Սամվել ԿՈՍՅԱՆ

***
Քաոս է… հիմա դժվար է իրականությանը
առանց վախի նայել, վախն ամեն ինչ
մեծացնում է ուղեղիդ մեջ, թվում է`
անգամ ծաղիկների գեղեցկությունը ծուղակ է…
Դժվարացել է հասկանալ` այս աշխարհը
Բարեկա՞մ է, հենարա՞ն, թե՞ անտեսանելի անկում,
այս աշխարհն իրակա՞ն է, թե՞ թանգարան,
ես՝ ե՞ս եմ, թե՞ ընդամենը թանգարանի այցելու…
***
Ձանձրացրել է սերը, որ թռչնի պես
ցրտերին չվում է տաք երկներ,
ամռանը վերադառնում է ղունղունելով,
կարծես աշխարհում բան չի փոխվել,
ձանձրացրել են ճամարտակությունները
խաղաղության հնարավորությունների,
կլիմայի տաքացման, գլոբալիզացիայի,
ավերածությունների և արևի բռնկումների,
հաճույքին հաջորդող դատարկությունների
և ընդհանրապես փոքր ու մեծ խնդիրների…
Մահանալուց հետո քիչ էր մնում ճչար.
մահը նույնքան գորշ է և նույնքան ձանձրալի…
***
Ծանր բառերը ավելացնում են դեմքի կնճիռները՝
մոռացնել տալով կյանքի թեթևությունը…
թվում է՝ ինձ այլևս ոչ ոք չի նկատում,
երբ իմ տարիքից ավելի
հնարավորություններ եմ կորցրել,
և ամենուր հարաբերությունների երաշտ է,
երբ կորուսյալ ժամանակը
քո լինելու վարձն է ուզում, որովհետև վաղուց
անգամ քնելու ժամանակն էլ ձրի չէ…
***
Պատերազմ թե դիմակահանդես.
նույն աղմուկն է, երբ չեն ուզում
ուրիշների սխալների համար զոհվել,
ուրիշների պատկերացումների ծրարի մեջ
շարունակվել որպես անորոշին ուղղված նամակ…
և այդ ամենը՝ մահվան դռան առաջ,
թեև ոչ մեկը չի ուզում առաջինը դուռը թակել,
և չի ուզում առաջինը դռնից մտնել ներս՝
չկողմնորոշվելով`
դիմակահանդե՞սն էր պատերազմ,
թե՞ պատերազմն էր դիմակահանդես…
***
Հոգսը՝ անտեսանելի, կպել, չի հեռանում,
խոչընդոտների շղթա, որ իրականությունը
աջ ու ձախ է թեքում,
ո՞վ է ասել՝ տվեք ինձ հենարան,
և ես կշրջեմ աշխարհը՝ իմանալով
որ հենարան ունեցողը ինքը կփորձի շրջել
գուցե աշխարհը, գուցե պատմությունը և կամ
ճակատագիրը սեփական,
հոգսը հավանաբար գիտի
հենարան չլինելու մասին, նաև գիտի,
որ հնարավոր չէ դատել անտեսանելիին,
ինչի մասին հիշեցնում է ամեն անգամ…
***
Հնարավո՞ր է գտնել այն քաղաքը,
որտեղ մարդիկ ազատ են ու երջանիկ,
երբ Արևելքում զոհերի հրավառություն է,
Եվրոպան հետույքով է
շրջված քաղաքակրթությանը,
Աֆրիկայում և Ամերիկայում
ապստամբություններ են,
Կովկասում խաղաղությունը՝
կախաղանի պարանին,
երբ պայթուցիկները ծլում են մոլախոտերի պես,
երբ պայթուցիկները մտքերի մեջ են, բառերի,
արյունոտում են երևակայության օրգանները,
մրգերի մեջ են, օրորոցների, խցանում են
հողի կենսական անոթները, ամենուր են
և պայթելու են, անպայման պայթելու են,
պայթելու են գուցե այսօր,
հնարավոր է վաղը…
հնարավո՞ր է փնտրել այն քաղաքը,
որտեղ մարդիկ ազատ են ու երջանիկ,
և լույսի ձեռքերի վրա է ծնվում օրը…
***
Ամպոտ էր,
անձրև չկար,
Սոնան
ինքն էր, գուցե չէ,
ամպոտ էր
թեև անձրև չկար
հարցրի
Կոմիտասից ասա
լսեց, գուցե չէ,
ամպոտ էր
անձրև չկար,
Սոնա յար,
երգ էր, գուցե սեր,
ամպոտ էր,
էլի անձրև չկար,
Սոնան
լույս էր, գուցե ամպ,
ներսը արցունք չուներ…
***
Պատերազմի հրե ալիքները
փշրվում են ապրելու ափերին,
լույս, շատ լույս,
որ երևակայությունը մաքրվի
մահվան քարերից,
բայց լույսը փոխել հունը՝
այլևս դեպի մարդը չէ, այլ՝ դեպի լաբիրինթ,
երբ գոյության փիլիսոփայության պես
խեղճ է լավ օրերի հիշողությունը,
ստվեր է, ամեն ինչ ստվեր է` ուրիշ ոչինչ…
լույս, շատ լույս,
որ երեխաները գտնեն խաղալիքները՝
ծերությունից պաշտպանելու համար
իրենց դեռ չսկսված մանկությունը…
………………………………
խաղաղությունը վկաների կարիք ունի,
բայց դեռ ոչ մի ականատես մոտ չի եկել,
թեև վաղուց սկսվել է դատավարությունը…
***
Սիրո չվերթները
հետաձգվել են`
բոլորը,
ցավալի է՝ ինչպես են
թռչունների թևերը մաշվում՝
քսվելով ամպրոպներին…
սպասումների գաղջահոտ,
խցանված շնչառություններ,
անօդաչուներ…
արդարությունը չէ,
նրա նմանակը…
նյարդերի ծլնգոցներ,
մեղեդի չկա…
անօդաչուները
գրավել են օդանավակայանները`
բոլորը,
երկրի ձգողականությունը չլիներ,
կթռչեր, ինքը կթռչեր,
կօգնեին սիրո թևերը…
ԵՐԱԶ
Երկու աղջիկ էին,
լավ էլ սիրուն,
ասացին՝ միացիր մեզ,
երեքով ուրախ կլինի,
չէ, ասացի, ծեր եմ արդեն,
երկար չեմ կարող քայլել,
միացիր, ասացին,
քեզ ջահելություն կտանք,
չեք հասցնի, ասացի,
մինչև տեղ հասնեք,
դուք էլ կծերանաք…
***
Հիվանդ եմ.
ուր էլ գնամ հիվանդ եմ լինելու,
երկիրը չի կարող
ներսիս հիվանդությունը մաքրել,
հիվանդ է,
ուր էլ գնամ,
երկրից ո՞ւր եմ գնալու,
երկիրը ապաքինվի,
կօգնի ինձ էլ ապաքինվել…
***
Հույզերի փունջը սպիտակ թղթին՝
սա բանաստեղծությո՞ւն է, թե՞ չէ,
քննադատն էլ.
այդպես կարելի է ջրել սրտին՝
ծարավ թողնելով
տրամաբանությանն ու մտքին…
***
Կախարդաքին հպվելու պատրանքը
և քո երազանքը հաղթանակի պատվանդանին է,
որի շուրջ հերթապահում են
գունավոր հրեշտակները,
կախարդանքը չի կարող երկար տևել,
ցավալի է նրանից հետո
վերադառնալ նորից
դեպի առօրյա հոգսեր…
***
Ցերեկին հաջորդում է գիշերը,
գիշերին հաջորդում է ցերեկը,
փոխարկումները գրանցված են
բնության մատյանում,
ի՞նչ է ուզում թաքցնել գիշերը
և ի՞նչ բացահայտել՝ ցերեկը,
գիտեն միայն թռչունները,
նրանց լեզուն էլ չենք հասկանում…
***
Ո՞վ է,
հուսահատության ստվերի տակ չի երևում,
ճչում է, որ կյանքը խաբեբա է,
տալիս է աստիճանը, ասում է՝ բարձրացիր,
վերևում է քո երջանկությունը,
բարձրանում ես ու բարձրանում,
իսկ վերևում ոչինչ ու ոչ ոք չկա,
ետ իջնել էլ չես կարող, արդեն հոգնած ես ու ծեր,
ճչում է, որ կյանքն էլ մի բան չի,
խոստանում է տանել ժամանակին,
սակայն քանիսին է տանում անժամանակ,
մանավանդ ՝ զինվորներին…
Կյանքի մաշկը գունավոր է,
մահվան մաշկը՝ սև,
տարբերությունը ո՞րն է…
***
Եթե մուսան հովանավոր ունենար,
բնությունն ավելի կատարյալ կլիներ,
պատերազմի Աստվածը շորերը կփոխեր
և հրեշտակ կերևար,
եթե իսկապես
մուսան հովանավոր ունենար…
***
Ինձ լքել է զգացողությունը`
նման սիրո դեմքին,
թռչուններն էլի երգում են,
նրանց ձայնը չի լսվում,
իզմերն ու հորդորները,
որքան էլ հերքեն,
անիմաստության ձեռքերը
շարունակում են
ապրելու պատերի
աղյուսները քանդել,
ով կմտածեր,
որ փախստական կդառնա սերը՝
իր փախուստի մեջ կորցնելով
իմաստության զգացմունքները…

Գրեք մեկնաբանություն