Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ / ՓԱԿԵ՞Լ ԱԿԱԴԵՄԻԱՆ: Ո՛Չ: ԲԱՅՑ…

Անկախության առաջին իսկ տարիներից Գիտությունների ակադեմիայի խնդիրը քննության առարկա է ամենատարբեր մակարդակներով՝ կառավարությունից մինչև կրտսեր գիտաշխատողներ: Քննարկումների ընթացքում ի հայտ են եկել ծայրահեղ տեսակետներ՝ Ակադեմիան փակելուց մինչև Ակադեմիան ազգային արժեք, այսինքն՝ անձեռնմխելի հայտարարելը: Ոչ ոք չի փորձել քննել խնդիրն ըստ էության: Նախկին կառավարությունների անտեղյակ ղեկավարների հայտարարությունները այն մասին, որ Հայաստանին Ակադեմիա պետք չէ, այլ ընդամենը մի քանի գիտնական է պետք, շատ բան փչացրին:
Առաջին բանը, որ պետք է հստակել՝ հայկական գիտությունն ու ԳԱԱ-ն չպետք է նույնացնել: Հայկական գիտությունը վարուվերումներ կունենա, բայց երբեք չի մեռնի: Հայկական մշակույթում (այս հասկացության ամենալայն իմաստով) գիտությունը միշտ, առնվազն մի 1600 տարի, հսկայական դեր է կատարել: Բայց այդ գիտության կազմակերպումը բոլորովին այլ բան է:
Խորհրդային 70 տարիների, մանավանդ 1943-1990 թթ., գիտության ակադեմիական կազմակերպումը շատ օգտակար եղավ հայկական գիտությանը: Բայց դրանից հետո ԳԱԱ-ն աստիճանաբար կորցրեց ոչ միայն գիտության կազմակերպչի իր դերը, այլև, և ավելի ու ավելի արագ թափով, իր՝ նախկինում բարձր հեղինակությունը: Հենց այդ տարիներին ակադեմիական համակարգի թերությունները, որոնք անցյալում էլ կային, երևացին շատ հստակ: Անցյալում Ակադեմիայի թիկունքում կանգնած էին ողջ խորհրդային համակարգը, պետական և կուսակցական մարմինները: Ակադեմիայի ֆինանսավորումը անհամեմատ բարձր էր: Չմոռանանք նաև Ակադեմիայի երկու առաջին նախագահների` Հովսեփ Օրբելու և, մանավանդ, Վիկտոր Համբարձումյանի հսկայական հեղինակությունը: Այս իրողությունները սքողում էին համակարգի թերությունները: ԽՍՀՄ-ի փլուզումը և պետական համակարգի արմատական վերակառուցումը (որը, պետք է ընդունել, շատ կողմերով ավերիչ եղավ մեր երկրի համար) հենարանից զրկեց Գիտությունների ակադեմիան: Համակարգի թերությունները համակարգի նպատակահարմարությունը ավելի ու ավելի հարցական էին դարձնում: Մանավանդ գիտության կոմիտեի ստեղծումը, որն իր ձեռքը վերցրեց գիտության ֆինանսավորումը, պարզ դարձրեց, որ Ակադեմիան այլևս շատ քիչ անելիք ունի գիտության կազմակերպման ասպարեզում:
Փորձենք հասկանալ, թե ԳԱԱ-ի այսօրվա կառուցվածքը ի՞նչ է տալիս գիտությանը:
Ակադեմիան եռաստիճան կառուցվածք ունի: Առաջին և կարևորագույն աստիճանը գիտահետազոտական ինստիտուտներն են, որոնք, կազմակերպական բոլոր թերություններով հանդերձ, իսկապես զարգացնում են հայկական գիտությունը: Ինստիտուտներն են տալիս ակադեմիային վերագրվող գիտական արտադրանքը: Այստեղ խոսքը միայն նրանց գործունեության ձևերի կատարելագործման, վարչական ենթակայության մասին է: Քիչ հետո այդ մասին՝ ավելի մանրամասն:
Երկրորդ աստիճանը Ակադեմիայի ընդհանուր ժողովն է: Այստեղ սկսվում են տարակուսանքները: Ինչպե՞ս է կառուցված ընդհանուր ժողովը, և ո՞րն է նրա առաքելությունը: Ընդհանուր ժողովի կազմի մեջ մտնում են Ակադեմիայի իսկական և թղթակից անդամները և ինստիտուտների տնօրենները: Ընդհանուր ժողովը համարվում է Ակադեմիայի բարձրագույն ղեկավար մարմինը, որն ընտրում է Ակադեմիայի նախագահություն:
Ինչպե՞ս է կազմավորվում ընդհանուր ժողովը: Հասկանալի է, ինստիտուտների ղեկավարները նրա մեջ են մտնում ի պաշտոնե: Խնդիրը Ակադեմիայի անդամներն են և թղթակից անդամները, որոնք ընտրվում են պարբերաբար: Սա ակադեմիական թնջուկներից ամենակարևորներից է: Ինչպե՞ս և ինչո՞ւ են ընտրվում: Մի՛ կարդացեք Ակադեմիայի կանոնադրությունը, որտեղ պաթետիկ խոսքեր են գրված այս ընտրությունների և Ակադեմիայի անդամների մասին: Մի քանի տարին մեկ ակադեմիայի նախագահությունը, կառավարության հետ համաձայնեցնելով (այսինքն՝ կառավարությունից նոր տեղեր պոկելով), հայտարարում է Ակադեմիայի թափուր տեղերի գծով ընտրություններ: Սկսվում է ակադեմիական կյանքի ամենատհաճ, եթե ավելի խիստ չասեմ, շրջանը: Մարդիկ նախ մտածում են առաջադրման մասին, գտնում են ակադեմիկոսների և գիտխորհուրդներ, որոնք իրավունք ունեն առաջադրել թեկնածուների: Առաջադրվելը շատ հեշտ է: Բայց ընտրվելը… Այստեղ արդեն գործի են դրվում բոլոր միջոցները՝ Ակադեմիայի անդամների տներն այցելելուց և նրանց զանգեր կազմակերպելուց մինչև… Եվ ո՞վ է հաղթում: Ամենաճարպիկը և ամենաձեռներեցը: Շատ ու շատ գիտաշխատողներ, որոնք ռեալ վաստակ ունեն, ճանաչված են արտասահմանում, մեկ-երկու անգամ դիմելուց հետո ձեռ են քաշում այդ գործից, որովհետև հասկանում են՝ այդ հարայ-հրոցում իրենք անզոր են:
Ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյանը մի պաշտոնական նամակում գրել է, որ ես Ակադեմիան քննադատում եմ, որովհետև չեմ ընտրվել: Ընթերցողին գուցե տարօրինակ թվա, բայց պետք է ասեմ, որ այս խոսքերում որոշ ճշմարտություն կա, այն իմաստով, որ ընտրություններին մասնակցելը ինձ հնարավորություն տվեց ներսից ուսումնասիրելու ակադեմիական ընտրությունների մեխանիզմը: Ընտրողներն իրենք չեն թաքցնում, որ ընտրությունների ժամանակ ավելի շատ հաշվի են նստում այն բանի հետ, թե թեկնածուն ի՞նչ մարդ է, իրենք ի՞նչ հարաբերություններ ունեն նրա հետ, քան թե` ինչ ծառայություններ ունի գիտությանը: Ոչ ոքի չեն հետաքրքրում կանոնների համաձայն ներկայացվող տպագրված աշխատությունները: Մեծ մասը ինչպես կապոցներով բերում են, այնպես էլ տանում: Եվ հետո, ընտրողներից շատ քչերը գաղափար ունեն այն գիտության մասին, որով զբաղվում է դիմողը: Այստեղ որոշողը «ստաժավոր» ակադեմիկոսներն են, որոնք իրենց կարծիքները ուղղորդում են անձնական հարաբերություններով: Երբեմն այնպիսի մարդիկ են ընտրվում, որոնք ավելի շատ մերձգիտական, քան թե գիտության մարդիկ են: Ընթերցողներին հղում եմ մի քանի տարի առաջ «Գոլոս Արմենիի» թերթում տպագրված՝ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի հոդվածը (“Голос Армении”, 2014, 22.12), որտեղ գիտաչափական ճշգրիտ տվյալներով ցույց էր տրվում, որ հայ ակադեմիկոսներն ու թղթակից անդամները ավելի ցածր վարկանիշ ունեն միջազգային գիտության ասպարեզում, քան «շարքային» դոկտորներն ու թեկնածուները:
Այս աղմկոտ հարայ-հրոցը միայն անբարոյականացնող ազդեցություն է գործում գիտության բնագավառում: Բայց այս ընտրությունները ինչո՞ւ են այսքան կարևոր տեղ գրավում մեր գիտական կյանքում: Ինչո՞ւ են մարդիկ իրենց «սպանում» Ակադեմիայի կազմում ընտրվելու համար: Երկու պատճառով: Նախ, ազգանունից առաջ կամ հետո դրվող «ՀՀ ԳԱԱ անդամ, թղթակից անդամ» տիտղոսները կախարդական ազդեցություն ունեն (թեև այդ տիտղոսները այսօր այլևս կորցնում են իրենց փայլը): Երկրորդ, ավելի կարևոր հանգամանքը այն ամենամսյա վճարներն են, որ պետությունը ցմահ տալիս է Ակադեմիայի անդամներին: Ենթադրվում է՝ գիտական մեծ նվաճումների և վաստակի համար: Բայց իրականում հաճախ ո՛չ առաջինը կա, ո՛չ երկրորդը:
Խնդրի այս կողմի մասին խոսել ընդունված չէ: Մենք առհասարակ սովոր չենք խոսել գիտաշխատողների ֆինանսական խնդիրների մասին: Բայց այդ մասին պե՛տք է խոսել: Այն ամսավճարները, որոնք տրվում են Ակադեմիայի անդամներին, կարող են տրվել այն «շարքային» գիտնականներին, որոնք ռեալ արդյունքներ ունեն: Բայց, իհարկե, ֆինանսականից ավելի կարևորը խնդրի բարոյական կողմն է: Պետությունը իրականում նյութապես խրախուսում է մարդկանց միայն տիտղոսների և ոչ թե գիտական արդյունքների համար: Այդ տիտղոսների մեջ հաճախ իրական բովանդակություն չկա: Իսկ գիտության մեջ ամեն օր աշխատող և երբեմն շատ բարձր արդյունքներ ստացող մարդիկ պետությունից չնչին գումարներ են ստանում: Ո՞րն է սրա տրամաբանությունը: Երբ տարիներ առաջ դեռ վարչապետ Ս. Սարգսյանին հարցրի, թե ինչո՞ւ եք ակադեմիկոսների փողը բարձրացրել, իսկ «շարքայիններինը»` ոչ, նա շատ զարմացավ (թե՞ ձևացրեց)` բարձրացնում եմ է՞լ, համաձայն չե՞ք:
Ասում են, որ Ակադեմիայի կազմում ընտրվելը մարդկանց գիտական ծառայությունների գնահատությունն է: Կեղծ է դա: Մարդիկ կան, որոնք ոչ մի լուրջ ծառայություն էլ չունեն: Լավ կազմակերպել են, անցել են: Ավելի հետաքրքիր է, թե ընտրվելուց հետո ինչ են արել Ակադեմիայի անդամները: Եվ դարձյալ պատկերը շատ տպավորիչ է ամենաբացասական իմաստով (նորից հիշենք Ս. Հարությունյանի հոդվածը):
Իհարկե, Ակադեմիայի ոչ բոլոր անդամներին է վերաբերում ասվածը: Ակադեմիայի անդամների մեջ կան բազմաթիվ տաղանդավոր, ակտիվորեն աշխատող, մեծ վաստակ ունեցող գիտնականներ, բայց իմ նկարագրած երևույթները ստվեր են նետում ակադեմիական ամբողջ կառույցի վրա:
Հիմա նորից վերադառնանք ընդհանուր ժողովի աշխատանքին: Ո՞րն է այդ աշխատանքը: Տարին մեկ հավաքվել և լսել Ակադեմիայի նախագահի հաշվետվությունը, որը, ըստ էության, ոչ ոքի չի հետաքրքրում: Նստում են, լսում են, հորանջում են, հավանություն են տալիս նախագահության գործունեությանը, գնում են: Եթե մեկ-երկու ելույթ լինում է, այն էլ՝ մասնավոր հարցերի մասին: Այս է ամբողջը: Չորս տարին էլ մեկ անգամ հավաքվում են նախագահ, փոխնախագահ և նախագահություն ընտրելու համար: Սրանով ընդհանուր ժողովի գործառույթներն ավարտվում են: Այն, որ ընդհանուր ժողովը որևէ ազդեցություն է ունենում հայկական գիտության զարգացման վրա, պատրանք է: Չեմ խոսում Ակադեմիայի բաժանմունքների աշխատանքների մասին: Դա էլ ներկա պայմաններում զուտ բյուրոկրատական գործընթաց է: Իրողությունն այն է, որ ընդհանուր ժողովը և նախագահությունը որևէ կերպ չեն օգնում մեր երկրի առջև ծառացած տնտեսական, հոգևոր-մշակութային խնդիրների լուծմանը (նախագահությունը և ընդհանուր ժողովը չշփոթել ակադեմիական ինստիտուտների հետ):
Ակադեմիայի ընդհանուր ժողովն էլ ընտրում է Ակադեմիայի նախագահություն, որն ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում ղեկավարում է Ակադեմիայի աշխատանքը: Բայց ի՞նչն է ղեկավարում: Նախագահությունը գիտական ղեկավարություն չի կարող իրականացնել: Դա անհնար է այսօրվա պայմաններում: Գիտությունները իրարից այնքան են հեռացել, որ մի կենտրոն չի կարող նրանց ղեկավարել: Ի՞նչ օգնություն կարող են ցույց տալ բնական և ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչները, որոնցից հիմնականում կազմված է Ակադեմիայի նախագահությունը, հումանիտար և հասարակական գիտությունների ինստիտուտներին: Պարզ է, որ ոչ մի: Բայց նրանք չեն կարող իրական օգնություն ցույց տալ նաև բնական և ճշգրիտ գիտությունների ինստիտուտներին: Դրանք, նախ, իրարից շատ հեռու են այսօր, և, որն ավելի կարևոր է, գիտական հարցերը լուծում են ինստիտուտների գիտական անձնակազմերը և գիտական խորհուրդները: Ակադեմիային մնում է միայն ինստիտուտների տնօրենների ընտրության կազմակերպումը (տնօրեններին ընտրում են կոլեկտիվները): Էլ ի՞նչ մնաց նախագահությանը, եթե հիշենք նաև, որ ֆինանսավորումը իրականացվում է գիտության կոմիտեի կողմից: Միջազգային կապե՞րը: Բայց այսօր ինստիտուտներն իրենք են կապեր հաստատում դրսի գիտական կենտրոնների հետ, և այստեղ էլ նախագահությունը որևէ լուրջ բան անել չի կարող: Հիշում եմ, մի անգամ Գրականության ինստիտուտը միջազգային գիտաժողով էր կազմակերպել գերմանական Հալլե-Վիտենբերգի համալսարանի հետ, որը շատ արդյունավետ եղավ: Որոշեցինք գիտաժողովի արդյունքներն ամփոփել ԳԱԱ նախագահության դահլիճում և հրավիրել ԳԱԱ ղեկավարներին, գերմանացի մեր գործընկերներին ցույց տալու համար, թե մեզանում ինչ կարևորություն են տալիս մեր համագործակցությանը: Ակադեմիայի նախագահը եկավ, նստեց, քիչ հետո նրան զանգեցին ձեռքի հեռախոսով, և նա, կիսա­շրջվելով ժողովականներից, մինչև նիստի վերջը խոսեց հեռախոսով ու հեռացավ: Հետո գերմանացի գործընկերները տարակուսած հարցնում էին, թե Ակադեմիայի նախագահը արդյոք զայրացա՞ծ էր իրենց վրա: Մենք ինչպե՞ս բացատրեինք, որ զայրացած չէր, նրան այդ բոլորը պարզապես չէր հետաքրքրում…
Եվ այսպես, Ակադեմիան իր կառուցվածքով ամենևին չի համապատասխանում այսօրվա խնդիրներին, հայկական գիտության զարգացման պահանջներին: Բայց սա չի նշանակում, որ Ակադեմիան պետք է փակել: Ակադեմիայի ղեկավարները սովորաբար իրենց ելույթներն այնպես են կառուցում, որ Ակադեմիայի հասցեին հնչած խիստ քննադատությունը ներկայացնում են իբրև վերաբերմունք հայկական գիտությանը, այնինչ խնդիրը Ակադեմիայի արմատական վերակառուցումն է, որը շատ ցավագին է լինելու այսօրվա ղեկավարության, ակադեմիական կառույցների համար: Վատն այն է, որ Ակադեմիայի այսօրվա ղեկավարությունը մինչև հիմա էլ ընդունակ չեղավ որևէ թարմ գաղափար տալու Ակադեմիայի գործունեության վերակառուցման մասին:
Նախ և առաջ, պետք է վերացնել Ակադեմիայի ընտրության այսօրվա կարգը: Դրա համար ամենից առաջ պետք է վերացնել անիմաստ ամսավճարները, դրանով իսկ վերացնելով գայթակղության քարը գիտնականների համար: Իսկապես վաստակ ունեցող, ընտրվելուց հետո էլ ակտիվորեն աշխատող գիտնականների համար ամսավճարը կարելի է գումարել նրանց աշխատավարձին կամ թոշակին: Երկրորդը՝ պետք է կտրուկ կրճատել Ակադեմիայի անդամների թիվը՝ այսօրվա ավելի քան հարյուրի փոխարեն ընտրելով 30-40 (այս թիվն, իհարկե, պետք է ճշգրտել) իսկական ինտելեկտուալների, որոնք ասելիք ունեն ոչ միայն իրենց գիտության բնագավառում, այլև ժողովրդին, հասարակությանը: Այս դեպքում Ակադեմիան իսկապես կարող է լինել կառավարության խորհրդական մեր ժողովրդի կյանքի կարևորագույն հարցերը քննելիս: Բայց այդ ընդհանուր ժողովը չպետք է վարչական գործառույթներ ունենա ինստիտուտների նկատմամբ: Դա անիմաստ է: Ինստիտուտները իրենք են որոշում իրենց զարգացման ուղեծիրը: Ընդհանուր ժողովը կարող է քննարկել գիտության զարգացման ամենաընդհանուր սկզբունքային հարցերը և առաջարկներ անել ինստիտուտներին: Ոչ ավելին:
Ինստիտուտները պետք է ենթարկել գիտության պետական կոմիտեին ֆինանսավորման (առանց այն էլ ֆինանսավորումը արդեն կոմիտեն է որոշում) և, թերևս, կադրային քաղաքականության որոշ հարցերում: Մնացած հարցերում կոմիտեն միայն վերահսկողական գործառույթներ պետք է իրականացնի: Չի կարելի բացառել նաև ինստիտուտների մի մասի ինտեգրումը համալսարաններին. դա հնարավորություն կտա ստեղծել իսկապես հետազոտական համալսարաններ, որ այսօրվա գիտության և կրթության գլխավոր ուղղություններից մեկն է, և նպաստել գիտության տվյալ ճյուղի դինամիկ զարգացմանը: Այս գաղափարը արժանի է ամենալուրջ քննարկման:
Ընթերցողը, կարծում եմ, համոզվեց, որ խոսքը ոչ թե Ակադեմիայի փակման մասին է, այլ արմատական վերակառուցման: Ակադեմիական կառույցը իր այսօրվա վիճակով ոչ միայն չի նպաստում հայկական գիտության զարգացմանը, այլև ավելորդ խնդիրներ է ստեղծում: Վաղ թե ուշ արմատական փոփոխություններ պետք է կատարվեն ակադեմիական համակարգում: Ավելի լավ է վաղ, քան թե ուշ: Գիտությունն այսօրվա Հայաստանի համար այնքան կարևոր է, որ չպետք է հապաղել, ինչքան էլ սպասվող գործողությունները ցավագին լինեն: Մանավանդ որ, ըստ տեղեկությունների, հիմա մշակվում է գիտության և կրթության օրենքի նախագիծ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։