Հերոս ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԻ հիշատակին
– Սովորում ենք ապրել ցավի հետ…
(Քաղվածք համացանցից)
…Հիսուսյան անձնազոհությունը զորավոր է: «Չեմ ճանաչում»-ը, «չեմ կարող գրել»-ը իմ պարագայում տեղին չէին, զի Զինվորի անմահ Հոգին ճարուճամփա բացեց մտքիս համար… Եվ մի՞թե առանց Հավատի կլինեին, գոյություն կունենային սրբագույն առաքինությունները՝ անանձնական սեր, անձնվիրություն, անձնազոհություն…
Գայանեն իմ հին աշակերտներից մեկի՝ Վալերիի մայրն է: Վերադարձել են: Մինվոդի, հետո՝ Սամարա: Վերադարձել աշակերտիս ընտանիքի հետ ու էլ չեն գնալու: Եռաբլուրում Հերոսի շիրիմ ունեն:
…Անսպասելի՞ եկա: Օճառոտ ձեռքերը` սպասք լվացող, կիսասրբում ու ինքը՝ դեռ ջահել, բայց դողդոջուն ինձ է մեկնում իր անձնական հեռախոսը՝ սենսորը վերից վար հուշիկ թերթելով:
– Սա Գևորգի և իր դասընկերուհու միասին նկարն է: Չհասցրին ամուսնանալ: Գևորգը կամավորագրվեց Հայոց բանակին:
…Նայում եմ, նայում ու վարից վեր` ասես հողից երկինըս, մի դաժան դող է անցնում ներսումս, շուլալում ինձ Երկնքի հետ. հարսնացուն ողջ կարմրաշոր է` կոստյում-շալվարով, երկուսն էլ` բարձրահասակ: Գևորգը… մուգ կապույտ է հագած ու կապած, թխպած երկնքի նման: Եռագույնի երկու գույներն են սրանք, կարմիրն ու կապույտը: Իսկ… Ո՞ւր է նարնջագույնը, այն Ոսկի Արտը, վարուժանական ցորյանը, ա՜րտը ոսկո՜ւն…
Երեխան… Ո՞ւր է: Երեխան, որ չծնվեց: Երեխան՝ Սիրո պտուղը…
…Մայր Հայաստանի անմեղ մանչ, մեր Սեր, մեր Արցախ… 44 օրյա պատերազմի ավարտից ընդամենը 9 օր առաջ, անօդաչուի զարկից զոհված Գևորգը եթե չզոհվեր ու հասներ էս օրվան, ի՛նչ, ի՞նչ հոգեսպանդ կապրեր: Արյան գնով պաշտպանված հողը թեթև-պլաստիկ ձեռնաշարժով, ասես ֆլիրտով, բլեֆով ու հրեշավոր սառնասրտությամբ այսօր այլևս մերը չէ, իսկ… Ողջ մնացած, հոգով ու մարմնով հաշմված մեր զինվորները հուսահատության ի՛նչ, ի՜նչ տարերքի մեջ են այսօր… Ողջ հայությունը, աշխարհքիս խղճմիտ ու արդարասեր հանրությունը…
Մեսչյանական «Ո՞ւր էիր, Աստված» պոռթկումը այսօր էլ կա, միայն թե ժամանակագրորեն փոխված, «Ո՞ւր ես, Աստվա՛ծ»-ի: Աստվա՜ծ, գոնե դու մի բան արա, ու…
– Էս ինչ զուլում էր,- հարցնում ենք թևակոտոր ու թլոր, բոլորս բոլորիս, նաև ձերբակալված ու ադրբեջանական տանդեմի քմահաճույքի գերին դարձած Արցախյան առաջին Այրերը, մյուս հայ գերիները, բոլորը… բոլորս…
…Սահում-անցնում են աչքիս առջևով Գևորգի մասին բարբառող կադրերը, ասես Աստված սառնասրտորեն է թելադրում, և միաժամանակ ինքն էլ դիտում անավարտ, բայց հերոսագիր կյանքի պատմությունը…
Չորրորդ դասարանում էր Գևորգը, Գայանեի եղբոր մինուճարը, Հայաստանից ընտանյոք Սանկտ Պետերբուրգ մեկնեցին: Մեծացավ, դարձավ քինգ բոքսի չեմպիոն Սանկտ Պետերբուրգում: Ընդունվեց ինստիտուտ, երեք քննությամբ: Ընտրեց այն կարմրաշոր գեղեցկուհուն ու… Որոշեց վերադառնալ Հայրենիք, ապա նոր իրականացնել իր բոլոր երազանքները, նպատակները, հոր նվիրած հսկա-շքեղ տանը ընտանիք կազմել և վայելել կյանքը մաքուր խղճով:
Որոշել էր, պիտի, պիտի՛ վերադառնար Հայաստան ծառայելու: Երկար դժվարություններից հետո ի վերջո կարողացավ գրանցվել Գայանեի երևանաբնակ մորաքրոջ տանը, կանգնեց հաշվառման: Մեկնեց ռազմաճակատ: Թիկնեղ տղան, որին վստահվել էր հատուկ տեսակի ծանրածանր զենք, երեք անօդաչուի խոցեց: Ամենքին իր քաջությամբ, բարությամբ և կենսախնդությամբ հմայած Գևորգը վիրավոր հրամանատարին ջուր բերելու շտապեց: Միայն նա խիզախեց այդ պահին՝ քաջ գիտակցելով, որ կարող է և զոհվել, զի ջուրը ևս գտնվում էր հակառակորդի թիրախում: Զոհվեց՝ չհասնելով ջրին…
Այսօր հրամանատարը ողջ է: «Երանի չգնար ջրի»: Մայրը ողբագին կրկնում է. «Երանի գոնե հաշմանդամ դարձած գար. միայն թե՝ գար…»:
Ու այս երանիներին, այս դաժան երանիներին ի տրիտուր դեռ սահում են կադրերը, ասես երկնքից էջ է բացվել:
«Ահա Գևորգի հետմահու մեդալը: Տե՛ս: Գոհար: Եվ սա այն Ծառն է, որ տնկեց Գևորգը դեռ Սանկտ Պետերբուրգում՝ իրենց դպրոցի բակում, վերջին անգամ»: Եղևնի, որ հավերժածառ է: Հավերժ կանաչ կյանք ու անմահություն բուրող հերոսի նման:
…Զոհվելուց մեկ շաբաթ առաջ Ղարաբաղի Մարտունի 3-ի զինվոր Գևորգ Հակոբյանի ձեռքին մեքենան շուռ եկավ: Ավելի ճիշտ՝ նա փորձել էր կանխել մեքենայի շրջվելը, բայց ձեռքն էր կոտրել: Առողջ աջով շարունակում էր մնալ առաջնագծում, հրաժարվելով հրաժարվում հիվանդանոց գնալուց, շարունակում իրագործել մարտական առաջադրանքները, առանց վարանելու…
…Հայրն էլ, որ երկնքում է, ընդամենը մեկ Աջ ունի: Մեկ աջ ձեռք, որով կարող էր փրկել Արցախը: Առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի՝ հայ ժողովրդիս բնօրրաններից մեկը: Արարչի համար, հանուն Արարչի բազում նահատակներ տված ժողովրդի դարեդար մաքառած հողը պահել: Եկեղեցիներ, վանքեր, տաճարներ ու խաչքարեր խոյացրած և հանուն Աստծո ոչինչ չափսոսացած ժողովրդի վաթանը, ավաղ, հայազրկվեց, ու բնիկներն էլ հայրենազրկվեցին:
Մեր զինվորների, նահատակների, մարտիրոսների թափված անմեղ արյունն իմ աչքում անվերջանալի արցունք է դառնում: Էս ի՛նչ զուլում էր: Ու դառնանք, զօղորմին ո՞ւմ տանք: Սանասարի՞ն, որ անդավաճան է, Մեծ Մհերի՞ն, որ քաջ է, Սասունցի Դավթի՞ն, որ Հիսուսի պես անարատ ու անձնվեր է, թե՞ Փոքր Մհերին, որ Սասնա իր արդարությամբ դեռ նոր է գալու, նորի՛ց է գալու: Մի ողջ ժողովուրդ՝ իր վիթխարի, գոլոբալ էպոսով, արդ, ավարա ու շիվարած մնաց: Վիթխարի՜ էպոս, նման այն մանկամարդ կամ փոքրամարմին դարձած մորը, որ աժդահա երեխա է ծնում…
Գայանեի մատներն էլ թաց չեն: Աչքերն են թաց: Հայացքը: «Մեծի հարգող էր, նրբանկատ, ուղղախոս… Ի՛նչ, ի՜նչ Սուրբ տղերք պատերազմի փայ դարձան»:
Ուզում եմ գոռալ, բայց մրմնջում եմ. «Ափսոս»:
Իսկ մարզիչը… Մարզիչն ասել էր. «Ես հուղարկավորությանը չեմ կարող մասնակցել: Ես չեմ հավատում նրա մահին»:
Այո: Ափսոսանք ու հպարտություն, նաև հավերժի սարսուռ գումարվում, խառնվում են իրար հերոսի մասին խոսելիս:
Ահա և… Քույրը: Քինգ բոքսի մարտիկ արքան՝ եղբայրը, այսօր Անմահության մեջ է, իր կապույտներում, իսկ մենք՝ ողջ մնացածներս, դեռ սերտում ու սերտում ենք կապույտի դասը… Հուսալով փրկությունն աստվածային և խաղաղությունը անժամկետ:
Ինքնահետգրություն:
Ինտերնացիոնալիզմը երբեմն անհետանում է սիրտ-երկնքից Աստվածային տեսիլի նման, քաղցր Ծիածանի ու միամտության նման, բայց համոզված եմ, որ «Բարին ու Չարը» Աշխարհի գլխով է: Եվ հուսանք, որ ամենուրեք կհաղթի Բարին՝ ինքնապաշտպանը, արդարը, Աստվածասերը, նա, ում համար Հող հայրենին սոսկ տարածք չէ՝ բերրի հող՝ բարձր դիրքով և եկամտաբեր հանքերով, այլ՝ վաթան, բնօրրան, մեկ բառով՝ Հայրենիք: