Ժամանակակից հայ ճանաչված գրող Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը «Անտարես» հրատարակչության կողմից 2022 թ. լույս է տեսել «21-րդ դար. վեպ» մատենաշարով: Այն պայմանականորեն կարելի է ասել, որ համապատկերային վեպի սկզբունքով գրված պատում է, որի գեղարվեստական ճանաչողության սլաքն ուղղորդված է հեղինակային հայացքի տակ վերցնելու նորանկախ Հայաստանի կյանքի վերջին տասնամյակների կեցության տարբեր կողմերը: Այդպիսի մոտեցմամբ պայմանավորված՝ վեպի գեղարվեստական համակարգում ժամանակակից հայ մարդկանց դիտանկյուններից վերանայվում է վերջին տասնամյակների ազգային կյանքում տեղի ունեցող անցուդարձը: Այդպիսի պատկերացումների տիրույթում է ներկայացվում գլխավոր կերպարը՝ Երևանում ծնված, մեծացած, ճանաչված վիրաբույժի որդի Հարութը (Հարություն) և նրա միջավայրը, հայրենիքը նորից ճանաչելու և արժևորելու նրա ջանքերը։ Հարութի ու նրա հետ շփվողների առնչությունները ուշագրավ են նրանով, որ նա անկախության տարիների նախօրեին հանգամանքների բերումով (անհատի համար խորհրդային իրականության սահմանափակ հնարավորությունների հետևանքով) հեռացել էր հայրենիքից և հանգրվանել ԱՄՆ-ում: Հարազատների մահվանից հետո նա վերադառնում է Երևան, որ հայրական տունը վաճառի ու վերադառնա: Համաճարակի՝ քովիդ 19-թագավարակի տարածման հետևանքով ինքն էլ վարակվում է և, ինչպես բժիշկն է արտահայտվում, իր ուժեղ գեների շնորհիվ հաղթահարում է հիվանդությունը: Նա բուժվելու շնորհիվ առողջանում է, սակայն երկրից դուրս գալու ճանապարհները փակվում են և չի կարողանում վերադառնալ: Որոշում է շրջագայել հայրենիքում, լինել տեսարժան վայրերում: Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական ընկերոջ հետ Արցախ է մեկնում հայրական մեքենայով` կարեցածին չափով կռվողներին օգտակար լինելու համար: Հայրենիքում ստացած տպավորությունների խորքային նստվածքի արդյունքում գլխավոր հերոսը որոշում է չվաճառել հայրական տունը: Այսպիսին է վեպի համառոտ դիպաշարը, որն իր հերթին ճանաչողական նշանակություն ունի։
Տեսականորեն հայտնի է, որ վեպի ժանրը ճկուն է և հաճախ հարմարվում է հեղինակի մտահղացմանը, օգտագործած հնարքներին ու ստեղծագործական երևակայությանը, անհատական գրական փորձառությանը, համաշխարհային և ազգային գրական ավանդույթներին և այլն: Իրականության պատկերման լավագույն տարբերակը հեղինակը համարել է կյանքը պատկերելու տարբեր եղանակները, այդ թվում՝ նորովի ըմբռնված ռեալիզմը, մասնավորապես՝ մոգական ռեալիզմի որոշ գրական հնարքները, իր հերոսի գոյաբանական (էքզիստենցիալ) ընկալումներն ու պատկերացումները: Մոգական ռեալիզմի հետ եղած առնչությունների կապակցությամբ ասենք, որ մտապատրանքների (հալյուցինացիաների) ձևով հայրական տան մեջ իր մահացած հարազատների (տատիկ, պապիկ, մայր, հայր, քույր) հոգիների հետ «հաղորդակցվելով»՝ ընթերցողին է ներկայացնում հերոսի մանկության, երիտասարդության շրջանների կենսակերպի ինչ-ինչ դրսևորումներ: Հայրական տանը պատերի միջից ելնող հարազատների «հոգիները» դաժան ու անողոք ճշմարտություններ են բարձրաձայնում, մեղադրում նրան, որ երկրում անկախության առաջին տարիներին ստեղծված ծանր կացության պատճառով հեռացավ, պարզապես փախավ ԱՄՆ: Հարութը փորձում է արդարացնել իրեն, երկրից հեռանալը. «-Ես իմ ճամփան այնտե՛ղ տեսա, ո՛չ այստեղ: -Մի խոսքով՝ փախար»,- ավելացնում է հայրը: Հարութը ընդգծում է, թե` «չփախա, գնացի», սակայն նրա հակադարձումը համոզիչ չի հնչում հարազատների համար: Տատի ու պապի հոգիների հետ խոսելիս նրանք գուշակում են, որ Հարութը իրենց մահվանից հետո եկել է տունը վաճառելու նպատակով: Հարութը կրկին իրեն արդարացնելու համար ասում է. «Ախր ես էս երկրում չեմ ապրելու, թողնեմ՝ որ ի՞նչ… Սա ապրելու տեղ չի, ոնց որ ամեն պահի պայթելու պատրաստ ռումբի վրա ապրես»: Երկրի ու ընտանիքի համար ծանր պահին հայրենիքից հեռանալու կապակցությամբ անողոք է իր մեղադրանքների մեջ նաև հայրը: Նա որդուն մեղադրում է պատերազմական վիճակում գտնվող երկրից փախչելու պատճառով: Հարութը փորձում է հիմնավորել իր հեռացումը Խորհրդային Հայաստանի կարգերի կաշկանդումներից ազատվելու իր ցանկությամբ: «-Ես խաղաղասեր, ազատ մարդ էի, ես զզվում էի սովետներից, փախչելու հնար էի փնտրում, գտա…։ – Ազատության հետևում թաքնվելը հարմար է, լավ թաքստոց է»,- չի զիջում հայրը:
Ուշագրավ է հարևան Կառլոսի հետ զրույցը, որի ընթացքում ևս բացահայտվում է Հարութի մեջ ԱՄՆ-ում ապրելու հետևանքով տեղի ունեցած որոշակի փոփոխությունը նրա աշխարհընկալումներում, ազգային ավանդույթի մասին պատկերացումներից փոքր-ինչ հեռացած լինելը: Երբ Կառլոսը հարցնում է Հարութին, որ նա, գոնե ծնողների մահվան կապակցությամբ, թաղումներին պետք է գար, վերջինս անմիջապես պատասխանում է. «-Թաղումն էդքան կարևո՞ր է»:
Հարութի կերպարը լիարժեք ըմբռնելու և մեկնաբանելու համար, կարծում ենք, ճիշտ կլինի անդրադառնալ ժամանակակից մարդու բարոյահոգեբանական նկարագրի որոշ կողմերին։ Նախ նկատենք, որ հայրենիքից հեռացած հայ մարդու ճակատագրի թեման շատ բարդ շերտեր ունի մեր հասարակության մեջ: Հայտնի է, որ տարբեր պատճառներով (տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական և այլն) Հայաստանի Հանրապետությունից շատերն են հեռացել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Նրանց մասին իրարամերժ, գնացողներին և՛ դրվատող, և՛ քննադատող կարծիքներ են արտահայտվում հանրության մեջ: Վերջին տարիներին թեմային տարբեր դիտանկյուններից անդրադարձել են նաև հայ գրողները (Հ. Երանյան, Վ. Գրիգորյան և ուրիշներ): Վեպի ժանրի շրջանակում թեմային կատարած անդրադարձի տեսանկյունից ինքնատիպ են և գեղարվեստական մակարդակով առանձնանում են, օրինակ, Վ. Գրիգորյանի «Ոստանի վերջին ճամփորդությունը», «Ազատ հայը» վեպերը: Գրողն իր այս երկերում հայրենիքից հեռացած հայ տղամարդու կերպարներ է ստեղծել։ Նրանցից մեկի մեջ ընդգծել է մի կողմից կարոտախտի հիվանդագին զգացողությունները ազգայինի հետ հաղորդակցվելու նկատմամբ, մյուս կողմից՝ նրա տարերային արարքները, քանի որ ելք չէր գտել իր համար ստեղծված կացությունից: Այդպիսին են, փաստորեն, «Ոստանի վերջին ճամփորդությունը» վեպի գլխավոր հերոսի՝ Ոստանի հոգեբանության մեջ և արարքներում տեղի ունեցող դրսևորումները, այդ ամենի արդյունքում նա իր կյանքն ավարտում է Ռուսաստանի Դաշնության հեռավոր գյուղերից մեկում: Իսկ «Ազատ հայը» վեպում եվրոպական զարգացած երկրներից (պայմանականորեն Եվրոլանդ անվանված) մեկում հայտնված Հայկազուն Ազատյանի կերպարը կերտելով՝ հեղինակը չթաքցված հեգնանքով է պատկերել ազգայինից հեռացած և հարազատներին ու հայրենիքին օտարացած, բայց բարեկեցիկ կյանքով ապրող հայ մարդու ճակատագիրը: Անկարևոր չենք համարում նաև հայրենիքից հեռու ծնված (և ոչ թե կամովին հեռացած) հայ մարդու ճակատագրի բարդությունը հասկանալու տեսանկյունից վկայակոչել անգլիագիր, հայկական ծագումով գրող Մայքլ Արլեն Կրտսերի հետևյալ դիտարկումը, որը նա արել է Երևանում հարցազրույցի ժամանակ. «Ամերիկայում լավ բաներ շատ կան, բայց այդ երկրում մարդը հաճախ քամուց քշվածների է նման: Դա տագնապալի զգացում է, մենակության զգացում, և, գուցե ինչ-որ տեղ, այդ զգացումը հաղթահարելու համար էր նաև, որ գրեցի «Ուղևորություն դեպի Արարատը»: Ուշագրավ է նաև Վ. Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» էսսեի իրական հայ անձնավորություններից մեկի՝ բարեկեցիկ կյանքով ապրած, արդեն մահվան շեմին հասած բժիշկ Վահան Պասկալի խոստովանությունը. «Իմը վերջացավ,- ասում է,- կգնամ կնոջս մոտ (վերջինս մահացել էր-Գ. Խ.): – Հյուրանոցում անցավ կյանքս, որովհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է՝ լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի: Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա»:
Գ. Խանջյանը Հարութի կերպարը ստեղծելիս նրան կանգնեցրել է այլ խնդիրների առաջ: Չի բացառվում, որ նա ևս, հայրենիքից մի քանի տասնամյակ հեռացած լինելով, ԱՄՆ-ում ապրելիս զգացել է վերոհիշյալ գրողների ու նրանց կերպարների արտահայտած ապրումները, մտածել նրանց պես, սակայն նրա ճակատագիրը վեպի հեղինակը այլ հունի մեջ է դնում: Հարութի կերպարը լիարժեք ըմբռնելու և մեկնաբանելու համար, կարծում ենք, ճիշտ կլինի անդրադառնալ ժամանակակից մարդու բարոյահոգեբանական նկարագրի որոշ կողմերին, որոնք նկատել են խնդիրն ուսումնասիրող արդի մարդաբանական փիլիսոփայության ու հասարակագիտության բնագավառի որոշ մասնագետներ. «Արագացված աշխատանքային գործունեությունն ու զվարճությունները, գնալով ավելացող մակերեսային կապերն ու տարածությունները, որոնք պետք է հաղթահարել աշխատանք և հանգիստ որոնելու համար, մարդուն հաճախ հեռացնում են իր ներսը նայելու, հանրության մեջ, տվյալ միջավայրում սեփական ինքնության տեղը գիտակցելու հնարավորությունից»: Նման իրավիճակը մարդու հոգեբանությունն ուսումնասիրող մասնագետներից մեկին մղել է նաև որոշակի հետևություն կատարել. «Ահա հենց այսպիսի պայմաններում սրվում է սեփական ինքնությունը պահպանելու խնդիրը, որը մղում է դեպի սեփական էությունը վերադառնալ անշտապ խորհրդածությունների (մեդիտացիա) կամ վերհուշերի միջոցով»: Մեր կարծիքով՝ Հարութը ԱՄՆ-ում այսպիսի բարոյահոգենբանական խնդրի առջև կարող էր կանգնած լինել: Վեպում ստեղծված գեղարվեստական տիրույթում աստիճանաբար բացահայտվում են նրա անհատական էության բարոյահոգեբանական առանձնահատկությունների ու ազգայինի հետ ունեցած կապերի խորքային առնչությունները:
Հերոսի կողմից տունը չվաճառելու մասին անհավանական թվացող վճիռ կայացնելով՝ վեպի ավարտին հասնելու համար հեղինակը իրեն համեմատաբար բարդ արդիական, հայ մարդու անհատական-բարոյահոգեբանական, գեղագիտական ու գեղարվեստական խնդիրներ լուծելու առաջ է կանգնեցրել: Մեր օրերում շատերիս է հայտնի, որ մանավանդ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանից արտագաղթը բավականին մեծ թափ ստացավ: Դրան նպաստեցին բազմաթիվ արտաքին ու ներքին քաղաքական ու տնտեսական հանգամանքներ: Այս ամենը ակնհայտ իրողություն է: Եվ ահա արձակագիրը ներկայացրել է քիչ հանդիպող մի դեպք, պատկերել է մարդկային բնավորություն, որը ծանր տարիներին հայրենիքից հեռացել էր, արտագաղթել ԱՄՆ, ուր քիչ թե շատ կարողացել էր արդեն ինքնահաստատվել՝ գործարարություն հանդես բերելով, և հետո վերադարձել հայրենիք: Վեպի վերջին դրվագում նա ներքուստ վճռում է մնալ հայրենիքում, համենայնդեպս, որոշում է տունը չվաճառել: Կերպարի հոգեբանական բարդությունն այն է, որ հեղինակը պետք է վեպի գեղարվեստական տիրույթում կարողանար համոզիչ դարձնել ընթերցողին Հարութի արարքը. չէ՞ որ այնքան էլ հաճախ չենք ականատես ու վկա լինում նման դեպքերի: Հերոսի նման քայլը, հեղինակի համար ցանկալի լինելով հանդերձ, պետք է պատկերվեր հիմնավոր կերպով: Գրականության մեջ գեղարվեստորեն կերտվում են ոչ միայն տիպական բնավորություններ, այլև անհատական հատկանիշներով առանձնացող կերպարներ, որոնց մեջ հեղինակը տեսնում է իրեն հետաքրքրող հասարակական, ազգային, բարոյահոգեբանական ու ինքնատիպ մարդկային որակներ ունեցող անհատների, որոնք վեպում իրեն հուզող ու մտահոգող գաղափարագեղագիտական խնդիրների տեսանկյունից կարևոր են: «Համավարակ» վեպում Հարութը այդպիսի դերակատարությամբ է հանդես գալիս: Այս տեսանկյունից հայրական տունը չվաճառելու վճիռ կայացնելու գործում հեղինակը հերոսի մեջ նախ թերևս կարևորել է ներքին հոգևոր (գիտակցված կամ իր մեջ բնազդորեն ապրող) կապը մահացած հարազատների հետ: Սրան անհրաժեշտ է անդրադառնալ, քանի որ այն կարևոր է հերոսի ներաշխարհում դրսևորված գործարար ամերիկացիներին, պրագմատիկ մարդկանց հատուկ հոգեբանության տիրույթում տեղաշարժերը բացահայտելու համար: Ինչ խոսք, մանկության ու պատանեկության շրջանում հարազատների, ուսանողական ընկերների հետ նախկինում ունեցած ջերմ շփումների շնորհիվ Հարութի մեջ ձևավորված ներքին բարոյահոգեբանական հիմքը իր հերթին նպաստում է տունը չվաճառելու որոշում կայացնելուն: Մեր կարծիքով այստեղ՝ նրա ներաշխարհում, գործել է նաև տան, հարազատների արքետիպային պատկերացումների ակտիվանալու գործոնը, որը հեղինակը գեղարվեստորեն ներկայացնում է մոգական ռեալիզմի որոշ սկզբունքների կիրառմամբ:
Գ. Խանջյանը իր առջև դրած բարդ գաղափարագեղարվեստական խնդիրը փորձել է լուծել վեպի դիպաշարի տիրութում: Հարութին նա բերում է ԱՄՆ-ից՝ բավականին համոզիչ նախադրյալներ ներկայացնելով: Հայրական տունը ծախելու ցանկությունը ևս իրատեսական է ներկայացված, և ահա վեպում նախկին ծանոթներին, թաղի ու համակուրսեցի ընկերներին հանդիպելու, ազգային կյանքի ու կենցաղի մեջ նորից հայտնվելու, երևանյան ու Հայաստանի տարբեր շրջաններում շրջագայելու, համաճարակի պատճառով վարակվելու և այն հաղթահարելու հանգամանքները աստիճանաբար նրա մեջ հայրենիքի հանդեպ որոշակի հոգեբանական վերաիմաստավորումներ են առաջ բերում: Առողջանալուց հետո ցանկություն է առաջ գալիս շրջագայել հայրենի երկրի տարբեր մարզերում, ուր մինչ այդ Երևանում ապրելիս չէր եղել: Հերոսն առնչվում է նաև մեր իրականության արատավոր կողմերին: Առանց կաշառք տալու գրասենյակային աշխատակցուհուն հնարավոր չի լինում տունը արագ կերպով իր անունով սեփականաշնորհել, որ կարողանար այն վաճառքի հանել: Գյուղի հարազատների հետ շփվելիս պարզվում է, որ մեծահասակ փորձառու մանկավարժին (իր մորաքրոջ ամուսնուն՝ Արծրունին, որը երկար տարիներ ուսուցիչ է աշխատել) տարիքի բերումով ազատում են աշխատանքից, ընդունում երիտասարդ, անփորձ մասնագետի (վերջինս գյուղի համայնքապետի բարեկամն էր)։ Արծրունը Հարութի հետ զրուցելիս իր դիտարկումների տեսանկյունից այլ ճշմարտություններ էլ է բարձրաձայնում՝ դժգոհելով ընդհանրապես անկախության շրջանի մեր իրականության մեջ կապիտալիզմի բերած արատավոր կողմերից: «Եվ ամենասոսկալին այն է,- ասում է նա,- որ ինչ կատարվում է, մարդու մարդ լինելու հաշվին է կատարվում, փչանում է այսօրվա մարդը, փչացնում են նրան, նեղմիտ, եսակենտրոն, անհոգի սպառող են դարձնում, ուղղորդելի ռոբոտ»: Կարևոր գեղարվեստական ճանաչողական նշանակություն ունեն նաև որոշ ընդհարումները երևանյան ընկերների, նախկին համակուրսեցիների հետ, որոնք, այնուամենայնիվ, մեղադրում են նրան ծնողներին ծեր հասակում լքելով՝ հայրենիքից հեռանալու համար: Այդ ամենն ի վերջո նրան մղում են շփվելով մի անգամ ևս ճանաչել հայրենիքի առօրյա իրականությունը, երևանյան միջավայրն իր տարբեր կողմերով, մարդկանց տնտեսական-կենցաղային ծանր կացությունը, ինչը, օրինակ, որոշ կանանց մղում է իրենց ու զավակի գոյությունը պահպանելու համար զբաղվել մարմնավաճառությամբ: Նրանցիցի մեկի հետ կենակցում է նաև Հարութը: Նման դրվագը նորանկախ հայաստանյան կենցաղի այդ կողմն ակնառու դարձնելու համար է թերևս։
Ընդհանուր առմամբ Հարութը հայաստանյան իրականությունը ճանաչում է իր միջավայրի իրական, կենցաղային մակարդակում, ինչպես նաև երևանյան ընկերների ու Հայաստանի տարբեր վայրերում առանձին, մասնավոր զբաղմունք ունեցող մարդկանց հետ կարճատև շփումների միջոցով: Առօրյա, կենցաղային օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընկալումների ու զանազան քննարկումների արդյունքում են նա և իր ընկերներն իրենց դժգոհությունն արտահայտում նորօրյա իշխանության, վարչապետի չբավարարող գործունեության, հեղափոխությունից ունեցած սպասելիքները չարդարացնելու պատճառով: Այս ամենով հանդերձ՝ Հարութն իր շրջագայության ընթացքում լինում է նաև պատմաճարտարապետական հուշարձանների վայրերում՝ Ամբերդում, Խոր Վիրապում, Երերույքում, վերհիշում մեր պատմական անցյալի հպարտություն առաջ բերող թագավորությունների պատմական ժամանակաշրջանները, որոնք արթնացնում են անցյալի ու ներկայի միջև կապերի մասին պատկերացումներ, որոնց հոգեբանական ազդեցությունն ու դերակատարությունը տարբեր սերունդների խորաթափանց ներկայացուցիչները չեն կարողացել շրջանցել: Հետևաբար ազգայինի հետ նրան կապում է ոչ միայն ներկան իր վայրիվերո, տաք ու պաղ տրոփներով, այլև անցյալն իր մասին հիշեցնելով: Իսկ եթե հիշում ես անցյալի քո նախնիներին, նշանակում է արյան կապը հոգևոր տիրույթում գործում է և շարունակում պահել իր մոգական ձգողական դաշտում, կապում հայրենիքի ներկայի ու մշակույթի հետ, ազգային ինքնության գիտակցության հետ: Եվ այս տեսանկյունից երևի թե ամենևին էլ պատահական չէ, որ Հարութը ԱՄՆ-ում անցկացրած իր վերջին տասնամյակների կյանքի մասին մանրամասներ չի պատմում, չի անդրադառնում՝ սահմանափակվելով կցկտուր մի երկու տեղեկություններով իր ոչ մեծ գործարարական ձեռնարկի մասին: Իսկ նման քչախոսության պատճառն այն է, որ նա իր անցյալով ու արմատներով, հիշողության կանչով, հարազատական զգացողություններով շատ կապված չէր այդ երկրի հետ, որքան իր հայրենիքի հետ:
Հայրենիքի հետ փոխկապվածությունն ավելի է ամրանում 2020 թվականի սեպտեմբերին սկսված Արցախյան չավարտված, այս անգամ 44 օր տևած պատերազմին ընկերների հետ մասնակցելու շնորհիվ:
Հարութն արդեն ենթագիտակցորեն ու գործնականում ընկերների, որոշ հարազատների, Հայաստանում շրջագայություններից ստացած տպավորությունների ազդեցության տակ իրեն զգում էր հայրենիքի որոշակի մասնիկը: Ուստի, առանց ավելորդ զեղումների, նա համաձայնում է իր մեքենայով ընկերների հետ մեկնել Արցախ և մասնակցել կռիվներին՝ ինչպես և ինչ չափով, որ կարողանար օգտակար լինելու գիտակցությամբ: Ռմբակոծությունների տակ ընկնելով, կորցնելով ընկերներից մեկին՝ վիրավոր վիճակում կարողանում է փրկել ռմբակոծությունից ծանր վերք ստացած երիտասարդ զինվոր Նարեկի կյանքը: 44-օրյա պատերազմի մասին պատկերացումը հեղինակը, այդ միջադեպից բացի, ներկայացնում է նաև հիվանդանոցում գտնվող վիրավորների դատողությունների միջոցով: Երիտասարդ Նարեկը բացահայտում էր այն ողջամիտ պատկերացումը, որ պետք է կռվել հայրենիքը պաշտպանելու համար. Հարութին պատմելով իր մասին՝ նա ասում է. «Վերջին անգամ պապան զանգեց, դեռ վրանների մեջ էինք, առաջ գնալու հրամանի էինք սպասում, ասեց՝ տղա ջան, քեզ լավ նայի, չեմ ասում՝ կռվից խուսափի, բայց իզուր չցցվես թիթիզավարի: Խեղճ հերս, ուրիշ տղա չունի, ես եմ, ես ու երկու քույրերս, բայց իրանք ամուսնացած են: Ռուսաստանում են իրանց ընտանիքներով, ասում էին՝ արի մեր մոտ, էստեղ անվտանգ ա, բայց ես գնամ, էն մյուսը գնա, բա երկի՞րը, հո՞ղը, բա հերս ու մե՞րս, բա մեր տունը…»: Ծանր վիրավորված մեծահասակ Մուշեղը հիվանդանոցում յուրովի է ամփոփ կերպով գնահատում իրավիճակը. «Մեր ջահելներն առյուծի պես էին կռվում, մենք պարտվողը չէինք, եթե մեջքներս պինդ լիներ, այլ ոչ թե էս անկազմակերպ, ապաշնորհ, դավաճան հրամանատարությունը… Սա մեզ խրատ, որ իշխանատենչ, անպատասխանատու արկածախնդիրներին երկիր չվստահենք երբևէ…»։ Եվ այս ամենից հետո է, որ Հարութը որոշում է հայրական տունը չվաճառել: Հեղինակը Հարութի հետագա անելիքների մասին ակնարկներ չի անում: Այսքանով վեպի թեման սպառված է համարում:
Վեպը «Համավարակ» վերնագրելով՝ Գուրգեն Խանջյանն, ըստ էության, ստեղծել է արդիական թեմաներ արծարծող, համապատկերային, նկարագրական բնույթի, հիմնականում մերօրյա հայաստանյան ու արցախյան 44-օրյա պատերազմին արձագանքող վեպ, թեև պատերազմն իր պատճառներով ու ընդգրկումներով, ցավոք, ամբողջության մեջ տեսանելի չի դարձրել:
Կիրառվել է նաև էքզիստենցիալիստների նախասիրած սահմանային իրադրություններում հերոսի պահվածքի թեման: Պատերազմում հայտնվելով մահվան դեմ հանդիման՝ Հարութին չի լքում մարդուն օգնելու պատասխանատվության զգացումը: Գրողը ժամանակակից հայ տարբեր խավերի մարդկանց տիպական կերպարներ ստեղծելու մեծ ու հաջողված փորձ ունի, որը կիրառում է նաև այստեղ, օգտագործում է ազգային-հասարակական խնդիրները բարձրաձայնելու հանդեպ իր հրապարակախոսական ջիղը: Այդ ամենի կենտրոնում հանդես եկող գլխավոր հերոսի վարքագծով արծարծում է հայրենիքը լքելու և այնտեղ վերադառնալու հետ կապված ցավոտ խնդիրները, ինչպես նաև կարևորում, ազգային արժեքները գնահատելով, երկրի շահերին նվիրված մնալու գերակա գաղափարը հայ մարդու համար:
Այսպիսով, հեղինակը, կարելի է ասել նաև, որ վեպում անդրադարձել է ժամանակակից համաշխարհային գրականության մեջ արծարծվող կարևոր նշանակություն ունեցող մի խնդրի։ Այսօր մարդը մի դեպքում ժխտելով ազգայինը՝ հեռանում է դեպի աշխարհաքաղաքացիության և համաշխարհային արժեքների կողմը, մի այլ դեպքում՝ հակվում է դեպի իր ազգային ակունքների կողմը։ Եվ ահա, իր գեղարվեստական ու գաղափարական ճանաչողության ընդգրկունության շնորհիվ Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը նրա արձակում նոր ձեռքբերում կարելի է համարել։
ՎԵՊԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ / Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ
