ԿԱՐՈՏԱ՞ԽՏ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

(Նարդոսական)

«Գարուն» ամսագրում էի աշխատում: Հենց սկզբից տպաքանակը 60.000-ը անցնում էր: Թե տպագրիչներն ինչքան էին ավելի տպում, կրպակները՝ վերավաճառում, չէինք իմանում: Ապրում էի, հիմա էլ եմ ապրում Լենինգրադյան 52-ի բազմահարկում, ի դեպ, գրողների միության հատկացրած բնակարանում: Իմ չտեսած, չճանաչած հարևանները զանգահարում էին.

– Նոր համարը լույս չտեսա՞վ  (համարներն իրոք ուշ-ուշ էին լույս տեսնում):

– Շուտով:

Լսում էին, որ լույս է տեսել, նորից էին զանգահարում.

– Կրպակներում հարցրել ենք, չի մնացել, խմբագրությունից բեր, կարդանք:

Բերում էի: Տասներկու հարկ՝ բնակարանից բնակարան էր անցնում: Հետո՝ մյուս մուտքը: Տասներկու հարկ՝ բնակարանից բնակարան: Վերջում կորում էր…

«Գրական թերթում» էի աշխատում։ Նվազագույն տպաքանակը դարձյալ 60.000 էր:

Ուրբաթ օրը, մանավանդ, եթե նախորդ երեկո հերթապահ էի եղել տպարանում,  ուշ էի գնում աշխատանքի: Պերճ Զեյթունցյանն արդեն մի քան անգամ զանգահարած էր լինում.

– Էս ո՞ւր ես, այսօրվա համարում ի՞նչ կա:

– Համար է, էլի, ինչի՞ ես հարցնում:

– Առավոտվա 9-ից կրպակներում փնտրում, չեմ գտնում…

Երիտասարդ գրող էի: Ի՜նչ երիտասարդ, տարիքի բերումով սկսնակ էի: Պետական հրատարակչության մանկապատանեկան գրականության բաժնից զանգահարում էին.

– Ինչի՞ վրա ես աշխատում:

Տեղնուտեղը մի սուտ հորինում էի:

– Դե արի՛ պետհրատ:

Գնում էի: Իմ չգրած գրքի համար հետս պայմանագիր էին կնքում, 40 % կանխավճար էին տալիս:

– Եթե հավանենք, տպաքանակ էլ կտանք:

Դա նշանակում էր 10.000 օրինակից ավելի: Սովորաբար 10.000 օրինակից ավելի էլ տպում էին: 60 % հավելավճար…

Կյանքի վերջին տարիներին Ռուբեն Հովսեփյանը «Դրօշակ» պարբերականի գլխավոր խմբագիրն էր: Զանգահարեց.

– Ես ուզում եմ, որ դու մեր մշտական հեղինակը դառնաս, խոստանում եմ, բարձր հոնորար կվճարենք:

– Հոնորա՞րն ինչ է,- կեսկատակ-կես-լուրջ հարցրի:

– Հասկանում եմ, որ մոռացել ես,- ասաց,- կաշխատենք հիշողությունդ վերականգնել:

Վերականգնեց: Ավա՜ղ, կարճ ժամանակով: Վերջին մոհիկանը դարձավ:

Հիմա ես էլ չեմ հասկանում իմ՝ պահեստի սպայի թոշակից ո՞նց  եմ խնայում, գիրք լույս ընծայում: Հրատարակիչները մտնում են դրությանս մեջ, իրենց կողմից ինձ լավություն են անում, «մեծ» տպաքանակով են տպագրում:

1.000 օրինակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։