ՊՈԵԶԻԱՆ՝ ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ կլոր սրահում Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը Վարուժան Խաստուրին հանձնեց շքանշան՝ թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակի առթիվ: Նա այդ պարգևին է արժանացել Մահթումկուլի Ֆրագիի «Ընտրանի»-ի թարգմանության համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Հայ-թուրքմենական հարաբերությունները դարերի պատմություն ունեն՝ տնտեսական, մշակութային, գիտական, և այդ կապերը զարգանում են նաև այսօր, որի նշանն է Վարուժան Խաստուրի թարգմանությամբ հրատարակված Մահթումկուլի Ֆրագիի «Ընտրանի»-ին: Այսպիսի գործերով է նշանավորվում հայ-թուրքմենական բարեկամությունը»:
Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր ելույթում նշեց. «Հանրահայտ բանաստեղծ ու փիլիսոփա Մահթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակը Թուրքմենստանում նշվում է «Մահթումկուլի Ֆրագին՝ իմաստության աղբյուր» խորագրով: Նրա ստեղծագործությունները համախմբող ուժ ունեն, քանզի պոեզիան համընդհանուր փոխհարաբերությունների միջոց է: Նրա բանաստեղծությունները խաղաղություն, եղբայրություն, մարդասիրություն ու համամարդկային արժեքներ են բարձրաձայնում, այդ պատճառով բարեկամության կամուրջ են ազգերի միջև: Վարուժան Խաստուրի նոր թարգմանություններն արժեքավոր են նրանով, որ կատարված են բնագրից»: Վարուժան Խաստուրը շնորհակալություն հայտնեց պարգևի համար՝ ասելով. «Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծական աշխարհից Սայաթ-Նովայի շունչը զգացի, և քանի որ համարյա ժամանակակիցներ են, կարծես նա առաջնորդեց ինձ թարգմանության ընթացքում»:
Գիրքը տպագրվել է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, Վարուժան Խաստուրի և ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Ալեքսանդր Սաֆարյանի խմբագրությամբ, «Բզեզ» հրատարակչությունում: Ալեքսանդր Սաֆարյանը կարևորեց հայ-թուրքմենական մշակութային կապերն ու գրքի հրատարակումը: «Թարգմանությունը, մոտ լինելով բնագրին, պետք է հայ ընթերցողի համար հարազատ հնչողություն ունենա: Այդպիսին է Վարուժան Խաստուրի թարգմանությունը»,- ասաց նա: Գրքում Վարուժան Խաստուրի կատարած նոր թարգմանություններից բացի ներառված են նաև Ս. Ումառյանի, Վ. Հովակիմյանի, Ն. Միքայելյանի, Գ. Օհանյանի, Ա. Թարյանի, Հ. Ղազարյանի, Վ. Կարենցի, Մ. Հարությունյանի, Վ. Հարությունյանի և Գ. Բանդուրյանի թարգմանությունները: Միջոցառման ընթացքում Մահթումկուլի Ֆրագիի բանաստեղծություններից ընթերցեց ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։