ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

ՄԵՐ ԾՈՎԸ
Երբ առավոտյան սյուքն է խաղում,
ի՜նչ ձկներ են մեր ծովի խորքերից
խայտում վեր՝ իբրև
արծաթափայլի հրավառություն… –
սա մանկությունն է։

Եվ չգիտենք ափերը՝
անսահման է ամեն ինչ խնդության պես։
Ու լույսն է խաղում մեր ծովի
մանրակոհակների հետ, որ
մանկան ծիծաղից ծագած
մանրիկ կնճիռների պես են
ծավալվում ցնծուն…

Իսկ հասունությունը սա է՝ երբ ուժն ու
ավյունն է եռում, հարբած շանթեր են
սուզվում խորքերի մեջ – և որոտներ են
փարվում քծնանքով՝ թե ամենազո՜րն ես՝ որ կաս,
երբ ծովդ իսկապես ծնկներիցդ հետ է…

Ապա՝ անդորրը երեկոյան, երբ խաղաղ է
մակերևույթն ու հայելու պես ողորկված։
Ուր նայելով առաջին հայտնված աստղերն են
սանրում իրենց մազերը գռուզ։ Ու կյանքդ կեղեքած
անթիվ հարցերից գոնե մեկի պատասխանն ես
ակնկալում մոտալուտ, անբեկանելի մի պահի…

ՄԵՐ ԳԱՅԼԸ
Մեր գայլը պղնձյա չի եղել, այո,
ինչպես ասել է մեր մեծ Եղիշեներից մեկը։
Նա ոչ միայն չի եղել պղնձյա,
այլև ոհմակ չի ունեցել, եղել է միայնակ
դեռևս Հայկ-Բելի ժամանակներից։
Նրան հետապնդել են պարսկական ատրուշաններից
վերցրած խանձողերով, հետապնդել են
արաբական արագընթաց հեծելազորի նժույգներով։
Նրան վրա է տվել ամեն մի քրդի շուն։
Եվ հիմա դեռ թափառում է՝ մորթը պատառոտված,
վերքերը լիզելով, լուսնյակ գիշերներին
երկարուձիգ ոռնոցով ողբալով իր անտերությունը։
Նա նույնիսկ գրանցված չէ միջազգային
Կարմիր Գրքում, ուր բյուր անհետացող
կենդանիներ են գրանցված։ Մեր գայլը
մի հին ցավ է տանում իր ֆոսֆորափայլ աչքերի մեջ։
Նրան հետամտում է մի հին անեծք…

ԴԱՎԻԹ ԵՎ ԲԵՐՍԱԲԵ
Երուսաղեմի տոթ ամառվա
գիշերվա լռության մեջ…-
Միայն՝ գիշերային պարեկների
խուլ ոտնաձայները հեռվից։
Եվ լուսնի ՝ ասես խափշիկուհու՝
խալոտ կիսադեմը
ամպերի մեջ թաքչող…

Սաղմոսո՜ղդ սրբանվեր,
տավղահա՜րդ անզուգական,
այդ ինչպե՞ս անքնությունն ու
ջեռ կիրքը քեզ տարան
ապարանքիդ տանիքների վրայով՝
չորեքթաթ, հանց… վավաշոտ մի կատվի ,
ինչ է՝ թե պիտի տեսնեիր
Բերսաբեին ցայվելիս՝ մերկ,
իր զույգ ծնծղաների համր
հնչյուններով խախտելով
հևասպառ ունկնդրող
լռությունը գիշերվա…

Այդպես – և Բերսաբեն
հավք էր արդեն գերյալ։
Ամուսինն իր՝ Ուրիան՝
զինվոր մի աքսորյալ
և ուղարկված ի մահ…

«Բերսաբե՜, Բերսաբե՜…» —
Ուրիայի մահամերձ շշուկն էր դա,
որ մարեց փղշտացիների
նետերի հեղեղի մեջ,
հանց դատապարտյալ
մի ամպրոպ…

ԸՆԿԱ՜Լ ՔԱՂՑՐՈՒԹՅԱՄԲ…
Դեռ այգեկութը
կենաց չավարտված՝
մենք… խաղող եղանք
Երկրի անխաղաղ
հնձանների մեջ,
ճակատագիրը՝
բոկոտն ճմլող․․․
Ապա սուզվեցինք
դառնության խորունկ
կարասների մեջ․․․
Ուստի՝ խնայի՜ր,
ընկա՜լ քաղցրությամբ
արդ մեզ, ողորմա՜ծ․․․

ՀԱԼՅՈՒՑԻՆԱՑԻԱ
Ինչ-որ վատ երազից արթնացա,
բայց չեմ հիշում ՝ ինչն ինչոց էր,
ու չեմ կարող վերլուծել, ափսոս․․․ —
Եվ դա նման է, ախ,
․․․քֆուրի տակ մնալուն․․․
Ընդհանրապես խառն է ամեն ինչ
վերևներում,
ներքևներում,
ամենուր․․․
Տեղաշարժվել են
հյուսիս-հարավ,
արևելք-արևմուտք։ —
Ու մարդս խելառած
կողմնացույցի սլաքի պես
պտտվում է՝ հյուսիսային
բևեռը կորցրած,
պատեպատ խփվելով․․․
Միացնում եմ
Օսկար Բենտոնի ողբը,
սուրճի նվագակցությամբ —
Ուբու-բու-բու-բույ-բու-բու-բու՜յ․․․
Ուբու-բու-բու-բույ-բու-բու-բու՜յ․․․
Դիմացի պուրակում
նախաձմեռնական քամին
աղմուկով, խառնշտելով թերթում է
թափված տերևների մագաղաթը
մի հին երազահանի պես։ —
Նա էլ ի՛ր տեսած երազն է
ապարդյուն փորձում մեկնաբանել․․․
Հավաքարար պառավը հանկարծ
երկինք է համբառնում,
ավելը ձեռքին,
Բաբա Յագայի պես։
Թե՞ աչքիս է թվում․․․
Չէ՜, լավ չի սա, Համլետ,
և ոչ էլ լավ է լինելու․․
* * *
Մի այսպիսի պատկեր
բացվեց հանկարծ, ինչպես
երեխայի ժպիտը
արցունքների միջից –
ասես արևն՝ ամպի
տակից՝ արևմաղին ․․․ –

Մենք մի՜շտ մի մեծ ծաղկի
պսակի պես բաց ենք
թիթեռի պես սահուն
իջնող Երանելի
մահվան հրեշտակի համար,

որ իջնում իր ժամին,
իր նեկտարն է տանում –
մեր հոգին՝ տառապանքի
սրբությամբ քաղցրացած ․․․

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՄՈՒՏԱՆՏՆԵՐ
1․ՁԻԱՄԱՐԴԸ, ԿԵՆՏԱՎՐՈՍԸ
Տափաստանն հատում սլացիկ վարգով
և շրջահոսող հողմն է վայելում։
Երիվարական տրտմած իր վարքից՝
Մարդապատկերն է տնտղում հայելում։

Գիշերային վարգ, աստղերն են զնգում
իր աչքերի մեջ։ Մարդկայինն է նա
ըղձում վայելել մեղեդու խորքում,
բայց իր խրխինջն է ընդհատում երգն այդ․․․

2․ ԱՅԾԱՄԱՐԴԸ, ՖԱՎՆԸ
Ոստոստալով կճղակներին,
մութ թավուտ է փնտրում ֆավնը։
Թոթափել է ուզում ․․․ներին
խառնածինի իր հին ցավը․․․

Հեգնում է մի հավերժահարս
իր երգի մեջ նրա դեմքը։
Բայց կիսատ է թողնում հանկարծ –
այծականչ է լսում կրքոտ․․․

3․ ՑԼԱՄԱՐԴԸ, ՄԻՆՈՏԱՎՐՈՍԸ
Լաբիրինթոսի խավար պատերից
կախված մկնահոտ անթիվ չղջիկներ։
Մինոտավրոսն է մրափում խորին
նինջի մեջ, քաղցած ըղձում մի աղջիկ․․․

Եվ եղջյուրներն է քսում հատակին
քնի մեջ, տեսնում երազ մի մռայլ։ –
Թեսևսն է գալիս, պիտի․․․ սատակի։
Մոտեցավ ահա․․․ մնաց երկու քայլ․․․

4․ ՕՁԱԳԻՍԱԿ ԿԻՆԸ, ԳՈՐԳՈՆ ՄԵԴՈՒԶԱՆ
Օձավարսերն են գլխին խլվլում,
ասես մսեղեն բոցի լեզվակներ՝
այրում ճակատը։ Կանացի փխրուն
սիրտ ունի, սակայն՝ ո՜վ բախտ, ի՞նչ անել,

թե իր հայացքից ճառագում է մահ․․․
Ամենեցու պես նա սեր է տենչում,
սակայն մահ սփռում անգետ, ակամա․․․
Կին էր՝ հայելուն նայեց․․․ ու չքվե՜ց․․․

* * *
Օր էր ընծայաբերման։

«Այս է իմ մարմինը»,-
մոտեցավ Կայենը՝
երկչոտ, հասկերի
ստվար մի խուրձ գրկած։

Տեսավ՝ տխրեց Տերը—
Նա Իր որդուն հիշեց․․․

«Ահա, ով Տեր, զոհն իմ»,-
ծունր իջավ Աբելը՝
ճերմակ մի գառ գրկած
(և այդ պահին հեռու
հորիզոնում Տերը
նշմարեց Աբրահամին՝
մանուկ Իսահակի
ձեռքը բռնած)։

Տեսավ՝ ողբաց Տերը-
Նա Իր որդուն հիշեց․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ինչպես ծանր քարից՝
հիշոցից մի սոդոմական
ընկավ Աբելը, քունքը
բաց ու արնաշաղախ․․․

«Կայեն, ո՞ւր է եղբայրդ»,-
լսվեց ահասարսուռ
որոտների միջից։
Կայենը ճողոպրեց,
Տիրոջ հայացքից
գետինը մտնելու
մի հնար փնտրելով․․․

«Արի՜»,- կանչեց ձայնը
հեռվից Աղասֆերի։
«Արի, եղբայր Կայեն,
եկ՝ գնանք թափառենք։
Թեև հանգի՜ստ չկա
ոչ մի տեղ – ոչ օազիսում ՝
արմավենու ստվերի տակ,
ոչ ճամփին Դամասկոսի,
ոչ մի տե՜ղ, ոչ մի տե՜ղ…»:

ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ԵՐԿԻՆՔԸ

Ի՞նչ ասել կուզի, պատմվածքը
ամենալավ՝ վերմակի տակ է
հղացվում, ինչպես․․․ մանուկները
պայծառաչյա՝ հենց այդ նույն տեղում․․․

Գրչածայրը հավանաբար երբեմն
քսվել է վերմակի երկնքին ու թողել
վիմագրեր («վերմակագրեր») կամ
ավելի շուտ՝ զարդանախշ աստղեր, դեպի որոնց
տեսիլքի մեջ սանդուղքով բարձրանում էր
իր անվանակից Հակոբն աստվածաշնչային․․․

Հարկավ, ամեն Հակոբ չէ, որ կարող է
գուպարի մեջ մտնել Լեզվի Հրեշտակի հետ
ու անվնաս մնալ և նույնիսկ
սիրտ անել՝ անմահության դուռը բախել․․․

Գրեք մեկնաբանություն