Սերը աշխարհը միշտ կանաչ պահող մեծագույն ուժ է, տիեզերական ընծայում։ Այն երկու տարբեր եսերի հանդիպում է, որը հարստացնում է հոգին։ Առանց սիրո կյանքն անջուր անապատի կվերածվի, կդառնա դժվարանցանելի փշաշխարհ …
Իմ անուս ադեի պատմությունները սիրո բացառիկ էջեր են, որոնք ամեն անգամ թերթելիս իրականությունն ու հեքիաթը միաձուլվում են, և դժվարանում է իրարից տարանջատելը։
Ողջ կյանքում Եղսոն սիրահարված մնաց իր Գիրքորին և ուսուցանեց մեծ սիրո արվեստը։
Ադես հաճախ մենախոսում էր, և կարևոր չէր՝ ով էր լսում իրեն։
– Գիրքո՛ր, իմ հոգու տիրագան Գիրքո՛ր, մէ սաղ կյանքըմ իրար հեդ աբրանք ու չըկշտացանք իրարեն։ Իմ սիրդը քու բռի մեճը տաքցրիր ու հեչ մէ օրըմ բողոք չէրիր էդ ծանդռ ճագադագրի առաճը։ Գիշեր-ցերեգ աշխադար, օր էրեխանցդ թիքա հացը վաստագես։ Վախտ կար՝ դու չըկերար, մեր առաճը դրիր։ Երգնքի չափ անսայման էր հոգուդ տունը։ Ալաշկերտ ծնվաձ, Արազգեղ աբրաձ, Բուղդաշեն ծերացաձ Գիրքոր։ Ուրախ ու տխուր ճամփեքի իմ հալալ կաթնակեր, իմ ուսյալ, իմ հավադարիմ տանտեր։ Ամեն էրեխա ծնվելուց մորիցդ գողդունց ընձի կառնեյր գրգիդ մեճը ու ճագատս կըպաչեիր։ Ուրախության արդըսունքներդ լույսի պես կըկատային ճագտիս վրա ու ընձի կըթվար, թե մեջքս սխմող էդ ջարդաձ դիվանը բմբլե կարբեդ է՝ օդի մեճն օրորվող։ Կըհիշե՞ս, Գիրքո՛ր, Վարտավառի օրն օր պսագ էիր հուսե մեր սարերի ճերմագ անթառամներով։ Ըդիգ ընձի հըմար աշխրհի ամենասիրուն պսագն էր. բարագ ցողունների հուսքը կերևար մճից, երեսանց անթառամները կըխնդային։ Էլ ուրիշ պսագ չունեցա։ Ընչի՞ս էր պետք. Աստձու օրհնաձ ծաղիգների կլոր պսագն ունեյ, օր հեդո պադից կախ ամեն օր ընձի բդի աշեր։ Ինչըխ կեղնի, օր մարդ արարաձը հեչ մէ թերությունըմ չունենա։ Բիլամ առվների զուլալ ջրերին օր աշես, վախտ կա քար, ավազ յա փեդի փշուր կըգլդորի էրթցող ջրերի հեդ ու պարզությունը քիչըմ կըբղդորե։ Իմ բախտի ճրագ Գիրքոր, քեզի հեչ բան չըբղդորեց։ Ամբի պես մաքուր աբրար ու օսկու պես ծանդռ։ Մեր էրեխանց մահը մեզի տարին-տարուն գեդնով ծեպեց։ Դու ամեն անգամ ոդի ելար ու իմ կախլաճորիգ թևերը գրգաձ տուն տարար։ Քու մոր հին փեդե խաչը ձեռիդ մեճը սխմաձ՝ հավադացիր, օր իմ բալեքն Աստձու փեշերի տագը անմեղ հրեշտագ կըդառնան։ Դու, օր եգեղեցի չէիր մդնի, ընդունեցիր իմ աղոթքները ու էգար եդևիցս։ Աշխրհի ելումուդից հասկցող Գիրքոր, ցարին շադ կըսիրեյր, բայց եփ օր Ղարսը տվավ թուրքին, դու հերսոդար ու իրա անունն էլ չըտվիր։ Ըդից հեդո էլ փախեփախն էղավ, մենք ընգանք մեր դառդի եդևից։ Երգիրը փոխվավ, էլ շունը տիրոջը չէր ճանճնա։ Եսօր էրազիս էլի քեզի տեսա, եփ օր ծանդռ հիվանդ էիր։ Գուզեյր օր կողքդ նստիմ ու մաժեմ էդ տնքացող ոդ ու ձեռդ։ Կըհիշե՞ս էն գիշերը։ Մէ կերբըմ ոդի ելար, տնեն դուս էգանք ու իրար ձեռ բռնաձ կըքելայինք։ Ըսիր՝ Եղսո՛, ընձի միշտ հիշե էս գիշերվա մեճը՝ քու ձեռը բռնաձ լուսնի լույսի տագը։ Մի՛ ամչցի, մեզի մինագ երգինքը կըտեսնի ու մինագ լուսինը ցույց կուդա մեր ճամպեն, մեգ էլ մեր էրեխեքը կըտեսնին, օր շուդունց աստղ են դառե։
Թևն ուսիս գցաձ բերի պառգցրի ու ձենով լացա։ Կաշեյ իմ Գիրքորի մարաձ աչքերին, ցամքաձ երեսներին ու չէի ուզե հավադայ, թե քանիմ օր եդև իմ տաք սիրդը կըպաղի, էլ իմ քելքին աշող չի էղնի, էլ իմ մրսաձ ձեռները իրա ծոցը դնող չի էղնի, էլ եդևիցս ըդման անուշ «Եղսո» կանչող չի էղնի։ Գիրքորս մարավ իմ ձեռների վրա, աչքերը փագեցի։ Ընձի թվաց, թե մեգեն արևը մեր մդավ ու մեճս ամեն բան դառդգվավ։ Գիրքորից հեդո ըսքան երգար տարի հըլը կաբրիմ, ու ամեն անգամ, օր անունը կուդամ, գիդես թե երգնքից մէ ամբիմ կդոր գուկա կըքսվի իմ ձեռներին, հեդո վռազ կանհեդանա։ Ըդման էլ չեմ հասցնե իրան գիրգս առնիմ ու ըսեմ, օր քու խռովգան Եղսոն հեչ մէ օրըմ չըմոռցավ էն Արազգեղի Կաբուդ կարմնջի տըգի էրգու թշերիս գողդունց պաչերը։
Իմ պոետի՛կ ադե, երանի քեզ, որ սիրո մանանան միշտ իջել է նեղլիկ ուսերիդ և դարձրել է Գիրքորի անզարդ թագուհին։
Գիրքորը / Նեկտար Սիմոնի
