Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է: Ապրիլի 3-ից հանրապետությունում մեկնարկում է Մանկական գրքի հանրապետական շաբաթը: «Գ.Թ.»-ի հարցախույզը փորձեց պարզել՝ որոնք են եղել մեր թատրոնի նվիրյալների մանկության հեքիաթները:
Լալա
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՀՀ վաստակավոր
արտիստ
«Մաթիուշ առաջին թագավորը» հեքիաթը առաջին անգամ լսելուց մինչև այսօր եղել ու մնում է իմ մանկության ամենասիրելի հեքիաթը: Ես սիրահարվեցի իմ փոքրիկ հերոսին մեկընդմիշտ, նա դարձավ իմ բարեկամը, ում հետ մտովի խոսում էի, պատմում գաղտնիքներս ու չէի կարողանում համակերպվել հեքիաթի դաժան ավարտի հետ: Տարիներ անց, արդեն դպրոցական, իմանալով հեղինակի՝ Յանուշ Կորչակի հերոսական կյանքի ու ողբերգական վախճանի մասին, հասկացա, որ միայն նա կարող էր գրել այդքան մարդկային գործ: Երբ այն հեռավոր օրերի փոքրիկ Լալան լաց էր լինում դավաճանաբար մենակ մնացած Մաթիուշի համար, չէր էլ մտածում, որ տարիներ անց համոզված կասի՝ բարության, մարդկանց սիրելու, կարեկցելու, օգնության հասնելու առաջին դասերն առել եմ Մաթիուշ սիրելի հերոսից: Աղջկաս պատմել եմ հիմնականում մեր ժողովրդական և, իհարկե, Թումանյանի հեքիաթները: Հատկապես «Անբան Հուռին» (այստեղ՝ միայն Լալա Մնացականյանին հատուկ սրտաբուխ ծիծաղ), «Անահիտ», «Անհաղթ աքլորը» հեքիաթները: Ասեմ, որ հիմա էլ եմ հեքիաթներ կարդում, աշխարհի հեքիաթները ինձ համար նոր աշխարհ են բացում: Օրինակ, աֆրիկյան մի հեքիաթում գալիս են աղջկատես: Մայրն սկսում է գովել դստերը՝ օրնիբուն աշխատում է, մաքրասեր է ու ձեռքից ամեն ինչ գալիս է: «Տեսե՛ք, այնպես ու այնքան է ասեղնագործում, որ մատները ծակծկված են, արյունլվիկ»: Եվ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն է լինում փեսացուի պատասխանը (որն ինձ համար անսպասելի բացահայտում էր): «Ես չեմ ուզում այդպիսի կին ունենալ, նա այնքա՛ն դաժան է իր նկատմամբ: Նա չի սիրում իրեն, ուրեմն և չի կարող սիրել ուրիշին ու նույն դաժանությամբ կվարվի նրա հետ»: Այ թե հեքիաթ եմ ասել, որը կարդալուց հետո դեռ երկար ժամանակ փորձում ես այն ներդաշնել արդեն կարծրացած քո տեսակետին…
Վիգեն
ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ արվեստի
վաստակավոր
արտիստ
Հինգ տարեկանում արդեն ռուսերեն էի կարդում, առաջին գիրքն էլ «Բուրատինոն» էր: Շատ չանցած՝ հայերենով կարդացի Թումանյանի հեքիաթները, և այդ պահից իմ հետագա կյանքի ուղենիշներից մեկն արդեն կանխորոշված էր (դա, իհարկե, ավելի ուշ հասկացա): Թատրոնում ես հոգեհարազատ տարածք ունեմ՝ Թումանյանի հեքիաթները, և տարեցտարի բեմադրում եմ «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», «Անխելք մարդը»` հեղինակային մասնակցություն բերելով Մեծն հեքիաթասացի ստեղծագործություններին: Այնպես որ, մանկությանս հեքիաթները հիմա ապրում են իմ բեմադրություններում: Ֆրանսիացի թոռնիկիս հեքիաթ եմ կարդում վայ-ֆրանսերենով, ամերիկացի թոռնիկիս՝ տանելի-անգլերենով: Ընդմիջարկում եմ հայերեն հեքիաթներով: Ու նաև ինձ համար բացահայտում եմ արել. մեր մանկությունը մեկ անգամ ևս վերապրում ենք մեր թոռների հետ:
Աննա
ՀԵՔԵՔՅԱՆ
ԵԹԿՊԻ-ի պրոֆեսոր,
Մովսես Խորենացու մեդալակիր
Մանկությանս հեքիաթը Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկն» է: Երևի թե աշխարհի ամենատխուր, հոգին ցավեցնող պատմություն, որն առանց արցունքի անհնար էլ լսել: Քանի՜-քանի անգամ եմ լսել, հետո կարդացել, ու ամեն անգամ, ինքս ինձ էլ չխոստովանելով, հրաշքի եմ սպասել: Ու թեև հրաշք չեղավ, հեքիաթն ինձ տվեց ամենակարևոր բանաձևը. «Ես բոլորին պիտի օգնեմ»: Օգնեմ, որ մարդիկ չմրսեն, ու ոչ միայն սառնաշունչ ցրտից… Դպրոցական տարիներին տարվեցի հեղինակային հեքիաթներով: Տուվե Յանսոնի Մումի-Տրոլերը գրավել էին երևակայությունս: Ալիսայի զարմանահրաշ արկածները և, իհարկե, Հովհաննես Թումանյանի անգին հեքիաթները: Խոստովանեմ՝ ուսանողներիս էլ եմ վարակել հեղինակային ու աշխարհի հեքիաթներով:
Միքայել
ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ժողովրդական
արտիստ
Ինչ ինձ հիշում եմ, իմ հեքիաթն սկսվել է այն պահից, երբ առաջին անգամ էկրանին տեսա Չառլի Չապլինին: Այսօր իմ տուն մտնողին առաջինը կողջունի պատից կախված Չառլի տիկնիկը: Նա իմ ստեղծագործության մեջ է՝ ամենուր: Եթե ինքը չկա՝ նրա երաժշտությունը կա: Սա հեքիաթ է, որն ինձ ուղեկցում է սկզբից մինչև ավարտ… Չապլինը, որպես արտիստ ու փիլիսոփա, կարողացավ ստիպել մարդկանց չլրջանալ՝ հատկապես սեփական անձի վրա, չչարանալ: Նա ինձ համար չափանիշ է եղել, փորձել եմ նրա պես ծիծաղ տալ մարդկանց, բայց չմոռանալ այն կարոտ-կսկիծ-թախիծի մասին, որը մարդուն է՛լ ավելի մարդ է դարձնում: Երբեք նրա ծիծաղը ինքնանպատակ չի եղել, նա կարողացել է մարդու մեջ արթնացնել մարդկայինը: Գուցե դժվար չէ անհամար հեքիաթների մեջ գտնել մեկը կամ մի քանիսը, բայց ես թոռնիկիս հեքիաթ չեմ պատմի, ես կերգեմ: Իհարկե, խոսքը մեծ ազդեցություն ունի, եթե միտքդ ու հոգիդ լիքն են: Բայց երգը սրտին հասնելու ուղիղ ճանապարհն է: Եթե երգը խոսք էլ չունենա, կունենա հեքիաթային մեղեդի:
Նարինե ՄԱԼՅԱՆ
Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոնի գեղ. ղեկավար,
ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ
Իմ մանկությունը հայրիկիս հորինած հեքիաթներն էին, որոնք սկսվում էին մի երեկո, և այլևս վերջ-դադար չկար: Ասեմ՝ դրանք յուրօրինակ սերիալներ էին, որոնց գործող հերոսները ինձ ծանոթ ու ճանաչ մարդիկ էին, Աստվածաշնչյան պատմություններ, անգամ Լիր արքան,- բայց այդ ամենը՝ յուրօրինակ պատումով, երևակայությամբ ու պատկերավորությամբ, խաղով,- ես ամեն օր սպասում էի՝ ահա կիջնի երեկոն, ու կսկսվի հայրիկի հեքիաթը… Տատիկս էլ «գրքի հեքիաթ» էր պատմում: Դեռ կարդալ չգիտեի, բայց ուշադիր հետևում է տատիս հայացքին, մատի շարժումին… Նույն հեքիաթը մի քանի անգամ կարդալուց հետո էջերն այնպես էին դրոշմվում հիշողությանս մեջ, որ եթե երբեմն տատիկս ուզում էր մի երկու էջ բաց թողնել, անմիջապես բացահայտում էի նրա միամիտ հնարքը և ստիպում վերադառնալ «անտեսված» էջերին… Ժամանակի հետ հեքիաթների ցանկը հարստացավ՝ Թոմ Սոյերը իմ հերոսն էր, հատկապես գրավում էր գրքի մթնոլորտը, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի և, իհարկե, Թումանյանի հեքիաթները: Աղջկաս կարդում էի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»-ը՝ մոմի լույսի տակ, պատերազմական խավարի մեջ, հավատացեք, հեքիաթն իր կենսախնդությամբ, իրոք, օգնում էր դիմակայել ու ժպտալ: Հիմա, տարիներ անց, Հիշողություն եմ հայտնաբերում իմ մանկության հեքիաթներում, կյանքի շատ դրսևորումներ ավելի իրական եմ տեսնում, քան իրական աշխարհում:
Ժիրայր
ԴԱԴԱՍՅԱՆ
Մնջախաղի պետական թատրոնի գեղ. ղեկավար,
ՀՀ արվեստի
վաստակավոր գործիչ
Մանկությունն ինձ համար Օսկար Ուայլդն է, նրա «Աստղամանուկը», «Եսամոլ հսկան», որ պատմում էր մայրս: Իսկ տատիկիս պատմած հեքիաթները հեղինակ չունեին, և ես լուրջ կասկած ունեմ, որ ինքն էր հորինում, պատմում էր Ղարաբաղի բարբառով այնպիսի ոգևորությամբ ու խաղով, որ ամեն երեկոն ինձ համար տոն էր սարքում իմ շարմաղ Շարմաղ տատը: Հեքիաթը շրջապատող աշխարհի պատկերավոր ընկալումն է: Ու պատահական չէ, որ իմ բոլոր մանկական հիշողություններն ու հեքիաթներից մնացած տպավորությունները գնում են բեմ: Մանկական խոր ապրումը, ցնցումն ու զարմանքը տրանսֆորմացրել եմ բեմում: Դա շատ անգամ է եղել, ու բնական է նման վերափոխումը, որովհետև մեր կյանքի միակ մաքուր տարածքը մանկության հեքիաթներն են: Տղայիս համար, Շարմաղ տատիս օրինակով, հեքիաթներ եմ պատմել: Այն օրերին «Բարի գիշեր» ծրագիրն էի վարում: Հրաշալի րոպեներ էին և՛ որդուս համար, ով տարված լսում էր հայրիկի հերթական հեքիաթը, և՛ կնոջս համար, նա, օգտվելով առիթից, տղայիս զարմանքից լայն բացած բերանն էր լցնում շիլայի հերթական բաժինը… Թոռնիկիս մեծ սիրով կպատմեմ Թումանյանի հեքիաթները: Չզարմանաք, եթե խոստովանեմ, որ հասուն տարիքում ընկալեցի նրա ստեղծագործության հզոր էներգիան: Մի ժամանակ պատրաստվում էի բեմադրել նրա գործերը, բայց ինչ-որ բան պահում է, երևի պատասխանատվության զգացումն է ճնշում: Իսկ դերասաններս արդեն աշխատում են, բեմադրում են «Քաջ Նազարը»:
One thought on “ՁԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹԸ ԿԱՄ Ի՞ՆՉ ՀԵՔԻԱԹ ԵՔ ՊԱՏՄԵԼ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ԹՈՌՆԵՐԻՆ”