ՄԵՂԵԴԻՆ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

 

Դեկտեմբերի 13-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Արմենուհի Սիսյանի «Մեղեդին չի ավարտվում» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է չհորինված պատմություններ, նովելներ ու էտյուդներ, տպագրվել է «Հայաստան» հրատարակչությունում: Արմենուհի Սիսյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում ՀԳՄ-ում՝ ի նշանավորումն Գրողների միության 90-ամյակի, և շնորհավորեց գրողներին հոբելյանի առթիվ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ասաց. «Արմենուհի Սիսյանը մեզանում հայտնի է իր բանաստեղծություններով: Նրա պատմվածքներն ու նովելները տարբերվում են իր պոեզիայից. դրանցում ավելի կոշտ կյանք կա: Պատմվածքները կարճ են, դիպուկ ու ազդեցիկ, խիղճ ու կարեկցանք են արտահայտում»: «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը նշեց. «Գրողը միշտ գրում է իր կյանքի գիրքը: Արմենուհին ինքն է իր գրքի քնարական հերոսը: Նա գտել է իր պարզ ոճը, որը գրվում է շատ բարդ ձևով»: Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը դրվատանքով խոսեց Արմենուհի Սիսյանի ստեղծագործությունների մասին՝ համեմատելով դրանք այլ լեզուներով գրվող ժամանակակից գրականության հետ: «Հաճույքով եմ կարդացել Արմենուհու գիրքը: Նա գրողին հատուկ շատ լավ դիտողականություն ունի»,- նշեց նա: «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը շնորհավորեց Արմենուհի Սիսիանին հերթական կանացի խոսքի, զգացմունքի, հոգեաշխարհի տարածքը նվաճելու համար՝ ասելով. «Արմենուհին կարողանում է ոչ միայն նայել, այլև տեսնել: Սովորական իրադարձության մեջ նա կարողանում է տեսնել այն, ինչ միայն իրեն է հատուկ, որով հետաքրքիր է դառնում ընթերցողին: Նա նաև դրամատուրգ է, կարող եմ ասել՝ կայացած դրամատուրգ, և այդ հարթակում նրան օգնական են թե՛ պոետը, թե՛ արձակագիրը»:
Արմենուհի Սիսյանի ստեղծագործության մասին գրականագիտական վերլուծություններով հանդես եկան գրականագետներ բ.գ.թ. Անահիտ Հակոբյանը և Դիանա Խաչատրյանը: Ելույթ ունեցավ նաև Արցախի հանրային ռադիոյի և այժմ Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Վարդուհի Բաղդասարյանը: Շնորհանդեսը վարում էր արձակագիր Ալիս Հովհաննիսյանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներն ընթերցմամբ ներկայացրեցին Արմենուհի Սիսյանի ստեղծագործությունները:

Գրեք մեկնաբանություն