Ծովի ալիքները օրորում էին` ձախ ու աջ, նույնիսկ մի քանի անգամ օդ բարձրացրին, ինչը երանություն էր թվում: Սակայն քիչ անց զգաց, որ սուզվում է: Չնայած արագացրեց ոտքերի ու ձեռքերի շարժումները, միևնույն է, բարձրանալու փոխարեն մարմինը ծանրացել ու շարունակում էր սուզվել: Ջուրը մագնիսի նման նրան իր խորքն էր քաշում: Փրկվելու էլի մի քանի անհաջող փորձերից հետո մտածեց, որ՝ վերջ, ու իր նախորդ մտածումը միտքը եկավ, իբր կյանքը վերջից վերջ ձգվող տարածություն է` սկսվում է վերջից և ավարտվում է վերջով, թեև երբեք չէր կարծել, որ վերջը կարող է ջրում լինել: Տարօրինակն այն էր, որ շնչահեղձ չէր լինում և չնայած ներքին տագնապին, ուղեղը սթափ էր: Ենթադրեց, որ գուցե նախորդ կյանքում ձուկ է եղել, ջուրն է իր միջավայրը: Իզուր չէ, որ ջրհոս է: Հնարավոր է, իրենից առաջ էլ մարդանման ձկներ եղած լինեն: «Հիմարություն»- չգիտես ինչու սովորականից բարձր գոռաց, բայց սեփական ձայնը չլսեց, միայն կողքին լողացող ձկները վախեցած այսուայն կողմ լողացին: Ներսի տագնապը մեծացավ, երբ դեպի իրեն եկող դուրս ընկած աչքերով և լորձոտ բերանը բաց ահռելի ձկանը նկատեց, որի դեմքը ծանոթ թվաց: Կարծես էլի էր տեսել, թեև չէր կարծում, որ ձուկը կարող էր միտինգներում ելույթ ունենալ, համերգների ու թատրոն հաճախել: Ուզում էր հիշել, սակայն հիշողությունը ազդակներ չէր տալիս, և անզորությունից նորից բարձր բղավեց և նորից ինքն իր ձայնը չլսեց: Չնայած մեծ ձկան ձայնն էլ չէր լսվում, սակայն նրա բերանի բացուխուփից հասկացավ՝ ինչ է ասում: Ասում էր՝ լռության աշխարհի կանոնները պետք է հարգել, ասում էր՝ մի բան ասելու համար պետք չէ բղավել:
– Չբղավեցի,- համարյա շշնջաց:
– Ստում ես,- փնչացրեց ձուկը:
– Ասացի չեմ բղավել, ինքս իմ ձայնը չեմ լսել:
– Ականջներիդ ջուրը մաքրիր:
– Ձեր ականջներում ի՞նչ է:
– Ձկներն ականջ չունեն:
– Լեզու էլ չունեն, բայց լավ էլ բլբլում ես:
– Չեմ բլբլում, միտքս հաղորդում եմ, ուղեղդ էլ միտքս բառերի է վերածում: Ուղեղն այն լեզվով է բառերի վերածում, որը լսողին հասկանալի է: Բայց կարծես ասածս չհասկացար:
– Ի՞նչ էի հասկանալու:
– Որ այստեղ չեն գոռում:
– Հետաքրքիր է, քաղաքական ձկներն իրենց ոնց են պահում:
– Ցամաքի բառապաշարից ջուրը պղտորվեց: Ոնց էլ հորինեցիր էդ տխմար` քաղաքական ձուկ անվանումը: Ձկները չեն խոսում, ոչ էլ ուզում են խոսել: Ցամաքում ի՞նչ էիր անում:
– Խոստանում էի: Մարդկանց խումբ կա, որ խոստումներից է երջանկանում:
– Ի՞նչ էիր խոստանում:
– Ամեն ինչ:
– Նաև ամենօրյա թարմ ձկնեղե՞ն:
– Որ ընտրողներն իրենց ձայնն ինձ տան:
– Տվեցի՞ն:
– Չէ:
– Այստեղ էլ ոչնչի չես հասնի: Ջուրն իզուր ես մտել:
– Չեմ մտել, գցել են: Քաղաքականության մեջ ընդունված է իրենցից մեկին ջուրը գցել:
– Ուրեմն, այստեղ էլ մի գոռա:
– Գոռոցն էլ խոսքի ձև է: Այստեղ էլ, այնտեղ էլ պետք է հարգել խոսքի ազատությունը:
– Իսկ պետք չէ՞ այն միջավայրի օրենքները հարգել, որտեղ հայտնվել ես:
– Փոքրամասնության իրավունքը մոռացար: Հիմա ինձանից բացի այստեղ ուրիշը չկա:
– Շուտով դու էլ չես լինի: Քեզ թողնենք, քեզ նման երկրորդն էլ կհայտնվի, ու միանգամից վտանգավոր կդառնաք: Կուսակցություն կսարքեք, ջուրը կապականեք զանազան դատարկաբանություններով, ինչը կվնասի ձկների առողջությանը: Հիմա ներշնչիր քեզ, որ այլևս չես լինելու:
– Միևնույն է, առաջնայինը մարդու իրավունքներն են: Ես պահանջում եմ…
– Առաջին խեղդվածն ես, որ պահանջ է ներկայացնում:
– Ժողովրդավարությունը…
– Կրո՞ն է…
– Կդառնա, շատերն են զոհվում, որ դառնա: Խաչակրաց արշավանքը սկսվել է: Զենքի ուժով էլ լինի, կստիպեն ժողովրդավարություն դավանել: Ցամաքից հետո ծովերի ու օվկիանոսների հերթն էլ կգա…
– Օրը հազարավոր ձկներ եք որսում: Ասածդ ժողովրդավարությանը հավատանք՝ արգելվում է գերիներին կյանքից զրկել: Դուք ոչ միայն զրկում եք, այլև ուտում եք:
– Ջրից դուրս, միևնույն է, մեռած են:
– Կարող էիք մարմինները վերադարձնել, որ կարողանանք ձկնավարի հուղարկավորել:
– Այսինքն՝ ուտել:
– Բայց ձկնավարի: Պիտի իմանաս, որ ամեն ինչ փոխադարձ է: Իզուր ես փշաքաղվում, քեզ էլ ենք ուտելու:
– Արդար չէ:
– Դու չէ, որ արդարությունից պիտի խոսես: Քեզ նմանները սիրում են արդարությունից խոսել, հետն էլ հազար միջոց են հորինում արդարությունից պաշտպանվելու համար:
– Հորինում ես:
– Չէ: Այստեղ էլեկտրական լիցքերով ձկներ էլ կան, չհաշված երկկենցաղները: Նրանց միջոցով ենք ցամաքի մասին լուրերը ստանում:
Հակաճառելն անիմաստ էր: Նոր միայն նկատեց, որ ձկան շուրջը զանազան ձկների վտառ է հայտնվել, դանդաղ, հանդիսավորությամբ մոտենում էին` ցուցապաստառներով, որոնց վրա երկու բառ էր` մահ և ուտել: Ենթագիտակցությունից եկած ազդակը հուշեց, որ ձկները ձեռքեր չունեն, նշանակում է՝ պաստառներն իրական չեն: Այդուհանդերձ, անանուն տագնապից մարմինը դող ընկավ: Միշտ էլ երևակայել էր, թե ինչպես, ցավը չզգալու համար, կարելի է գիտակցությունը կորցնել: Հիմա տառապանքներից խուսափելու միակ տարբերակը դա կլիներ: Անջատվել, դրանից հետո ինչ լինում է` լինի: Զգում էր՝ ինչպես է ձկների շնչառությունը մաշկից թափանցում ներս, ինչպես են ընդարմանում ոտքերն ու ձեռքերը, և աչքերի առջև հայտնված սև շրջանակները ծանրանում քունքերի տակ: Ուր որ է գիտակցությունն էլ կմարի, ու մարմնի ծանրությունը կլուծվի մշուշի մեջ: Մարմինն անկշռելի կդառնա ունայնության անորոշության մեջ, փոշու հատիկի վերածվելով՝ կկորչի ժամանակի անկյուններից մեկում: Միշտ պատկերացրել է այն երանությունը, երբ մարմինը օդից թեթև բարձրանում ու բարձրանում է, խոնավանում է՝ ամպերին քսվելով ու, միևնույն է, շարունակում է բարձրանալ՝ շրջանցելով տիեզերքում լողացող մարած աստղերի բեկորները, լիցքավորվելով հրեշտակների մաշկից ճառագող լույսով… Անհայտ է, էլի ինչքան պիտի բարձրանա, որ Տիրոջ դռանը հասնի, որպեսզի Տերը օդ-մարմինը ծանրացնի կյանքով ու նորից Երկիր վերադարձնի: Տիեզերքում լողացող մարմիններից շատերն իրենց մեջ կրակ ունեին, և նրանց ջերմությունից մթնոլորտի առանձին հատվածներ վարդագույն էին ու հարազատի պես հրավիրող… Ու նորից աչքերի առջև մարդանման ձկան անճոռնի պատկերը` այս ու այն կողմ ցցված թեփուկներով, չսափրված և անվերջ բացուխուփ անող բերանի շուրջ պզուկներով: Փորձեց գնահատել իր ապրած եղած-չեղածը և հիշողությունների հոսքից քունքերում այրոց զգաց: Փաստորեն իր ամբողջ կյանքը եղել է քաղաքականության կրունկների տակ, երբ քաղաքականության կրունկները երբեք մաքուր չեն լինում: Զգաց՝ ինչպես է անիմաստության հեղձուկը սեղմում կոկորդը: Ստացվում է՝ ամենատեսանելի անտեսնելին մահն է, մահն է արժեքավորում ապրելը: Այդքանով հանդերձ՝ պարզվում է, որ հիմա մահն ինքը ամենամեծ անիմաստությունն է: Ձկներն այլևս բերանները բացուխուփ չէին անում, լայն բացած գալիս էին դեպի իրեն: Այնուամենայնիվ, մտածեց ինչ-որ կերպ պաշտպանվել, որքան էլ որ փրկվելու հնարավորությունը փոքր լինի:
– Հեյ,- դիմեց մեծ ձկանը,- գուցե այս անգամ բացառություն անեք:
– Ինչո՞ւ:
– Որովհետև ցամաքում էլ բոլոր ձկներին չեն ուտում: Ամենուր ակվարիումներ կան, որտեղ ձկներին խնամում ու կերակրում են:
– Ակվարիումների մասին էլ գիտենք, սակայն ակվարիումները փակ տարածք են: Մեզ մոտ ցանկապատեր ու արգելքներ չկան: Կարող ես ընդարձակվել ու ցամաքի վարակն այստեղ տարածել` ագահություն, ատելություն, սադրանքներ, պատերազմներ: Առանց այդ էլ քո նմանների պատճառով մեր շատ տեսակների սերնդափոխությունը դադարել է:
– Ձեր արուների ծուլությունից կլինի:
– Ծույլ արուն միասեռականերից գերադասելի է: Կարծես քո ժամանակն ավարտվեց:
Ձուկն էլի ինչ-որ բան էր ասում, սակայն շարունակությունը չլսեց: Ձկների վտառը միանգամից շրջապատեց նրան: Հուսահատ սկսեց շարժել ոտքերն ու ձեռքերը` ջրի երես դուրս գալու համար: Երբ առաջին ձուկը փորձեց խածել ոտքը, հեռախոսի զանգի ձայնից սարսափահար վեր թռավ: Թեև անկողնում էր, ու զանգի ձայնն էլ կողքին դրված հեռախոսից էր, դժվարանում էր հավատալ, որ կատարվածը երազ էր: Հեռախոսը շարունակում էր զնգալ: Մեքենայորեն վերցրեց հեռախոսը.
– Ալո՛, ալո՛… Ի՞նչ հեռուստատեսություն… Ելո՞ւյթ… Քաղաքական իրադարձությունների շո՞ւրջ… Չեմ կարող… Չէ, պետք չէ հետաձգել… Վաղն էլ չեմ կարող, մյուս օրն էլ և ընդհանրապես…
ԵՐԱԶԻ ԿՇԻՌԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ
