«Եթե դու կին ես ու զավակն ես ազգիդ…» / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Գոհար-ԳալստյանԵրբ այսքան շատ են խոսում «սեռի» ու «սեռի ազատա­գրման» մասին, երբ նորելուկ­ները պարզապես անհապաղ երևալու խնդիր են լուծում որևէ ասպարեզում՝ դրանով իսկ փորձելով առանձնանալ, կամ թե՝ երբ մարդը, ներքին հակասության մեջ, հակադրության ոգով ոչ թե ուզում է ճանաչել ինքն իրեն, այլ ինքնահերքումով ուզում է ինչ-որ կերպ զանց առնել Աստծու սահմանածն ու դուրս գալ ինքն իրենից,- կանայք վկայակոչում են վիրջինիա-վուլֆերին, ու իրենց կողմնորոշումն ի վերջո հանգեցնում միասեռ վերսալյան լեսբոսուհիների կամ ֆրիդա-կալոյական կոշտ լեսբուհիների ճշմարտությանը՝ սկզբում՝ նմանակումով, ձևանալու աննպատակ փորձարարությամբ, ապա՝ կուռքակերպ այլասերումով, ու հասնում հոգևոր այլափոխման… Սաֆոյի մասին վկայությունները սրանց ոգևորում են…
Ես հասկանում եմ, որ ենթագիտակցության մեջ այս մարդիկ կրում են ինքնաոչնչացման բացիլ, ներսում՝ իրենք իրենց հակասելու, իսկ խորքերի խորքում՝ անլիարժեք լինելու մեծ խեղճություն, և պատճառների պատճառը սիրո պակասն է, գուցե ընտանիքի անհաջող օրինակով, և սիրելու այդ անկարողությունը, որ անփույթ ու անպատասխանատու է դարձնում մարդուն Աստծու ամենաթանկ պարգևի՝ իր կյանքի ու հոգու հանդեպ, հրահրելով անգամ՝ մղում է սուիցիդի, կործանում է ինքն իրեն… Ծայրահեղության հակառակ բևեռում, սա՝ նորանոր կեղծ հեղինակություններով տարվելու-գայթակղվելու նախնական շրջանին զուգահեռ՝ մեր ժամանակների սեռագարության վարակի այլընտրանքային շոշափուկն է,- բուքովսկիներով հմայվող երիտասարդության էպատաժի, կյանքի հանդեպ սկզբում խաղի, հետո հիասթափության ու ապատիայի-անկումային տրամադրության՝ հուսահատության հասցնող, կեղտի ու կեղտաթավալ սևեռումների՝ թմրադեղերով ու հակաբեղմնավորիչներով փչանալու, միայն ոչնչացման տանող՝ մահվան մասին անգամ՝ որպես սեռական ակտի մտածող, անգիտակից զանգվածի ուռճացումն է…
Մինչդեռ կինն ամբողջական համակարգ է, որ պահպանման ու շարունակման, սիրո ու փայփայանքի դաշտ է կրում՝ միայն ու միայն իրեն հատուկ զգայական ու հոգևոր համակարգով… Նա մայր է և օրորոցային է երգում անկախ նրանից՝ իր զավակածնության հրաշքը տեղի ունեցել է, թե՝ ոչ, խնամատար է, անկախ նրանից՝ անմիջականորեն կողքին հայտնված երեխան իր ծնած երեխան է, թե՝ ոչ, նա հոգածու քույր է ու հեքիաթի իր «գառնիկ ախպոր» կողքին՝ քրոջ ներկայություն, անկախ այն բանից՝ ազգակից եղբայրն իրեն արյունակից է, թե՞՝ ոչ, անգամ՝ թե ինքը չի էլ ունեցել ու երբևէ չի վայելել եղբոր հովանավորություն…
Կարող էի հեքիաթ հիշելիս «Ձյունե թագուհու» Գերտային էլ հիշել, բայց նա քույր չէ-հզոր հոգի է,- ու թեև մերն էլ չէ՝ լավ օրինակ է. մեր Մանուշը մոր պես հոգատար է… Գերտան պիտի մեծանա ու Կայի հետ ամուսնանա,- կյանքի ճշմարտությունը սա է… Ու էստեղ՝ դրսից սպառնացող անսիրտ ձյունե թագուհի ճանաչելու գիտելիքը կա, անկեղծ սրտով սիրելի մարդուն համբուրելով՝ նրա սրտի սառույցը հալեցնելու մեծ խորհուրդն ու սխրանքը կա-անուրանալի… Եվ սա համամարդկային է…
Ամուսնացած Գերտան, որ մեր «Անահիտ» հեքիաթում արդեն կողակից է ու Կին՝ ամուսնու բախտը-բաժինը կիսող, իր խելքով ու մեծահնար արարչությամբ, որոգայթից դուրս է բերում իր թագավորին… Ո՜վ սիրտ կաներ նրան տանել պղծու­թյան… Քավարանների ու քրմերի օրինակ մեր շուրջը քիչ կա՞-լիուլի…
Երբ կինը հասկանում է, որ իր երկրում «Մայր հայրենիք» բառի Մայրը ընկել է, զոհ է գնացել, նա խոհեմ ու խոնարհ դուստր է, որ նաև կամք ունի ու կարողություն՝ ի մի բերել ընտանիքի մոլորված այրերին, եղբայրներին, հայրերին, ընտանիքի որդիներին… Նա վճռական պահին չի ուշացնում իր սթափեցնող – պարտավորող ու զորացնող խոսքը, նրա արյան մեջ իր ազգային էպոսի էգ առյուծն է, նա թոնրի կրակը թեժ է պահել ու հացի բույրը երդիկին հանձնած՝ իր արդար հացի համը ճաշակած այրերին ասում է այն, ինչ պետք է ասի՝ ոչինչ ավելին և ոչինչ պակաս… Հայացքը հորիզոնին պահելով, նա խոսում է՝ առանց հաշվի առնելու խոժոռումը հայրերի, նախնական դժգոհությունը եղբայրների, որդիների դժկամությունն ու սաղմնավորվող մոլորությունից եկած՝ առաջին պահի տարակուսանքը… Եվ նրա եղբայրներն ուժեղանում են:
Երբ կինը իր ողջ էությամբ ներդաշնակ մայր է, քույր է, դուստր է ու կին, նա նաև ամենաջերմ ու ամենահյուրասեր տանտիրուհին է, ամենաշռայլ հոգին, որ հաշվարկ անելու մեջ անվարժ, միայն սրտով ու բանականությամբ գիտե ինչը ինչպես հասցնել… Այդ կինը մեկ բուռ ալյուրից մի պուտ ջրով հրաշքներ է գործում… Ո՜հ, այդ կինը մահ չունի, այդ կինը սիրելով ու պաշտպանելով իր տեսակը, անչար պահելով իր հոգին, իմաստնանալով՝ իմաստնացնում է… Նրա ծերունազարդ դեմքի կնճիռները հավատ են ներշնչելու… Նրա խոսքը արժանապատվության կոչ է… Նրա զայրույթը՝ սեր…
– Ինչո՞ւ եք շաղգամի արտը ոտնատակ արել, թլո՜ր Դավիթներ… Էէէ՜հ, հրե՜ն մեր Որսասարը…
Եվ հայ հարսնուկներն ու դուստրերը՝ խոնարհներն ու խոհեմները, արարողներն ու ստեղծողները, հորինողներն ու հնար գտնողները, սիրահարվածներն ու ամոթխածները, հղիներն ու մանկամարդ մայրերը, տատիկներն ու նրանց չարխափան աղոթքներով պաշտպանված թոռնուհիները, մոլորված ու իրենց մոլորությունները հաղթահարած, կյանքի իմաստն ու Աստծուն փնտրող դուստրերը՝ որ չեն բռնելու փողոցի ու մութ տների ճամփան, մերկապար չեն պարելու իրենց կորցրած, իրենք իրենց հաշիվ չտվող՝ վավաշոտ ու խուլ այրերի դղյակներում, մեր հայ կնոջ տեսակը…, չէ-չէ – զինվո՛ր չի գնալու, մեր այրերը դա մեզ չեն թողնի, հայ կնոջ տեսակը ինքն իր գենի նման է լինելու, արքայական հայերենը շրթունքին, իր արտաքին գեղեցկությունը իր լեզվին առած խոսքով բազմապատկելու, իր աչագեղ մանչուկին, շիկահեր տղեկներին հայ խոսքով, ոսկեղեն բառ ու բանով սնելու ընդունակ… Հայ կինը վախ չունի, չգիտի՝ դա ինչ բան է,- նա երկյուղ ունի Աստծուց, սրբազան ԵՐԿՅՈՒՂ, որով զորանում է, ու ոչ թե միայն օրհասական ժամերին, այլ ամեն Աստծու օր հենց ինքն է դառնում ամենազորավոր պաշտպանն ու պահապանը Աստծու մեծ ստեղծածի – մարդու – ԱՐԱՐՉՈՒԹՅԱՆ…

3 thoughts on “«Եթե դու կին ես ու զավակն ես ազգիդ…» / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

  1. թանկագին գոհար, լավ է, որ էդպես ես մտածում…բայց կյանքը մարդկանց փորձությունների է տանում և այդտեղից քչերն են մաքուր դուրս պրծնում..

    1. – Իսկ ես փորձում եմ հուշել, որ չտրվեն փորձությանը… ու թե պատահել է,- դուրս գան փորձությունից՝ իրենք իրենց նախնական մաքրությանն ապավինած… Մարդ միշտ իր ներսում մաքուր անկյուն ունի…

  2. Սրտացավ, դիպուկ խոսք, որ մեր օրերում շատ անհրաժեշտ է մոլորվածներին ու չկողմնորոշվածներին։ Կեցցես, Գմհար Գալստյան, ճիշտ դիրքորոշման և անկեղծության համար։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։