Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Գուրգեն Բարենցի հետ հանդիպման և զրույցի առիթը այս տարվա «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի չորս համարներում տպագրված հայ բանաստեղծների թարգմանական շարքերի տպագրությունն էր, ինչպես նաև «Բանաստեղծությունների ընտրանի» միհատորյակի հրատարակումը։
Սամվել ԿՈՍՅԱՆ – «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրը բոլորիս քաջ ծանոթ է։ Ժամանակին կենտրոնական, միութենական պարբերականների շարքում առաջատարներից էր, ամենահեղիակավոր, ամենակարևոր և ամենաընթերցվող ամսագրերից մեկն էր ու վիթխարի տպաքանակ ուներ։ Այդ ամսագրում էին առաջին անգամ տպագրվում արտասահմանյան գրականության նշանակալից ստեղծագործությունները, որոնք «հերկում» էին մեր գիտակցությունը, ձևավորում էին մեր աշխարհընկալումը, աշխարհայացքը։ Գաբրիել Գարսիա Մարկես, Մարիո Վարգաս Լյոսա, Պաբլո Ներուդա, Խորխե Բորխես, Անրի Տրուայա… Ինչպե՞ս են ամսագրի գործերը այսօր, երբ ամեն ինչ փոխվել է։ Ի՞նչ և ո՞ւմ է տպագրում հանդեսը։ Պահպանվե՞լ է արդյոք ընթերցողների հետաքրքրությունը պարբերականի հանդեպ։
Գուրգեն ԲԱՐԵՆՑ – Վերջերս այդ հարցը տվեցի ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Լիվերգանտին։ Նա կարևորեց այն փաստը, որ ամսագիրն այսօր էլ կա, շարունակում է գոյատևել ու մաքառել։ Ծառացած խնդիրներն, իհարկե, անպակաս են և ավելի են բազմանում։ Սակայն շատ կարևոր է, որ ամսագիրը մեր դժվարին օրերում չի կորցրել իր դեմքը, ինքնությունը, հեղինակությունը։ Խմբագրությունը համագործակցում է նոր սերունդների տաղանդավոր թարգմանիչների հետ։ Իհարկե, ամսագրի «ոսկե դարը» մնացել է անցյալում, երբ ընթերցողների իրական թիվը տասնյակ միլիոնների էր հասնում, երբ յուրաքանչյուր նոր համար սպասվում էր որպես իրադարձություն, ձեռքից ձեռք էր անցնում։ Կարևոր, առանցքային ստեղծագործությունները լայն քննարկման առարկա էին դառնում՝ ի դեպ, նաև Հայաստանում, մեր գրքասերների շրջաններում։
Ս. Կ. – Միայն այս տարի Դուք տպագրվեցիք ամսագրի չորս համարներում։ Ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը:
Գ. Բ. – Ես շատ լավ գիտակցում էի, որ հայ բանաստեղծներից իմ թարգմանությունները, առավել ևս, իմ բանաստեղծությունները «Ինոստրաննայա լիտերատուրա» պարբերականում անելիք չունեն՝ թեկուզ այն պատճառով, որ հայ պոեզիան ամսագրի կողմից չի դիտվում, չի ընկալվում որպես արտասահմանյան գրականություն։ Ես թարգմանում եմ տարբեր լեզուներից, մասնավորապես, ամերիկյան և սլավոնական բանաստեղծների, սակայն պարզվեց, որ նրանք խմբագրությանը չեն հետաքրքրում։ Ինձ համար պարզ էր նաև, որ ամսագիրը փակ տարածք է, «խակ խաղող է», քանի որ ես «դրսի մարդ եմ», մինչդեռ ամսագիրը համագործակցում է իր մշտական թարգմանիչների հետ՝ շատ տաղանդավոր, կայացած, հեղինակավոր ու թրծված։ Կարող եմ նշել թեկուզ Պավել Գրուշկոյին, Եվգենի Սոլոնովիչին, Անատոլի Գելեսկուլին։ Իսկ համագործակցությունը խմբագրության հետ սկվեց շատ անսպասելի ձևով։ Տարիներ առաջ ես, առանց որևէ հույս փայփայելու ու հավակնության, «Ինոստրաննայա լիտերատուրային» ուղարկեցի ժամանակակից պարսիկ բանաստեղծ Շամս Լանգերուդիի շարքը։ Անցել էր հինգ թե վեց տարի, վաղուց արդեն մոռացել էի այդ մասին, երբ նամակ ստացա խմբագրության աշխատակից Լարիսա Վասիլևայից, որ շարքը հավանության է արժանացել, քննարկվել է խմբագրական կոլեգիայում և պատրաստվում է տպագրության։ Ինձանից պահանջվում էր պատրաստել ներածական խոսք բանաստեղծի մասին, կենսագրական ու տեղեկատվական տվյալներ ավելացնել, խմբագրական շտկումներ ու ավելացումներ կատարել թարգմանական տեքստերում, և այդ ամենը համապատասխանեցնել ամսագրի ձևաչափին ու պահանջներին։ Սկսվեց մի քանի ամսվա բավական լարված աշխատանք։ Խմբագրության պահանջների նշաձողը չափազանց բարձր էր, այդպիսի բծախնդրության երբևէ չէի հանդիպել։ Նորանոր տարբերակներ էի առաջարկում, սակայն չէի տրտնջում, քանի որ տեսնում էի՝ տեքստերը գնալով դառնում էին ավելի կուռ, ավելի բնական էին հնչում ռուսերեն։ Շարքը այնքան էր դուր եկել խմբագրին, որ հարցրեց. կարո՞ղ եմ, արդյոք, այլ նյութ առաջարկել ամսագրին։ Դե, կույրին ի՞նչ է պետք՝ մի զույգ աչք։ Առաջարկեցի պարսկահայ բանաստեղծ Վահե Արմենից կատարած թարգմանությունները։ Ի զարմանս ինձ, այդ շարքը նույնպես հավանության արժանացավ, և սկսվեց «քաղցր տաժանակրության» մի նոր, երկարատև շրջան։ Երբ խմբագրական աշխատանքներն ավարտվեցին և գոհացրին խմբագրին, նա նորից ինձ հարցրեց՝ ունե՞մ, արդյոք, մեկ այլ «հոգեպահուստ»։ Եվ ես առաջարկեցի Թադևոս Տոնոյանի «Մայրերու հրեշտակներ» գրքից կատարած իմ թարգմանությունները։ Հրապարակման պատրաստումը առավել աշխատատար եղավ, սակայն ես շատ գոհ մնացի հատկապես այն պատճառով, որ կարողացա երկու էջանոց ներածական խոսքում հակիրճ ներկայացնել մեր ժողովրդի ցավը, մեր գլխին եկած արհավիրքը, «զուլումը»։
Ինչ վերաբերում է իմ բանաստեղծությունների շարքին, ապա այն կարելի է համարել «բոնուսի» մի տեսակ։ Խմբագիրը մեր պարբերական նամակագրության ընթացքում «անզգուշորեն» անդրադառնում էր իմ բանաստեղծություններին, որոնց հետ ծանոթացել էր համացանցում։ Այդ «քնարական զեղումները» շարունակվում էին, և նրան ուղարկեցի իմ «Բանաստեղծությունների ընտրանի» միհատորյակը։ Նա նշեց բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք առանձնակի էին դուր եկել, և առաջարկեց մի շարք տպագրել ամսագրում. ինքն էլ ընտրեց բանաստեղծությունները՝ մի քանի տարբերակով։ Ես շատ մեղմ «վերմակը ինձ վրա էի քաշում». առարկում էի չափից դուրս «ուղղափառ», պաստառային բանաստեղծությունների դեմ, առաջարկում էի իմ տարբերակները։ Ի վերջո, եկանք համաձայնության, թեև մնում եմ այն համոզմունքին, որ կարելի էր ավելի արժեքավոր, ավելի նուրբ բանաստեղծություններ ընդգրկել։
Ս. Կ. – Չորս հրապարակում «Ինոստրաննայա լիտերատուրայում»՝ դա ոչ միայն տպավորիչ, այլև պարտավորեցնող արդյունք է։ Ցանկացած հաջողություն պետք է զարգացվի, պետք է իր տրամաբանական շարունակությունն ունենա։ Ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում ամսագրի հետ ձեր հետագա համագործակցության առումով։
Գ. Բ. – Նշված չորս հրապարակումները այսբերգի երևացող մասն են։ Չերևացող մասը ավելի մեծ է՝ տասնյակ մերժված թարգմանական շարքեր, որոնք իրականում ամենևին էլ թույլ չեն, պարզապես ինչ-ինչ պատճառներով չընդունվեցին ամսագրի կողմից։ Այդ նույն շարքերը ես ուղարկեցի ռուսաստանյան այլ պարբերականների, որտեղ դրանք շատ արագ ու հաճույքով տպագրվեցին։ Ինչ վերաբերում է «Ինոստրաննայա լիտերատուրայի» հետ կապված նոր ծրագրերին, հեռանկարներին և հրապարակումներին, ապա ասեմ, որ բավական սթափ եմ մոտենում դրանց։ Յուրաքանչյուր հրապարակում ինձ համար մեծ նվաճում է։ Ըստ իս՝ առավել հավանական արդյունքը կլինի որևէ արդյունքի բացակայությունը։ Այս արդյունավետ համագործակցության տարին մեծ հավանականությամբ կարող է ավարտված մի դրվագ դառնալ իմ կյանքում։ Ինչպես ասում են, պապը միշտ փլավ չի ուտի։ Փորձեր, իհարկե, արվում և արվելու են, իսկ որքանով դրանք կհաջողվեն, ցույց կտա ժամանակը։ Ընդհանրապես յուրաքանչյուր նոր նախաձեռնություն, նոր ստեղծագործություն կամ հրապարակում դիտարկում եմ որպես վերջինը։ Կարող եք համարել դա հոռետեսություն։ Դա ինչ-որ տեղ բացատրվում է նրանով, որ ես միշտ դժվար եմ գրել։ Մի տող, նույնիսկ մի բառ գրելու համար պետք է սպասեմ այսպես կոչված ներշնչանքին, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի քմահաճ է դառնում։ Միշտ նախանձել եմ նրանց, ովքեր կարող են ցանկացած պահի իրենց մտքերը թղթին հանձնել։ Բրյուսովը, օրինակ, համեմատում էր երազանքը եզան հետ, կարողանում էր մտրակել իր երազանքներն ու ներշնչանքը։ Բանաստեղծություն գրելու համար նրան բավական էր ձեռքի տակ թուղթ ու գրիչ ունենալ։ Դե ինչ, դա բոլորին չի տրված։ Թեև, մյուս կողմից, մտրակված երազանքը ներշնչված բանաստեղծություն չի դառնում՝ նույն Բրյուսովի պոեզիան ձեզ օրինակ։
Ս. Կ. – Ինչպե՞ս եք բանաստեղծություններ ընտրում թարգմանելու համար։ Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում բանաստեղծությունները թարգմանելիս։
Գ. Բ. – Այստեղ առկա է երկու մոտեցում։ Շատ հաճախ, նախկինում՝ գրեթե միշտ, ես թարգմանություններ եմ անում ժամանակակից գրական ընթացքը ներկայացնելու նպատակով։ Թարգմանությունների ճնշող մեծամասնությունը կատարվել է Հայաստանում միակ ռուսերեն գրական հանդեսի՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի պատվերով։ Այսինքն՝ թարգմանում էի ոչ թե այն պատճառով, որ այդ բանաստեղծությունները ինձ հիացնում էին, այլ՝ որովհետև դրանք անհրաժեշտ էր ներկայացնել ռուս ընթերցողին՝ որպես մեր գրականության նմուշներ։ Ինձ համար ամենակարևոր սզբունքն է՝ թարգմանված բանաստեղծությունը պետք է հնչի և շնչի որպես ռուս բանաստեղծություն, պետք է ընկալվի որպես ռուս գրականության կայացած փաստ։ Մենք հաճախ ինչ-որ ներքին զիջողականությամբ, հանդուրժողականությամբ ենք ընթերցում թարգմանական գրականությունը. դե ինչ ասես՝ ի վերջո թարգմանություն է, հո չի կարող մրցակցել առաջնակարգ ռուս պոեզիայի հետ։ Ոչ, այդպես չպետք է լինի։ Նման մոտեցումը վիրավորական է հենց թարգմանական պոեզիայի համար։ Լավագույն թարգմանիչները հեռանում են բնագրի պատկերային համակարգից, որոշակի զիջումների են գնում, որպեսզի թարգմանությունը թթվածնի պակաս չզգա, որպեսզի նրա հնչողության, շնչառության մեջ լարվածություն չզգացվի։
Շարունակեմ միտքս։ Չեմ սիրում կարդալ և, առավել ևս, թարգմանել երկարաշունչ բանաստեղծություններ, «լավաշ-բանաստեղծություններ»։ Քսան տողը միանգամայն ընդարձակ տարածք է ասելիքդ տեղավորելու համար։ Բացառություններ, անշուշտ, պետք է լինեն, սակայն պետք է «հարգելի պատճառ» ունենան դրա համար։ Եվ հակառակը, նախապատվությունը տալիս եմ կարճ՝ 6-10 տողանի մանրապատումներին, որտեղ հենասյունը հոգեբանական իրավիճակն է, տրամադրությունը, տրամաբանական հակասությունը, պարադոքսը։ Մենք՝ հայերս, Խորենացու խոսքով, «փոքր ածու ենք», և դա իր դրոշմն է դնում մեր պահվածքի վրա, մեր խառնվածքի վրա, լրացուցիչ բարդույթներ է առաջացնում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ որոշ բաներ, որոնք առանց վարանելու անում են մեծ ազգերի ներկայացուցիչները։ Բրոդսկին պնդում էր, որ Տյուտչևը գերագնահատված է և ունի ընդամենը տասը լավ բանաստեղծություն, որ Բլոկը ամենաանճաշակ ռուս բանաստեղծն է։ Ախմատովան տանել չէր կարող Չեխովին, բարձրաձայն պնդում էր, որ անհնար է միաժամանակ սիրել և՛ պոեզիա, և՛ Չեխով։ Մեզ համար այդպիսի գնահատականները անթույլատրելի շռայլություն են։ Մենք մի տեսակ ամաչում ենք հիշեցնել, որ Բրյուսովը իր թիֆլիսյան դասախոսության համար Թումանյանից ստացավ հինգ հարյուր ռուբլի՝ շատ լավ իմանալով, թե ինչպիսի ծայրահեղ թշվառության, աղքատության մեջ էին գտնվում հայ գրողները։ Նրանց համար այդ գումարը մի ամբողջ կարողություն էր։ Այդ նույն ժամանակահատվածում Ալ. Սպենդիարյանը բարեգործական համերգներ էր տալիս և հասույթը տրամադրում վիրավոր զինվորներին։ Մենք շրջանցում ենք, ամոթխած մոռացության ենք մատնում, որ նույն Բրյուսովը այդպես էլ չայցելեց Մոսկվայի հիվանդանոցում հանգչող Թումանյանին։ Ոչ մի մեկնաբանություն չեմ անում, պարզապես արձանագրում եմ փաստերը։
Ս. Կ. – Ինչպե՞ս կարող եք բնութագրել արդի պոեզիայի զարգացման հիմնական միտումները։
Գ. Բ. – Այսօրվա իրականությունը այլ ռիթմերով է շարժվում։ Ամեն ինչ փոխվել է և շարունակում է իր սրընթաց զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, համացանցը, արհեստական բանականությունն իր բազմապիսի դրսևորումներով քարը քարի վրա չեն թողել մեր նախկին պատկերացումներից։ Պոեզիան, իհարկե, միանգամայն «պահպանողական տիկին է» և շատ լավ է դիմակայում ժամանակի փոթորիկներին, սակայն այստեղ էլ փոփոխություններն ակնհայտ են ու աներկբա։ Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ այսօրվա պոեզիային ավելի շատ «ոսկերիչներ» են հարկավոր, քան «դարբիններ»։ Այսինքն՝ ընթերցողի վերաբերմունքը այսպես կոչված «քաղաքացիական մոտիվների», հրապարակախոսական պոեզիայի հանդեպ փոխվել է, հետաքրքրությունը՝ նվազել։ Դա, իհարկե, չի նշանակում, որ խորիմաստ, բովանդակային, հասարակական կյանքից եկող պոեզիայի դարն անցել է, պարզապես «Ինչ»-ը զգալիորեն զիջել է իր դիրքերը «Ինչպես»-ին։ Թող այն տպավորությունը չստեղծվի, որ ես պոեզիայի այդ նոր տեսակի գովքն եմ անում՝ ո՛չ, քավ լիցի։ Ես պարզապես ասում եմ, որ այդ մոտեցումը գոյություն ունի, և մենք պարտավոր ենք նրա հետ հաշվի նստել։
Մի պահ պատկերացրեք, որ ձեր հետագա կյանքը պետք է անցնի մի անմարդաբնակ կղզու վրա, և դուք կարող եք վերցնել ձեզ հետ ընդամենը մեկ գիրք։ Եվ պարզվում է, որ այդ միակ հեղինակը չի կարող լինել Ապոլիները, Եսենինը, Մանդելշտամը, Պաստեռնակը, Տերյանը, Չարենցը։ Ընտրությունը պետք է կատարվի «բազմաշերտ» բանաստեղծների միջև, որոնց գործերը ամեն անգամ նորովի են բացվում։ Գոնե ինձ համար Շեքսպիրն է, Պուշկինը և Թումանյանը։
Զրույցը գրի առավ Սամվել ԿՈՍՅԱՆԸ