Սպիտակ տենդ. հեքիաթ մեծահասակների համար / Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Նաիրա ՀամբարձումյանԱրևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Շրջանը նեղանում է ամեն օր, ու դահիճը լռությամբ ավարտում է գործը: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ: «Վե՛ր կաց ու գնա, – լսում եմ, – մահը չի կարող տեսնել հոգեվարքդ, հեռացի՛ր թափանցիկ այս դիմակահանդեսից, գնա՛ Ծագող արևի երկիրը կամ որտեղ սպիտակ արջերն են ապրում, մահը կսպասի, մահը ոչինչ է, իսկ անվստահ – խուսափուկ այս շրշյունը՝ սովորական տերև:
Հիշի՛ր ինձ քո աղոթքներում»:
Խաղաղությամբ կարող եմ ասել՝ վախը ձեռք է բերել նոր որակներ, բայց ավելի շատ կենդանի եմ, քան մեռած: Ու եթե հիշողությունը անցյալի վավերացումն է սոսկ, ուրեմն ինչո՞ւ ենք մոռանում հայացքը՝ սեփական պատմության այդ թափառականին, որ գրանցում է վայրկյանը ու կարևորում անկատար նյութը մեր՝ ժամանակի մեջ՝ դեպ որը վիճակված է դառնալ մի օր մեզնից յուրաքանչյուրին: Երազնե՞րը: Երազները կգտնեն ճահիճը, կգտնեն մեզ ինչ-որ կարևոր վայրկյանի, տղմաբույր երազները անպայման մերը կդառնան: Մա՞հը: Մահը ամենևին էլ զվարթ պոռնիկ չէ, դեղնաբիբ այդ վհուկը կտանի մեզ մեր ներսի հավերժությունը դեպի, որ նույնպես մեր որոնածը չէ, քանզի աշխարհին նայում ենք հենց այնպես՝ առանց հայացքի, առանց ներքին լռության: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել՝
Ու քամին, որ թամբել է մահին,
ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր,
խռռացնում է մահը՝ աչքերով չռված,
խռռացնում է մահը՝ քաջության ապոկրիֆ:

Ու քամին, որ թամբել է մահին,
ձգում է երասանը մահի, ու քամին՝
հանճարեղ պոռնիկը բոլոր ժամանակների,
ֆռռացնում է դեռ վզկապը կարմիր:
Ու հնարավոր է՝ տեսնենք մեռնող արևը միայն, կույր – մոխրագույն արևը, մեր արևը, որ տեղավորվում է մեզ հետ նույն դագաղում, որ պատրաստել է դահիճը: Երբ լուսանա, նոր աշխարհի հազարավոր արևներ՝ խանձված թարթիչներով, կկուրանան: Ու հնարավոր է՝ հազարավոր ուրվականներ ելնեն գինետներից՝ բոզ շների պես հոտոտելով էգերի հետույքները: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք լսել՝ խուլ ականջներով, նման եկեղեցական համր զանգերին, որ թողնում են հոտը օտարի ճակատագրին: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ – երկար – համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է:
Երկու անգամ նույն գետը չեն մտնում: Խորը գետը չեն մտնում նույնիսկ մեկ անգամ, առաջին անգամից հետո, իհարկե: Առաջինը Հերակլիտն է, երկրորդը՝ ես, թեպետ գուշակները առանց հղումի են արտասանում սույն միտքը: Նրանց կարելի է, հարաբերականի սահմանները նրանք մշտապես անցկացնում են հնարավորի միջով: Սահմանված կարգ է: Ոչ մի իրարանցում. ծամածռվում է սոսկ ժամանակի մռութը: Թո՛ղ ծամածռվի: Կացնի բութ թխկթխկոցը լցնում է մահադեմ այս երեկոն՝ մայրամուտե պատանքով: Կողքիս մահամերձը ալիքվող այրոցքի մեջ է, որ ձգվում է պորտից պիրկ պտուկները՝ մերթ փոխվելով սպիտակ տենդի, մերթ օգնելով վախին՝ թաքնվել կոնքերի թիթեռնաձև անձավներում, նման արևին, որ մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Ու ժամանակը բորոտավորի պես, փաթաթված ծեծկված լաթի կտորներով, հաշվում է ժամերը գալստյան: Ամեն օր նեղանում է շրջանը, ու դահիճը կամաց – կամաց ավարտում է իր գործը: Հիսուսը՝ մեղքերից կարկամած: Հիսուսը՝ ջղաձիգ: Ես կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ: Հսկա, սև արևը մեռավ երկրի արգանդում, մեռավ հիշողության պես, որ մերն էր: Արևը մեռավ այն օրը, երբ դահիճը սկսեց իր գործը: Մեռավ, քանզի ավարտվել է երկխոսությունը մեր ու աշխարհի, քանզի քայքայվում է տիեզերքը բառերի՝ ապակե – անգույն աչքերով ավերելով էությունը մեր: Ինչ-որ գիտենք՝ հետևելն է, նորածնի պես, որ երբեք չի գտնի մոր արգանդը, թերևս միայն՝ հողի:
Կիսատվում եմ, քանզի դահիճը շարունակում է գործը՝ թը՛խկ – թըրը՛խկ, թը՛խկ – թըրը՛խկ… կիսատվում եմ, տեղավորվում գրկաչափ այս դագաղում, ու ինձ հետ՝ արևը: Կիսատվում եմ. մարդիկ՝ մահամերձի վերջին շնչառությամբ, սպիտակ տենդով դողդող: Կիսատվում եմ, քանզի հիշողությունս չի զորում լռեցնել դագաղագործի պողպատե հարվածները, քանզի հիշողությունս չի զորում մաքրել արյան սպիտակ հետքերը, քանզի հիշողությունս չի զորում պահպանել հայացքները, քանզի նախապաշարումը հիմարների բանականությունն է, քանզի մոլորյալների ոգեկոչումը ծնում է միայն խեղված թշվառներ: Կիսատվում եմ, բայց շարունակում եմ ժպտալ, որովհետև ժամսլաքները նույնպես գաղթում են՝ երկո՛ւ, երկո՛ւ, երկո՛ւ… դեպի ո՞ւր՝ չգիտեմ: Քրտինքի մահահոտ-սպիտակ կաթիլները, նուրբ ճիրանների պես կախվել են քթիցս ու ստիպում են երգել՝
«Կգամ քեզ մոտ ինչ-որ մի օր, օ՜ հայրենիք,
սպասի՜ր ինձ, քանզի գիտեմ, որ սուրբ ես,
հիմա ճամպրուկս տանում եմ օդակայան:

Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,
ու տեսնում եմ նորից արյունոտ
կոշիկներդ, հայրենի՛ք:

Թե ապրում ես գողերի հետ,
ուրեմն կարի՛ր գրպաններդ, հայրենի՛ք:

Ու մոխրամանը զարթնում է քնից,
ու ծանր կոնքով
խփում հոքուներից բթացած գլխիդ, «ընկե՛րս»:

Ժամանակը ոռնում է, վնգստում է տարին,
ու տեսնում եմ նորից
արյունոտ կոշիկներդ, հայրենի՛ք:

Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս
մեկ սանտիմետր,
սպիտակարյունության հոտ է գալիս,
տրալյալյա՜,
ու ես կիսատվում եմ՝ տրալյալյա՜,
տրալյալյա՜:

Ամեն օր դահիճը կտրում է ոտքերիցս
մեկ սանտիմետր,
ու ոռնում է ժամանակը, վնգստում է տարին,
ու տեսնում եմ նորից արյունոտ
կոշիկներդ, հայրենի՛ք:

Առավոտ ծեգին գնչուները հետապնդում էին՝ дай погодаю, вернешься или нет…
Անզիջում բլեֆ է այս ամենը, սպիտակ բլեֆ: Հիշի՛ր ինձ քո աղոթքներում: Օմմմմմմմմմմմմմ ու Ամմմմմմմմմեեեեեեեեեենննննննննննն….
Ու հնարավոր է՝ թռչունի ստվերը՝ թափանցիկ ու թեթև, խոնարհվի մինչ մայրամուտ, ու ես անցնեմ մռայլադեմ պատի միջով, ու դահիճը գտնի իմաստությունը բացակաների, որոնց ստվերները հեռանում են արևի ճամփորդությունից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։