Մայիսի 20-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը, որը կրում է Եղիշե Չարենցի անունը, ՀԳՄ-ի ու Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հանճարեղ բանաստեղծի ծննդյան 125-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ տարին չարենցյան է, անդրադարձավ այդ առիթով կազմակերպված միջոցառումներին, մասնավորապես մարտի 13-ին, ՀԳՄ-ի և Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ, Չարենցի հուշակոթողի մոտ տեղի ունեցած գրական ցերեկույթին, ՀԳՄ ճեմասրահում, ՀԳՄ-ի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ, ավանդաբար նշվող Պոեզիայի միջազգային օրվան նվիրված ցերեկույթին, որի ընթացքում ՀՀ-ում գործող դեսպանատների ներկայացուցիչներ ներկայացրեցին Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն իրենց լեզուներով, ինչպես նաև առաջիկայում Չարենցին նվիրված գրքի հրատարակմանը, որում ընդգրկվելու են գրականագետների խոհագրական նյութերը և Չարենցին նվիրված բանաստեղծություններ: Այնուհետև պատմելով բանաստեղծի կյանքի՝ Ծաղկաձորի ստեղծագործական տան հետ կապված որոշ դրվագներ՝ Էդ. Միլիտոնյանը հորդորեց աշակերտներին ընթերցել Չարենցի ոչ միայն ծրագրային գործերը, այլև մյուս ստեղծագործությունները: «Դա հարկավոր է ոչ թե գրողին, այլ ընթերցողին՝ ճանաչելու մեր լեզվի խորությունը, մեր պատմության դրվագները… Մեր ժողովուրդը միշտ ունենալու է մեծ գրողներ, և դա հենց մեծ գրականության շարունակելիության վկայությունն է»,- ամփոփեց Էդվարդ Միլիտոնյանը:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը, Եղիշե Չարենցին համարելով 20-րդ դարի համաշխարհային գրականության մեծագույն բանաստեղծներից մեկը, նկատեց, որ ամեն ժամանակ ունի Չարենցին բացահայտելու իր մոտեցումը՝ նախ հեղափոխական Չարենցն էր, հետո ողբերգական Չարենցը, այսօր մեզ պետք է ամբողջական Չարենցը ծննդյան օրից մինչև մահ: «Երբ ասում ենք Չարենց, մեր առջև կանգնում է կենդանի, իրական անձնավորություն՝ դուրս ամեն տեսակի սահմանափակումներից, կաղապարներից, կաշկանդումներից, քաղքենիական մոտեցումներից»,- հավաստիացրեց Դ. Գասպարյանը և հավելեց, որ Չարենցի դեպքում ամեն ինչ կարելի է, եթե արվեստի մեջ է և կյանքի ճշմարտություն է: Ըստ նրա՝ Չարենցը մի մեծ օվկիանոս է, որը մի օրում հնարավոր չէ խմել, ուստի՝ անդրադարձավ գրողի կյանքի այն դրվագներին, որոնք կապված են Ծաղկաձորի հետ, այն միջավայրին ու իրականությանը, որ Չարենցի անվան հետ են կապվում՝ նշելով, որ 36-37 թթ. նա շատ է եկել Ծաղկաձոր և բազմաթիվ բանաստեղծություններ գրել է այստեղ:
Ըստ Հենրիկ Էդոյանի՝ յուրաքանչյուր մեծ գրող, մեծ արվեստագետ իր ազգի գլուխն է, ազգի ինքնագիտակցությունը: «Պոեզիան, գրականությունը, արվեստը մարդու ամենամեծ գործն է, որ նա կարող է անել»,- ասաց Հ. Էդոյանը՝ ընդգծելով, որ արվեստն է պահում մարդուն աշխարհում և թույլ չի տալիս, որ նա ընկնի ճահիճի մեջ:
Ավիկ Իսահակյանը պատմեց Չարենցի և Ավետիք Իսահակյանի հանդիպումների, երեկոյան զբոսանքների մասին: Անդրադառնալով «Լենինն ու Ալին» պոեմին՝ նա նշեց, որ այդ գործը գրելիս Չարենցը չի կեղծել, իսկապես հավատացել է, գրել է այն, ինչ հոգով, սրտով զգացել է, բայց հետո խոր հուսախաբություն է ապրել: Ամփոփելով խոսքը՝ Ավ. Իսահակյանը ափսոսանք ու ցավ հայտնեց, որ հանճարին ժողովուրդը՝ ազգովի, չկարողացավ պահել:
«Ամենանուրբ զգացմունքներով որպես բանաստեղծ արթնացած Չարենցը անցավ կյանքի դառը ուղի և այդ ընթացքում ստեղծեց բազմաժանր ստեղծագործություններ, որոնց մեջ փայլում է «Երկիր Նաիրի»-ն, որը գրել է 21 տարեկանում»,- ասաց Ալիս Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդտեղից է սկիզբ առնում ժամանակակից հայ արձակը: Նրա հավաստմամբ՝ Չարենցի ստեղծագործությունները բացահայտում են իր ժողովրդի հոգեբանությունը:
ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարությունի խոսքը հիմնականում կոչ էր՝ գտնելու Չարենցի գերեզմանը և ունենալու հանճարեղ գրողին պանծացնելու ևս մի սրբավայր:
Եղիշե Չարենցի մշտամնա ներկայության մասին խոսք ասացին Լևոն Բլբուլյանը, Անուշ Վարդանյանը, Գոհար Գալստյանը և կարդացին իրենց բանաստեղծությունները՝ նվիրված մեծ գրողին:
Բանաստեղծի անմահ պոեզիայի լավագույն նմուշներից գրական կոմպոզիցիա ներկայացրին Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի մարզային փառատոնի դափնեկիրները՝ Հրազդանի տարբեր դպրոցների աշակերտները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ