Դեկտեմբերի 6-ին Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Արարատ Մկրտումյան գրական հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական, երիտասարդական, գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը` արձակի ժանրում։ Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի էր ունեցել դեռևս 2023 թվականի հոկտեմբերին։ Շիրակ և Լոռի աշխարհների մինչև 31 տարեկան 17 երիտասարդ ստեղծագործող արձակ անվանակարգում արժանացան խրախուսական մրցանակների։ Մրցանակաբաշխության հիմնադիրը` Արթուր Մկրտումյանը (բանաստեղծի եղբայրը), ողջունեց և շնորհավորեց ստեղծագործողներին, նրանց հանձնվեցին վկայագրեր և «Կրակի հայելին» խորագրով գրական ալմանախը, որտեղ զետեղված են մասնակիցների արձակ ստեղծագործությունները։ Գլխավոր մրցանակը՝ Արարատ Մկրտումյանի դիմանկարով հուշամեդալ և հիմնադրամի հովանավորությամբ տպագրված «Հետապնդող հող» ժողովածուն շնորհվեց գյումրեցի Հայկ Տեր-Մկրտչյանին։ Գրական հիմնադրամը ստեղծման օրվանից համագործակցում է «Արմավ» հրատարակչության հետ։
ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանը անդրադարձ կատարեց «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի ստեղծման պատմությանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց մրցանակաբաշխության դերը` ի սատարումն երիտասարդ ստեղծագործողների և ի շահ գրականության զարգացման։
Գրական այս առանձնահատուկ երևույթի մասին խոսեցին նաև գրական մրցատյանի ներկայացուցիչները` ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բան. գիտ. թեկնածու Վալերի Փիլոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը։ Շնորհակալության խոսք ասաց նաև «Շիրակ» գրական-մշակութային ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Սամվել Մարգարյանը` գնահատելով գրական մեկենասության դերն ու կատարված աշխատանքի արդյունքները։ Գյումրու քաղաքապետի խորհրդական Ռոբերտ Անդրեասյանը ողջունեց գրականությունը սատարող նախաձեռնությունը և շնորհակալ եղավ միջոցառմանը ներկա գտնվելու համար։ Գագիկ Սարոյանի «Դեկտեմբերի տանուտերը Արարատ Մկրտումյանն է» բանաստեղծությունը ներկաներին վերստին տեղափոխեց 1988 թվական, երբ Սպիտակի ահեղ երկրաշարժին… («Բայց մեր զոհերը, խաղաղ զոհերը խաղաղ օրերի…»` Ա. Մ. «Ռոզի կաֆեի զավակները») զոհվեցին մեր գրի ու հրի ընկերները` թախծոտ ու հանճարեղ։ Հիմա ո՞ւր են նրանք…
Դահլիճում էին մտավորականներ, գրողներ, ուսանողներ, Արթուր Մկրտումյանի ընտանիքը և դուստրերը` Լիլիթ և Մարիամ Մկրտումյանները։ Ցերեկույթն անցավ` շրջանակված Արարատ Մկրտումյանի բանաստեղծության հեքիաթի եզրագծով, որտեղ Հեքիաթասացը մեզնից հեռացած պոետն էր, բայց նույնքան մոտ ու ներկա` իր ստեղծագործությամբ։ Գեղեցիկ օրվա թրթիռները ներկաներին հաղորդեցին և այն առավել անկրկնելի դարձրին բանաստեղծուհիներ Սոնա Անտոնյանը և Ռոզա Հովհաննիսյանը։ Մեկ օր ևս արժևորվեց` ապրելու և արարելու։
Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ