ՕՐԵՐԻՑ ՄԵԿԸ/ Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մաքսիմ ՀովհաննիսյանՀԳՄ վար­չու­թյու­նը շնոր­հա­վո­րում է արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ ՄԱՔՍԻՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

ԽՈՍՔ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

Սիրելի՛ Մաքսիմ, ինչպես գիտես, յուրաքանչյուր գրող ունի իր բնութագրական բանալի բառերն ու արտահայտությունները: Ինձ համար քո ստեղծագործության մեջ այդպիսին են «Արցախ իմ, ցավ իմ» և «Գյուղացի մարդիկ» գրքերի վերնագրերը: Կա երկի՛րը, կա մա՛րդը:
Երկիրը նաև քո իսկ մասնակցությամբ ազատագրվեց: Հերոսներից մեկը դո՛ւ էիր, որ դեռևս 1965-ին ստորագրեցիր ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ.Ի.Բրեժնևին հասցեագրված նամակը` ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու առաջարկով: Դա հայտնի է որպես «13-ի նամակ»: Ստորագրողները ենթարկվեցին հալածանքների: Դու էլ քո բաժի՛նն ստացար: Եկավ 1988 թվականի փետրվարը, հաջորդեցին ոգեշունչ օրեր, ծանր օրեր, ի վերջո, բաղձալի օրեր, և դու մշտապես դիրքերում էիր: Այսուհետև մնում է, որ հայ մարդն ապահով ու վստահ ապրի Հայոց աշխարհի Արևելից այդ կողմում, բազմանա իր հողի վրա և կազմակերպի իր տնտեսությունը:
Ահա, քո և մեր Արցախ աշխարհի, այդ եզերքի չքնաղ բնաշխարհի ու բնաշխարհիկ տոկուն մարդու այս միասնությամբ էլ տոգորվել է քո գրականությունը` դառնալով հիմնականում պատմվածք ու վիպակ:
Գրականագիտության մեջ կա այսպիսի արտահայտություն` 60-ականների սերունդ: Խորհրդային վարչակարգի տարիներին այդ սերունդը գրականություն մտավ համեմատաբար ազատ պայմաններում և, ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ հայ գրականության մեջ ու առանձնապես արձակում, առաջ մղեց արժանավոր անուններ` Չինգիզ Այթմատով, Հրանտ Մաթևոսյան, Վալենտին Ռասպուտին, Ֆեոդոր Աբրամով, Յուրի Բոնդարև, Վասիլ Բելով, Վասիլ Բիկով, Ֆազիլ Իսկանդեր, Իոն Դրուցե, Նոդար Դումբաձե… Սա անունների առաջին, արդեն իսկ միջազգային ասպարեզ դուրս եկած շարքն է:
Ես քեզ և քո կայացումը տեսնում եմ այս սերունդի գործունեության ժամանակի ու գեղագիտության մեջ: Արձակագիրների այս խմբա­նկարում քո անունն ու գործը չի հիշատակվել (և չէր հիշատակվելու), բայց ցավալի է, որ անգամ չի մտաբերվել հոլովվող ու երևույթ ստեղծող քո սերնդակից հայ գրողների անունների կողքին (մի բան, որ անվերապահորեն պիտի արվեր): Սա արդեն պայմանավորված է քո խոհուն պարկեշտությամբ և անուն ու համբավ ստեղծելու ոմանց ջանադիր եռանդի հանդեպ քո ներքին քամահրանքով: Այդտեղ է գրողի արժանապատվությունը: Համո Սահյանն ասում էր` փառքի ետևից պետք չէ վազել, ինքը կգա:
Դու գրականություն մտար լրագրությունից: Առաջին պատմվածքներդ տպագրվեցին «Լեռնային վտակներ» (1963, 1967) վերնագրված խմբային ժողովածուներում: Խորացար ինքդ քո մեջ, որ նշանակում է ինքնուրույն նյութ, հերոսներ, բնաշխարհ, միջավայր, հոգեվիճակներ, լեզու և ոճ: Այս ճանապարհով հասար «Մերոնք» (1989), «Չաստվածների խնջույք» (2 հատոր, 2008-2009), «Հոգնած երեկո» (2010) ժողովածուներին: Լեռնային վտակների քո հորձանքներն աստիճանաբար դարձան լեռնային գետեր:
Գրիչ բռնողը, ով էլ լինի, ինչ էլ լինի` բանաստեղծ, արձակագիր թե քննադատ, իր ստեղծագործությամբ նախևառաջ կերտում է ի՛ր կերպարը: Ի՜նքն է բոլորի մեջ` լինի Աստված թե սատանա: Քո` հիշածս և մյուս գեղարվեստական երկերում, ավելացրած խոհափիլիսոփայական բնույթի դատումներդ, քո հավաքական կերպարն է` որպես հայ մարդ, քաղաքացի ու արցախցի: Այդ կերպարն արժանի է համակողմանի հարգանքի ու գնահատության: Ես ծափահարում եմ քեզ…
Սիրելի՛ Մաքսիմ, ես քեզ առավել ճանաչում եմ քո գրականությամբ, որովհետև մեր մարդկային հարաբերություններն ու գրական առնչու­թյունները եղել են դեպքից դեպք: Ահա այդ ճանաչողությամբ էլ շնորհավորում են քո ծննդյան 80 և գրական բեղուն գործունեության 60- ամյակները, մեր հայրենի բարձր լեռների վրայով Երևանից ձեռքս մեկնում եմ Ստեփանակերտ, ողջագուրվում եմ քեզ հետ և ականջիդ ասում` արցախցու համար 80-ը, ինչպես պատերազմի տարիներին հակառակորդի «գրադը», դեռևս ոչինչ չի նշանակում, ձեռքով մի կողմ հրիր և առա՛ջ նայիր, ինչքա՜ն գործ ունենք անելու…
Դեռ քո շուրջ պիտի հավաքես քո ամբողջ աղխը, դեռ իմաստունի խոսքով նրանց հայրենի դասեր պիտի տաս, որպեսզի կոչվես Արցախի Նահապետ Մաքսիմ…
Այդ ցանկությամբ ու բարեմաղթանքներով`

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 ՕՐԵՐԻՑ  ՄԵԿԸ/ Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Փորձում եմ վերհիշել, թե այսօր արժանի ինչ եմ արել:
Առաջինը սովորաբար ես եմ արթնանում: Թեյամանը դնում եմ գազօջախին, որ ջուրը եռա: Գազօջախը վառում եմ ու՝ մանր-մունր բաներ: Արամ թոռս էլի վարտիքը թարս է հանել, ուղղում եմ, գուլպաներն ու կոշիկները իրար կողքի դնում: Փորձում եմ «Խնջույքի» համար որևէ բան մտածել: Ի՞նչ պիտի ասեմ, որ մինչև հիմա չի ասվել: Անցած օրից մնացած թեյը թափում եմ, թեյամանի մեջ չոր թեյ եմ լցնում ու սպասում, որ ջուրը եռա: Այդ ամենը անում եմ շատ մանրամասն, իբր` ամբողջովին կլանված եմ այդ գործով: Որպեսզի «Խնջույքի» մասին մոռանամ, ինչի համար մտքեր են պետք, որոնք ես չունեմ:
Երեկոյան, չգիտեմ ինչու, ցանկացա մեկի հետ զրուցել: Զանգեցի հին ընկերոջս: Ձայնս չճանաչեց: Երևի անսպասելի էր` զարմացավ: Վաղուց հեռախոսով չէինք խոսել:
– Բա՞ն է պատահել,- տեղը բերելով, հարցրեց նա:
– Ոչինչ չի պատահել,- հանգստացրի ես,- ուզում էի, որ հանդիպենք:
– Ասա, լսում եմ,- բայց զգալով, որ պաշտոնական, չոր ստացվեց, փորձեց մեղմել:- Տանը լա՞վ են:
– Թե հիվանդ չես, հավես էլ ունես, դուրս գանք «պտույտ մը» անենք, փափուկ էլ երեկո է:
Երևի կարծում է` փորացավ ունեմ, դրա համար փորձեց մերժելու պատճառ գտնել, բայց կմկմաց, ու շտապեցի հանգստացնել.
– Տանը ամեն ինչ սովորականի նման է, պարզապես սիրտս ուզեց քեզ հետ դեսից-դենից խոսել: Խնդրելիք էլ չունեմ:
Ընկերս քմծիծաղեց, ու ես հասկացա, որ մինչև վերջ չի հավատում:
– Ուզո՞ւմ ես դուրս գալ, թե՞ ոչ,- ջղայնացա ես:
– Թե լուրջ բան կա` խնդիր չեմ տեսնում, բայց հենց էնպես… ի՜նչ հավես է:
– Դմբո ես,- ընկալուչի մեջ ֆշշացրի ես:
– Ի՞նչ…
Հեռախոսի ընկալուչը աղմուկով դրեցի տեղը: Այսօր հեռախոսային խոսակցություններս չեն ստացվում:
Աշխատանքի ավարտին զանգեցի տուն:
– Այո՞:
Կնոջս հարցական, ծորուն այո-ն հոգնեցրել է: Մի անգամ ասացի.
– Գիտե՞ս, քեզ մոտ հեռախոսականչի պատասխանը ռուսերենով ավելի լավ է ստացվում:
Կինս ասաց.
– Չհասկացա:
Հետագա հարցերից խուսափելու համար չպատասխանեցի, միայն հարցրի.
– Տանը հաց կա՞:
Սկսում է մտածել: Հետո անորոշ ասում է.
– Մի հաց կարելի է:
– Մեծի՞ց, թե՞ փոքրից:
Ու դարձյալ մտածում է: Ընկալուչը դնում եմ տեղը: Թող մտածի:
Մեր հիմնարկի Հասմիկը իրար է խառնվել: Դստեր ապագա նշանածը` ծնողներով, պիտի գան ու վկայեն իրենց լուրջ մտադրությունների մասին, որպեսզի տղային իրավունք տրվի, որ ազատ «գա-գնա», և հանդիպումներն օրինական դառնան: «Ճանապարհ բացելու են գալու»: Հասմիկն իրարանցման մեջ է, խնամիները շաբաթ օրը գալու են, իսկ ինքը դեռ ոչինչ չի հասցրել:
Եվ դեռ ասում են` երջանիկ մարդիկ չկան:
Առավոտյան սովորականի պես մի բաժակ անշաքար թեյ եմ խմում: Կինս, եթե հավես ունի, կարողանում է բուրումնալից թեյ սարքել:
Մի բաժակ թեյ, մեկ-երկու թեյի գդալ անարատ մեղր, այս տարի մեղրի տարի է, մեղվաբույծները բնությանը խառնվելու հարկ չունեին, և նրանց անարատին կարելի է հավատալ: Սա է շաքարով հիվանդիս ամենօրյա նախաճաշի օրաբաժինը: Տարվա բոլոր օրերին: Այս օրաբաժինը ես եմ սահմանել, բժիշկներն էլ ո՛չ հավանություն են տալիս, ո՛չ էլ փոխելու առաջարկ են անում:
Ծնողներիս կողմից շաքարախտի գենետիկա չկա, թե ինչպես է իմունալ այս վթարը տեղի ունեցել` չեմ կարողանում բացատրել, չնայած կռահում եմ` Արցախյան շարժման սթրեսների իմ բաժինքն է:
Սովորականի պես Ազատամարտիկների փողոցով դանդաղ քայլում եմ, վայելում քաղաքիս հաճույքը: Ես այդպիսի հաճույքներ ունեմ: Քաղաքն «այլանդակելու» մեր սովորական տրտունջներին հակառակ՝ Ստեփանակերտը, այնուամենայնիվ, սիրում ենք: Չե՞ն ասում՝ քաշի ճուտը մոր համար բամբակի քուլա է:
Վաղուց եմ նկատել` երբեմն մարդիկ աչքիս սիրուն-բարետես են երևում, երբեմն էլ կարծես վանող տհաճության փառով են խարկվել: Օպտիկական տատանումնե՞ր են… Մարդիկ քայլում են ինքնամփոփ, անժպիտ, հոգսի բեռան տակ: «Բարի լույսն» ասես արդեն մոռացված պարտքի մասին է հիշեցնում:
Քայլում եմ Ազատամարտիկների փողոցով: Սովորաբար առավոտյան տնից փոքր-ինչ շուտ եմ դուրս գալիս, որ Ստեփանակերտով քայլելու հաճույքը վայելեմ: Քայլում եմ, բայց որտեղից հայտնված մի հարցական մեջքիս հրելով մղում է առաջ՝ ինչո՞ւ:
Ինչ որ արվում է` թարս ու ոլոր: Ինչո՞ւ:
Ինչո՞ւ չի հաղթահարվում իշխանությունների` գործն անարդար բռնելու նախապաշարմունքը:
Ում պաշտոնի են դնում` ստույգ կանխորոշվածով արկած ունի:
Թիմ է ձևավորվում: Նվիրվածության փորձաշրջան անցած տղերքին զորակոչել են ծառայության (պաշտոնավարության): Նրանց համար վարքի կանոններ են մշակվել: Մակագրվել է. «Քննարկել և հաստատել»: Գլխավոր կետերը հետևյալն են` սուբորդինացիան պահպանել, իրենց լոթիանա պահելը մոռանալ: Ոչ ոքի հետ կզո-մզո չի արվելու, գործ արեք, արդյունք տվեք: Գործին լավ ծանոթ չե՞ք: Սովորե՛ք: Որտե՞ղ: Ումի՞ց սովորել: Չեք կարդացել, գնացեք կարդացեք, իմացեք` թագավորին հարցեր չեն տալիս, թագավորն ինքն է հարցնում: Ուրեմն, իմացեք` հարցեր չտալ, հարցերը ես եմ տալու, երբ ժամանակը գա: Կարծում եք` մենք ամեն ինչ գիտե՞նք:
Պաշտոնը տվել ենք: ԼվՏՎՈՐՍՈ-ն տակներիդ է, կարող եք նոր քարտուղարուհի վերցնել` ըստ ճաշակի:
Զորանոցային սառը շունչը զգաստացնող է, նախադասությունները` կարճ, ենթակային պետք է ենթարկվել, ստորոգյալը բռնած տեղից կտրում է:
Կարևորը ոճն է:
Նրանք, որ գործի գլուխ են, օդափոխության կարիք չունե՞ն, պատուհանի վրա լուսանցք բացելու խնդիր չի՞ առաջացել:
Բազում ու բազմապիսի հարցեր ղուլբուդ են արել ու պատասխան են պահանջում:
Եվ էս մեկը` ինչո՞ւ հարցականները հասցեատիրոջը չեն հասնում:
Փետրվար, 2009 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։