող սարքը Ճագարի աչքից չքացավ, և դոդոշները չլմփոցով ընկան ջուրը։ Լճում ինչ արին-չարին, շուտով դուրս եկան։ Նրանց վրայից գոլորշի էր դուրս գալիս։
– Մի երկու օր անցնի, չի դիմանա, կխեղդվի,- ասաց մեծ դոդոշը։
Դժվար չէր գլխի ընկնել, որ խոսքը Արևի մասին էր։ Երբ դոդոշները կրկին թռչող սարքով հեռացան, Ճագարը փորձեց թաթը մտցնել ջուրը և հասկացավ, որ չի կարող թեկուզ մեկ վայրկյան դիմանալ։ Այդ պահին նա հիշեց կաղամբի մասին, որ գտել էր անտառի մոտերքում (հավանաբար, գյուղացու սայլից էր գլորվել) ու մի կերպ քարշ տալով բերել, պահել էր բնում։ Ճագարի մայրիկը սովորեցրել էր իրեն, որ երբ մի բան շատ ես ուզում, պիտի խնդրես երկնքից, ու դա անպայման կկատարվի, մանավանդ, երբ մոտ է լինում Ծննդյան տոնը։ Ճագարը հասկացավ, որ իր մտածածը շատ կարևոր բան է և փորձեց անել այնպես, ինչպես մայրիկն էր սովորեցրել։
– Խնդրում եմ, երկի՛նք, սառնամանիք ուղարկիր, այնպիսի սառնամանիք, որ իմ կաղամբը հաստ սառույցով պատվի, ես կարողանամ դրա մեջ մտնել և գոնե մի քանի րոպեով սուզվել եռման լճի մեջ։
Եվ, ա՜յ հրաշք, քիչ անց երկնքից մանր պսպղուն սառցե աստղիկներ թափվեցին… Ճագարը բնից դուրս բերեց կաղամբի գլուխը։ Աստղիկները հենց դրան էին սպասում։ Նրանք ասես մագնիսանալով, չորս կողմից պատեցին այն։ Շուտով կաղամբը սառեց ու ձգացավ, և Ճագարը՝ կրծոտելով, ինքն իր համար մի հարմարավետ փոսիկ պատրաստեց, անմիջապես տեղավորվեց իր «սուզանավի» մեջ և սուզվեց ջրի տակ։
Վերադարձած դոդոշները դա նկատելով՝ անմիջապես տզրուկներ դարձան, որ խմեն անկոչ հյուրի արյունը։ Բայց նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Սառույցը պինդ էր, եթե անգամ հալվում էր, տզրուկներին չէր հաջողվում կաղամբի շապիկների հախից գալ…
Ճագարն իր «սուզանավով» լողաց դեպի ջերմը, որը գնալով ուժեղանում էր։ «Այնտեղ է մեր Արևը, հաստատ այնտեղ է»,- մտածեց նա՝ արագացնելով ընթացքը։ Երբ տեսավ Արևին, նրա աչքերը փակ էին՝ այնքան տանջված էր և ուժասպառ…
– Մի քիչ էլ դիմացիր, ես եկել եմ քեզ փրկելու, վերջին ուժերդ հավաքիր, Արև՛ս, չէ՞ որ արևները երբեք չեն հանձնվում…
Ճագարը մոտեցավ, հավաքեց Արևի՝ ջրի մեջ ջրիմուռի պես տարուբերվող շողերը, դուրս ցատկեց լճից և գնաց այն նույն տեղը, որտեղ կանգնած էր դոդոշների սարքը։ Պիտի ասեմ, որ սառցե աստղիկները մագնիսացել էին նաև աներև սարքի շուրջը, և եղյամի շնորհիվ երևում էր նրա ուրվագիծը։ Մինչ տզրուկ դարձած Տզրոն ու Զրոն լճում էին, Ճագարն Արևի շողերը կապեց սարքի թևերից և գործի գցեց շարժիչը։ Սարքը արագ երկինք սլացավ, իսկ նրա ետևից՝ մեծ, կլոր պարաշյուտի նման, լճից դուրս լողաց հոգնած, բայց արդեն ժպտացող Արևը։ Թափ հավաքելով՝ հսկա պողպատյա թռչունը բարձրացավ երկինք՝ հետը տանելով թրջված ու փրկված Արևին։ Նա երջանկությունից փռեց շողերը և այնպես շողաց, որ լուսավորվեց ողջ Դրախտային անտառը։ Բոլոր կենդանիները դուրս եկան իրենց բներից՝ ողջունելու Արևի, լույսի, լուսավոր օրվա վերադարձը։ Դրախտային անտառը ցնծում էր ուրախությունից.
– Ինչ լավ է, որ վերադարձար,
Լույս սփռեցիր, սիրո՜ւն Արև,
Կուրացել էինք բոլորովին
Սև խավարում երկարատև…
Շողդ փռի՜ր, ջերմացրո՜ւ մեզ
Ու մի գնա մեզնից հեռու,
Առանց լույսի կյանքը փուչ է
Դրախտային մեր անտառում։
Իսկ տզրուկները չհասցրին դոդոշ դառնալ՝ Տզրոն զայրույթից խմեց Զրոյի արյունը և այնքան փքվեց, որ գմփալով պայթեց… Անվախ Ճագարին նույնիսկ պետք չեկավ իր հրացանը…
Բայց համոզված եմ՝ եթե հայտնվեն ուրիշ խավարասեր զրոներ ու տզրոներ, լույս ու լուսատու խժռողներ, անվախ Ճագարի հրացանն անպայման կկրակի։